«Ինձ մոտիվացնում է հազարից մեկը դառնալու ձգտումը» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ինձ մոտիվացնում է հազարից մեկը դառնալու ձգտումը»

Հարցազրույց Շիրակի պետհամալսարանի դասախոս, «Շիրակ» հանրային հեռուստաընկերության հաղորդավար ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:

Մանկուց երազում էիր

— … դառնալ մարդ, ով կխոսի, մյուսները՝ կլսեն։ Որևէ մասնագիտություն հստակ չեմ պատկերացրել, բայց ինձ դուր էր գալիս լինել ուշադրության կենտրոնում: Ու ես տանն իմ բեմն ունեի, որի ճարտարապետը պապիկս էր, շինանյութը՝ մեր տան հին, սովետական, արդեն չաշխատող հեռուստացույցները, հանդիսատեսը՝ մեր հարևաններից բոլոր նրանք, ովքեր իրենց երեկոները հետաքրքիր էին դարձնում իմ «մոնո ներկայացումների» շնորհիվ։

Ցանկությունները դեռևս երազանքնե՞ր են

— …բայց երազանքներն են ցանկություններ։ Պարզապես դրանց իրականանալու հավանականությունը փոքր է ու, որպեսզի մարդը չպարտվի իրականությանը՝ որոշել է անհասանելիին երազանք անվանումը տալ։ Ամեն դեպքում լուսավոր տեղերում է պետք փնտրել երազանքներն ու ամենակարևորը՝ երբեք չդավաճանել դրանց. տիեզերքը հրաշալի է տիրապետում փոխադարձման արվեստին։

Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնո՞ւյն է՝ թե որքան է նրա երկարությունը..

— … Եվ քիչ է կարևոր՝ ինչ դժվարությունների կհանդիպես այդ ճանապարհին։ Իրական արժեքները ոչ ստեղծվում, ոչ էլ տրվում են հեշտությամբ։ Հարմարավետության դաշտից դուրս գալ է պետք՝  բարձունքին հասնելու համար։ Կարող է և ցավոտ լինել, բայց արժե չարչարանքով անցնել այդ ճանապարհը՝ լեռան գագաթից բացվող տեսարանը վայելելու համար։

Հոգու ճիչ

…կդառնա իմ բանաստեղծությունների առաջին ժողովածուն, երբ համարձակվեմ այն տպագրել։ Դրանց հեղինակն, իրականում, ես չեմ։ Ես միջոց եմ՝ սիրտ-հոգի զգայությունների շղթայի փոխանցման ճանապարհին։

Եվ դարից երկար ձգվո՞ւմ է օրը

— … Բայց կյանքն իրականում մեկ ակնթարթ է: Այթմատովի «Եւ դարից երկար ձգվում է օրը» վեպում ինձ գրավել է հիշողությունից զրկված մարդու խնդիրը. մանկուրտները վտանգավոր են, իսկ երբ մարդը գիտակցաբար է մոռացության տալիս իր անցյալն ու գերադասում հասարակությանը ներկայանալ որպես անանցյալ մարդ՝ իր նոր դեմքով, սա արդեն աղետալի է։ Ուր էլ հասնենք, ինչ էլ դառնանք՝ մշտապես պետք է հիշել՝ որտեղից եկանք, ինչ ճանապարհ անցանք, ովքեր օգնեցին, ովքեր ուղղորդեցին, որտեղ է մեր արմատն ու ինչ արյուն է մեր երակներում։ Արմատներից ու անցյալից փախնելը ժամանակի վատնում է։

Մարդը գեղեցիկ է, երբ

…ազատ է ու մոտ սեփական բնությանը:

Կինը պետք է

— …հիացնի բոլորին, բայց լինի մեկինը:

Սերը

— …մենակ չթողնելն է՝ անկախ ամեն ինչից:

Դու՝ մեդիայում

— …ստեղծագործում եմ։ Փորձում գործնականորեն յուրացնել այն ամենն, ինչ պետք է այս ոլորտում որակյալ ինչ-որ բան ստեղծելու համար։ Սիրահարված եմ իմ գործին ու ֆանատիկորեն նվիրված։ Ինձ հետաքրքիր են մեդիայի բոլոր դրսևորումները։

Սկզբում ուսանող էիր, հետո՝ դասախոս

— Պարտավորեցնող է, որովհետև իմ գործընկերներն իմ դասախոսներն են։ Ես շարունակում եմ մնալ նրանց ուսանողն ու ամեն օր շնորհակալ լինել իրենց վստահության համար։ Իմ ակադեմիական կշիռն է աշխատանքս բուհում ու այն հաճելի դժվարությունը, որն արդարացվում է ուսանողների սիրով։

Բե՞մ, էկրա՞ն, թե՞ լսարան

— Ուղիղ եթեր բեմից՝ լայն լսարանի համար… (ծիծաղում է): Ներեցեք, ես մաքսիմալիստ եմ:

Շոուն շարունակվո՞ւմ է

— …այո, որովհետև կանգ առնելն ինձ համար չէ:

Քննադատությունները

— …հաճախ առողջացնում են, երբ իրենք առողջ են:

Հոսանքին հակառակ կամ ինչո՞ւ ANTImedia…

— Երբեք չեմ վախեցել քայլել հոսանքին հակառակ. պատմության անիվը պտտվում է հոսանքին հակառակ լողացողների շնորհիվ։ Ես չեմ կարողանում ինձ համոզել լինել մեկը՝ հազարից, ինձ մոտիվացնում է հազարից մեկը դառնալու ձգտումը։ Օրինակ՝ ANTImedia իմ կողմից չի գրվում որպես տարբերվելու ինքնանպատակ դրսևորում։ Ես մեդիասպառող եմ, ու երբ ինձ մատուցվող նյութն անգրագետ է, աղճատված հայերենով, խեղաթյուրված ինֆորմացիայով և կարող է դառնալ՝ «Այսպես չի կարելի անել» խորագրով դասագրքային նյութ, ես իրավունք ունեմ խոսել այդ մասին այնպես, ինչպես յուրաքանչյուր մեկն իրավունք ունի ասել, թե այս կամ այն խանութից գնված այս կամ այն արտադրության թթվասերն իր վրա կանաչ բորբոս ուներ։

Ուժեղ մարդիկ ունեն պարտականություններ, թույլ մարդիկ՝ իրավունքներ

— Ու այստեղ է հավասարակշռվում աշխարհը։ Աստված երբեք մեզ չի ուղարկում որևէ փորձություն, որի հաղթահարումը վեր կլինի մեր ուժերից։ Այլ բան է, թե որտեղ ու երբ ենք ուզում լինել ուժեղ։ Եթե մասնագիտություն, կարիերա, աշխատանք, ապա, այո՛, առանց պարտականություններից վախենալու, պարտականությունները ինքնահաղթահարման խաղ դարձնելով շարժվել առաջ, բայց ներելիս, նվիրվելիս, ընտանիքում, կին ու մայր լինելիս թույլ լինելը գեղեցիկ լինելուց բացի, պարզապես անհրաժեշտություն է. աշխարհի բոլոր կանայք թույլ լինելու կարիք ունեն. ուժեղ ուսն է երբեմն պակասում։

Կյանքն ապացուցել է, որ

— …յուրայիններին օտարներից զատելու ամենահեշտ տարբերակը հաջողության հասնելն է:

Քո գունապնակի իրական գույները

— …տարվա բոլոր եղանակների ու օրվա բոլոր ժամերի արևի գույներն են:

Ամեն մարդ, լուսնի նման, ունի՞ իր չլուսավորված երեսը, որ նա ոչ մեկին ցույց չի տալիս

— …ու ես բացառություն չեմ:

Ամեն դեպքում, դու ժպտում ես

— Որովհետև սազում է, որովհետև հակառակն անել իմաստ չունի, որովհետև իմ ժպիտն իմ մասին է:

print
2,995