Բակային մորթը կարգելվի, իսկ մսի ու հացի տեղափոխումը՝ հատուկ թույլտվությամբ ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բակային մորթը կարգելվի, իսկ մսի ու հացի տեղափոխումը՝ հատուկ թույլտվությամբ

Շիրակի մարզպետարանում կազմակերպվել էր քննարկում՝ սպանդանոցային ցանցի ստեղծման և «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի» վերաբերյալ: Այն կազմակերպել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ)՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ համատեղ:

Սա նոր հնարավորություն ու խթան կհանդիսանա այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվել, միաժամանակ կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: Ըստ ծրագրի, տնտեսվարողներին տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ՝ անհատույց պետական տարածք, ֆինանսական աջակցություն, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և անհատական խորհրդատվություն:

Նշենք, որ ՀՀ-ում ներկայում գրանցված է 16 սպանդանոց, որից գործում է 8-ը, իսկ մյուս 8-ը օրենսդրական փոփոխություններից հետո և, ըստ պահանջարկի, նույնպես պատրաստակամ են գործել ողջ կարողությամբ: Սակայն հանրապետությունում կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ:

ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Լևոն Մնացականյանն ներկայացրեց «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը»: Դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացրել են 45 շահառու, որից ընտրվել է 19-ը, նրանցից 9-ը պետական աջակցությամբ տրամադրված տարածքներում նախատեսում են կառուցել սպանդանոցներ, մասնավորապես՝ 3 սպանդանոց Շիրակի մարզում, 2-ական Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում: Իսկ մնացած 10 շահառուները նախընտրել են սպանդանոցներ կառուցել սեփական միջոցներով ձեռք բերված տարածքներում:

Քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հարցրեց, թե մինչ սպանդանոցների կառուցումը և համապատասխան օրենսդրական կարգավորումները, արդյո՞ք թույլատրվելու է բակային մորթը: Կամ՝ մասնագիտացված սարքավորումները դրսից ներկրելու դեպքում արդյո՞ք մաքսազերծումն հնարավոր կլինի անվճար անել: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը բացատրեց, որ գոնե ամեն մի մարզում կունենանք 2-3 սպանդանոց, առայժմ անցումը կատարվում է փուլային ընթացակարգով, ապա, ըստ ժամանակացույցի, հաջորդ տարվա հունիսից արդեն կարգելվի մասնավոր մորթը:

Խոսվեց նաև մսամթերքի տեղափոխման տրանսպորտային միջոցների, նաև հաց տեղափոխողների համար պարտադիր սանիտարահիգիենիկ անձնագրեր ունենալու մասին: «Այն տրանսպորտային միջոցները, որոնք կգնվեն ՌԴ-ից, բնականաբար, չեն հարկվի: Եթե միս և հաց տեղափոխող տրանսպորտային միջոցը համապատասխանի պահանջներին, ապա տեղում կտրվեն սանիտարահիգիենիկ անձնագրեր: Ամեն ինչ արվում է՝ համաճարակների դեմ պայքարելու համար»,- նշեց ՍԱՊԾ պետը:

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը հետաքրքրվեց, թե Գյումրիից եղե՞լ է սպանդանոց կառուցելու առաջարկ, բացի այդ՝ սեփականատերն ազա՞տ է մսի մորթի սակագինն ինքնուրույն որոշել, և արդյո՞ք սեփականատերը թանկ գներ չի սահմանի. «Առանց այդ էլ, գյուղացին այսօր «ղասաբների» ձեռն է կրակն ընկել, ստիպված միսը պահում, հետո է մորթի տալիս: Մորթողներն ավելի շատ գումար են վաստակում, քան ինքը՝ գյուղացին: Այսօր Գյումրիում այնպիսի վիճակ է, որ մարդիկ ծայրամասերում անասուն են պահում: Ստացվում է, որ մորթի համար պետք է անասունը հասցնեն Արթիկ, որ կարողանան մորթել: Նաև, որքան գիտեմ, Գյումրիից մարդ կա, որ ցանկություն է հայտնել սպանդանոց կառուցելու, արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, թե ամենքին չի թույլատրվում»: ՍԱՊԾ պետը պատասխանեց. «Գյումրիում հաշվառված մեկ սպանդանոց կա, այն պատկանում է «Տոլիգրուպ» ՍՊԸ-ին, անձամբ այցելել, ճշտել եմ, որ վերազինման հնարավորություն ունեն: Իսկ ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա դրա իրավասությունը չունենք, մենք միայն պատասխանատու ենք սննդի անվտանգության առումով: Սակայն մրցակցային դաշտ է առաջանում և կարծում եմ, որ սպանդանոցների սեփականատերերը ձգտելու են առավել մրցունակ գին առաջարկել»: Նաև հավելեց, որ վերլուծություններից ելնելով, հաշվարկային ցուցանիշները ցույց են տվել, որ խոշոր եղջերավոր կենդանու մորթի համար 10-12 հազար դրամ է ընկնում, իսկ մանր եղջերավորների համար՝ 2-3 հազար:

Եվս մեկ նկատառում կատարեց պետը՝ «բակային մորթի պայմաններում կենդանիների ուղեկցումը պարտադիր պետք է անցնի անասնաբուժասանիտարական փորձաքննություն, նոր իրավունք ունենան միսն իրացնելու»: Նշեց, որ որևիցե մեկը չի սահմանափակում մասնավորի՝ սպանդանոց կառուցելու ցանկությունը, բացառությամբ, մասնավորը պետք է համապատասխան առաջարկությամբ հանդես գա: Վարդան Ղուկասյանը հակադարձեց, որ պատասխանը չբավարարեց իրեն:

Պետական ֆինանսական աջակցություն չի լինի, այլ կլինի վարկային պայմաններ՝ 10 տոկոս տոկոսադրույքով, առանց գրավի, 5 տարի ժամկետով: Նաև հնարավորություն է ընձեռնվում ֆինանսական վարձակալության (լիզինգի) միջոցով ձեռք բերել սննդամթերք տեղափոխող մասնագիտացված տրանսպորտային միջոցներ:

«Շրջապատը» ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանից հետաքրքրվեց. «Եթե մսի մեկ կիլոգրամի համար հաստատուն գին կա, ապա հացի պարագայում բացարձակ ուշադրություն չկա. հացի քաշը, որակը, գինը, բաղադրությունը, տեղափոխումը… Այս կարևոր սննդամթերքի վրա լուրջ ուշադրություն սևեռվո՞ւմ է»: Իշխան Կարապետյանը անորոշ պատասխան տվեց. «Յուրաքանչյուր արտադրող ունի իր տեխնիկական պայմանները, որին հմապատասխան արտադրում է հացը: Մեր դաշտին առնչվում է մակնշումն ու տեղափոխումը: Այդ տեսանկյունից մենք գործողություններ ունենք: Մոտ 120 հացարտադրողների մոտ այս տարի իրականացրել ենք ստուգումներ, իրացման ցանցերի հետ ևս հանդիպումներ ենք անցկացրել: Հացի տեղափոխման յուրաքանչյուր սպառող իրավունք ունի ահազանգել, եթե պետական վերահսկողության իրավասություններում են, ապա պետք է փաստեմ, որ այդ ուղղությամբ միջոցառումներ իրականացնում ենք»:

Հ.Գ. Վերանորոգումից հետո արդեն իսկ վերաբացվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը, որն այսուհետ ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում, կգործի վերազինված լաբորատորիան, հատուկ նմուշառման բաժինը, ինչպես նաև սպասարկումը կիրականացվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգով:

print
1,850