Համայնքները կարող են բիզնես ծրագրեր կազմել եւ ֆինանսավորվել ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Համայնքները կարող են բիզնես ծրագրեր կազմել եւ ֆինանսավորվել

Գյուղացին միայն գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ չէ, որ կարող է զբաղվել, արող են նաև այնպիսի գործունեություն ծավալել, որը կնպաստի համայնքի զարգացմանը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն ու ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել և խոսել են Շիրակի մարզի համայնքների ղեկավարների հետ, քննարկել են համայնքներում գործարար նախաձեռնությունների խթանման ու բիզնես ծրագրերի իրականացման մասին:

Ըստ պատասխանատուների, կառավարությունը պատրաստ է աջակցել գյուղացուն՝ զարգացնելու համայնքը շահույթ հետապնդող բիզնեսի միջոցով ևս: Կառավարությունը համայնքների ղեկավարների առաջ հանձնարարություն է դրել՝ գրել ու ներկայացնել այնպիսի բիզնես ծրագրեր, որոնք հավանության կարժանանան տարածքային զարգացման հիմնադրամի կողմից և կյանքի կկոչվեն:

«Մեզ համար հիմա իսկապես կարևոր է, որ կարողանանք բացահայտել բիզնես ծրագրեր, ֆինանսավորումը բերել մեր մարզ, որ համայնքները տնտեսապես կայուն լինեն, կարողանան եկամտի աղբյուր ունենալ: Շատ կարևոր է, որ մեր ներկայացրած ծրագրերն իրատեսական լինեն, քննարկումներն ու դրանց մշակման գործընթացում ընդգրկեք համայնքների շահագրգիռ ներկայացուցիչների, միայն այդ կերպ կկարողանանք ֆինանսավորում ստանալ ու կյանքի կոչել համայնքների տնտեսական կյանքի խթանմանը նպաստող ծրագրեր»,- ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Վարազդատ Կարապետյանն անդրադառնալով ծրագրի կարևորությանը, նշեց, որ այն միտված է Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը: Բիզնես ծրագրերը կազմելու և դրանք ճիշտ ներկայացնելու հարցում համայնքների ղեկավարներին կօգնեն փորձագետները: Ծրագրի մասին առավել ընդգրկուն, այն ճիշտ ներկայացնելու քննարկումները մի քանի օրից կմեկնարկի  Ախուրյան համայնքից:

Արևշատ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանի խոսքով՝ իրենք կմասնակցեն ծրագրին. «Երկար ենք սպասել կառավարության աջակցությանը, որպեսզի գյուղացուն ոգևորենք և գյուղացին ցանկություն ունենա աշխատելու: Բացերի մասին մենք չէ, որ պետք է մտածենք, դա կառավարությունը պետք է հոգ տանի, հուսանք՝ լավ կլինի: Մեզ մոտ հիմնականում մշակաբույսերի՝ գազարի և կարտոֆիլի արտադրություն է, մենք կարող ենք գազարի արտադրամաս ստեղծել և այն հաստատ կսպառվի շուկայում»:

Թե ի՞նչ բիզնես-ծրագրով հանդես կգա Նոր կյանք համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը՝ չցանկացավ մանրամասնել, նշելով, որ այն դեռ պետք է քննարկեն համյանքի բնակիչների հետ: Սակայն վստահ է, որ համայնքում դրական փոփոխություն կլինի, եթե ճիշտ բիզնես-ծրագիր ներկայացվի: «Ես լավատես եմ, մեր համայնքը կմասնակցի այդ ծրագրին: Մենք կխոսենք բնակիչների հետ, երևի նախնական երկու ծրագիր ներկայացնենք: Այսօր գյուղացին իրացման խնդիր ունի շուկայում, այսօր արտադրողն ու շուկան չեն համապատասխանում իրար, դրա համար գյուղացին հրաժարվում է աճեցնել բերք: Կարծում եմ՝ պետք է այնպիսի բիզնես լինի, որ նոր կուլտուրաների մշակման մասին մտածենք և իրական ծրագրեր ձեռնարկենք, որը մեծ եկամուտ կբերի. այս մասին ոչ միայն կառավարությունը պետք է մտածի, այլև բնակիչն ինքը: Տեսնենք ինչ կտա այս ծրագիրը»,- ասաց Արա Սուքիասյանը:

Ծրագրին մասնակցելու հայտը տեղադրված կլինի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կայքում: Բիզնես ծրագրերն ընտրվելու են մրցութային կարգով: 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 5 մլրդ դրամ, որն ուղղվելու է մարզերում բիզնես փաթեթների ֆինանսավորմանը:

ԷԼԻԶԱ  ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ

print
1,652