«Արվեստի մեջ հոգի չդրեցիր, գործդ առաջ չի գնա» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Արվեստի մեջ հոգի չդրեցիր, գործդ առաջ չի գնա»

Երիտասարդ արվեստագետների համախմբմամբ՝ Գյումրում ստեղծվում ու իրացվում են կիրառական արվեստի ինքնատիպ նմուշներ՝ փայտե կախազարդեր, խեցեղեն, փայտի գեղարվեստական փորագրություններ: «Արվեստանոց» ընդհանուր անվամբ ապրանքանիշը մի խումբ երիտասարդների մտահղացումն է: Երիտասարդ Կարլեն Վարդերեսյանն «Արվեստանոցի» փայտյա նկարազարդ  վզնոցների հեղինակն է: Սակայն նա ոչ միայն նկարում է, այլև սովորում ու դասավանդում, ակտիվ կենսակերպ վարում՝ ցուցահանդեսներ, լուսանկարչություն, թեթև ատլետիկա, բրեյկ-դանս և այլն:

— Կարլեն, քո նկարներից յուրաքանչյուրում մի խնդիր է բարձրացված, ամեն մեկն առանձին ասելիք ունի: Կարծես դրանք հասարակության հետ հաղորդակցման, տարբեր երևույթների մասին քո ձայնը բարձրացնելու միջոցներ լինեն: Ինչպե՞ս են ծնվում այդ գաղափարները:

— Ես ամեն ինչ իրականությունից եմ վերցնում ու հետո հանձնում թղթին: Ինձ համար ներշնչանքի աղբյուր կարող է լինել ցանկացած խնդիր, կյանքի դժվարությունները, բարի գործերը:

— Քո աշխատանքներում հերոսները միայն գյումրեցինե՞րն են:

— Պարտադիր չէ, կարևորն ասելիք ունեցող կերպար լինի: Ամեն աշխատանք անելուց սիրտ ու հոգի ես դնում մեջը, շատ մանր աշխատանք է, հոգի չդրեցիր, գործդ առաջ չի գնա:

— Դա գլխավո՞ր պայմանն է:

— Ինձ համար՝ այո, դրա համար շատերն են ասում, որ իմ աշխատանքները տարբերվում են, կրեատիվ գործեր են: Արձագանքները շատ են: Համենայնդեպս, իմ աշխատանքները հետաքրքրություն են առաջացնում, նորություն են իրենց տեսակով ու ասելիքով:

— Կարլեն, քո արվեստն իրացնելու հետաքրքիր տարբերակ ես մտածել՝ փայտե կախազարդ՝ փորագրություններով ու նկարազարդումներով: Գաղափարն ինչպե՞ս առաջացավ:

— Ընկերներով որոշել էինք հետաքրքիր ծրագիր իրականացնել մանկավարժական ինստիտուտում՝ հիմքում դնելով ազգայինը: Կախազարդերը, թռչնատառերն այդ ժամանակ ստեղծվեցին, մենք նվիրում էինք մարդկանց ու արձագանքներն այնքան ոգևորիչ էին, որ որոշեցինք շարունակել ու գաղափարն ավելի զարգացնել:

— Հիմա «Արվեստանոց» անունը կրող ապրանքանիշով եք ներկայանում: Աշխատանքները վաճառքում կա՞ն:

— Այո, վաճառվում են ու արդեն նոր տեսականի կա: Ավելի ենք բարդացրել մեր առաջադրանքները՝ կան դիմանկարներ, խեցեգործական աշխատանքներ, փայտի մանր փորագրություններ, մանրանկարներ… Թեմատիկան դարձյալ ընտրվում է ազգային շեշտադրումով, բարին մարմնավորող հերոսներին՝ մուլտկերպարներին ներկայացնելով: Բայց, բոլոր դեպքերում, մեր խնդիրը բարին ընդգծելն է: Մենք ուզում ենք մեր քաղաքում մարդկանց մտածողությունը փոխել, որ բարին շատ լինի:

— «Արվեստանոցի» մասին ինչ կասես: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— «Արվեստանոցում» համախմբվել են իմ ընկերները՝ նկարիչ Մամիկոն Վարդերեսյանը, նկարիչ-դիզայներ Անի Հարությունյանը, բրուտագործ Լևոն Հովհաննիսյանը, դիազայներ Մարիամ Շահբազյանը, Արսեն Վարդանյանը, փայտի գեղարվեստական փորագրող Յուրի Սարիբեկյանը… Առաջիկայում համատեղ ցուցահանդես ենք նախատեսում:

— Որպես երիտասարդ արվեստագետ, ի՞նչ ես կարծում, Գյումրիում արվեստ ներկայացնելն ու նաև իրացնելը դժվա՞ր է:

— Մեր քաղաքում բարդ է, որովհետև ժողովուրդը ոչ միանշանակ է ընդունում արվեստը: Քո ներկայացրածը հաճախ տարբերվում է ժողովրդի ճաշկից: Նկատել եմ, որ հասարակության մեծամասնությունն ավելի փայլփլուն, ավելի արևելյան արվեստի կողմնակից է, դրա համար, երբ մենք որոշեցինք մեր գաղափարը կյանքի կոչել, նպատակ ունեինք մեր սրտի ուզածը, ազգայինը հրամցնել մարդկանց:

— Այսօր շատ երիտասարդներ իրենց ապագան Գյումրու հետ չեն կապում: Դու ինչպե՞ս ես տեսնում երիտասարդների վաղվա օրը մեր քաղաքում, ի՞նչ խնդիրներ կան: Ինչպիսի՞ն են հեռանկարները:

— Ես միշտ իմ ապագան Գյումրու հետ եմ կապել ու մտածել եմ եղած խնդիրները լուծելու, ինչ-որ ձևով դրանք թեթևացնելու մասին, որ քաղաքը գույներ ունենա: Խնդիրները շատ են քաղաքում, բայց դրականի մասին չմոռանանք, փորձենք ավելի լավը տեսնել, լավատեսությունը չկորցնել:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

print
1,506