Սամվել Լաճիկյան. «Ես որքան հայ եմ մյուս ազգերի մեջ, այդքան էլ լեննականցի եմ հայերի մեջ» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Սամվել Լաճիկյան. «Ես որքան հայ եմ մյուս ազգերի մեջ, այդքան էլ լեննականցի եմ հայերի մեջ»

The Independence Day of Armenia! In Presidential House with President of RA Mr. Serj Sargsyan

Հարցազրույց գեղանկարիչ ՍԱՄՎԵԼ ԼԱՃԻԿՅԱՆԻ հետ:

— Պարոն Լաճիկյան, 20 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերադարձել եք հայրենի քաղաք՝ Գյումրի, ու դասավանդում եք արվեստի դպրոցում: Սա այն դեպքում, երբ շատերն այսօր շտապում են օր առաջ լքել երկիրը: Ինչո՞ւ վերադարձաք:

— Դա իմ ամենաչսիրած հարցն է, որովհետև գնալուց հարցնում են՝ ինչո՞ւ ես գնում, գալուց հարցնում եմ՝ ինչո՞ւ ես եկել: Տարօրինակ բան է. ուզեցել եմ՝ գնացել եմ, հիմա էլ ուզեցել եմ՝ վերադարձել եմ: Ոչ թե այնտեղ լավ է, այստեղ վատ, կամ այնտեղ վատ, այստեղ լավ: Ո՛չ, մենակության զգացումն է ինձ ետ բերել: Ես չեմ սիրում մենակ մնալ: Այստեղ բոլորը՝ ծանոթ, թե անծանոթ, իմն են, ու ես ինձ մենակ չեմ զգում: Այստեղ, եթե անգամ մեկը չլինի, ում հետ անկեղծանաս, գոնե կգտնվի մեկը, ում հետ կկարողանաս կիսվել: Ամերիկյան միջավայրն իմը չէր: Ճիշտ է, ես այնտեղ մեկուսացած չեմ ապրել, շատ ընկերներ եմ ունեցել, տարբեր ցուցահանդեսներ բացել Նյու Յորքում, Լոս Անջելեսում ու այլ քաղաքներում, իսկ մինչև վերադառնալս էլ՝ մեծ ցուցահանդես եմ ունեցել նաև Լագունա ծովափում, միևնույն է՝ այդ երկիրն իմը չէր: 20 տարի այնտեղ մնալով՝ գրեթե ամերիկյան բնանկար չեմ նկարել, իսկ այստեղ ամեն մի ծառը, քարը, ամենանեղ փողոցն ու անկյունը, որ տեսնում եմ, նկարում եմ: Նույնիսկ Երևանն ինձ հարազատ չէ ու այնտեղ էլ չեմ կարողացել ապրել: Ես այն կոսմոպոլիտ մարդկանցից չեմ, որ ո՛չ ազգ, ո՛չ քաղաք են ճանաչում. մի արվեստ գիտեն ու վերջ: Ես որքան հայ եմ մյուս ազգերի մեջ, այդքան էլ լեննականցի եմ հայերի մեջ: Նույնիսկ լենինականցիների մեջ եմ ուրիշ ու տարբեր: Շատ բաներ չեմ սիրում. չեմ սիրում, օրինակ, կեղծ հարսանիքները, աղջիկ «ուզելը», ցուցադրական թաղումները: Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է սոված մարդը աբսուրդի հասնող շքեղությամբ գերեզման սարքել:

— Մի առիթով ասել եք. «Սիրել ու սիրում եմ ծննդավայրս: Գյումրին ինձ համար շարունակում է մնալ Սանդուխտ մամիս պատմած «Արեգնազան» հեքիաթի կախարդական աշխարհը»: Այդ կախարդական աշխարհից այսօր ի՞նչ է մնացել Գյումրիում:

— Մեզ նման Արեգնազաններն են մնացել, որ այս քարացած քաղաքի մեջ էլի կախարդական ջուր են ման գալիս, էլի լավն են ուզում տեսնել ու չեն հիասթափվում, քար չեն դառնում, չեն փոխվում: Շատ մեծ ուժ է պետք այստեղ ապրելու համար: Ես հիմա դասավանդում եմ դպրոցում և ուզում եմ, որ այդ երեխաները մյուսներից տարբերվեն իրենց ինքնուրույն, աշխարհը նորացնելու ու բարիացնելու մտածողությամբ:

— Ըստ Ձեզ, արվեստների քաղա՞ք է այսօր Գյումրին:

— Տեսեք՝ նախկինում Գեղարվեստի ինստիտուտ 7 հոգի էր ընդունվում ու ավարտում: Հիմա ամեն խաչմերուկում մի ակադեմիա ու ինստիտուտ կա, որտեղ տասնյակ, հարյուրավոր արվեստագետներ են «արտադրում»: Բայց, եթե նախկինում այդ 7 հոգուց մեկ-երկուսն են դարձել նկարիչ ու արվեստագետների իսկական աստղաբույլ ենք ունեցել Հայաստանում, ապա այսօր Գյումրիի փողոցներում նկարող նկարիչ չեմ տեսել, մի մոլբերտ չկա, էտյուդնիկով քայլող չկա: Կարծես ամոթ է փողոցում նկարելը…

— Կարծրացած մտածողություն կա Գյումրիում: Հնարավո՞ր է դա փոխել:

— Փոփոխելը չգիտեմ, բայց կուզեի, որ մեզ մոտ նախկինի նման փողային ու դասական երաժշտություն հնչեր այգիներում, մեր քաղաքի արվեստագետներն էլ վայելեին առաջվա հարգանքը, որ կար նրանց նկատմամբ: Նույնն, իհարկե, նաև Երևանին ու ամբողջ Հայաստանին է վերաբերում: Հիմա խաչմերուկով անցնող 20 հոգուց 19-ը դերասան է՝ տարբեր սերիալներում խաղացող, կամ ավելի շատ երգիչ է ծնվում մեզանում, քան երեխա: Ես միշտ ասում եմ՝ ինչքան մեծանամ, այնքան սովորելու կարիք ունեմ, ինքնակրթությամբ եմ զբաղվում, ամեն նկարելուց մի բան եմ սովորում: Ես այն տեսակներից չեմ, որ ինչ-որ բան գիտեմ անել, ու մինչև կյանքիս վերջը նույնն անեմ: Իմ էությամբ հեղափոխական եմ: Համոզված եմ՝ եթե որևէ մեկն ինձ նման դիմանկարներ կարողանար նկարել, այլևս նատյուրմորտ, բնանկար կամ տարատեսակ կոմպոզիցիաներ չէր անի: Ես ամեն տեղ ուզում եմ լինել, ամեն ինչ ուզում եմ փորձել, որովհետև նույն բանը երկար անելուց հոգնում եմ, ձանձրանում: Եթե տարբեր ժամանակներում իմ նկարած 5 նկար դնեմ՝ առանց անունս գրելու, ոչ ոք չի իմանա, թե դրանք նույն մարդն է նկարել: Միայն ինձ լավ իմացողները կհասկանան, որովհետև բոլորի մեջ կատարելության ձգտում կնկատեն: Եթե նուռ եմ նկարում, ուզում եմ, որ նուռը լինի հենց ա՛յդ նուռը: Իմ նկարած մարդը չի կարող լինել ուրիշ մարդ. հենց ա՛յդ մարդը պիտի լինի՝ իր լավով ու վատով: Եթե ինչ-որ մեկի նկատմամբ գաղտնի զգացում ունենամ, վերջինս հաստատ արտահայտված կլինի:

— Ի՞նչն է փոխվել այսօր:

— Ինձ թվում է՝ այսօրվա հասարակության ընդհանուր կրթամակարդակն է ցածր: Այսօրվա ո՛չ դպրոցն է դպրոց, ո՛չ ուսուցիչը՝ ուսուցիչ, ո՛չ էլ աշակերտը՝ աշակերտ: Մարդկանց մեծ մասը չի տարբերում լավը վատից, ազնիվը կեղծից, պրիմիտիվը՝ պրոֆեսիոնալիզմից…

— Պարոն Լաճիկյան, վաստակավոր նկարչի կոչում ունեք: Ի՞նչ եք կարծում՝ այսօր այդ կոչումը չի՞ արժեզրկվել: Ամեն մեկը վաստակավորի կոչում կարող է ունենալ:

— Նախ՝ այդպես չէ. ամեն մեկը չի կարող ունենալ: Մյուս կողմից էլ՝ կոչումն ինքը մեղավոր չէ, որ երբեմն տրվում է անարժանին: Իմ պարագայում խոստովանեմ, որ այդ կոչումը ստանալով ես ինձ շոյված ու գնահատված զգացի: Նախկին աշակերտներս, շատ-շատ ծանոթներ, լուրջ ու կայացած նկարիչներ, զանգում, ասում էին՝ մենք եկանք այն համոզման, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Իհարկե, շատերն էլ, չգիտես ինչու, նեղվեցին, թե ինչու ինձ տվեցին, իրենց՝ ոչ: Այդ դեպքում, եկեք բոլորդ դարձեք վաստակավոր: Հետո՞: Դա ինչ-որ բան կփոխի՞: Հակառակը:

— Այսօր բոլոր տեսակի կառույցների նկատմամբ, բոլոր նախաձեռնությունների վերաբերյալ անվստահությունն է մեծ…
— Համաձայն եմ: Տիրող անվստահության համատարած մթնոլորտի մասին խոսելիս, սակայն, միշտ պետք է հիշել, որ շղթան սկսվում է ոչ այնքան վերևից, որքան ներքևից: Ե՛ս ու դո՛ւ պետք է լինենք մաքուր քաղաքացի: Մե՛նք պիտի մտածենք մեր տան ու փողոցի մասին, քաղաքի ու երկրի մասին: Երբ բոլորն եղան սրտացավ, ազնիվ ու մաքուր, երբ հրաժարվեցին ընտրակաշառքից, այնժամ՝ յուրաքանչյուր հաջորդ օղակ ևս կլինի մաքուր ու ազնիվ: Հասարակ բան. երբ աղբը նետում ես փողոց, երբ կաշառք ես տալիս, երբ լույսի, գազի, ջրի փողերը պետությանը չես վճարում, հսկիչների հետ բանակցություններ ես վարում՝ «կեսը քեզ, կեսը ինձ» սկզբունքով, երբ փող ես աշխատում ու պետությանը հարկ չես վճարում, երբ դիմացից եկող մեքենային չես զիջում, բնականաբար, անվստահությունն ավելի կխորանա:
Փոփոխություններ են պետք, ու այդ փոփոխությունները պետք է սկսել ծննդատնից, որ երեխա ունենալու համար քեզնից փող չվերցնեն: Այդպես շարունակաբար ու աստիճանաբար նոր գիտակցությունը կտարածվի նաև մյուս ոլորտների վրա:

— «Վարդուհի» արվեստի դպրոցում նոր սերունդի հետ եք աշխատում: Նրանք փոփոխությունների հույսեր ներշնչո՞ւմ են:

— Փոփոխությունների հույսը յուրաքանչյուրիցս է կախված. դո՛ւ պետք է ամեն ինչի մեջ լավը տեսնես: Ես անձամբ դիմացինի, աշակերտների ու մանկավարժների մեջ լավն եմ տեսնում, բոլորին հարգանքով եմ վերաբերվում: Ինձ համար նշանակություն չունի՝ այս դպրոցում ո՞վ է տնօրենը, ո՞վ հավաքարարը. բոլորն էլ հավասար հարգանքի արժանի մարդիկ են: Բոլոր թերություններով ու բացասական երևույթներով հանդերձ, մեր քաղաքում նաև շատ լավ արժեքներ են պահպանվել, որ ոչ մի տեղ չես տեսնի: Հարևանները, մարդիկ, միմյանց տուն գնալ-գալը, զանգելը, հարգանքը ուրիշ որևէ տեղ չկա: Ուղղակի վատը լավի, թացը չորի հետ է խառնվել: Մի բան գիտեմ, որ ներկա պայմաններում ու մեր միջավայրում պիտի շատ ուժեղ մարդ լինես՝ սկզբունքներդ պահելու, ավելին՝ չկործանվելու համար: Այդպես կործանվել է Խելառ Սարգիսը: Լսածիս համաձայն, նա Օքսֆորդի համալսարանն է ավարտել, 7 լեզու է իմացել, եկել է իր հայրենի քաղաք ու դարձել Խելառ Սարգիս, որովհետև իր գիտելիքների, մտավոր կարողությունների հետ մեկտեղ, ուժեղ անձ չի եղել, ու խելագարության է հասել: Հիմա ես էլ, եթե ամեն ինչին շատ սթափ չնայեմ, կարող է մի օր էլ ես խելագարվեմ (ծիծաղում է):

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

print
6,471