Գյումրին պետք է երջանիկ քաղաքի դիրքերից խոսի իր հյուրերի հետ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրին պետք է երջանիկ քաղաքի դիրքերից խոսի իր հյուրերի հետ

Որքան էլ տարօրինակ է, ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների բարձրաձայնվող զբոսաշրջության կարևորության մասին տարբեր ծրագրային ելույթներին զուգահեռ ո՛չ Շիրակի մարզպետարանում, և ո՛չ էլ Գյումրու քաղաքապետարանում չկա զբոսաշրջության խնդիրներով զբաղվող որևէ բաժին, որ գոնե տարրական պատկերացում տար, թե ինչպես են ընթանում այս ուղղությամբ գործերը:

Ալեքսան Տեր-Մինասյան

«Շիրակ տուր» զբոսաշրջային գործակալության և «Բեռլին արտ» հյուրանոցի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը գտնում է, որ զբոսաշրջության բաժին ունենալը կարևոր է, սակայն այն ոչ թե ուղղակիորեն պետք է զբաղվեր զբոսաշրջային գործերով, այլ կարգավորեր ոլորտի ենթակառուցվածքները: Իսկ զբոսաշրջային հոսքերի մասին, ըստ նրա, կարելի է դրականորեն խոսել, եթե գյումրեցիները հյուրընկալողի ուրախ դեմքերով դիմավորեն հյուրերին. «Դա էլ հենց կլինի «բումի» իրական նախապայմանը»: Իսկ համեմատական եզրեր նախորդ և այս տարիների զբոսաշրջիկների այցերի միջև, ըստ նրա, տարբերությունն առանձնապես նկատելի չէ:

Ամերիկայից ժամանած Դիրք Լորենցը հյուրընկալվել է «Բեռլին արտում» և հատկապես տպավորված է Գյումրու առանձնահատուկ և կոլորիտային տեսքից: «Ես Գյումրու այս հյուրանոցում զգում եմ ինձ այնպես, ինչպես իմ տանը` ինձ համար էական տարբերություն չկա,- ասում է Լորենցը,- ջերմ հարաբերություններ են տեղացիների հետ: Ես շատ եմ սիրում Գյումրու արվեստները, դուք հիանալի նկարիչներ ու հիասքանչ բնություն ունեք: Հրապուրիչ տեսք ունեն ձեր վանքերն ու դրանցով կարելի է անսահմանորեն զմայլվել»:

Հարցնում եմ`«Սովորաբար օտարազգի հյուրերը գալով Հայաստան, մեծամասամբ նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել մայրաքաղաքում, իսկ Դուք ինչո՞վ կհիմնավորեիք զբոսաշրջիկների կողմից նկատվող այդպիսի տրամադրվածությունը»: Բացատրում է, որ անձամբ ինքը գտնում է, որ Հայաստանը միայն Երևանը չէ: Իր համար Հայաստանն ուրույն սովորույթներով ու բազմադեմ բնակչություն ունեցող երկիր է և իրեն հատկապես Գյումրիում ձանձրույթը չի համակում. «Այստեղ ավելի բացսիրտ և անմիջական են մարդիկ: Չեմ կարող չնշել, որ Երևանում էլ մարդիկ լավն են, բայց, ըստ իս, Գյումրին ամենալավ քաղաքն է Հայաստանում իմ տեսածների մեջ»:

Դիրք Լորենց

Հարցին, թե ի՞նչ է կարծում այն գյումրեցիների մասին, որոնց սոցիալական դժվարություններով կյանքն իր արտահայտությունն է գտնում նրանց դեմքերին, պատասխանում է. «Առաջին հայացքից, երբ տեսնում եմ ձեր նշած դեմքերով մարդկանց, ինչը կգերադասեի, որպեսզի չլիներ, թվում է, թե քաղաքը ճնշված է, բայց իրականում, երբ առավել մոտիկից ես հաղորդակցվում գյումրեցիների հետ, հասկանում ես, որ նրանք բարի, հումորասեր մարդիկ են: Ես տարբեր առիթներով եմ շփվել մարդկանց հետ և պատահական չէ, որ եկել եմ այս համոզման: Իսկ այն մարդիկ, ովքեր երբեմն գավառական քաղաք են դիտարկում Գյումրին, կարծում եմ, նրանք դեռ չեն հասկացել այս քաղաքի բուն նշանակությունն ու իմաստը: Գյումրիում ապրողները կրեատիվ մարդիկ են և դա ինձ դուր է գալիս»:

Ինչ վերաբերում է Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը, ապա  զբոսաշրջային գործակալության տնօրեն Ա.Տեր-Մինասյանի կարծիքով, դրա համար շահագրգռող ազդակ կարող էր լինել, եթե քաղաքը ձերբազատվեր տնակային տնտեսությունների անհրապույր և ընկճող տրամադրություն սփռող տեսքից: «Ասվում է, չէ՞, քաղաքը զբոսաշրջության համար կարող է ձգողական  լինել, եթե տվյալ քաղաքի բնակչությունը բարեկեցիկ է ապրում, մարդիկ իրենց ճնշված կամ բարդույթավորված չեն զգում: Պարզապես չի կարող զբոսաշրջությունը զարգանալ այնտեղ, ուր մարդն իրեն նեղված է զգում: Մի կարևոր հանգամանք ևս. ներդրումներ են հարկավոր, առանց որի հնարավոր չէ պատկերացնել զբոսաշրջության վերելքը: Զբոսաշրջության համար պետք են ոչ միայն ինչ-որ օբյեկտներ, այլ` համասեռ միջավայր»,- ասում է Ա.Տեր-Մինասյանը:

Պետք է երջանիկ քաղաքի` «հեփի սիթիի», դիրքերից խոսել հյուրերի հետ, համոզված է նա, քանզի աշխարհում այդ օրինակներն առկա են. «Դրա համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպե՞ս է հնարավոր գյումրեցիներին երջանկացնել, բազում դժգույն քաղաքներ անցել են այս ուղով և նրանց  հաջողվել է դա անել»:

Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին, պետք է կարողանան տեսարժան վայրերի թվով իրենց առավելությունները հաստատեն: «Շիրակ տուրը» զբոսաշրջիկներին առանձնակի մանրակրկիտությամբ է ցուցադրում Շիրակում գտնվող նախաքրիստոնեական հուշարձաններն ու քրիստոնեական տաճարները, որոնցով հագեցած է մարզը: Եթե այս բոլորն ընդգրկվեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ապա միանգամից զբոսաշրջության ակտիվացում կարձանագրվեր, ինչպես եղավ Անիի հետ: Այժմ Անին, որ գտնվում է Կարսից մոտ 40 կմ հեռավորության վրա, հազարավոր այցելուներ է բերում, միայն նրա համար, որ այն տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, մինչդեռ հյուրանոցային պայմանները Կարսում չի կարելի ասել, թե գերազանցում են մերին: Ավելի շուտ` դրանք անգամ զիջում են:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,602