Երբեմն, երբ նայում եմ հայելուն, դա ավելի է խորացնում իմ մենությունը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբեմն, երբ նայում եմ հայելուն, դա ավելի է խորացնում իմ մենությունը

…Ծննդյանս օրվա երեկոն թվում էր պիտի ավարտվեր գինարբուքով: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ վաղուց է, ինչ գինով դարդերը մոռանալու կենսակերպին վերջ եմ տվել: Անարդյունք է: Գինով հնարավոր չէ դարդերը «սպանել», ինքն իրեն՝ այո՛, բայց դարդերը՝ ո՛չ: Երբ նույնիսկ հյուրերը դեռ չէին գնացել, ես դիմեցի ինքնախարազանման՝ հերթական անգամ ինքս ինձ բարոյապես ոչնչացնելու համար: Ինչի՞ համար են մարդիկ նշում իրենց ծննդյան օրերը. այս ոչ փիլիսոփայական հարցին այդպես էլ չկարողացա պատասխան գտնել: Անձամբ ինձ համար՝ դա որոշ ժամանակով սիրելի մարդկանցով շրջապատված լինելու պահանջն էր, որն աստիճանաբար իր տեղը զիջեց անտանելի ձանձրույթին՝ պարտադրված ծնունդս նշելու իրողությամբ:

Անտեղի ու հաճախակի կրկնվող բաժակաճառերի արանքում ճզմված, ես խեղդվում էի հեղձուցիչ ամառային շոգից, և երազում՝  երբեք լույս աշխարհ չգալու ինձանից անկախ երևույթի մասին, որ 36 տարի անց ինձ երկիմաստ մի դրության մեջ էր դրել: Կյանքում ինձ անհաջողակ համարողներից մեկը, ով ոչ պատահաբար նույնպես ներկա էր ծննդյանս օրվան, կիսահեգնական արտահայտություններով փորձում էր նյարդերիս ամրությունը, և հաջողության չհասնելով՝ զարմանում, որ դրանք դեռ բավականաչափ ամուր են: Սակայն ամենացավալին ողջ երեկոյի ընթացքում իմ հարազատների բացարձակ անտարբերությունն էր այն խնդիրների նկատմամբ, որոնց մասին ես անթաքույց կերպով խոսում էի: Նպատակը ոչ այնքան դրանք լուծելու աջակցություն ստանալն էր, այլև՝ ներկա գտնվողներից յուրաքանչյուրի վերաբերմունքը տեսնելը, որը, կարելի է ասել, արդեն վաղուց բացարձակ չեզոք էր: Քավ լիցի, ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, ովքեր ցանկանում են իրենց խնդիրները փաթաթել ուրիշների վզին: Պարզապես, չգիտես ինչու, երևի անցած տարիներից մնացած հիշողություններով, փորձում էի ինքս ինձ մխիթարել, որ դեռևս կան իմ խնդիրներով մտահոգ մարդիկ…

… Մայթեզրի խոտածածկույթի մեջ մի մարդ էր ընկած: Անցորդներն անտարբեր անցնում էին նրա կողքով ու, չգիտես ինչու, ենթադրում՝ հարբած է: Մոտեցա: Մեռած էր մարդը: Մեր պես, հարյուրավորների պես, նա էլ անցորդ էր անհայտ ժամանակ առաջ, քայլել էր մայթեզրով ու սիրտը կանգ էր առել: Այդպես էլ է լինում: Նույնիսկ սեփական սիրտը կարող է հանկարծակի չբաբախել մեզ համար, էլ ուր մնաց հարազատների կամ առավել ևս՝ օտարների սրտերը: Այս համատարած օտարացման մեջ շատերս ենք կորցրել մեզ հարազատ մարդկանց, դարձել անճանաչելիորեն օտար միմյանց համար, օտար, իսկ երբեմն էլ՝ թշնամի: Բոլորս ինչ-որ անբացատրելի մոլուցքով ենք տարված, շատ հաճախ ձգտում ենք անհասանելի նպատակներ իրագործել և կյանքի վազքուղու վրա կորցնում ենք ավելին, քան կարող էինք ձեռք բերել, ու քարանում են մեր սրտերը, դառնում ապառաժ…

…Կեսգիշերն անց էր, բայց քունս չէր տանում: Նույնիսկ ֆիզիկապես հոգնած լինելը չէր նպաստում, որպեսզի աչքերս փակվեն: Աշխատավայրում, սեփական սկզբունքներս պահելու համար հերթական աղմկահարույց վիճաբանությունից հետո, նյարդերս պրկված էին համապատասխան երաժշտական գործիքի լարի պես: Անհագ պահանջ ունեի մեկուսանալու, բայց ընտանիքի առկայությունը դա բացառում էր: Եթե հնարավորություն ունենայի, կգնեի մի անմարդաբնակ կղզի և կպաշտպանեի այն մարդկային բոլոր տեսակի ներխուժումներից…

… Հաշմանդամի սայլակի անիվները մայթի անհամար փոսերից հերթական անհաջող շրջանցելու փորձից հետո, խրվել, մնացել էին ցեխի մեջ: Անձրևը ուժեղանում էր: Քիչ թրջվելու ցանկությունը կարծես կուրացրել էր մարդկանց, որոնք բացահայտ քամահրանքով անցնում էին հաշմանդամի կողքով, որպես դեն նետված մի իրի, որն արդեն ոչ ոքի պետք չի գալու: Վերջինս ոչ մեկից օգնություն չէր խնդրում: Երևի հոգնել էր: Անզորությունը, որ վաղուց դաջվել էր նրա դեմքին, սարսափ էր ներշնչում: Երբեք, նույնիսկ ահավոր աղետից րոպեներ անց, ես չէի տեսել մարդկային անզորության նման արտահայտություն: Սայլակը տարա ամենամոտ ծածկի տակ: Երկար ժամանակ ձեռքս բաց չէր թողնում: Շնորհակալության փոխարեն երախտագիտության արցունքներ էին հոսում աչքերից: Մարդկային անտարբերությունը համրացրել էր նրան…

… Ես, որ երբեք չեմ փորձել կյանքի խնդիրներին մոտենալ փիլիսոփայորեն, վերջին ժամանակներս, չգիտես ինչու, հաճախ եմ մտաբերում Մարկոս Ավրելիոսի խոսքերը. «Կյանքը դա երազ է, սարսափելի երազ»: Այդ սարսափելի երազում արթմնի ապրելու պարտադրվածությունն ինձ ստիպում է դիմել հաճախ ոչ ցանկալի քայլերի, որոնք բացի նորանոր խնդիրներից, ոչինչ չեն տալիս: Արդեն վաղուց է, ինչ ես էլ՝ մնացած մեծամասնություն կազմող մահկանացուների նման, ինչ-որ կիսատ-պռատության զգացումով եմ ապրում, ու խնդիրները, որ մեծամասամբ ինքներս ենք ստեղծում մեզ համար, դառնում են սարդոստայն, իսկ մենք նրա մեջ անշարժ ու անօգնական ընկած միջատ…

… Թաղի երեխաները շան ձագի հետ խաղալուց հոգնել էին ու սկսել էին նրան հալածել քարերով: Վերջինս ապահով ապաստան որոնելով, կլանչելով ու կաղկանձելով, փաթաթվում էր այս ու այն անցորդի ոտքերին, պաշտպանություն խնդրում: Անցորդները ոտքի հարվածով հեռացնում էին շնիկին՝ թողնելով նրան հալածողների քմահաճույքին: Փորձեցի բարոյախրատական քարոզով երեխաների մեջ խիղճ արթնացնել, բայց զարմանալով պարզեցի, որ այն նրանց մոտ չի էլ եղել: Ստիպված էի վիրավոր կենդանուն հեռացնել թաղից ու մի ապահով տեղ, թփերի մեջ թողնելով,  հնարավորություն տալ նրան՝ ապաքինվելու և շարունակելու գոյության պայքարը…

… Քնել այդպես էլ չհաջողվեց: Տարամերժ մտքերը, որ ինձ այցի էին եկել հատկապես ծննդյանս հոբելյանին հաջորդող գիշերը, փորձում էին ստիպել փոխել կյանքում իմ դեռևս անցնելիք ճանապարհը, իմ աշխարհընկալումը: Գուցե տարօրինակ թվա, եթե ասեմ, որ չեմ պատկերացնում, թե ինչպես եմ ապրելու առանց այն սկզբունքների, որոնց պատճառով կյանքիս 36 տարիների կեսից ավելին միշտ ուղեկցվել է պայքարով: Նույնիսկ այդ պայքարից հոգնած լինելու իրողությունը չի կարող ստիպել ինձ նահանջել դրանցից: Անկասկած՝ եթե ինձ հնարավորություն տրվեր նորից ապրելու կյանքիս անցած տարիները, ես կապրեի նույնկերպ, նույնիսկ շատ ավելի սկզբունքային լինելով, քան եղել եմ որոշ իրավիճակներում…

… Մարտը սկսվեց անսպասելիորեն: Ոչ ոք ժամանակ չունեցավ դիրքավորվելու, արդեն վիրավորված ու զոհված ընկերների մասին մտածելու: Ծուղակ էր: Սարսափելի էր նույնիսկ մտածելը, որ այդքան երազված խաղաղությունը մոտ էր ու հետո անհասանելի դարձավ: Ինչո՞ւ են միայն լավագույնները շուտ հեռանում կյանքից, գուցե դա յուրատեսակ խորհո՞ւրդ է, որ տրվում է մնացողներիս՝ նմանվելու նրանց, հետմահու կտա՞կ, որ, չգիտես ինչու, ոչ ոք չի կատարում: Ընդամենը մի քանի օր հետո ծուղակից հրաշքով փրկվածներս պիտի փաստեինք, որ կորցրել ենք ավելին, քան մեզ կարող էր տալ խաղաղությունը: Եվ ո՞ւմ էր այն պետք, եթե հիմա էլ, երբ շուրջը, կարելի է ասել, արդեն չեն կրակում, նորից պատերազմ է, և շատ ավելի սարսափելի պատերազմ, քան իրական պատերազմի տարիներին: Մենք կորցրել ենք մեր մարդկային դեմքն ու այս դիմակավորված պարահանդեսում, որ չգիտես ինչու, կյանք ենք անվանում, այլևս չկա ոչինչ, բացի անիմաստ պայքարից, որ շատ հաճախ մղում ենք ինքներս մեր դեմ, չիմանալով, որ դրանով ավելի ենք մոտեցնում մեր անխուսափելի վախճանը…

… Երևում է, անքնությունս հերթական անգամ ձգվելու է մինչև լուսաբաց: Ոչի՛նչ, արդեն սովորել եմ: Ուզում եմ միայն, որ այս անգամ լուսաբացը բարի՛ լինի, լո՛ւյս լինի մեր հոգիներում ու սրտերում, տե՛ղ լինի եթե ոչ օտարի, գոնե մեր հարազատների համար: Մի՞թե անկարելի է ուզածս: Ու էլի անքնությամբ տառապելով, սպասելու եմ լուսաբացին, ծննդյանս 36-րդ տարելիցին հաջորդող անհայտ թվով լուսաբացերին…

ԳՈՒՐԳԵՆ ԵՆԳՈՅԱՆ

print
732