Թատրոնն իմ տունն է, ու սրբության պես պահպանեցինք ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Թատրոնն իմ տունն է, ու սրբության պես պահպանեցինք

30 տարի առաջ… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են… Մի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ու… այդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:


Պատմում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, թատրոնի նվիրյալ, երկար տարիներ բազմաթիվ թատրոնների նկարիչ-լուսավորող ԷԴԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

30 տարի առաջ ու մեկ քայլ հետ

«Էն ժամանակ Լենինականում մոտ 270-300 հազար բնակիչ կար: Այնքան տուրիստ էին գալիս մեր քաղաք, որ էլ դու սուս: Անգամ զարմանում էին, էլ չեմ ասում՝ գնում, իրենց երկրների ղեկավարությանը բողոքում (խոսքն, իհարկե, միութենական հանրապետությունների մասին է), թե այդ ինչպե՞ս է, որ Լենինականի խանութներում ապրանքը, սնունդը ծեփ է, իսկ մեր խանութներում միայն օղի ու սելյոդկա… Ստիպված, երևի մեր ղեկավարությունն էլ արդարանում էր, թե Լենինականը սահմանային քաղաք է, դրա համար է առատ: Սա հեչ, դուք պատկերացրեք, եթե կինոթատրոններում ամեն օր 7 սեանսով ֆիլմ էին ցուցադրում, իսկ դահլիճն ամեն սեանսին անշլագ էր, հըլը դեռ տոմս էլ չէր ճարվում, ուրեմն՝ ինչպիսի մշակութային կյանքով էր ապրում քաղաքը: Նույնիսկ, կատակում էինք, թե կինոթատրոնի դիրեկտորին կամ ադմինիստրատորին բարևում ես, ասում են՝ «Տոմս չկա»…

Թատրոնում ամեն Աստծո օր ներկայացում էր, իսկ կիրակի օրերը երկու անգամ: Ես երբևէ չեմ հիշում, որ հանկարծ թատրոնի խաղացանկից որևէ ներկայացում դուրս գար: Դա անհնար էր: Դուբլյորներով էին խաղում, եթե հանկարծ մի դերասան հիվանդանում էր, նրան փոխարինող էր մտնում: Անշլագային ներկայացումներ էին… Այո՜, ի՜նչ ժամանակաշրջան էր, ցավոք, չեմ կարծում, որ նման բան մեր օրերում լինի: Հիմա, ճիշտ է, էլի վերականգնված է թատրոնի վաղեմի համբավը, բայց այն ժամանակների թափին չի հասնի: Այն ժամանակ ներկայացումներ կային, որ 10 տարի խաղացանկում ներառված էին: Դերասանները պիտի խոստովանեին, որ բեմի վրա կոշիկ էին մաշում: Էն ժամանակ հաստ պադոշով չուխաներ կային, դրանք էլ էին մաշում:

 

Թատրոնն իմ տունն է

Թատրոնում ես հայտնվել եմ 6-ամսականից: Հայրս թատրոնում էր աշխատում. 28 թվին՝ թատրոնի պետականացման օրվանից, հայրս, որ ամերիկյան որբանոցում է մեծացել, երբ լրացել է նրա 16 տարեկանը, թատրոնում աշխատանքի է անցել: Ինքը թատրոնում է ապրել 2-3 տարի, մինչև ամուսնացել է: Ու այդ ժամանակվանից մենք ընտանիքներով թատրոնում ենք ապրել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես՝ իրար գումարած՝ մի 10 տարի հետո կլրանա մեկ դարը: 3 տարեկանից արդեն հիշում եմ, թե ինչ ներկայացումներ էին բեմականացնում:

Ես ցրիչի աշխատանքից, բանվորություն անելուց մինչև նկարիչ-լուսավորող եմ եղել մեր թատրոնում, իսկ 1999 թվականից մինչև 2008 թվականը որպես տնօրեն եմ աշխատել:

Ես մեր թատրոնում ավելի շատ եմ քնել, քան տունը: Հին թատրոնում էլ եմ եղել՝ այգու միջինը, մինչև 1961 թվի Նոր տարվա գիշերը, երբ հրդեհ ընկավ թատրոնի շենքում (ի դեպ, զուգադիպություն էր, թե ինչ, այդ օրը վառվել էին Սովետի երեք թատրոններ՝ Ուկրաինայում, Ռուսաստանում): Այդտեղից մենք տեղափոխվեցինք Սևյանի շենք: Այնտեղ 5 տարի աշխատեցինք: Իսկ 1966-ին տեղափոխվեցինք թատրոնի շենք ու տոնեցինք 100-ամյակը: Այս շենքը 63 թվին հաստատեցին՝ քաղսովետի նախագահ Հասրաթյանի ու քաղկոմի քարտուղար Ղարիբջանյանի ջանքերով Մոսկվան տվեց իր համաձայնությունը: Թե չէ, էն ժամանակ թատրոնի այս տարածքը մանր-մունր տներ էին, փոս էր մի կողմում, էն կողմում շուկա էր, վարսավիրանոց: Ձորի մայլի սկիզբն էր: Դերասան Թուխիկյանը միշտ պարծենում էր, թե բեմի տեղը իրենց տունն է եղել:

Լևոն Զոհրաբյանի, Ցոլակ Ամերիկյանի հետ եմ շփվել, «Նամուս» ներկայացման մեջ նրա հետ բեմում խաղացել եմ: Մի անգամ ռեստորանում կենաց խմելիս, ինձ ասաց. «Մեծանաս ու կպարծենաս, որ ինձ հետ ծանոթ ես եղել»:

Արմեն Արմենյանի, Դուրյանի, Եկատերինայի, Փափազյանի հետ եմ աշխատել: Փաշայանի հետ ոչ թե աշխատել, այլ ընկերություն եմ արել: Հետո Ֆրունզի ու Խորիկ Աբրահամյանի հետ եմ ընկեր եղել: Փափազյանից մի բան պատմեմ. նա, երբ գալիս, թատրոն էր մտնում, մինչև թատրոնի պատը չհամբուրեր՝ չէր մտնի: Թատրոնը սրբություն է եղել բոլորիս համար:

 

Այդ օրը

Չեմ հիշում, թե դեկտեմբերի 7-ին ինչ ներկայացում կար դրված, սակայն հիշում եմ, որ պատին փակցված էր, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ին բոլորը պարտադիր ներկայանան: Ես նախօրոք տնօրենից՝ Մարիամ Գևորգյանից, թույլտվություն էի վերցրել, քանի որ հրավիրված էի Երևան՝ թատրոններից մեկը ձևավորելու: Ես այդ ժամին, այդ զարհուրելի աղետին Երևանում էի… Հետագայում պիտի արձանագրեինք, որ այդ ժողովին, ովքեր ներկա չէին՝ 160 հոգանոց անձնակազմից 3-ը, ընդմիշտ պիտի կորցնեինք. մնացել էին փլատակների տակ:

Երևանում, մինչև ժամը 3-ը սիմֆոնիկ երաժշտություն էր հնչում ռադիոյով, ու ոչ մեկս տեղյակ չէինք, թե ինչ է կատարվել… Միայն հայտարարում էին՝ ուշադրություն, շատ կարևոր լուր շուտով: Թեպետ Երևանում էլ ցնցումը զգացվեց, բայց դա չհուշեց, թե ինչպիսի ողբերգության մեջ էինք ընկել: Իսկ ժամը 3-ին հայտարարեցին, թե խուճապի չմատնվեք… Լենինականում ահավոր աղետ է տեղի ունեցել… Ես թատերական ընկերության շենքից թե ինչպես եմ իջել, գտել մեքենաս, ու ինչպես եմ նետի պես սլացել դեպի Լենինական, էլ չգիտեմ, միայն գիտեմ, որ ճանապարհին մեքենաներ, մեքենաներ, ազդանշաններով, մարդկային մարմիններ բարձած, արյունոտված, մի սարսափելի բան…

Հասա Լենինական: Մի աղջիկ մեքենայի դեմը կտրեց, աղաչում էր օգնել՝ հորը փլատակներից դուրս բերել, ես նրան իջեցրի իր ասած տեղը, ինքս էլ ահավոր վիճակում էի. աղջիկս Մանկավարժական ինստիտուտում էր, տղաս՝ Թեթև արդյունաբերական տեխնիկումում, ընտանիքիցս տեղեկություն չունեի… Նժդեհի կամուրջի տակ մեքենաները լռվել էին, մի արանք գտա, մեքենան պատեպատ տալով, ճզմելով անցա, հասա Սլաբոդկա՝ մեր մայլա, հարևանն ասաց, որ մերոնք կան… Քրոջս տանն էին: Այդ օրը չկարողացա, բայց երկրորդ օրը եկա թատրոն: Մարդ չկար, դռները բաց: Հրշեջայինի պետն էր՝ Վոլոդյա Մարգարյանը, մնացել էր մեն-մենակ՝ թատրոնը պաշտպանելու: Պատմեց, որ մարդիկ ուզեցել են թատրոն լցվել, ինքը չէր թողել, ու ողջ գիշեր մնացել էր: Ընկերս՝ Գերասիմ Բադոյանը, եկավ: Մենք Վոլոդյային տուն ուղարկեցինք՝ վատառողջ էր, ու որոշեցինք, որ մնալու ենք թատրոնում: Արդեն թալան էր գնալու, բայց մենք կարողացանք դեմն առնել…

Թատրոնի շենքին ոչ մի բան չէր եղել, ինչպես և բան չէր եղել Սևյանի ակումբին, «Պիոներ պալատին», բայց հետո տեսաք, թե ինչ օրի հասցրին մարդիկ… Մեր տպավորություններով, երկրաշարժի ալիքները տարբեր ուղղություններով էր շարժվել՝ թե՛ վեր ու վար, թե՛ ալիքաձև, թե՛ աջ-ձախ-ձախ-աջ… Ես իմ ազգից 18 հոգի կորցրել էի: Թատրոնում մի օր ես էի մնում, մի օր Գերասիմը: Թատրոնի մնացած ողջ կոլեկտիվը տեղափոխվեց Երևան՝ Թատերական ընկերության տրամադրած պանսիոնատ:

Երկրորդ օրն, առավոտյան 9-ին Ֆրունզիկ Մկրտչյանը եկավ: Իմ հարազատս էր, մեր տուն էր եկել, իսկ մեր տունը հրապարակի հյուրանոցի հետևի շենքում էր: Դիմացի շենքը, որտեղ ապրում էր թատրոնի աշխղեկը, կողքինում տրեստի կառավարիչ Վալիկ Խաչատրյանն էր ապրում, էդ շենքն էլ լրիվ իջել էր… Հասմիկ Կիրակոսյանը մի խոսք ուներ, ասում էր. «Գյումրին մնաց, Լենինականը ավիրվեց»: Խրուշչովյան շենքերը, որոնք երկրաշարժից 1-2 տարի առաջ եկան, ակտավորեցին, որ մարդկանց հանեին, բայց տեսեք, որ այդ շենքերը մնացին, իսկ նորերը հողակույտի վերածվեցին: Նորակառույց «Եռանկյունի» թաղամաս էինք ասում, այնտեղ նախատեսված էր 10 հազար բնակչի համար, դա էլ գիտեմ, որովհետև հեռախոսակապի ԱՏՍ էին դրել, ընկերներս ասեցին, որ այդքանի համար է… Տեղն էլ չմնաց, հողաթմբերի, թե իմ որակմամբ՝ գերեզմանաթմբերի վերածվեց: «ՈւրալՍիբշինը» տեղում տեղակայեցին՝ արդեն սկիզբ առնող շինաշխատանքների համար: Ինչորէ:

Թատրոնի մեր կոլեկտիվից մենակ ես ու Գերասիմը մնացինք: Իսկ Մարիամ Գևորգյանին՝ տնօրենին… հիանալի անձնավորություն էր, պահած թոռն էր մնացել փլատակների տակ, և որդին նրան ծանր վիճակում տեղափոխեց Երևան: Քաղկոմի 1-ին քարտուղար Միսակ Մկրտչյանը մի օր մեզ կանչեց, թե տղերք, այդպես չի կարելի, ճարտարապետներն են եկել, տեղ տվեք, որ աշխատեն: Չտվեցինք: Հետո էլ թատրոնում շատերն էին ուզում աշխատանքային կաբինետ, շտաբ, կամ աշխատանքային որևէ այլ նպատակով տեղ վերցնեին, չէինք թողնում: Թատրոնի դիմացը վրաններ էին խփել: Ճապոնացիները անգամ եկան, ուսումնասիրեցին, ու զարմացած էին մնացել. իրենց ասելով, անգամ փոշու հատիկ չէր ցնցվել… Այդպես ամուր էր մեր թատրոնը:

Հետո Շարլ Ազնավուրն եկավ, Կիրիլ Լավրովը, նախարարներ, մեր գծով նախարարը, բոլորը հարցնում էին, թե ինչով կարող են օգնել: Ես մեր նախարարին ասացի, որ լուսային ու ձայնային տեխնկա չունենք, ու պատկերացրեք՝ մի 10-15 օրից ուղարկեցին:

Ուրեմն՝ լույս, դե, գիտեք, չկար: Մի օր, գիշերը հեռվում լույս նշմարեցինք: Ես ու Գերասիմը գնացինք մեր ՏՊ-ն ուսումնասիրեցինք, մեկ էլ հոպ՝ լույսերը եղան: Թատրոնի լուսամուտները կտորներով փակել էինք, որ չերևար, թե ինքնագլուխ լույս ենք միացրել: Հետո քիչ-քիչ, թատրոնի կողք-բոլոր հարևանությանը «լևի» լույսով ապահովեցինք: Օրհնանքի արժան եղանք:

Ղարաքեշիշյան Սիրանույշին կհիշե՞ք. քաղսովետի նախագահի տեղակալն էր, մի բրոշյուր ունի գրած երկրաշարժին նվիրված: Մի քանի տող ինձ էլ է նվիրել, գրել է. «Էդվարդ Պողոսյանի և Գերասիմ Բադոյանի արձանները պիտի դնեն թատրոնի դուռը. եթե չլինեին իրենք, այսօր թատրոնը կարժանանար «Պիոներ պալատի», Երկաթգծի մշակույթի ակումբի՝ Սևյանի, «Շիրակ» հյուրանոցի բախտին»: Երևի այդ պատճառով, ես միակն եմ, որ չլինելով դերասան, արժանացել եմ «Մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը:

Ասեմ, որ նույն կերպ եղբայրս «Շլիֆովալնի» գործարանը պահպանեց, թեպետ առողջականը վատացավ, մահացավ: Հայրս նույն կերպ պաշտպանեց փոստը: Փոստի կասսայի կողմը փլվել էր, դու մի ասա այնտեղ 100 հազար ռուբլի է եղել ու դրոշմանիշներ, որոնք փող արժեին, գիշեր-ցերեկ այնտեղից դուրս չեկավ, մինչև Երևանից եկան, տարան: Մենք այդպիսին էինք: Թե չէ, կինո են նկարել, թե իբր մենք թալանող ենք, մարադյոր ենք…

Երկրաշարժից հետո թատրոնն առաջին անգամ դռները բացեց 1989 թվին, աշնանը, երբ Սպիվակովն եկավ բարեգործական համերգ տալու, որպեսզի ժողովրդի սիրտը բացե: Իսկ երկրորդ այցի ժամանակ անշլագ էր, տոմսն էլ 5000 դրամ: Մայրս զարմանքով էր պատմում, որ մի ծեր կին եկել, տոմս է առել, ասել է՝ մի քիչ սոված կմնամ, բայց պիտի նայեմ համերգը:

Առաջին համերգային ծրագիրն էլ դու ես արել. 1994թ-ին, երբ «ՏՄ» ռադիոյի շոու ծրագրով բերեցիք Նադեժդա Սարգսյան ու «Հայեր» համույթը: Հետո էլ Արամ Ասատրյան բերեցիք…

Բայց, թե երբ ու ինչ ներկայացումով թատրոնը դռները բացեց՝ չեմ հիշում:

 

Թատրոնն այսօր

ժամանակները փոխվեցին, եղավ սերնդափոխություն: Ուրիշ հետաքրքրություններ առաջ եկան, մարդիկ այլ զբաղմունքներ գտան: Էլ կինոթատրոններ, թատրոններ չհաճախեցին այն ակտիվությամբ, ինչպես առաջ էր: Սոցիալական վիճակն էլ մյուս կողմից էր խեղդում. նախ հաց էին տուն հասցնում: Այսօր Լյուդվիգ Հարությունյանն ու Տիգրան Վիրաբյանը Վարդան Աճեմյան ու Հրաչիկ Ղափլանյան են թատրոնի համար»:

print
392