Անմեղ «մեղավորի» անավարտ օրագիրը ⋆ «Շրջապատ»
ՀՈՒՇԵՐ

Անմեղ «մեղավորի» անավարտ օրագիրը

Նոր փորձություն

Նոր բնակարանում հիմնավորվելուց հետո վերջապես սկսեցինք նորմալ, խաղաղ կյանքով ապրել: Անցյալի գիրկն էի թողել երկար ու ձիգ տանջալից տարիների շղթան, կամաց-կամաց մոռանում էի սրտիս հասցված ծանր վերքերն ու կրածս տանջանքները: Կյանքն ընկավ նորմալ հունի մեջ: 1969 թվականին ծնվեց երրորդ երեխաս` Աշխենիկս: Ապրում էինք, ինչպես մյուս ընտանիքները. ես աշխատում էի, կինս էլ զբաղված էր երեխաների դաստիարակությամբ:

Աշնանը շինվերանորոգման տրեստի աշխատանքները թեթևացան, գործ քիչ էր լինում, հետևաբար, աշխատավարձն էլ էր ցածր: Ստիպված սկսեցի ուրիշ աշխատանք փնտրել: Շուտով աշխատանքի ընդունվեցի Կիրովականի Հայկոոպի շինարարական վարչությունում, որը կատարում էր Կիրովականի, Ստեփանավանի և Սպիտակի շրջանների առևտրի կետերի և տաղավարների շինարարությունները: Մեր բրիգադով շրջում էինք այդ շրջանները և որտեղ գործ էր լինում, այնտեղ էլ աշխատում էինք: Աշխատավարձս համեմատաբար լավ էր: Թվում էր, թե վիճակս ու պայմաններս էլ ավելի կլավանան, սակայն նոր փորձանք եկավ գլխիս…

Գիշեր էր, 4 ընկերներով մեքենայով տուն էինք վերադառնում: Քաղաքին մոտենալիս, պետք է անցնեինք ճանապարհն հատող երկաթգծի վրայով: Արգելաձողն իջեցված չէր… միայն զգացի էլեկտրաքարշի ուժեղ հարվածը: Միայն 3 օր անց սթափվեցի հիվանդանոցում: Ծանր ու տաղտկալի մղձավանջի մեջ էի: Չէի կարողանում կենտրոնանալ ու հիշել, թե ինչու եմ այստեղ, ինչ է պատահել ինձ հետ: Մի քանի ամիս պառկեցի հիվանդանոցում: Մարմինս սևացել էր ածուխի պես, արյունս լերդացել էր կաշվիս տակ: Բժիշկներն հույսերը կտրել էին ինձանից, չէին հավատում, որ ոտքի կկանգնեմ: Բայց ես սովոր էի հաղթահարել դժվարությունները: Այս անգամ էլ կարողացա հաղթող դուրս գալ կյանքի ու մահվան պայքարում: Երեք ամիս հետո ինձ դուրս գրեցին հիվանդանոցից, սակայն բժիշկներն ասացին, թե ինձ երկարատև, հետևողական բուժում է հարկավոր: Ու ես կիսառողջ վիճակում տուն եկա: Ընտանիքս ապրուստի միջոց չուներ: Աշխատել էր հարկավոր, մի կերպ գնում էի աշխատանքի ու օր-օրի էլ ավելի էր վատանում առողջական վիճակս. մի քանի օր աշխատում էի, մի քանի օր տանը մնում, մի քանի օր հիվանդանոցում անցկացնում… և այսպես շարունակ: Ընտանիքս պահելու համար ստիպված խրվեցի պարտքերի տակ: Փորձեցի մեկ անգամ ևս բախտս փորձել` ձեռք բերելու վարորդի աշխատանք, բայց ավտոմեքենա ընդունելու համար նորից 1000 ռուբլի կաշառք ուզեցին: Էհ, որտեղի՞ց տայի…

Դարձյալ օտարություն եւ նոր ծուղակ

Մի օր գլխումս միտք ծագեց: Կեմերովոյի մարզի Պրոկոֆևսկ քաղաքում մի ընկեր ունեի: Նամակ գրեցի, թե հնարավոր չէ՞ արդյոք իրենց մոտ վարորդի աշխատանք գտնել: Պատասխանը չուշացավ: Նա գրել էր. «Ախպերս, էստեղ էդ տեսակ գործը թափած է: Էլ ժամանակ մի կորցրու` շտապ արի»:

Չնայած այնքան էլ լավ չէի, բայց ճամփա ելա: Պրոկոֆևսկում մոտ երկու ամիս վարորդ աշխատեցի ածխահանքերում: Նոր էի որոշ գումար վաստակել, երբ տանից լուր ստացա, որ շտապ վերադառնամ, որովհետև երեխայիս ոտքը փայտանում է ու նրան ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել: Խելքս կորցրած, հավաքվեցի ու վազեցի: Քանի որ վարորդական իրավունքներն այդ ժամանակ պետականորեն նորերով էին փոխարինում` ընկերոջս խնդրեցի, որ այն իր մոտ վերցնի, մինչև ես լուր տամ:

Ինչ գումար որ վաստակել էի` չխնայեցի, բաժանեցի պրոֆեսորներին, բժիշկներին ու բուժքույրերին: Երեխայիս մի կերպ բուժեցին: Ռուսաստան ետ գնալու մտքից հրաժարվեցի: Ընկերոջս նամակ գրեցի, որ վարորդական իրավունքս ուղարկի: Շուրջ 7-8 նամակ գրեցի, բայց պատասխան չկար ու չկար:

Հնարավոր չէր անգործ մնալ, սովամահ կլինեինք, ուստի որոշեցի վերջին խնայած գումարը վերցնել, հետ գնալ Պրոկոֆևսկ` վարորդականիս հետևից: Տեղ հասնելով, ընկերոջս սենյակի դուռը փակ գտա: Հարևաններն ասացին, որ նրան 6 ամսով բանակ են կանչել, իսկ կինն ու երեխաները ծնողների մոտ` Նովոսիբիրսկ են մեկնել: Ձախորդություններն ու դժբախտությունները կարծես ուրվականի պես հետևում են ինձ:

Որոշեցի տանեցիների համար մի քանի կտոր շոր առնել, դրա համար մեկնեցի Կեմերովո: Կայարանում երկու տղա մոտեցան ինձ: Նրանցից մեկը հայ էր, մյուսը` վրացի: Ծանոթացանք, զրուցեցինք: Հայը պատմեց, որ պրոբլեմների մեջ են ընկել.

— Ախպերս, գործի մեջ «վառվել» ենք, ունեցած-չունեցած փողերը լրիվ թափել ենք, որ ազատվենք: Կարո՞ղ ես, գումարով օգնիր` հասնենք Տաշքենդ: Պարտքի տակ չեմ մնա: Տաշքենդում լավ ոսկեղեն ունեմ, էժան կտամ, կտանես Հայաստան` փող կաշխատես:

Ժողովրդական երկու իմաստուն առակ էր համապատասխանում իմ իրավիճակին. մեկը` «Քյասիբի սիրտը լեն է», մյուսը` «Քյասիբն իր խելքից է քյասիբ»: Մտածեցի. «Ի՞նչ տարբերություն` Կեմերովոյում եմ առևտուրս արել, թե՞ Տաշքենդում: Համ էլ տղաներին կօգնեմ: Կհասնենք Տաշքենդ, այնտեղ պարտքս կվերադարձնեն, գնումներ կանեմ ու կվերադառնամ Հայաստան»:

Մոտիս գումարով գնացքի 3 տոմս գնեցի դեպի Տաշքենդ ու տղաների հետ ուտել-խմելով ուղևորվեցինք: Ճանապարհին պատմեցի իմ «ոդիսականը», իսկ նրանց պատմածից հասկացա, որ «դելավոյ» տղաներ են:

— Ախպեր, դու կյանքի տղա ես,- դիմեց ինձ հայը,- հասկանում ես նեղն ընկածին ու օգնեցիր մեզ: Տաշքենդում փողի դիմաց քեզ մի այնպիսի ապրանք կտանք, որ Երևանում քառապատիկ օգուտ կստանաս:

Ճիշտն ասած, գլխի չէի ընկել, թե ինչ է տալու ինձ, սակայն այնպիսի ոգևորությամբ էր պատմում, որ հայացքս երանությունից արբեցած` չէի կտրում նրանից: Էն ո՞ր քաղցածն է, որ չի երազում կուշտ փորի մասին: Էն ո՞ր տկլորն է, որ չի փափագում լավ հագուստ ունենալ: Էն ո՞ր աղքատն է, որ չի տենչում թշվառության ճիրաններից դուրս պրծնել: Այդ պահին ինձ թվում էր, որ հանձինս այս երկու անձնավորությունների` գտել եմ իմ բարերարներին, ովքեր պետք է ինձ ոտքի կանգնեցնեին: Այնպես որ, նրանց առաջարկը ես սիրով ընդունեցի:

Առավոտյան հասանք Տաշքենդ: Սակայն, ի զարմանս ինձ, ուղեկիցներս ինձ չտարան իրենց տուն, չպատվեցին ու չհյուրասիրեցին, ինչպես կաներ յուրաքանչյուր հայ: Ինձ տարան հայկական թաղամաս, ինչ-որ գարեջրի կրպակի մոտ կանչեցին Գայդար անունով մի տարիքով ուզբեկի: Հայը նրա ականջին ուզբեկերեն բառեր փսփսաց, հետո մոտեցավ ինձ ու բացատրեց հարստանալու իրենց «հրաշագործ» մեթոդը.

— Ժոռա ջան, քեզ 2,5 կիլոգրամ անաշա կտանք… կիլոն 180 ռուբլով: Կտանես Երևան, «դալալները» յալվարով կիլոն 500-ով կառնեն: Ապրանքն էլ «վիշի կլաս» է:

Մտքումս արագ-արագ հաշվարկ կատարեցի, թե որքան օգուտ եմ ստանալու… 800 ռուբլի: Ի՜նչ երանության մեջ էի… Միանգամից 800 ռուբլի: Նույն վայրկյանին, եկամուտս հաշվելուց հետո, պատկերացրեցի, թե ինչպես եմ փակում պարտքերս, ընտանիքիս ապահովում սնունդով ու հագուստով, դեռ մի բան էլ մնում էր` բուժվելու համար: Ահա թե ինչպիսի «քաղցր» երազանքների մեջ ընկա, երբ լսեցի նրանց գայթակղիչ առաջարկությունը: Բայց մտքովս չէր անցնում, որ հերթական որոգայթն է փաթաթվում վզիս:

Չնայած որ ծխող եմ, բայց կյանքում երբևէ անաշա չեմ օգտագործել, չգիտեմ, թե ինչ «հրաշագործ» ազդեցություն է թողնում մարդկանց վրա: Այնքան միամիտ էի, որ մտքովս անգամ չէր անցնում, թե անաշայի առքուվաճառքը քրեորեն պատժելի է` չնայած իմ «բարերարները» զգուշացրել էին, որ շրջապատիս նկատմամբ ուշադիր լինեմ: Ինչ մեղքս թաքցնեմ, եթե նույնիսկ իմանայի էլ, միևնույն է, կդիմեի այդ քայլին, քանի որ ուզում էի ընտանիքիս տեսնել կուշտ ու լավ հագնված, կնոջս` հոգսերից ու վշտերից թեթևացած: Այնպես որ, վճարեցի 450 ռուբլի, վերցրեցի 2,5 կիլոգրամ անաշան և ուղևորվեցի Հայաստան:

Հասնելով Երևան` «փրկարար ապրանքը» ձեռքիս, սրան-նրան հարց ու փորձ անելով, վերջապես գտա մի քանի «դալալների»: Նրանք փորձեցին «վիշի ապրանքս» ու հուսահատորեն շարժեցին գլուխները: Պարզվեց, որ խաբված եմ, որ իմ «լավ ընկերները» հրամցրել էին անորակ անաշա: Ահա թե ինչպես այդ ապերախտները փոխհատուցեցին իմ արած լավությունը: Մյուս կողմից էլ մտածում էի` միգուցե այդ տղաները մեղավոր չէին, հնարավոր է, որ նրանց էլ ուզբեկ Գայդարն էր խաբել: Ինչորէ, մի քանի տեղ հարց ու փորձ անելուց հետո հասկանալով, որ հնարավոր չէ վաճառել այդ ապրանքը, հաշտվեցի խաբված լինելուս հետ: Բայց ափսոսեցի դեն նետել այն` մտածելով, որ կկարողանամ հետագայում վաճառել:




***

Նորից անցա իմ աշխատանքին` Կիրովականի Հայկոոպի շին. վարչությունում: Մի օր հիվանդ, մի օր առողջ աշխատում էի ու ստացածս չնչին գումարով մի կերպ պահում ընտանիքս: Անցել էր որոշ ժամանակ, երբ մի օր Կիրովականում հանդիպեցի մի արևածաղիկ վաճառողի: Ինչ-որ ներքին մղումով մոտեցա նրան ու հարցրեցի.

— Հայրիկ, կարո՞ղ է գիտենաս, թե ով է զբաղվում անաշայի գործով:

Նա նայեց դեմքիս ու աչքերը կկոցելով հարցրեց.

— Ինչքա՞ն ունես:

— 2,5 կիլոգրամ,- ոգևորված պատասխանեցի ես:

— «Կակ ռազ» երեկ մի ալավերդցի տղա էր հետաքրքրվում, եղբայրը գաղութում է, ուզում է նրան անաշա հասցնել…

— Հայրիկ ջան, բա ինչպե՞ս գտնեմ նրան,- ուրախացած ընդհատեցի արևածաղիկ վաճառողին:

— Նրա հետ պայմանավորվել եմ, ամսի 10-ին գալու է: Այդ օրը դու էլ ապրանքդ բեր, կծանոթացնեմ, կխոսաք,-հանգիստ ու անվրդով ասաց նա:

Ուրախ- ուրախ տուն գնացի. վերջապես ազատվելու էի խղճիս վրա ծանրացած բեռից:

1973 թվականի մայիսի 10-ն էր: Վերցրեցի իմ «թանկագին» ու անտանելի բեռից երկու կիլոգրամ ու գնացի պայմանավորված տեղը: Արևածաղիկ վաճառող ծերունին սպասում էր: Նա բազմանշանակ նայեց դեմքիս, խորամանկորեն ժպտաց քթի տակ.

— Ա՜, եկար: Մի քիչ սպասիր, ուր որա է ալավերդցին կգա:

10-15 րոպե անց մեզ մոտեցավ մի երիտասարդ: Ծերունին ներկայացրեց ինձ ու դիմեց անծանոթին.

— Ես իմ գործն արեցի, մնացածը` իրար հետ լեզու գտեք:

Մենք առանձնացանք:

— Ինչքա՞ն ես բերել,- հարցրեց նա ու ձեռքը մեկնեց տոպրակիս:

Պատասխանեցի.

— Երկու կիլոգրամ է:

— Ինչքա՞ն ես ուզում կիլոյի համար:

— Հինգ հարյուր ռուբլի,- համարձակ ու ինքնավստահ ասացի ես` հիշելով Տաշքենդի «ընկերներիս» խոսքերը:

— Չէ, ախպեր ջան, թանկ ես ասում: Կիլոյին 400 կտամ:

Ես դրանից էլ էի գոհ ու չառարկելով, տվեցի իմ համաձայնությունը:

— Դե, գնանք կայարանի բուֆետը, այնտեղ կկշռենք ապրանքդ, փողդ կտամ ու մի-մի բաժակ էլ բան կխմենք:

Ներս մտանք բուֆետ: Նա խնդրեց բուֆետապանին` երկու հատ 100-ական գրամ օղի լցնել ու կշռել տոպրակը: Վաճառողը լցրեց օղին, հետո ձեռքիցս վերցրեց անաշայով տոպրակն ու դրեց կշեռքին: Ես խմեցի օղին, իսկ «գործընկերս» բաժակը մոտեցրեց շուրթերին ու շուռ եկավ դեպի դուռը: Անկյունում, դատարկ սեղանի շուրջ նստած էին 5-6 հոգի, ուշադիր մեզ էին հետևում: Այդ պահին նրանք բարձրացան տեղերից ու մոտեցան մեզ: «Ընկերս» բաժակը դրեց սեղանին ու արագորեն դուրս վազեց, իսկ ես հայտնվեցի անծանոթների «աքցանի» մեջ: Նրանցից մեկը, ցույց տալով տոպրակը, հարցրեց.

— Սա ի՞նչ է:

— Անաշա,- անտարբեր ասացի ես:

— Քո՞նն է, թե՞ նրանը, որ փախավ:

— Իմն է,- հասկանալով, որ գործ ունեմ օրգանի աշխատողների հետ, դողալով պատասխանեցի ես:

— Ինչքա՞ն է:

— Երկու կիլոգրամ:

— Էլ ունե՞ս:

— Կես կիլո էլ տունը կա:

Նրանք գոհունակությամբ ժպտացին:

— Որտեղի՞ց ես,- հարցրեց նրանցից տարիքովը:

— Սպիտակից:

— Իսկ գիտե՞ս` մենք ով ենք:

— Կռահում եմ,- անկեղծորեն պատասխանեցի ես:

— Եթե Սպիտակում ես ապրում, ուրեմն ինձ ճանաչում ես:

— Ոչ:

— Ես երկար տարիներ եղել եմ Սպիտակի միլիցիայի պետը,- քմծիծաղ տվեց տարիքովը:

— Պարզապես, երկար տարիներ բացակայել եմ քաղաքից, դրա համար էլ չեմ ճանաչում…

— Լսիր՛, մենք նախօրոք գիտեինք, որ անաշայի գործ ես անում ու հետևում էինք քեզ: Ի՞նչ է, մտածում էիր, թե միլիցիան քնա՞ծ է:

Այդ պահին միայն հասկացա, որ ինձ մատնել էր արևածաղիկ վաճառող ծերունին, իսկ շինծու գնորդը ընդամենը նրանց մարդն էր…

(շարունակությունը հաջորդ էջում)

print
10,982