Գյումրեցի  Օզերովը 40 տարի առաջ եւ հիմա ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Գյումրեցի  Օզերովը 40 տարի առաջ եւ հիմա

Մարզական մեկնաբան լինելն իր համար պատիվ ու կոչում համարող Սերգեյ Խաչատրյանի համար այս տարին նշանակալի է նրանով, որ լրացավ իր` առաջին ռադիոռեպորտաժի եթեր հեռարձակման 40-ամյակը: 1977 թվականին նրա ուրախությանը չափ ու սահման չկար, երբ Հայաստանի ռադիոկոմիտեում մարզական մեկնաբանների մրցույթն անցնելուց հետո, հաղթող ճանաչվեց հենց ինքը: Ու մինչ օրս հիշում է, թե ինչպես էր բաբախում սիրտը, երբ մրցութային հանձնաժողովի նախագահ, ռադիոյի մարզական հաղորդումների գլխավոր խմբագիր Օլեգ Աղաջանյանը ներկաների առջև շնորհավորեց իրեն ու մաղթեց «բարի եթերներ»:

Սա Խաչատրյանի` մարզական հաղորդավար դառնալու երկրորդ  փորձն էր: «Դանիելյան ազգանունով մեկնաբան կար, Հայաստանում միակն էր, մասնագիտությամբ` վիրաբույժ, գուցե՞ լսած լինես նրա անունը: Նա իմ կուռքն էր: Մահացավ 42 տարեկան հասակում` 1971 թվականին, իսկ 72-ին ֆուտբոլային մեկնաբանի մրցույթ հայտարարվեց, ու ես էլ որոշեցի դրան մասնակցել,- պատմում է Սերգոյ Խաչատրյանը,- մրցույթին հայտավորված էր հարյուր թեկնածու, իսկ ես դեռ պատանեկան հասակում էի: Մրցութային հանձնաժողովի անդամները տեսնելով ինձ, ժպտադեմ, բայց և խրախուսաբար խորհուրդ տվեցին մի քանի տարի սպասել՝ մինչև մի քիչ կմեծանամ: Դե, ես էլ` հույսս չկտրելով, հետևել էի այդ խորհրդին, սպասել՝ մինչև մի քանի տարով մեծանալը: Ու երկրորդ «գրոհը» պսակվեց հաղթանակով»:

Մրցույթից արդեն երեք օր անց Գյումրիում պետք է կայանար ԽՍՀՄ երկրորդ խմբի առաջնության «Շիրակ»-«Սպարտակ» Նալչիկ ֆուտբոլային հանդիպումը: «Ինձ վստահվեց վարել այդ խաղի հեռարձակումը,- պատմում է Սերգեյ Խաչատրյանը — առավել ուրախալի էր այն փաստը, որ այն ավարտվեց 2-0 հաշվով` հօգուտ «Շիրակի»: Ինչպես ասում են` ոտքս խերով էր իմ սիրելի ոլորտում: Այդպես սկսվեց մեկնաբանի իմ ուղին: Այդուհետ ինձ հաճախակի հրավիրում էին Երևան` «Արարատի» մասնակցությամբ ռադիոյով և հեռուստատեսությամբ հաղորդումներ վարելու»:

Պատմում է, թե 8 տարի մեքենայով Երևան գնալ-գալն իր համար դարձել էր «ջրի ճամփա»: Այդ տարիներին եղել են նաև մայրաքաղաքում հիմնավորապես հաստատվելու առաջարկներ, բայց այսօր էլ չի դժգոհում, որ հրաժարվել է դրանցից: Իր համար առավել հոգեհարազատ է Շիրակի մարզը: Իսկ մարզական մեկնաբանի իր աշխատանքը սեփական տարերքն է եղել և մինչ օրս  մնում է այդպիսին:

1995թ. Նիկիտա Սիմոնյանի հետ

Մարզասերների և գործընկերների կողմից հարգված ու սիրված լինելով արդեն, 1980-ականներին, այն ժամանակներին հայտնի մարզական լրագրող Ֆերդինանդ Հունանյանի երաշխավորությամբ, նշանակվեց «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի Շիրակի գոտու սեփական թղթակից, որտեղ 20 տարի աշխատելով, գործուղումներով եղել է խորհրդային հանրապետություններում, արտերկրում: Թղթակցել է նաև «Բանվոր» թերթին: Դրան զուգընթաց, «Շիրակի» մարզադաշտում կայացող հանդիպումների հաղորդավարն ու թիմի մամլո խոսնակն էր:

Նույն 80-ականներին «Շիրակի ձայն» ռադիոժամի գլխավոր խմբագիր, դրամատուրգ Վարդգես  Մովսիսյանը Սերգեյ Խաչատրյանին հրավիրեց մարզական հաղորդումներ վարել: «Չնայած զգալի ծանրաբեռնվածությանս, հաճույքով ու ինքնաբավարարվածությամբ էի անում գործս ու, գլխավորն ասեմ`կարողանում էի ամեն ինչ հասցնել ժամանակին»,- այժմ էլ երիտասարդական ավյունը չի լքել Սերգեյին կամ, ինչպես նրա անունը մարզասերներն են կնքել` «Գյումրեցի  Օզերովին»: Իսկ նա այդ կնքանունը ստացել է Նիկոլայ Օզերովի հետ մասնագիտական խառնվածքի նմանության պատճառով: Մյուս կողմից, Սերգեյ Խաչատրյանի` հայտնի մարդկանց նմանակելու ձիրքին ծանոթները, շատ լավ գիտեն, թե Օզերովի ձայնն ինչպես է հնչում նրա շուրթերից: Բայց Օզերովը նրա նմանակման միակ «թիրախը» չէ: Այդ շարքում են ինչպես արվեստագետներ ու քաղաքական գործիչներ, այնպես էլ` նշանավոր գյումրեցիներ:

Երբ Գյումրիում սկսեցին իրենց գործունեությունը ծավալել անկախ հեռուստաընկերությունները, Սերգեյ Խաչատրյանն ասում է, թե «Ցայգ» հեռուստաընկերության հետ իր ամուր կապի հիմքը դրվեց: «Համագործակցության այդ տարիները, իրավամբ, ինձ համար եղել են անմնացորդ նվիրումի տարիներ,- ասում է նա,- հեղինակային «Մարզական կյանք» հաղորդաշարի հեղինակն էի, լուրեր էի պատրաստում, հաղորդում էի «Շիրակի» խաղերը»: Այդ տարիները նաև իր սիրելի թիմի հաջողության ու վերելքի շրջանն է համարում. «Խոսելով այդ տարիների մասին, չեմ կարող չնշել թիմի մարզիչներից Անդրանիկ Ադամյանի, ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանի նվիրվածությունը: Վերջինիս անմիջական ջանքերով էր կազմավորվել թասիբով այդ թիմը»:

Հիշում է երկրաշարժին հաջորդած տարիները, երբ «Շիրակն» հանդես էր գալիս Արթիկի մարզադաշտում. «Պետք է արժանին մատուցել արթիկցի մարզասերներին, ովքեր թևավորում, ոգևորում էին մեր թիմին: Դրանից հետո շիրակցիներն հանդես էին գալիս Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի մարզադաշտում: Այն ժամանակ` պայմանների անբավարարության պատճառով, ես և օպերատորը ստիպված էինք լինում բարձրանալ կենտրոնի տանիքը ու այնտեղից` 200 մետր հեռավորությունից, վարել և նկարահանել խաղը: Այս պահին հիշեցի իմ գործընկեր Սուրեն Բաղդասարյանին, որ եկել էր Հանրային հեռուստատեսության համար մեկնաբանելու «Շիրակ»-«Արարատ» խաղը: Նա ստիպված էր տանիք բարձրանալ ու մեր պայմաններին հարմարվել: Երեկոյան, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվում էր հանդիպման տեսագրությունը, խոշոր պլանով ես երևացի էկրանին, ու Սուրեն Բաղդասարյանն էքսպրոմտով ասաց. «Այո, ոչ երանի իմ գործընկեր Սերգեյին, որ ամեն անգամ բարձրանում է այս կտուրը ու իրեն տալիս տուրը»: Ոչինչ չես ավելացնի` դիպուկ էր ասված: Այն ժամանակ պայմաններն էին այդպիսին»:

Պատմում է, որ այն տարիներին սակավ էին մարզական մեկնաբանները` «Սուրեն Բաղդասարյան, Ռազմիկ Արզոյան, Սլավա Սարգսյան, Համլետ Ղուշչյան և, թող անհամեստ չթվա, մեկ էլ` ես: Իսկ հիմա` ինչքան ասես ու նրանց թիվն ուղիղ համեմատական է սնկի պես աճող մեր հայկական կուսակցությունների թվին: Նրանք հաղորդումների հեռարձակման ընթացքում ինչ թեմա ասես կշոշափեն` մեր կուսակցական շատ գործիչների պես, բայց կշրջանցեն բուն թեման, ինչը պարտավոր են անել: Ըստ իս, ֆուտբոլ հաղորդելը կիրք ու եռանդ է պահանջում, իսկ սեփական խոսքի մեջ` ուրույն ոճ»:

Նրա ուրույն ոճը նաև շռայլորեն համեմված է սրախոսությամբ, ինչը իր վառ դրսևորումն էր գտնում հեռուստառեպորտաժներում, ինչպես նաև ընկերական միջավայրում և հարսանեկան սեղանների շուրջ, երբ նա մտնում է թամադայի դերի մեջ: Պատմում է .«Մի անգամ թամադա էի, ընկերոջս 11-ամյա որդին մոտեցավ ու հարցրեց` «Սերգե ձյաձա, հմի ձմեռ է` ըդոր համար ֆուտբոլի տեղը հարսանիք կհաղորդե՞ս»:

Վերջերս տեղեկացել է, որ Հանրային հեռուստատեսության անցկացրած մարզական մեկնաբանի մրցույթում չորս հոգի են ճանաչվել լավագույնը, ընդ որում` մեկն աղջիկ է: Իր մաղթանքն է նրանց, որ ընդունվեն մարզասերների կողմից կամ, ինչպես ասում են` հաջող կարիերա անեն այս ոլորտում: Ինքը, սակայն, իր բազմամյա գործունեությունը կարիերա անելու հետ չէր համեմատի: Ինքը պարզապես իր գործն է արել` սիրով ու նվիրումով, իսկ մարզասերները նրան այժմ էլ անկեղծ հարգանքով են վերաբերվում ու, երբ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ չի շարունակում իր գործը, ուղղակի պատասխան չի գտնում: Անշուշտ, ինձ համար ակնհայտ է, որ բոլորի սիրելի Գյումրեցի Օզերովը կվերադառնար, եթե հրավեր լիներ: «Ցավով եմ նկատում,- ասում է նա,- որ այսօր համայնքների խոշորացման համապատկերում, երբ ձուլվում են մանր համայնքները, զուգահեռաբար տարվում է նաև անհատի մանրացման քաղաքականություն»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,436