ԿԳ նախարարը եկավ, հանդիպեց, խոսեց ու գնաց ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

ԿԳ նախարարը եկավ, հանդիպեց, խոսեց ու գնաց

Անցած շաբաթ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը այցելեց Շիրակի պետական համալսարան, որտեղ իրեն էին սպասում բուհ-ի անձնակազմը, ուսանողները, բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, Անահիտ Ֆարմանյանը, անգամ Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավարի հետ առնչվող դժգոհողներից ու կողմնակիցներից սպասողներ կային, ինչպես նաև լրատվամիջոցները:

Նախարարն ասաց, որ եկել է, որպեսզի հերթով լսի բոլոր կողմերին: Հենց սկզբից խնդրահարույց դարձավ լրատվամիջոցների ներկայությունը: Նախարարի պահվածքից ևս հասկանալի էր, որ նա կուզենար առանց ԶԼՄ-ների ներկայության հանդիպել կողմերին. «Եկել եմ բոլոր իրավիճակները քննարկելու բոլոր խմբերի հետո: Ես հասկանում եմ, որ մարդիկ կաշկանդվում են լրագրողներից, իրավունք ունեն: Իսկ հանդիպումներից հետո ես պատրաստ եմ Ձեզ հետ հանդիպել»: Այնպես որ, շուրջ 4 ժամ տևած հանդիպումներից հետո միայն հաջողվեց խոսել ու կարծիք հարցնել նախարարից:

Ի դեպ, ՇՊՀ-ում իրավիճակը թեժ էր. լարված էին թե՛ մի կողմը, թե՛ մյուս, անգամ մի պահ միջանցքում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծվեց: Մի կողմը մյուսին արհամարհանքով անվանում էր «հեղափոխականներ», մյուս կողմը՝ «Սահակ Մինասյանի շքախումբ»:

Նախարարը հանդիպումների ավարտից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:

Հարցին, թե ի՞նչ տվեց հանդիպումը, ի՞նչ հանգուցալուծում է հնարավոր, որպեսզի հանդարտեցվեն կրքերը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջ և փորձեն միմյանց հետ քննարկել հարցերը։ Ես կարծում եմ, որ, եթե յուրաքանչյուրը կամք դրսևորի երկխոսելու, ինչ-որ հարցի լուծում կգտնվի։ Հասկանում եմ, որ մենք մի քիչ արևելյան մտածելակերպ ունենք, որտեղ այսպիսի մի խոսք կա. «Արևմուտքում, երբ գնում ես փոխզիջման, հաղթում ես, երբ Արևելքում ես գնում փոխզիջման, պարտվում ես»։ Հիմա պետք է փորձենք միջինացված տարբերակ գտնել, որտեղ և մեր արժանապատվությունը չտուժի, և վերականգնենք այն մթնոլորտը, որը կոչվում է ակադեմիական մթնոլորտ»։

Նախարարն իր նախորդ այցի ժամանակ ասել էր, թե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին հորդորել է քննարկել բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի աշխատանքի վերականգնելու հարցը: Հարցին, որ արդեն բավական ժամանակ է անցել, ի՞նչ են պատրաստվում անել, նախարարը պատասխանեց. «Նայեք, մենք շատ հստակ պետք է ընկալենք այն իրողությունները, որոնք կան։ Մենք սրա մասին խոսել ենք և սրանք զուտ բառեր չեն, որ ԿԳ նախարարությունը և պետական պաշտոնյաները չպետք է օրենքից դուրս միջամտություն ունենան բուհերի աշխատանքին։ Եվ դրանք զուտ խոսքեր չպետք է լինեն: ԿԳ նախարարությունը կարող է իր դիրքորոշումը հայտնել այս իրավիճակում կամ ասել՝ ինքն ինչ կաներ նման իրավիճակում։ Բուհերն իրենք պետք է առավելագույնն անեն, որպեսզի հասնեն լուծումների։ Ես նման դիրքորոշում եմ հայտնել ու դրա համար էլ այդ հայտարարությունն արել եմ։ Բուհերն իրենք պետք է քննարկեն՝ կա՞ նման լուծման հնարավորություն, կա՞ դատական պրոցեսի միջոցով լուծման հնարավորություն։ Հիմա պետք է փորձենք միջինացնել դասախոսների շրջանում այս դիրքորոշումները և դրա շրջանակներում փորձենք լուծումներ գտնել»։

ՇՊՀ-ին առնչվող հարուցված քրգործի մասին էլ նախարարը պատասխանեց, որ դեռ չի հասցրել ուսումնասիրել մանրամասները, իրավաբանների հետ կխոսի, նոր կարծիք կհայտնի:

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի դեմ ուղղված բողոքների հետ կապված էլ ասաց, որ զրուցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավար պարոն Շահինյանի հետ և պայմանավորվել են, որ վերջինս լուծումներ կտա։ Նախարարն ասաց, թե կուզենար նաև հանդիպել կոնսերվատորիայի անձնակազմի հետ՝ հասկանալու խնդրի էությունը, քանի որ՝ «այնքան հրապարակումներ կան, այնքան հակասական կարծիքներ կան… սա սրա անունով վարկ վերցրեց, սա փողը վերցրեց, սա չնշանակեց, սա փողը կերավ, արդար է, արդար չէ և այլն»:

Իսկ որոշ դպրոցի տնօրենների կալանավորման փաստի հետ կապված էլ նշեց, որ համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել երկրում, այդ թվում կրթական համակարգում.  «Միշտ խոսվել է կոռուպցիայի մասին, բայց նախորդ իշխանությունները ո՛չ կամք, ո՛չ ցանկություն են ունեցել գնալ հայտարարությունների հետքերով, իսկ նոր իշխանությունները գնալու են յուրաքանչյուր դեպքի հետևից ու վերացնելու են նման մեխանիզմները։ Օրենքն ունենալու է գերակայություն: Ես հասկանում եմ, որ հեղափոխությունը բոլորի վրա շատ դրական ազդեցություն է ունեցել և բոլորը շատ արագ փոփոխություններ են ուզում. փոփոխություններ կլինեն արագ, բայց նման արագություն, որ ակնկալում եք, դժվար է ստանալ»:

Հարցին, թե որևէ մեկին նպատակահարմար գտնո՞ւմ է՝ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում, նախարար Ա.Հարությունյանն ասաց, որ այդ հարցին գուցե կարող էր նախորդ նախարարը պատասխանել, բայց իրեն այդ հարցը տալը նպատակահարմար չէ. կլինի գիտխորհրդի կողմից ընտրություն և ում նպատակահարմար գտան, արժանի գտան՝ կընտրեն:

 

 «Շրջապատը» զրուցեց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանի հետ:

— Պարոն Համբարյան, ի՞նչ կարծիք ունեք, արդյո՞ք նախարարին հաջողվեց որևէ հանգուցալուծում տալ…

— Նախ ասեմ, որ հանգուցալուծում մենք լրիվ այլ կերպ ենք պատկերացնում, իսկ պարոն նախարարը՝ երևի այլ: Նրա ժամանմամբ իրավիճակն ավելի թեժացավ: Ի դեպ, ես նախարարի վարքի մեջ փոփոխություններ նկատեցի: Նա կարծրատիպերով է առաջնորդվում, եթե ինքը ինչ-որ ինֆորմացիա ունի, հակառակ կողմին չի էլ ուզում լսել: Նրա կարծիքով՝ բուհ-ում կա երկու թիմ, որոնք իրար դեմ են ելած, և դա խայտառակություն է… Բայց նախարարը չի ուզում տեսնել, որ ես և Հովհաննես Խորիկյանը լրիվ այլ խնդիրների շուրջ ենք բարձրաձայնել, և ոչ թե թիմ ենք կազմել: Նախարարն առաջարկեց, որ երկու թիմերը հանդիպեն ու քննարկեն… Հետաքրքիր էր, թե ի՞նչ պիտի քննարկենք. ես ու Խորիկյանը ոչ մեկի նկատմամբ ոչ մի վիրավորական արտահայտություն չենք արել, մենք կոնկրետ Սահակ Մինասյանի դեմ ենք պայքարում: Եվ մենք չմերժեցինք նախարարին, եկանք հանդիպման: Իսկ գիտե՞ք ինչ տեղի ունեցավ. նախարարի առաջարկով մենք եկանք, իսկ այն մյուս թիմը, որին Երվանդ Սերոբյանը պիտի կազմակերպեր ու բերեր «բանակցելու»՝ թե ինչի շուրջ, չգիտեմ, բացահայտ արհամարհանք դրսևորեցին նախարարի նկատմամբ ու չեկան, որովհետև կեղծ օրակարգ են ձևավորել ու ոչինչ չունեն ասելու: Ի՞նչ վիրավորանքի կամ վարկաբեկման մասին է խոսքը, երբ պարոն Սահակ Մինասյանին քր.օրենսգրքի 308 հոդվածով արդեն մեղադրանք է առաջադրվել: Դա նախնական մեղադրանք է, բայց ավելի ծանր կլինի: Այդ մարդիկ տարրական հարգանք չդրսևորեցին նախարարի նկատմամբ: Ինձ շատ հետաքրքիր է, թե նա ինչպես կարձագանքի: Այդ մարդկանցից որոշները, պահպանելով անմեղության կանխավարկածը՝ անուններ չեմ հնչեցնի, շատ շուտով քրեական գործով անցնելու են, քանի որ Սահակ Մինասյանի հանցակիցներն են, մի մասը հհկ-ականներ են, մյուս մասն էլ պաշտոնյաներ:

— Ուզում եմ հասկանալ, թե նրանց ուզածն ի՞նչ է:

— Շատ լավ հարց տվեցիք… Մենք մի քանի ամիս առաջ բողոք էինք բարձրաձայնում, և բնավ մեր բողոքները քաղաքականացված բնույթ չէին կրում, այլ հանուն արդարության են: Սակայն մինչ հեղափոխությունը բացահայտ պարզ էր, որ Սահակ Մինասյանի թիկունքում կանգնած է իր քաղաքական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Բայց հիմա, երբ տեղի է ունեցել հեղափոխություն ու թվում էր, թե նրանք, ովքեր հին վարչակարգից տուժվել էին, պետք է, այսպես ասած, «օգտվեին», արդարության հասնեին… Մենք արդարացի լուծում ենք ուզում: Բայց այսօր մեզ համար պարզվեց, որ պարոն նախարարը փոխել է իր կարծիքը. եթե մեկ ամիս առաջ նա ասում էր, որ մենք պիտի վերականգնվենք, իսկ հիմա ասում է, որ դատարանով պիտի վերականգնվենք: Նա, որպես ԿԳ նախարար, չի կարող որևէ ազդեցություն ունենալ ՇՊՀ-ի վրա: Սակայն նախարարությունը վերահսկող ֆունկցիա ունի, եթե տեսնում է, որ իր վերահսկողության տակ գտնվող ուսումնական հաստատությունում վիճակը լարված է ու որևիցե հանգուցալուծում չի ստանում, արդեն պետք է ակտիվորեն զբաղվի այդ հարցով: Սակայն նա եկավ, հայտարարություն արեց ու գնաց: Ստացվում է, որ նախարարը միայն հայտարարություննե՞ր է անում: Նախկին հհկ-ական ռեպրեսիվ ապարատը մինչև հիմա գործում է համալսարանում, մարդիկ շատ էլ լավ բացահայտ հայտարարում են, թե նախարարն ով ուզում է լինի՝ դուք չպիտի վերականգնվեք: Ի դեպ, նրանք կապեր չունեն համալսարանի հետ: Ուրեմն ազդեցություն ունեն, նաև նախարարի կարծիքի փոփոխության վրա: Եթե պարոն նախարարը արդարության ջատագով է, ուրեմն նա շատ արագ պետք է հեռու պահի այն մարդկանց, ովքեր պաշտոն են զբաղեցնում ու կարող են խանգարել արդարության հասնելու համար:

Իսկ ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, թե ի՞նչ են ուզում, այսպես ասած, հակառակ կողմը, ապա շատ պարզ է. եթե մի կողմին իրենք անվանում են «հեղափոխականներ», ստացվում է, որ մյուս կողմը «հակահեղափոխականներ» են, իմ խոսքով ասած՝ Սահակ Մինասյանի ֆան-ակումբն է, որը պայքարում է, որպեսզի վերջինիս վերադարձնի, քանզի նրանք ամեն ինչ անում են, որ գիտխորհրդի մեջ իրենց մարդիկ գերակշիռ մաս կազմեն:

print
2,518