Գագիկ Համբարյան. «Կրթության եւ գիտության նախարարը «մեր Լյով»-ի կարգավիճակում» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Համբարյան. «Կրթության եւ գիտության նախարարը «մեր Լյով»-ի կարգավիճակում»

Տևական ժամանակ Գյումրու Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) տեղի ունեցող խժդժությունների և ռեկտոր Սահակ Մինասյանի՝ դասախոսների բնորոշմամբ՝ ապօրինությունների մասին բարձրաձայնող համալսարանի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի վարիչի պաշտոնակատար ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՐԻԿՅԱՆԻՆ ու նույն ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ռեկտորի հրամանով ազատել են աշխատանքից:

«Շրջապատը» զրուցել է Գագիկ Համբարյանի հետ, ով, մասնավորապես, ասաց. «Այսօր՝ 6 դասաժամից հետո, ինձ և Հովհաննես Խորիկյանին բերում են ազատման դիմում և տեղեկացնում, որ այլևս չենք աշխատում համալսարանում, մեղադրելով համալսարանական գույքի վնասման մեջ: Սա կապ ունի Շիրակի պետհամալսարանի շուրջ վերջին վեց ամիսների իրադարձությունների հետ, ինչպես նաև դա կապ ունի մարտի 14-ին համալսարան այցելած Ազգային ժողովի պատվիրակության հետ: ՇՊՀ էր այցելել Ազգային ժողովի կրթության և գիտության հինգ հոգանոց հանձնաժողովը՝ նախագահ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ: Եվ պետք է նշեմ, որ պարոն Բոստանջյանը հանդիպումների ավարտից հետո տեղի լրագրողներին հարցազրույց տվեց և բացահայտ նշեց, որ մեր կողմից բարձրաձայնված հարցերը և խնդիրները, իրոք, կան, ինչպես նաև բազմաթիվ այլ խախտումներ են տեղի ունեցել ռեկտորի կողմից: Եվ հենց այս հանգամանքն է երևի տարրական հիստերիա առաջացրել ռեկտոր Մինասյանի մոտ, ով որոշեց  հաշվեհարդար տեսնել մեզ հետ` ուղղակի  ծիծաղելի պատրվակով. մենք վնասել ենք գույքը… Այսինքն` մարդ, ով գրադարանային ֆոնդի կեսից ոչնչացնողն է և ամբողջ հանրապետությունն այդ մասին գիտի, հիմա փորձում է մեզ մեղադրել գույք վնասելու մեջ և վարքագծային խախտման համար: Սա տարրական զրպարտություն է: Մի՞թե ոչնչացված գրադարանային գրքերից մի քանիսի տեղափոխումն ամբիոն՝ գույքի ոչնչացում է համարվում»:

Որպես աշխատանքից ազատման հիմք մեջբերվում է ՇՊՀ գիտական խորհրդի արձանագրությունն ու ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումը:

Ըստ Գագիկ Համբարյանի, սա ամբողջությամբ Լևոն Մկրտչյան-Սահակ Մինասյան համագործակցության արդյունքն է. «Լևոն Մկրտչյանի և Սահակ Մինասյանի վերջին մեկնաբանությունները` կապված վերջին դեպքերի հետ, գրեթե խոսքերի նույն կրկնությունն են, նույն բառապաշարով մեկնաբանություններ են: Սա Լևոն Մկրտչյանի բացահայտ հովանավորչությունն է Սահակ Մինասյանին, և ևս մեկ ապացույց է, որ այս ամենի հեղինակը ոչ այլ ոք է, քան կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որոնց  հարաբերությունները բոլորին են հայտնի և կարող եմ ասել, որ Սահակ Մինասյանը՝ խոսելով նախարար Լևոն Մկրտչյանի մասին, երբեք չի օգտագործել նախարար բառը,  վերջինիս ազգանունը կամ նրան դիմել պարոնով, այլ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ասել է` մեր Լյովը: Այսինքն՝ մեր Լյովն այս «բեսպրեդելության» հեղինակներից մեկն է»,- նշեց Գագիկ Համբարյանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք հանդիպել են ռեկտորին և խոսել, Գ.Համբարյանը պատասխանեց. «Իհարկե՝ ո՛չ, իմաստը ո՞րն է: Նրա հետ խոսելու իմաստ չկա: Պրն Մինասյանը հանդիպումների ժամանակ ստում է, վարքաբեկում տարբեր մարդկանց, հանդիպումների ժամանակ տարրական զրպարտությամբ է զբաղված, բանսարկությամբ և վատաբանմամբ»:

Հարցազրույցներից մեկում խոսելով ռեկտորին մատուցվող անակնկալի մասին, դասախոսը պարզաբանեց. «Լևոն Մկրտչյանի կողմից Սահակ Մինասյանին տրված կեղծ լիցենզիաներն են, որի արդյունքում համալսարանում բացվել են մի քանի մասնագիտական բաժիններ, որոնք ռեկտորը չէր կարող բացել, քանի որ ԲՈՒՀ-ում չուներ համապատասխան որակավորմամբ գիտական թեկնածություն պաշտպանած դասախոսներ, որոնց թիվը երեքից պակաս չպետք է լինի: Իսկ լիցենզիայի գլխավոր կետերից մեկը հենց դա է: Եվ այդ ինչպե՞ս է եղել, որ նախարարությունը ՇՊՀ-ին հանձնել է  իրավագիտության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության մասնագետներ պատրաստելու լիցենզիաներ, երբ այս մասնագիտություններով համապատասխան գիտթեկնածու դասախոսներ չունենք: Այստեղ կամ պրն Մինասյանն է խաբել նախարարին, որի հավանականությունը շատ քիչ է, քանի որ նախարարությունը պարտավոր էր ստուգել, կամ էլ նրանք միասին են գործել»:

Ըստ պարոն Համբարյանի, ներկայիս ռեկտորը բազմիցս փորձել է զրպարտել նաև նախորդ ռեկտորին, ասելով, որ գրադարանային շատ գրքեր ոչնչացվել են Վարդևան Գրիգորյանի կառավարման ժամանակ, ով վերջինս ասուլիսով հերքել է դա: «Ես բազմիցս ասել եմ և կրկնում եմ, որ գրքերի ոչնչացման լուսանկարներն արել եմ ինքս և դրա հեղինակը Սահակ Մինասյանն է: Անհրաժեշտության դեպքում այլ մանրամասներ ևս ի հայտ կգան նաև ձայնագրության տեսքով: Պատրաստվում ենք դիմել դատարան և պահանջել այս ամենի մեղավորներին պատժել»,- ասաց Գ. Համբարյանը:

ՆԱԻՐԱ ԳՐԻԳ

print
3,148