Ընտրություն եւ ընտրակաշառք՝ կատարելագործված մեթոդներով ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրություն եւ ընտրակաշառք՝ կատարելագործված մեթոդներով

Հարցազրույց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Համբարյան, ինչպիսի՞ գնահատական կտաք ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:

— Ընտրությունն ընտրատարածքներում բավական պատշաճ էր կազմակերպված, չկար այն հարյուրավոր լցոնումների դեպքերը, երբ նախկինում էին անում: Այս անգամ ավելի կատարելագործված մեթոդներով են բաժանում ընտրակաշառքը՝ պարտադրելով մարդկանց նկարահանել իրենց ընտրության ընթացքը, փոխանցել այդ նկարահանումները իրենց, այսինքն՝ ապացուցելուց հետո նոր միայն ստանում էին ընտրակաշառքը: Ամեն ինչ իրականացվում էր բարձր տեխնոլոգիական միջոցներով: Մեր հասարակությունը «հիվանդ» է, խնդրահարույց է և ինքն է ընտրել այս իշխանությանը: Այս ընտրությունը տարրական բիզնես գործարք էր: Ով կարողացավ ավելի վերահսկելի դարձնել ընտրակաշառքի արդյունքները՝ նա էլ հաղթեց: Սա վերաբերվում է կոնկրետ ՀՀԿ-ին:

Ես ուզում եմ անդրադառնալ նաև մեկ այլ աղաղակող հանգամանքի, թե ի՞նչ իրավունքով տարբեր մարզերում ծառայող զինվորները մեկ այլ մարզում ընտրություն իրականացրեցին: Օրինակ՝ Եղեգնաձորից կամ Սևանից Գյումրիում կամ Շիրակի մարզում տեղակայված այլ զորամասում ժամկետային զինծառայություն անցնող քաղաքացին ինչպե՞ս է մասնակցել Շիրակի ռեյտինգային ընտրակարգով անցկացվող ընտրությանը: Ովքե՞ր են իրենք և ո՞վ է նրանց իրավունք տվել շիրակցու անունից ընտրել պատգամավոր: Այս հարցը պետք է քննարկվի, որովհետև բանակը հատուկ ուղղորդված էր: Այս ընտրություններում միանգամայն պարզ էր, թե ում է բանակը ընտրել:

— Արդյունքները սպասելի՞ էին:

— Արդյունքների առումով ասեմ, որ ինձ համար շատ զարմանալի էր Մարտուն Գրիգորյանի պարտությունը, թեև նա բավականին ձայներ է բերել Հանրապետական կուսակցությանը: ՀՀԿ-ի համար 11 հազար ձայն բերելը լավ ցուցանիշ է այն քաղաքում, որտեղ ՀՀԿ-ին չեն սիրում: Զարմանալի էր նաև Խաչատուր Վարագյանի խայտառակ պարտությունը, քանի որ նա բավականին շատ ձայներ էր խոստացել ՀՅԴ-ին և, որի համար ստացել էր փոխմարզպետի պաշտոնը: Արդյունքում ընդամենը 800 ձայն էր բերել այդ կուսակցությանը: Գովելի է Վարդան Ղուկասյանի արդյունքները՝ այն դեպքում, երբ նա 4,5 տարի դուրս էր մղվել քաղաքական գործընթացներից: Անհեթեթ է Սուքիաս Ավետիսյանի 1100 ձայնը: Դուրս են մնացել այն մարդիկ, օրինակ, Մարտուն Գրիգորյան, Սուքիաս Ավետիսյան, Հովհաննես Մարգարյան, ովքեր քիչ, թե շատ, երևում էին Ազգային ժողովում իրենց ելույթներով, հայտարարություններով: Պարզվում է, որ դա չի ընդունվում հասարակության կողմից և հասարակությունը կարող է գնալ և ձայն տալ մի մարդու, ով հինգ տարիների ընթացքում մի տառ չի ասել Շիրակի մարզի մասին: Ընտրությունների արդյունքները քաղաքագիտական վերլուծությունների ենթարկել հնարավոր չէ, քանի որ հսկայական ընտրակաշառք է բաժանվել: Տեղի է ունեցել բազմաբնույթ «խաղեր»:

— Շիրակի մարզում ՀՀԿ-ն ձեռք բերց 52 հազար քվե, այն դեպքում, երբ Գյումրին համարվում է/էր ընդդիմադիր քաղաք: Ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքում հաղթում է իշխանությունը:

— Ընդդիմադիր զանգվածը ռեյտինգային ցուցակներում չտեսավ ճանաչված ընդդիմադիր թեկնածուի, որպեսզի գնար և նրան ձայն տար: Սա ընդդիմության խնդիրն է: Կադրային քաղց ունի ոչ միայն իշխող ՀՀԿ-ն և նրա կցորդ ՀՅԴ-ն, նաև ընդդիմադիր ուժերը: Գյումրիի ընտրազանգվածը չտեսավ համապատասխան խարիզմատիկ դեմքերի ընդդիմադիր ուժերի ցուցակներում: Դա վերաբերվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, «Ելքին» և ՕՐՕ-ին:

— Չորս քաղաքական ուժ կլինի 6-րդ գումարման ԱԺ-ում: Քաղաքական ինչպիսի՞ վերադասավորումներ են սպասվում:

— Բացարձակ քաղաքական վերադասավորման մասին խոսք լինել չի կարող: Հանրապետական կուսակցությունը միանձնյա կարող է ձևավորել կառավարություն՝ առաց որևէ շինծու կոալիցիաներ կազմելով: Չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կցանկանա ԲՀԿ-ի հետ իշխանություն կազմել, քանի որ դա իրեն էլ ձեռնտու չէ:

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

print
889