Գիտա Պհոգատ. «Հասարակության ճնշումները մեզ կոփեցին» ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Գիտա Պհոգատ. «Հասարակության ճնշումները մեզ կոփեցին»

Գիտա Պհոգատը Հնդկաստանի առաջին կին ըմբշամարտիկ չեմպիոնն է, միջազգային տարբեր մրցաշարերի մրցանակակիր: Ծնվել է 1988թ.: Հայրը՝ Մահավիր Սիգխ Պհոգատը, նախկին ըմբշամարտիկ է, ըմբշամարտի դպրոցի սեփականատեր: Գիտան ունի երեք քույր և եղբայր: Բացի այդ, հորեղբայրը մահից հետո, հայրը որդեգրել է եղբոր երկու դստրերին:

Մի օր Գիտայի հայրը որոշում է մարզել իր 5 դստրերին ու հայտնվում է ավանդապահ հասարակության թիրախում: Տարիներ շարունակ նրանց ընտանիքին հանգիստ չէին տալիս, մինչ այն պահը, երբ Գիտան առաջին լուրջ արդյունքները գրանցեց. նախ՝ Ասիայի պատանեկան մրցաշարում նվաճում է չեմպիոնի տիտղոսը, այնուհետև հաղթանակ Համերաշխության խաղերին: 2012-ին արժանանում է Ասիայի առաջնության բրոնզե մեդալի, սակայն 2016-ին ժամանակավոր դադար է վերցնում: Գիտան Հնդկաստանի առաջին կին ըմբշամարտիկն է, ով հաղթահարել է Օլիմպիական խաղերի որակավորման փուլը (Լոնդոն-2012):

2016թ. ռեժիսոր Նիտեշ Տիվարին նկարահանում է «Դանգալ» («Ըմբշամարտ») ֆիլմ-դրաման: Այն Պհոգատների ընտանիքի կենսագրական տվյալների հիման վրա նկարահանված դրամատիկ սյուժեով ֆիլմ է: Ըստ ԶԼՄ-ների, ցուցադրություններից վաստակած շահույթը 5 անգամ գերազանցել է ֆիլմի բյուջեն: Ֆիլմի հերոսուհու՝ Գիտա Պհոգատիի դերում նկարահանվել է հենց Գիտան: Այսպիսով նա հանրահայտ է դարձել նաև որպես կինոդերասանուհի:

Հնդկաստանում առիթը բաց չթողեցի ու այցելեցի Գիտա Պհոգատիին: Ասեմ, որ հիանալի ընտանիք է, Գիտայի ամուսինը՝ Պավան Կումարը, ևս ըմբշամարտիկ է: Մեր զրույցի որոշ հատված ներկայացնում եմ ընթերցողներին:

— Գիտա, երբ առաջին մեդալը նվաճեցիր, ինչպիսի՞ զգացումներ ունեցար:

— Անշուշտ, երջանիկ էի, քանզի տարիներ շարունակ մեր ընտանիքը քննադատության թիրախում էր, ու մենք շատ բաներ ունեինք ապացուցելու: Իսկ մեդալն արդեն մեր քրտնաջան մարզումների ու կրած տառապանքների փաստացի արդյունքն էր:

— Ինչո՞ւ որոշեցիր ընտրել հենց ըմբշամարտը: Այն, մեղմ ասած, այնքան էլ կանացի մարզաձև չէ: Բացի այդ, ավանդապահ երկրներում, ինչպիսին նաև Հնդկաստանն է, որքան գիտեմ այնքան էլ չի խրախուսվում…

— Այնպես չէ, որ դա իմ մանկության երազանքն էր: Հորս, որը նույնպես ըմբշամարտիկ է, խստապահանջության ու նրա երազանքներին ընդառաջ գնալու հանգամանքներն դարձրեցին ըմբշամարտիկ: Այո, ես և քույրերս հասարակական ազդեցության եւ ուշադրության ներքո էինք գտնվում: Ահավոր ժամանակներ ենք ունեցել, բայց դա մեզ չէր վախեցնում: Մենք ընթացքում կոփվեցինք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Նույն այդ հասարակությունը մեզ սովորեցրեց՝ քո առաջ նպատակ դնել և ամեն գնով հասնել: Ծնողներիս համար ևս հեշտ չէր. նրանց փողոցում ամեն քայլափոխի կանգնեցնում էին, հորդորում, որ աղջիկներին որպես հարսնացուներ դաստիարակեն, և ոչ թե սպորտսմեններ:

— Դու արդեն հայտնի ես ողջ Հնդկաստանում, ի՞նչ կարող ես փոխանցել աղջիկներին:

— Կինը տղամարդուն հավասար է և, եթե նպատակակետ են դրել, պետք է պայքարեն, ողջ ուժն ու կամքը միավորեն, որպեսզի ևս մեկ անգամ ապացուցեն, որ կանայք այնքան էլ թույլ սեռ չեն, որ կանայք ավելին են, քան խոհանոցային կահույքը (ծիծաղում է)…

— Ամուսնուդ՝ Պավան Կումարի հետ ինչպե՞ս ես ծանոթացել (նրանց հարսանիքին ներկա է եղել 5000 հյուր, մասնակցել են նաև կառավարության անդամներ, սպորտի, շոու-բիզնեսի, Բոլիվուդի աստղեր):

— Մենք ծանոթացել ենք ուսումնամարզական ճամբարում: Դրանից հետո «Ֆեյսբուքում» սկսեցինք շփվել, մինչև որ վերածվեց մեծ սիրո:

— Ընտանեկան վեճերն ըմբշամարտի կանոններո՞վ եք հարթում…

— (Ծիծաղում է)… Ո՜չ, նա ծանր քաշային է: Իսկ եթե լուրջ, նա իր խորհուրդներով ինձ շատ է օգնում: Պավան հիանալի ամուսին է, մենք իրար շատ լավ հասկանում ենք:

— Ի՞նչ տվեց քեզ «Դանգալ» ֆիլմը:

— Երբ 2010-ից ըմբշամարտը դրվեց բարձր հիմքերի վրա, անգամ կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեց, ֆիլմի հաջողությունը մի մասով ապահովված էր, մյուս մասին նպաստեց մեր ընտանիքի իրական կենսագրությունը: Հիմա ինձ բոլորն են ճանաչում, դրանից ավել ի՞նչ կարելի էր երազել… Ես երջանիկ եմ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

 Դելի-Գյումրի

print

2,506