«Ամռան վերջին եւ աշնան սկզբին կարող է իրավիճակի թեժացում լինել» ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ամռան վերջին եւ աշնան սկզբին կարող է իրավիճակի թեժացում լինել»

Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ «Շրջապատը» զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Ըստ Գ.Համբարյանի, ընդհանուր առմամբ, Սիրիան և Հայաստանը մտնում են «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի մեջ, որը շատ վաղուց մշակվել է ԱՄՆ պետդեպարտամենտում և մեխանիկորեն այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, շատ մեծ ազդեցություն կունենա նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Սիրիան ուղիղ գծով ընդամենը 450-500կմ հեռավորության վրա է գտնվում ՀՀ սահմանից:

«Մենք Սիրիայում ունեցել ենք բավական մեծ հայկական համայնք և ՀՀ-ն այդ առումով շահեր ունի Սիրիայում: Պետք չէ մոռանալ, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ ներգրավված Ռուսաստանը ոչ միայն Սիրիայում ունի ռազմաբազաներ, այլև շատ մեծ ռազմաբազա ունի ՀՀ-ում: Ժամանակին ռուս պաշտոնյաները Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց չէին վարանում նաև հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան ևս կօգտագործվի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ, որն, իհարկե, իր մեջ շատ մեծ վտանգ էր պարունակում, քանի որ նախ՝ ՀՀ-ի հետ կնքված պայմանագրով այդ բազան կոնկրետ պետք է պաշտպանի ՀՀ անվտանգությունը: Բացի այդ, Աստված ոչ անի, եթե ՌԴ-ն օգտագործեր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան Սիրիայում պատսպարված ահաբեկիչների դեմ, ապա չէր կարողանա երաշխավորել մեր անվտանգությունը, քանի որ այդ ահաբեկիչները կարող էին մեծ խնդիրներ ստեղծել նաև մեզ համար»,- նշեց Գագիկ Համբարյանը:

Ըստ քաղաքագետի, հիմա միջազգային հանրությունն ավելի շատ սիրիական խնդրով է զբաղված և Սիրիայի մասնատումը դե յուրե ավարտելով: Քանի դեռ այդ խնդիրը կա, սիրիական հիմնախնդիրը չի ազդի Արցախյան հիմնախնդրի վրա:

«Մենք պետք է վտանգ զգանք ոչ թե Սիրիայից Արցախյան հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրման հետ կապված, այլ քաղաքական գործընթացներից, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում և Թուրքիայում: Երկու երկրներում էլ նախագահական ընտրություններն արտահերթ են նշանակված, Ադրբեջանում դա արդեն տեղի է ունեցել, և ես սպասում եմ, որ ամռան վերջին և աշնան սկզբին կարող է իրավիճակի թեժացում լինել, քանի որ և՛ Ալիևը, և՛ Էրդողանը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից առաջ ուզում են ավելի ամուր դիրքերից հանդես գալ և ֆորսմաժորային իրավիճակներում վտանգ չզգալ իրենց սեփական իշխանության պահպանման համար»:

Գ.Համբարյանի մեկնաբանմամբ, դե ֆակտո Սիրիան մասնատված է երեք մասի՝ ռուս-իրանական, որը ղեկավարվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից: Սիրիայի հյուսիս-արևմուտքում և հյուսիսում տեղակայվել են թուրքերը, որոնք պաշտպանում են, այսպես կոչված, սիրիական ազատ բանակին: Վերջերս ռուս-ամերիկյան համաձայնությամբ թուրքերին հանձնվեց քրդաբնակ Աֆրինի տարածաշրջանը: Իսկ Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան որոշ տարածաշրջաններ գտնվում են քրդերի վերահսկողության տակ, որոնց թիկունքում ԱՄՆ-ն է: Որոշ տեղերում տեղակայված են նաև ֆրանսիական զորքեր, որոնց մասին վերջերս ենք իմացել:

«Կարող եմ նշել հետևյալը. ռուս-իրանական տանդեմը՝ մի կողմից, և քուրդ-ամերիկյան տանդեմը՝ մյուս կողմից, Սիրիան բաժանել են տնտեսական տեսակետներն հաշվի առնելով: Եփրատից արևմուտք ընկած տարածաշրջանները, որոնց մի մասն հարուստ է նավթով ու գազով, անցել են Դամասկոսի վերահսկողության տակ, իսկ Եփրատից արևելք ընկած տարածաշրջանները, որոնք ևս հարուստ են նավթով ու գազով, անցել են քուրդ-ամերիկյան վերահսկողության տակ:

Ընդերքով ոչ հարուստ Իդլիբի տարածաշրջանը, նաև Հալեպի որոշ մասը թուրքերի վերահսկողության տակ է գտնվում: Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող որոշ տարածաշրջաններ ահաբեկչական կազմակերպությունների կողմից են վերահսկվում, որոնք հովանավորվում են ԱՄՆ-ի և Իսրայելի, նաև արաբական թերակղզու միապետությունների՝ Սաուդյան Արաբիայի և Միացյալ արաբական էմիրությունների կողմից»,- հավելեց քաղաքագետը:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
683