«Կհորդորեմ դիմել ՀՀ բոլոր դատական ատյաններին» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Կհորդորեմ դիմել ՀՀ բոլոր դատական ատյաններին»

«Շրջապատի» զրուցակիցն է քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ:

Պարոն Համբարյան, հայ բարերար Լևոն Հայրապետյանը՝ բազմաթիվ հիվանդություններ ունենալով հանդերձ, մահացավ ռուսական բանտում: Պերմյակովին, ով 7 հոգու սպանեց, տեղափոխեցին Ռուսաստան: Հիմա հայտնի էլ չէ, թե նա ինչ պայմաններում է այնտեղ պահվում: Եթե Պերմյակովին տեղափոխեցին Ռուսաստան, ապա հնարավոր չէ՞ր Լ.Հայրապետյանին բերել Հայաստան:

— Բացարձակ չեմ ուզում համեմատություններ տանել բարերար Լ.Հայրապետյանի և մարդասպան Պերմյակովի միջև: Բացի այդ, Լ.Հայրապետյանը ՌԴ քաղաքացի էր և, ըստ պաշտոնական Կրեմլի, հանցագործություն էր գործել Ռուսաստանի տարածքում, ուստի մենք չէինք կարող պահանջել, որպեսզի նրան հանձնեին Հայաստանին: Մենք Պերմյակովին հանձնելով ստացանք Հրաչյա Հարությունյանին, ով պատահաբար ավտովթարի մեղավոր դարձավ, որի հետևանքով զոհվեց 18 մարդ: Սակայն, ի տարբերություն Պերմյակովի, Հ.Հարությունյանի հանցանքը ծրագրավորված չէր: Այն դեպքում, երբ Պերմյակովը միտումնավոր մտել և սպանել էր  7 հոգու, որից 2-ը մանուկներ էին: Մենք չգիտենք, թե այժմ Պերմյակովը ռուսաստանյան որ բանտում է իր պատիժը կրում: Ես թերահավատորեն եմ վերաբերվում ռուսական իրավապահ համակարգին, որովհետև Լ.Հայրապետյանի քրեական գործի մեջ ներգրավված անձը նրա մահվանից հետո ազատ արձակվեց, այն դեպքում, երբ մեր շատ հայտնի բարերարը գտնվում է Մոսկվայի գերեզմանոցում: Մինչ Պերմյակովը, ռուս զինվորականները Գյումրու կենտրոնում կրակ բացեցին, մեկը զոհվեց, 7 հոգի վիրավորվեցին: Ռուս զինվորականների մասնակցությամբ մահվան ելքով բազմաթիվ վրաերթեր տեղի ունեցան, որոնք շատ արագ մեր իրավապահ համակարգի կողմից կոծկվեցին: Այնպիսի տպավորություն էր, թե ռուս զինվորականները սուրբ կովեր են ՀՀ-ում, որոնք ինչ ուզում, անում են, հետագայում պատիժ չեն կրում:

Ինչպե՞ս կբնութագրեք ռուսական կողմի պահվածքը:

— Ավետիսյանների սպանության դատավարության ժամանակ ռուսական կողմն իրեն շատ լկտի պահեց: Փոխհատուցման մասին էլ ընդհանրապես խոսք չեղավ: Ռուսական կողմը նույնիսկ սպանվածների գերեզմանոցը չկառուցեց, որն իմ տեղեկություններով կառուցեց Գյումրու քաղաքապետը: Ռուսական կողմն իր այսպիսի պահվածքով խրախուսում է հետագայում ևս նմանատիպ հանցագործություններ կատարելը:

Ես կտրականապես դեմ եմ այն մտահղացմանը, թե ֆինանսներով հարց չես լուծի, սակայն դրանով դիմացինիդ ցույց կտաս, որ ինքը կարող է ավելի մեծ խնդիրներ ունենալ, եթե նրա զինվորականը հաջորդ անգամ հանցագործություն կատարի: Վահրամաբերդի երկու երեխաների մահվան հետ կապված ուղղակիորեն սպառնացել էին ծնողներին, որ եթե բողոքեք, ավելի վատ կլինի: Առանց ամոթի տարել 10000-20000 դրամ էին առաջարկել զոհվածների ընտանիքին, որն անբարոյականություն է:

Հայկական կողմը պետք է պայմանագրով շատ կտրուկ վերանայի ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից հանցագործություններ կատարելու  դիմաց փոխհատուցումների պահը: Ռուսական կողմը պետք է բավական մեծ փոխհատուցումներ տրամադրի այն ընտանիքներին կամ անձանց, ում հանդեպ ռուս զինվորականներն հանցագործություններ են կատարում:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները կարո՞ղ են համապատասխան հարցումների միջոցով պարզել, թե որտեղ է գտնվում այժմ Պերմյակովը:

— Այո: Իրենք ոչ միայն կարող են պարզել, թե որտեղ է գտնվում Պերմյակովը, այլև կհորդորեմ իրավահաջորդներին՝ Ավետիսյանների ընտանիքի երկու դուստրերին՝ դիմել ՀՀ բոլոր դատական ատյաններին, եթե իրենց պահանջները չբավարարվեն, ապա դիմել Եվրադատարան, որպեսզի իրենց բավական մեծ չափերի հասնող փոխհատուցում տրամադրվի:

Հնարավո՞ր էր Պերմյակովին չհանձնել ռուսական կողմին, դրա համար կայի՞ն իրավական հիմքեր:

— Իհարկե: Նախ Պերմյակովը հանցագործությունը կատարել էր ոչ թե ռուսական ռազմաբազայի, այլ ՀՀ տարածքում: Բացի այդ, կանխամտածված, 2-ից ավել քաղաքացիների սպանություն ինքը կատարել է ՀՀ քաղաքացիների դեմ:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print

1,675