Ինչ-որ տեղ, ինչ-որ մանուկ սպասում է ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ինչ-որ տեղ, ինչ-որ մանուկ սպասում է

Մերուժն ու Ռուզաննան շուրջ 15 տարի ամուսնացած են: Եղբորս ընկերն է Մերուժը՝ մի հիանալի անձնավորություն, որի մասին որքան պատմես, ասես, խոսես՝ քիչ է: Երեխա շատ էին ուզում, բայց չէր ստացվում: Բժիշկները ևս զարմացած էին, չէին հասկանում, թե ինչն է պատճառը, որ երկու առողջ, համապատասխանող զույգերի մոտ երեխա ունենալ չի ստացվում:

Որքան էին թունավորում Ռուզանի կյանքը, դա արդեն մենք գիտեինք՝ նրա մտերիմները, ում մոտ նա շատ հազվադեպ էր բացում սիրտը: Նա ոչ թե ինքնամփոփ էր կամ գաղտնապահ, այլ հակառակը՝ սրտաբաց, կենսուրախ, բայց երբ խոսքը հասնում էր երեխային, ասես փակվում էր:

Սկզբնական շրջանում սկեսուրն ու բարեկամները այնքան հոգին հանեցին «Ինչի երեխա չեք ունենում» հարցով, որ Մերուժը մի օր վերցրեց Ռուզանին ու հեռացավ Ռուսաստան: Փառք Աստծո, երկար ու տանջալի ժամանակներին, Մերուժի ջանասիրության շնորհիվ, պիտի փոխարինեին լավ ժամանակները: Նրանք շատ բաների հասան, արդեն մեծ գումարների էին տիրապետում, օգտագործելով հնարավորություններն ու կարողությունները՝ սկսեցին արտասահմաններում փնտրել իրենց տանջող ցավի պատասխանը… Բայց փորձերն էլի զուր էին: Տարիների ընթացքում ասես այնքան էին համակերպվել, որ այլևս նրանց ոչ հուզում, ոչ էլ նեղում էր երեխայի հարցը… ընտելացան:

Ես այն ժամանակ դեռ աղջնակ էի, ու իրենց ցավը խորությամբ չէի ընկալում, թեպետ հասկանում էի խնդիրը: Երբ ես չափահաս դարձա, ամուսնացա, ու մի երկու տարի երեխա չէինք ուզում ունենալ, Ռուզանենց հետ հանդիպելիս, անընդհատ նրա հորդորներն էի միայն լսում. «Եթե Աստված տվեց, հանկարծ ետ չկանգնես»: Ես լուռ համաձայնում էի, սակայն նույն րոպեին մտածում. «Դեռ երիտասարդ եմ, ամուսնինս դեռ նորմալ աշխատանք չունի, երեխա՞ն ինչ մեղքս է»: Երբ ես վատ զգացի, հասկացա, որ… Չէի ուզում, մայրիկիս մոտ դժգոհում էի, ասում, որ ինձ այդ երեխան պետք չէ: Որոշում էի կայացրել՝ ազատվել երեխայից:
Ռուզանն ու Մերուժը, ասես չգիտեմ ինչ հրաշքով, այդ օրը Մոսկվայից վերադարձել էին Գյումրի: Եկան մեր տուն: Մորս արցունքոտ տեսնելով, Ռուզանը հարց ու փորձ արեց, իմացավ որոշմանս մասին ու մի այնպիսի հայացքով ինձ նայեց, ասես երկինքն ու երկիրը տակնուվրա էր եղել: Ես, իհարկե, հասկացա այդ հայացքի իմաստը, բայց այնքան էի նեղված, որ նետեցի. «Ի՞նչ: Հա՛, չեմ ուզում»: Ռուզանն ասես կիսաուշաթափ փլվեց բազմոցին: Ես դա էլ հասկացա. ճարահատյալի վիճակ էր. երբ նրանք այդքան տառապանքի միջով էին անցել ու Աստված մայրանալու քաղցրությունը նրան չէր պարգևել, իսկ իմ պարագայում՝ հերիք չէ տրված էր, դեռ ես էլ հրաժարվում էի: Չգիտեմ, երևի վիճակիցս էր, բերանիցս թռցրեցի. «Չեմ հասկանում՝ եթե չի ստացվում, ինչո՞ւ երեխա չեք որդեգրում… Ունեցած լինեի՝ ձեզ կտայի»: Մի կերպ օրը մթնեց, մինչև ամուսինս հետևիցս եկավ ու մենք տուն գնացինք:

Մի երկու ամիս Ռուզանենցից լուր չունեի: Ես արդեն համակերպվել էի առաջնեկիս կրելու մտքի հետ. որոշումս փոխել էի, քանի որ բժիշկները խիստ հորդորեցին. «Եթե հեռացնես, երբեք չես ունենա»: Ու մեկ էլ մայրս զանգեց, աչքալուսանք տվեց. «Նան, երևի խոսքերդ ազդել էին Ռուզանի վրա… երեխա են որդեգրել: Մոսկվայի ծննդատներից մեկում հայ երեխա են նրանց հանձնել: Շուտով Հայաստան են գալիս»: Ես անչափ ուրախացա, անգամ սկսեցի նրանց տղայի համար անուն որոշել:

Անցած ամիս Ռուզանն ու Մերուժը՝ երջանկացած, մեր տանն էին: Արեգին գրկերից վայր չեն դնում: Էնքան սիրուն է, ասես հրեշտակ: Ռուզանը՝ քրոջ ջերմությամբ ինձ էր փաթաթվել ու, անվերջ հեկեկալով, ինձ շնորհակալություն հայտնում: Ես էլ անհարմար զգալով հետ էի քաշվում՝ ե՞ս ինչ եմ արել: Մերուժը տվեց իմ հարցիս պատասխանը. «Մենք որդեգրած երեխա չէինք ուզում, որովհետև երազում էինք մեր երեխայի մասին: Բայց քո խոսքերը վերջնականապես Ռուզանին համոզել էին: Ու դրա համար երախտապարտ ենք քեզ: Մենք արդեն լիարժեք ընտանիք ենք ու գիտենք, թե ում համար ենք ապրում»:

Ահա այսպիսի բաներ: Մտածում եմ՝ ինչքան զույգեր կան, որ իրենք էլ նման հարցի առաջ են կանգնած. միգուցե նրա՞նք էլ մի ինչ-որ տեղ իրենց սպասող մանկիկի երջանկացնեն:

ՆԱՆ


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print
781