Հարյուրամյա պատմությամբ նվերը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Հարյուրամյա պատմությամբ նվերը

Զանազան Ջորողյանը թոռների հետ
Միքայելյանների ընտանիքը
Միքայելյանների պապական տունը

19-րդ դարի Գյումրիում ծնված Զանազան Ջորողյանի եղբայրներն հայտնի մարդիկ էին: Նրանք գրավաճառատներ ունեին Կարսում և Թիֆլիսում, ինչը կայուն եկամուտի աղբյուր էր: Նրանց միակ քույրը` Զանազանը, վաղ էր այրիացել և երեք զավակներին պահելու հոգսն ընկել էր նրա ուսերին: Գործարար եղբայրներն էլ իրենց միջոցներով 1887 թվականին ընդարձակ` վեց սենյակներով տուն էին կառուցել ու նվիրել քրոջը, որպեսզի երեխաներին մեծացնելիս, նեղություն չքաշի: Զանազանի երկու որդիները հուսարական գնդում էին ծառայել, հետո չէին կամեցել մնալ Գյումրիում ու մեկնել էին այստեղից: Դուստրը` Սաթենիկը, ավարտել էր այն ժամանակվա Գյումրիի հեղինակավոր կրթօջախներից մեկը` Օրիորդաց գիմնազիան և ամուսնացել Արշակ Միքայելյանի հետ: Ամուսինը «Սլաբոդկա» թաղամասում էր ապրում, բայց ամուսնությունից հետո նախընտրել էր զոքանչի տանիքը:

— Ինչպես ասում են` տնփեսա էր եկել,- ժպտալով նկատում է նրա թոռը` Էմիլ Միքայելյանը,- Արշակ պապս «Հայառի» գլխավոր հաշվապահն է եղել, հետո 39 տարի հիվանդությունը նրան գամել էր անկողնուն, բայց չէր կարողացել խլել նրա հետաքրքրությունը. մշտապես թերթեր էր կարդում և տեղյակ էր ամեն ինչից:

Էմիլի մայրը` Շողիկ Փուզյանը, նույնպես տոհմիկ գյումրեցիներից էր սերել: Նրանց տոհմից Ղազարն է հիմնել Ղազարապատ գյուղը, ում ռուսական ցարը շնորհել է գեներալի կոչում: Իսկ մայրական ճյուղով Շողիկ Փուզյանը «Էշ Մանուկենց» տոհմից է: Առաջին հայացքից վիրավորական թվացող այս անվանումն իր «ծագումով» բնավ էլ այդ երանգը չի ունեցել: Վարուցան անելու ժամանակ Մանուկի եզը սատկում է: Դե, Մանուկն էլ, առանց երկար-բարակ մտածելու, եզան փոխարեն էշին է լծել ու շարունակել իր գործը: Հետո այս պատմությունը բերնեբերան է անցել ու դարձել տոհմի «կնիքը»:

— Այն ժամանակներում քաղաքը մեծ չէր,- պատմում է Էմիլ Միքայելյանը,- Սլաբոդկան էր, Պաբեդայի մերձակայքը և մեր Խորարձարը: Այստեղ էլ ապրել են տոհմիկ գյումրեցիները: Մեր հարևանությամբ ապրել են Մելիքովները, Բաղնիք Սիմոնը… բոլորին չես էլ հիշի:

— Իսկ ճի՞շտ է, որ տոհմիկ գյումրեցիները չգրված օրենք են ունեցել, ինչպես ասում են` իրարից աղջիկ տալ-առնել:

Միքայելյան ամուսինները հաստատում են:

— Կինս էլ է գյումրեցի, մեր թաղից է:

— Ի դեպ` իմ և ամուսնուս տատի անունները նույնն է` Սաթենիկ: Իսկ հետո պարզվեց, որ մենք անգամ նույն օրն ենք ծնվել:

Սաթենիկը մասնագիտությամբ երաժիշտ է: Արդեն 25 տարի անցել է իրենց ամուսնության օրից, և վերջերս են հարազատներով տոնել այդ հոբելյանը:

— Իսկ անցած տարիներին որևէ փոփոխության ենթարկե՞լ եք ձեր տունը,- հարցնում եմ հոբելյար ամուսիններին:

— Տան ճակատային մասը կառուցման օրից որևէ փոփոխություն չի կրել, Սարիղամիշի փայտ է օգտագործվել շինարարության ընթացքում, դրանք իրենց տեղում են, բայց, ա՛յ, ներքին հարդարման կարիք կար…

— Մենք մեր ուժերով ենք դա արել,- ամուսնուն լրացնում է կինը:- Մենք բոլորս էլ աշխատող ենք, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով նպաստեցինք վերանորոգմանը:

Հաշվի առնելով, որ Էմիլը մասնագիտությամբ ինժեներ-շինարար է, պետք է կարծել, որ այդ գործում նրա ավանդն ամենամեծն է եղել: Ի դեպ, նրա հայրը` Լևոն Միքայելյանը, գծագրության ուսուցիչ է եղել, իսկ գծագրությունը ինժեների մասնագիտական ոլորտի հետ սերտ առնչություն ունի, ուստի, առավել հավանական է, որ որդին իր ընտրության առումով, ինչ-որ չափով հորն է պարտական:

Երկար տարիներ Էմիլն իր մասնագիտությամբ աշխատելուց հետո, ստիպված էր այն փոխել.

— Կոոպերատիվների ծաղկման շրջանն էր, ու մենք ստեղծեցինք հացաթխման արտադրամաս, որ գործում է հենց մեր տան նկուղներում:

Տան այդ մասը ժամանակին սովետական իշխանությունը պետականացրել էր, ու այստեղ գործում էր Երանոսյանների հրուշակեղենի արտադրամասը: Դրա փակվելուց հետո, տարիներ անց, արդեն 60-ականներին, Արշակ պապին հաջողվել էր պետությունից օրինականորեն ետ ստանալ ընտանիքին պատկանող տան այդ հատվածը: Դրան հաջորդած տարիներին խոսակցություն էր գնում, թե տունը «պլանի տակ» է, պետք է քանդվի և տեղում շենք կառուցվի: Ընտանիքին նույնիսկ բարի խորհուրդ էին տվել տան մի մասը վաճառել, որպեսզի գոնե այդ փողը օգուտ մնար, միևնույն է, փոքրաթիվ ընտանիքին շենքից այդչափ բնակմակերես չէր հասնելու: Բայց տունն իր տեղում մնաց: Եվ հիմա Միքայելյանները բարեբախտություն են համարում այն, որ չէին շտապել հետևել այդ խորհուրդներին:

Հնամյա այս տանն են «ապրել» նաև գյումրեցի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի նկարահանած «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմի հերոսները:

— Մենք Ալբերտ Մկրտչյանի հետ ծանոթացանք, երբ նա արդեն տունն ընտրել էր և այնտեղ նույնիսկ վերանորոգումներ էին կատարել: Բայց մեր տունը տեսնելով, միտքը փոխեց և ասաց. «Ձեր տունը լավն է, դուք էլ լավ մարդիկ եք, այստեղ պիտի նկարեմ»:

Նկարահանման ընթացքում Միքայելյանները մտերմացան ստեղծագործական խմբի անդամների հետ և մինչ օրս էլ կապ կա նրանց միջև:

Երբ ռեժիսորին տատիկի տիպաժ էր պետք ֆիլմի համար, Սաթենիկն իր 90-ամյա մոր «թեկնածությունն» էր առաջարկել:

— Բայց մայրիկս իր էությամբ աշխույժ ու տարիքից փոքր երևացող կին էր: Երբ Ալբերտ Մկրտչյանը զրուցել էր նրա հետ, մայրս հասկացել էր, որ նրան թորշոմած, տխուր կերպար էր պետք, ասել էր. «Չէ, Ալբերտ ջան, ես քո ուզած պառավը չեմ»,- հիշում ու ծիծաղում է Սաթենիկ Միքայելյանը:

Միքայելյանների ընտանիքից ստացած տպավորությունն այն էր, որ մարդիկ համերաշխ են, միասնաբար են լուծում ընտանեկան խնդիրները և չեն խորշում աշխատանքից: Սիրում են համով հումորը, իսկ դա օգնում է սահուն ապրել: Զավակներն ուսումնասեր են, ինչպես իրենց հոր Արշակ պապի գերդաստանը և տոհմիկ գյումրեցիներին հատուկ բնավորության գծեր են կրում: Իսկ գյումրեցու համար ի՞նչն է գերակա եղել` իհարկե, թասիբը: Չէ՞ որ այս տան պատմության հիմքում էլ թասիբն է եղել: Գյումրեցի երկու եղբայրների թասիբը:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,505