Բենջամին Սթոունրիջ. պայծառատես գողը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բենջամին Սթոունրիջ. պայծառատես գողը

Պատմությանը հայտնի են մարդիկ, ովքեր, ճիշտ է,  մարգարեներ չեն, սակայն այս կամ այն բնագավառում կարողանում են ճիշտ կանխագուշակություններ կատարել: Այդպիսի պայծառատեսներին անվանում են «նեղ պրոֆիլի մարգարեներ»: Ներկայացնում ենք ամերիկյան քրեական աշխարհի ճանաչված դեմքերից մեկին` Բենջամին Սթոունրիջին:

Բենջամին Սթոունրիջն ավելի շատ հայտնի է «Ռնգախոս Բեննի» մականունով: Նա ամերիկյան քրեական աշխարհի պատմության մեջ է մտել իր յուրահատուկ տաղանդի համար: Բեննին կարողացել է կանխագուշակել, թե այս կամ այն հանցագործությունը կատարելու դեպքում ինքը կձերբակալվի՞, թե` ոչ: Ավելին, եղել են դեպքեր, երբ հենց գողություն կատարելու ժամանակ նա զգացել է, թե որ պահին են հայտնվելու ոստիկանները:

Բենջամինն ընդամենը 12 տարեկան էր, երբ եղբոր հետ որոշում են կատարել իրենց առաջին «գործը»` թալանել վարսավիրանոցը: Նրանք կեսգիշերին պատուհանից մտնում են վարսավիրանոցի տարածք: Չհայտնաբերելով խոշոր գումար, տղաները սկսում են պայուսակները լցնել թանկարժեք օծանելիքով: Հանկարծ Բեննին կանգ է առնում և ասում. «Հարկավոր է հեռանալ, ոստիկաններն արդեն ճանապարհին են, քիչ անց այստեղ կլինեն: Ես զգում եմ, ինչ-որ մեկը ծախել է»: Եղբայրը սկզբում չի հավատում Բեննիի խոսքերին, բայց, այնուամենայնիվ, որոշում են փախչել: Ուղիղ 2 րոպե անց հայտնվում են ոստիկանները: Իրոք, ինչպես և կանխագուշակել էր Բեննին, ոստիկաններին գողության մասին հայտնել էր վարսավիրանոցին կից ապրող հարևանը: Սա Բեննիի առաջին հաջող «գործն» էր: Դրանից հետո նրա կատարած հանցագործությունների քանակը սրընթաց աճում է: Ամբողջ Ամերիկան ուշի ուշով հետևում էր պայծառատես գողի և ոստիկանների միջև սկսված «մկան խաղին»: Բեննին կատարում էր իր «սև գործը» և բարեհաջող անհետանում, իսկ ոստիկանները միշտ մի քանի րոպե ուշացումով հասնում դեպքի վայր:

Բայց, այնուամենայնիվ, նա մեկ անգամ հայտնվում է ճաղերի ետևում, այն էլ ոչ իր մեղքով, այլ` հանցակից ընկերների: Իսկ պատմությունը, որն ունեցել է շատ հետաքրքիր ու առեղծվածային վերջաբան, այսպիսին է: Բենջամինը, ինչպես միշտ, մանրակրկիտ ձևով մշակում է Տեխասի Աբելինա քաղաքի բանկի կողոպուտի պլանը: Նա անմիջական մասնակցություն չի ունենում այդ կողոպուտին, սակայն ընկերներին զգուշացնում է, որ գործը պետք է ավարտել 5 րոպեի ընթացքում, քանի որ 7 րոպե անց կհայտնվեն ոստիկանները: Այս անգամ ընկերները մոռանում են Բեննիի ասածները (երևի շլացել էին փողերի առատությունից) և ուղիղ 7 րոպե անց հայտնված ոստիկանները բոլորին ձերբակալում են: Բաժանմունքում հանցագործներից մեկը միամտաբար պատմել է, որ կողոպուտը կազմակերպել է «Ռնգախոս Բեննին» և հայտնել, թե որտեղ է Բենջամինը: Ոստիկաններն անակնկալի են գալիս, թողնում են գործի քննությունը և մի ամբողջ ջոկատով շրջափակում հյուրանոցը: Նրանց բախտը բերում է, քանի որ այդ պահին Բենջամինը գտնվում էր հարբած վիճակում և կորցրել էր ոչ միայն զգոնությունը, նաև` կանխագուշակելու տաղանդն, ու այդպես, միամտաբար, հայտնվում է ճաղերի ետևում:

Ոստիկանները ցնծության մեջ էին, վերջապես նրանց հաջողվել էր բռնել պայծառատես գողին: Նախաքննությունից հետո Բեննիին պետք է գնացքով ուղարկեին Դալլաս: Սակայն Աբիլինայի երկաթուղային կայարանում «Ռնգախոս Բեննին» կտրականապես հրաժարվում է բարձրանալ 7-րդ վագոնը` ուղեկցող ոստիկաններին մեղադրելով, թե  իրեն ուզում են սպանել: Ուղեկցողներից մեկը ծիծաղում է ու պատասխանում. «Լսիր, քո հիմար կանխագուշակությունների վերջն արդեն եկել է: Էլ մեզ չես խաբի»: Բեննին կատաղած գոռում է. «Այ ապուշ, դու հիմա ծաղրում ես ինձ, իսկ վաղը ես քո վրա կծիծաղեմ, երբ կկոտրես ոտքդ»: Տեսնելով, որ նույնիսկ ուժով հնարավոր չէ Բեննիին բարձրացնել 7-րդ վագոն, ոստիկանները ստիպված լսում են նրան և տեղափոխվում 6-րդ վագոնը:

Գնացքը Դալլաս է հասնում ըստ չվացուցակի, Բենջամին Սթոունրիջին առանց որևէ արկածների ուղարկում են տեղի բանտը: Ու այդ պահից էլ սկսվում են առեղծվածային դեպքերը:

Երեկոյան ժամը 23.00-ին, Դալասի փողոցներից մեկում տեղի է ունենում ճանապարհային պատահար: Տաքսիներից մեկի արգելակներն անհայտ պատճառներով խափանվում են և մեքենան ողջ թափով հարվածում է շենքի պատին: Տաքսու վարորդը կենդանի է մնում, սակայն ուղևորը տեղում մահանում է: Երևի ընթերցողի մոտ հարց առաջացավ, թե ի՞նչ կապ ունի այս պատահարը Բենջամին Սթոունրիջի հետ: Բանն այն է, որ զոհված ուղևորի գրպանում ոստիկանները հայտնաբերում են «Աբիլին-Դալաս» գնացքի 7-րդ վագոնի ուղետոմս: Նույն օրը երեկոյան, քաղաքային դիահերձարան են բերում մի կնոջ դիակ, որը ռեստորանում ընթրելիս, խեղդվել էր ոսկորի կտորով: Ինչպես արդեն կռահեցիք, այդ կինը ևս 7-րդ վագոնի ուղևորներից էր:

Ընդհանուր առմամբ, «Աբիլին-Դալաս» գնացքի 7-րդ վագոնում եղել էին 7 ուղևոր և բոլորն էլ մահացել նույն օրը: Նրանցից մեկը տուն է վերադառնում այն պահին, երբ անչափահաս թմրամոլները թալանում էին բնակարանը: Նրանք հանդիպելով տանտիրուհուն, առանց վարանելու, դանակի մի քանի հարվածներով սպանում են կնոջը: 4-րդ ուղևորը գնացքից իջնելուց անմիջապես հետո, փողոցում վարձում է մի անառակ կնոջ և հրավիրում տուն: Սիրո «քրմուհին» նրա վիսկիով բաժակի մեջ լցնում է քնաբեր դեղի մահացու չափաբաժին: Խեղճ մարդը, խմելով վիսկին, քնում է ու այլևս չի արթնանում: 5-րդը զոհվում է` ընկնելով վերելակի հորի մեջ: 6-րդ և 7-րդ ուղևորներն ընտանեկան զույգ էին: Նրանք զոհվում են շենքում անհայտ պատճառներով տեղի ունեցած գազի պայթյունից: Ի դեպ, ամբողջ շենքի բնակիչներից աղետի զոհ են դառնում միայն այդ զույգը: Ինչպես երևում է Բենջամին Սթոունրիջի ներքին ձայնը չէր խաբել. 7-րդ վագոնի  բոլոր 7 ուղևորներն էլ դարձան դժբախտ պատահարների զոհեր: Այս դեպքերը ցնցեցին ողջ Դալասին, դրանով իսկ Բեննիի հեղինակությունն էլ ավելի բարձրացավ:

Մի քանի օր անց Բենջամինին բանտ ուղեկցող ոստիկաններից մեկը այցելում է նրան և նվիրում մեկ արկղ ծխախոտ` հայտնելով իր երախտագիտությունը, որ Սթոունրիջը հրաժարվեց բարձրանալ չարաբաստիկ 7-րդ վագոնը, դրանով իսկ փրկելով իրենց կյանքը: Ինչ վերաբերում է Բեննիին ծաղրող 2-րդ ոստիկանին, տեղի ունեցած դեպքերից որոշ ժամանակ անց, ինչպես և կանխագուշակել էր Բենջամին Սթունրիջը` կոտրում է ոտքը:

print
1,137