Էմիրաթներն ունեն երջանկության իրենց բանաձեւը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էմիրաթներն ունեն երջանկության իրենց բանաձեւը

Անցած շաբաթ ճանաչողական այցով Գյումրի էին այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամմադ Իսա Ալ Զաաբին և դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին: Նրանք քաղաքապետարանում հանդիպեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի, փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի հետ: Քննարկվեցին համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու հնարավորությունները:

«Բարով եք եկել մեր քաղաք,- ողջունեց քաղաքապետը,- ուզում ենք Ձեզ լսել, իմանալ՝ ինչ միսսիայով եք եկել»:

«Էմիրությունները 4 տարի առաջ են հիմնել դեսպանություն Երևանում և մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ՝ տարբեր ոլորտներում: Վերջերս ՀՀ նախագահի, ՊՆ-ի այցելությունն էր մեր երկիր, նրանք մասնակցեցին ցուցահանդեսի, որտեղ ներկայացված էր Հայաստանի մշակույթը… Մեծ տպավորություն էր: Մեր հարաբերություններում կա առաջընթաց՝ և տնտեսական, և ներդրումային ֆոնի վրա,- ասաց դեսպանը:- Մենք Էմիրությունները չենք ներկայացնում միայն Երևանում, այլ ՀՀ բոլոր մարզերում: Ես նոր դեսպան եմ և իմ աշխատանքն է պահանջում տարբեր մարզեր այցելել՝ այդ հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով: Ձեր մարզը անցած տարիներին վատ փուլեր է անցել, ցավ տեսել, ողջ աշխարհը գիտի այդ մասին: Մեր պետությունը պատրաստակամ է համագործակցել Ձեզ հետ՝ իրականացնելու մի շարք ծրագրեր՝ մարդասիրական և օգնության առումով»:

Դեսպանը տեղեկացրեց, որ 2019-ը ԱՄԷ-ն հռչակել է Հանդուրժողականության տարի, նշեց, որ իրենք ոչ մի տարբերություն չեն դնում ոչ կրոնի, ոչ ազգության. «Մենք մոտենում ենք Ռամադանի սուրբ ամսվան, և այդ ամսվա ընթացքում մենք աշխարհի տարբեր ծայրերում օգնություն և օժանդակություն ենք տրամադրում, ծրագրեր իրականացնում: Պատրաստ ենք համագործակցել այն ծրագրերի շրջանակում, որոնք Դուք կառաջարկեք»,- ասաց դեսպանը: Նաև նշեց, որ մայիսի 2-ին մեծ պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ մասնակցելու միջկառավարական հանձնաժողովին՝ ավելի ակտիվացնելու համագործակցությունը և իրականացնելու ծրագրեր տարբեր ոլորտներում:

Երբ դեսպանը ներկայացրեց, որ ԱՄԷ-ից անցած տարի մոտ 11.500 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, շաբաթական 16 չվերթ է իրականացվել դեպի «Զվարթնոց» օդանավակայան, քաղաքապետը ներկայացրեց, որ Գյումրին ունի «Շիրակ» օդանավակայան և, եթե ԱՄԷ-ն չվերթ իրականացնի նաև մեր օդանավակայանից, դա կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը:

Փոխմարզպետը ևս խոսեց զբոսաշրջության զարգացման հնարավոր համագործակցությունից, նշեց, որ Գյումրին նախապատրաստում են որպես տուրիստական կենտրոն և, ունենալով պատմամշակութային արժեքներ, այն ունի տուրիստների գրավման մեծ պոտենցիալ:

ԱՄԷ դեսպանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ նպաստելու հարաբերությունների և համագործակցությունների ակտիվացմանը:

Հանդիպման ավարտին, ինչպես միշտ, կողմերը փոխանակվեցին նվերներով:

ԱՄԷ պատվիրակության հաջորդ կանգը Շիրակի պետական համալսարանում էր, որտեղ «Հանդուրժողականության տարին ԱՄԷ-ում» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ հյուպատոս Ահլամ Ալ Սալամին:

Տիկին հյուպատոսը նախ խոսեց հայ-արաբական հնագույն բարեկամությունից, ներկայացրեց, որ ԱՄԷ-ում կա հայկական համայնք, ԱՄԷ-ում բնակվում են 200 ազգություն, և իրենք հավասարապես ընդունում ու վերաբերվում են բոլոր կրոններին ու ազգություններին: Ցուցադրվեց ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զաեդ Բին Սուլթան Ալ Նահյանի տեսաուղերձը, որում նա, մասնավորապես, ասում էր. «Հանդուրժողականությունը պետք է լինի ոչ միայն եղբայրների ու բարեկամների մեջ, այլ բոլոր մարդկանց միջև՝ անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելիությունից»։ Հյուպատոս Ահլամ Ալ Սալամին ներկայացրեց, որ 2019 թվականի փետրվարին Հռոմի պապի այցելությունը ԱՄԷ և հանդիպումը Շեյխ Ազհարի հետ, դա արդեն իսկ ուղերձ էր ամբողջ աշխարհին, որ աշխարհի տարբեր ժողովուրդների միջև պետք է լինի հանդուրժողականություն և խաղաղ համակեցություն»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրք են զբաղեցնում հայերը Էմիրություններում: «Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական համայնքը հնագույնն է համարվում. դեռևս Հայոց Ցեղասպանությունից հետո այստեղ հանգրվանել են բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք օգնել են նաև Էմիրությունները կառուցելուն և բիզնես ոլորտով զբաղվելու հարցում։ Մի այսպիսի դեպք եղավ. վերջերս Երևանում հանդիպել ենք մի հայ մարդու, որը մեզ պատմեց, որ ապրել ու աշխատել է Էմիրություններում 50-ական թվականներից։ Նա Շարժայում շինարարական կազմակերպություն ուներ և մեծ ներդրող էր համարվում։ Հայերի մեջ կան շատ բիզնեսմեններ»,- ասաց հյուպատոսը։

«Շրջապատը» հյուպատոսից հետաքրքրվեց, թե աշխարհի մարդկանց մեծամասնությունը փնտրում է երջանկություն, իսկ ԱՄԷ-ում գործում է Հանդուրժողականության և Երջանկության նախարարություն… Ի՞նչ է տվել նախարարությունը էմիրատցիներին, և ի՞նչ բանաձև է գործում երջնակության հասնելու համար: Տիկին հյուպատոսը պատասխանեց. «Երջանկության նախարարությունը նպաստում է, որպեսզի էմիրատցի հասարակությունն ունենա այն կյանքը, ամրապնդում է այն չափորոշիչները, որոնցով որ ժողովուրդը կարող է երջանիկ լինել։ Դրանք հիմնականում համաշխարհային չափանիշներ են երջանկության համար՝ անվտանգությունը, բարգավաճումը, կայունությունը։ Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ Մերձավոր Արևելքում Էմիրությունների ժողովուրդը համարվում է առաջին երջանիկ ժողովուրդը»:

print
284