Ծառերը հատել են, որ առանձնատան շքեղությո՞ւնը երեւա ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ծառերը հատել են, որ առանձնատան շքեղությո՞ւնը երեւա

Օրեր առաջ Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի տարբեր հասցեներում հատվել են հաստաբուն ծառեր, որին տրվել է «սանիտարական էտում» անվանումը: Հետաքրքրականն այն է, որ հատված բարդիներից 5-ը գտնվել են ինչ-որ նորակառույց առանձնատան դիմաց, որտեղ առայժմ մարդիկ չեն բնակվում: Հավանաբար ծառերն էլ հատել են հենց այդ նպատակով, քանի որ, ինչպես փողոցին հարող տների բնակիչներից մի քանիսը փոխանցեցին՝ տերերն ասել են, որ ծառերը փակում են տան շքեղ տեսքը:

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժինը Խրիմյան Հայրիկ փողոցի 1/27 հասցեի առանձնատան տերերից դիմում է ստացել, որ նշյալ հասցեի բնակիչները խնդրում են հեռացնել բարդիները, քանի որ երեխաները ալերգիա ունեն բարդիների կողմից արտադրված բամբակներից: Գյումրու քաղաքապետարանի կանաչապատման մասնագետ Ազատ Խաչատրյանն այս մասին տեղեկացրել էր տեղական հեռուստաընկերություններից մեկին և վստահեցրել, որ ծառերը չեն վնասվել, առաջիկայում ծաղկելու են: Թեև Ազատ Խաչատրյանը նաև ասել էր, որ քաղաքապետարանը բնակիչներին թույլատրել էր միայն կատարել ծառերի էտ և ոչ թե հատում:

Փողոցի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում կատակով նկատեց. «Եթե ծառերը ալերգիա են առաջացնում, բերեք այսպես անենք՝ էտենք, ամայացնենք ամեն ինչը ու վերջ, ալերգիան կանցնի: Բա փողոցի մյուս ծառերը ալերգիա չե՞ն առաջացնում: Դրանք ինչո՞ւ չեն «մորթում»: Իմ ստամոքսն էլ ծառերի բացակայությունից է ցավում, դե, դիմում եմ՝ տնկեք: Ավելի տխմար հիմնավորում ծառերի էտման վերաբերյալ չէի լսել»:

Նույն ժամանակահատվածում «Շրջապատն» ահազանգ էր ստացել Խրիմյան Հայրիկ 40 հասցեի շենքի բնակիչներց, որ բնից հատվում են հաստաբուն բարդիները: Այս դեպքի վերաբերյալ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը հետևյալ պարզաբանումը տվեց. «Խրիմյան Հայրիկ 40 հասցեում քաղաքապետարանի կողմից հատվել են ծերացած և փտած, փչակները դատարկ ծառեր: Մինչ հատումը, մասնագետների կողմից կատարվել է ուսումնասիրություն, տրվել համապատասխան եզրակացություն, կան նաև համապատասխան նկարներ, որոնցում արտացոլված է ծառերի վիճակը»:

Սրան զուգահեռ Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս ամսվա վերջին տասնօրյակին նախատեսված է ծառատունկ, կանաչապատում, որի մասին քաղաքապետարանը համապատասխան իրազեկմամբ հանդես կգա:

Հ.Գ. Տպավորություն է, թե մարդիկ չընտրությունների ոխը ծառերից են հանում: Օրինակ՝ բոլորովին վերջերս Երևանում շուրջ 23 հաստաբուն ծառ էին «խորը էտել», ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, ավելին՝ բնակիչների բողոքը տեղ էր հասել և ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածյալին: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: Ի դեպ, նշենք, որ այդ «փչացած» ծառերը հեռացվել էին, քանի որ ինչ-որ օբյեկտի դիմացն էին փակում:

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

print
966