Կա՛մ զենք ու զորք դուրս կբերեն իրենց ժողովրդի դեմ, կա՛մ պատերազմ կսանձազերծեն ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կա՛մ զենք ու զորք դուրս կբերեն իրենց ժողովրդի դեմ, կա՛մ պատերազմ կսանձազերծեն

Ադրբեջանում սկիզբ առած բողոքի ցույցերին հայ հասարակությունն անտարբեր չի վերաբերվում: Մանավանդ սոցցանցերում հայ օգտատերերի մի մասը  փորձում է ծաղրել, մի հատված էլ կա, որ ենթադրություններ է անում, թե մեր «թավշյա հեղափոխության» ազդեցությունն է, որն արթնացրել է հարևան երկրի շատ, թե քիչ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հատվածին:

Հարցազրույց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Համբարյան, գիտեմ, որ Դուք հետևում եք Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերին: Ըստ Ձեզ, դա նախահեղափոխակա՞ն շարժումներ են, ընդդիմադիր ուժերի կողմից իշխանափոխությա՞ն հայտ է:

— Նախ մեկ բան հստակ փաստենք. Ադրբեջանը բռնապետական երկիր է, այնտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, և ամբողջ իշխանությունը գտնվում է մեկ ընտանիքի, այս պարագայում՝ Ալիևներ-Փաշաևներ տանդեմի ձեռքում: Ադրբեջանում տեղի ունեցող ամեն մի թեթև քաղաքական գործընթաց անմիջականորեն վերահսկվում է գործող իշխանությունների կողմից: Նույնիսկ Հայաստանի մասշտաբների հետ համեմատած, իրենց փոքրիկ հանրահավաքը, որը տեղի ունեցավ Բաքվի արվարձաններից մեկում (ըստ պաշտոնական տվյալների՝ 2000 մարդ, ըստ ընդդիմության տվյալների՝ 10 հազար մարդ է մասնակցել), ուղղակի ցնծություն է առաջացրել Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի մոտ: Հանրահավաքը հայտարարված էր ադրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյինովի ազատության համար: Վերջինս ձերբակալվել էր 2 տարի առաջ՝ իշխանություններին, ավելի շուտ՝ Ալիևների ընտանիքին խիստ քննադատելու համար, իսկ դեկտեմբերին իշխանությունը փորձեց ևս այլ մեղադրանք սարքել Հուսեյինովի գլխին, որպեսզի ավելի երկարացներ ազատազրկման ժամկետը: Ուրեմն, այս ամենը սկանդալ առաջացրեց ու բողոքի ալիք բարձրացրեց: Միևնույն ժամանակ, հանրահավաքը կրում էր «Ազատություն քաղբանտարկյալներին և լրագրողներին» կոչը: Հիմա խնդիրն հետևյալն է. Ադրբեջանում այս պահի դրությամբ հանրահավաքի կազմակերպիչները և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին կոնկրետ իշխանափոխության հարց չեն դրել: Եվ իշխանություններն էլ «քայլ ձիով» կատարեցին՝ ազատեցին Մեհման Հուսեյինովին: Թե ի՞նչ գործողություններ տեղի կունենան սրանից հետո, ինչ քայլերի կգնան ընդդիմադիրները, առայժմ հայտնի չէ, որովհետև այն խնդիրը, որ իրենք դրել էին, լուծված է: Եվ հիմա, կարծում եմ, Ադրբեջանի իշխանությունները կարող են կոնկրետ խիստ քայլեր ձեռնարկել հանրահավաքի կազմակերպիչների հանդեպ, մանավանդ, եթե վերջիններիս կողմից հանկարծ ավելի լուրջ, քաղաքական խնդիրներ առաջ քաշվեն, կամ իշխանափոխության պահանջներ հնչեն:

Նաև ասեմ, որ ի տարբերություն հայ հասարակության, ադրբեջանական հասարակությունը ահավոր վախեցած է, այնտեղ ԶԼՄ-ների 99 տոկոսը վերահսկվում է իշխանությունների կողմից, բացառությամբ «Ազատլիք» թերթի, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի, և «Մեյդան TV» ինտերնետային ռեսուրսի, որոնք ընդդիմադիրների բարձրախոսն են համարվում:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ ադրբեջանական ընդդիմությունն այնքան ուժեղ կգտնվի, որ, ի վերջո, իշխանափոխության հայտ կներկայացնի կամ հեղափոխական քայլերի կդիմի, ինչպես եղավ մեզ մոտ:

— Ադրբեջանական հասարակությանը մեր ժողովրդի հետ չենք կարող համեմատել: Եվ ամենակարևորը, Ադրբեջանում այս պահին չկա Նիկոլ Փաշինյան, ասել կուզի՝ չկա ցայտուն լիդեր, որի հետևից ժողովուրդը կգնա: Իսկ Նիկոլ Փաշինյանը լինելով խորհրդարանում, օգտագործելով ԱԺ ամբիոնը, ամեն կերպ քննադատում էր իշխանություններին, մատնանշում բացերը, բացահայտում ապօրինությունները: Իսկ Ադրբեջանի ընդդիմությունը շատ թույլ է:

Մեր հասարակությունն էլ ինչոր ժամանակահատված թմբիրի մեջ էր, հետո մի քանի անգամ հուժկու հանրահավաքներ ու իշխանության դեմ բողոքի ցույցեր ու ակցիաներ իրականացրեց

— Հանրահավաքներ կազմակերպելու տեսանկյունից մեզ մոտ այդչափ ճնշումներ չկար: Իհարկե, համամիտ եմ Ձեզ հետ, որ ժողովուրդը ինչ-որ ընթացք թմբիրի մեջ էր, բայց ոտքի ելավ, իսկ Ադրբեջանն առավել բռնապետական լինելով, իր հասարակությանը սահմանային վիճակում է պահել, ու չնայած դրան, էլի այդքան մարդ ոտքի է ելել: Բայց, եթե Ադրբեջանում հեղափոխական կրքեր բորբոքվեն, ապա այն հղի կլինի շատ ավելի արյունալի հետևանքներով: Ալիևյան բռնապետությունը, որպեսզի հասարակությանը շեղի ակտիվ գործողություններից, կամ զենք ու զորք դուրս կբերի իր ժողովրդի դեմ, կամ պատերազմ կսանձազերծի Ղարաբաղյան հատվածում, որպեսզի ժողովրդին շեղեն իշխանափոխության խնդիրներից: Ինչը, բնավ, ցանկալի չէ:

print
2,154