Հարցազրույց Գյումրիի հետ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հարցազրույց Գյումրիի հետ

— Բարի լույս ի՛մ քաղաք, բարև, սիրելի Գյումրի, լույսը թո՛ղ բարի լինի, բարի բացվի բոլորիս վրա:

— Լույսը միշտ էլ բարի է, բարի լինի ամբողջ աշխարհին, ես միշտ էլ բարին եմ ցանկանում Երկիր մոլորակին, միշտ բարի, բարի իմ ժողովրդի նման… Բարի ցանկանալը լավ բան է: Ափսոս, որ… չէ՛, բարին վաղուց է մեռել, երբ որ քանդվեց այն երկիրը, ու տեղը եկավ այդպես էլ հայտնի չէ՝ ինչը, ի՞նչ սիստեմ, ի՞նչ անկախություն, ի՞նչ դեմոկրատիա… Ի՞նչ է, անկախություն կոչվածը սա՞ է, որ մինչև հիմա կախված ենք ու… Բարին ո՞րն է… Որ երկրաշարժից մինչև օրս իմ բնակչությունը գնո՞ւմ է, հա գնում է, լքում է ինձ, որ մի ժամանակ փաղաքշում ու գուրգուրում էր  հարազատ մոր նման: Այսօր ի՞նչ է ստացվում. լքում է, կարծես թե չեմ եղել ու չկամ: Մոռացվե՞ց ամեն բարին: Անցած օրերի հավատն անհետացել է, տեղը զիջել է նյութապաշտությանն ու թերահավատությանը: Մարդկանց առողջ հոգեբանությունը թմբիրի մեջ է:

— Վատատես ես, ինչո՞ւ ես այդպես հուսահատված, մի օր ամեն ինչ կշտկվի, լավ կլինի:

— Ե՞րբ… երբ վերջին փայտաոտ ծերուկը կլքի՞ ինձ: Տեսնո՞ւմ ես, ինչ է կատարվում, իսկ դու ասում ես… Չե՞ս տեսնում, իմ դեմքը ինչ վիճակում է: Ապա, նայի՛ր փողոց առ փողոց, մայթից-մայթ, թաղից-թաղ, տնից-տուն… Միայն քանդված ու ավերված, ցեխոտ ու ջրափոսերով, խարխլված ու փլված պատերով, փոշու մեջ կորած: Սա ի՞նչ է, դուրդ գալի՞ս է, դու գո՞հ ես:

— Ասում ես բնակչության կեսից շատը լքել է քեզ…

— Չէ՛, ինչո՞ւ, ընտրությունից-ընտրություն իմ բնակչության քանակը հա՛ ավելանում է, հասնում է նախաերկրաշարժյան  թվերին: Երանի դա այդպես լիներ, երանի՜… Բայց ոչ թե սևով սպիտակին գրված:

— Ասում են՝ ծնունդները  շատացել են, դա լավ չի՞, հույս կա, որ բնակչությունդ կավելանա:

— Հապա՛, աչքի տակով անցկացրու ինքնաթիռներով ու ավտոբուսներով հեռացողների  ցուցակները, ինքա՜ն, ինչքա՜ն անմեղ, դեռ շուրթերին մոր կաթը չչորացած երեխաներ  են լքում երկիրը: Չէ՞ որ նրանք մեր ամենամեծ գանձերն են՝ անփոխարինելի, անգնահատելի… Քանի դռներ են ընդմիշտ փակվում, այդ մարդիկ դեգերում են օտար ափերում՝ անհույս ու անհեռանկար: Նրանցից շատ շատերը կձուլվեն ուրիշ ազգերին, կկորցնեն հայի ինքնությունը:

— Ա՛յ, դա շատ ճիշտ ես նկատել: Ես՝ անձամբ, ականատես եմ եղել օդանավակայանում: Սրտի ցավով եմ նայել այդ  երեխաներին, որոնք հազիվ 1-2 տարեկան լինեին: Նրանցից շատերը կմեծանան օտար երկրներում, Հայաստանից ու մեր փառավոր մայրենիից անտեղյակ: Շատերը կլուծվեն, կմաշվեն ու աստիճանաբար կկորցնեն իրենց ինքնությունը, կդառնան օտար:

— Բա, ասում ես՝ լավ է, ու ինքդ համամիտ ես ինձ հետ: Օր-օրի թանկությունները, ցուրտն ու սովը, անբարոյականությունը, կեղծն ու սուտը, խաբեությունները մարդկանց  դուրս են վանում, հեռացնում երկրից:

— Բայց ինչ-որ բան, վերջապես, արվում է, չէ՞, կամաց-կամաց կլինի, հո՛ միանգամից չի լինի:

— Հա՜, հա՜, հա՜… խոսքը հենց վերաբերվում է ինձ՝ կամաց-կամաց: Հապա այդքան պալատները, շքեղ ավտոմեքենաները, այդքան գումարներ, որ փոշիանում են, ինչո՞ւ կամաց-կամաց չի լինում: Աչքդ թարթում ես, մեկ էլ՝ դղյակներ են վեր խոյանում, իսկ դու ասում ես՝ «կամաց-կամաց»: Դե, մարդիկ էլ կամաց-կամաց հուսահատվում,  հուսախաբվում են, հազարավոր դռներ են կողպեքվում: Հետագայում այդ բոլորի մեղքն օձի նման կփաթաթվի մեր  վատ իշխանավորների վզին ու հետզհետե ներսից կկրծի նրանց սիրտը:

— Մի՛ վհատվիր, լավատես եղի՛ր, Աստված զորավոր է, ամեն ինչ կհարթվի: Դեռ կան բարի, քեզանով մտահոգ մարդիկ, խիղճն ու ազնվությունը դեռ չի մեռել:

— Շնորհակալություն: Լավ է, որ հավատդ չես կորցրել ու ինձ էլ վստահեցնում ես, հույս ես տալիս: Հույսը վերջում է մեռնում: Ես էլ ինչ-որ տեղ լավատես եմ չնայած, բայց ինչ-որ պահեր հուսահատվում եմ: Գուցե նոր ընտրությունների քարոզարշավի ժամանակ 1-2 փողոց կվերանորոգեն: Կամ էլ ինչ-որ երևելի մարդ կժամանի, քաղաքի որևէ մասը նոր տեսք կստանա: Հա՛, մոռացա, ասել՝ դու նկատե՞լ ես, իմ փողոցներում ինչքա՜ն գովազդներ են օտար լեզվով, օտար գրերով, անհասկանալի բառերով… Հայերենը մղվել է երկրորդ գիծ: Իմ գյումրեցին է՛լ առաջվա «թասիբը» չունի: Իսկ դու ասում ես… Մենք մեր հողի վրա, մեր քաղաքում մոռանում ենք մեր լեզուն մեր սրբությունն արհամարհում, ստորադասում ուրիշ լեզուներին: Ի՞նչ է, մինչև ե՞րբ ստորադաս ապրենք, ուրիշի նվագի տակ պարենք: Կներե՛ս, մի բան էլ հիշեցի. գուցե հիշում ես այն «մութ ու խավար» կոչված տարիները: Իմ փողոցներում ի՞նչ էր կատարվում՝ ցամաքել էին շատ աղբյուրներ: Ինձ համար ծանր է հիշել այն ժամանակները, ցավ եմ զգում, հաց չկար, մարդիկ՝ հատկապես երեխաներն ու ծերերը, օրերով սոված էին անցկացնում: Իմ սիրելինե՜րս, ինչքան  շուտ մոռացաք այդ դժվարին, ահավոր օրերը: Աստված մեզանից երես էր թեքել, արհավիրք, հետո էլ կռիվ, սով, երկիրն աստիճանաբար դատարկվում էր… Իսկ դու ասում ես՝ «լավ կլինի»: Լավը սա՞ է, Ռուսաստանից վայրէջք կատարող ամեն ինքնաթիռի դուռ բացվելիս, հացի հոտ էր գալիս:  Ի՞նչ է, այդքան շո՞ւտ մոռացաք: Այսօր ինչպե՞ս եք հացի հետ վարվում: Մի օր առավոտյան դուրս եկ ու տես, թե ինչպես է հաց առաքվում խանութները. ով ասես, ինչպես ասես, ինչով ասես… Բա վաճառակետերում ինչպես է վաճառվում… Իսկ դու ասում ես:

— Այդ հարցը շատ է բարձրացվել, գուցե մի օր լուծում կստանա:

— Չէ՛, ես չեմ հավատում: Ի՞նչ է, դա շա՞տ դժվար հարց է: Պարզապես մարդիկ փնթի են, հացի հարգը չեն իմանում: Ինքնասիրությունն ու կուլտուրան մղվում է ետին պլան: Շատ ու շատ առաջադեմ երկրների խանութներում միշտ կտեսնես հացը փաթեթավորված:

— Դա հնարավոր է, մի քիչ հետևողականություն է պետք:

— Ես գիտեմ, որ հնարավոր է, էլ ի՞նչն է խանգարում: Ինչ է՝ Ազգային ժողո՞վ պետք է հրավիրել: Այս հասարակ բանն էլ դուք չե՛ք հասկանում: Այսքան հիվանդությունների մեծ մասը ոտ է առնում  անորակ սննդի միջոցով: Այս հարցում էլ է բարոյականությունն ու ճշմարտությունը, ազնվությունն ու հասկացողությունը մղվել հետին պլան, մարդկանց խիղճը քաշվել է մի ստվերոտ անկյուն, սարդոստայնի ցանցի մեջ:

— Այդ հարցին էլ լուծում կգտնվի…

— Եվ դու հավատո՞ւմ ես… Ինչքա՞ն խոստումներ են եղել ու միշտ շատերը մնացել են օդից կախված՝ պղպջակների նման ցնդել են՝ մոռացված: Շատ լավատես ես, նախանձում եմ քեզ: Մնամ հույսով սպասող…

— Հավատա՛, սիրելի՛ս, հույսդ մի կտրիր: Նոր երկիր ենք, նոր ենք ոտքի կանգնում: Բա ի՞նչ ես ուզում՝ ամեն ինչ հո՛ միանգամից չի՞ լինի:

— Իսկ դու հավատո՞ւմ ես քո ասածներին: Այդ «նորը» միայն ժողովրդի մի մասի համար է: իսկ այդքան գումարներ, տարիներով կուտակվածը, մի ակնթարթում փոշիացան… ո՞ւմ ձեռքերով: Ու մինչև այժմ էլ եկած օգնությունների ու վարկերի առյուծի բաժինն անհայտ ուղիներով փոշիանում են: Կրկնեմ միջնադարյան մեծ բանաստեղծի իմաստուն խոսքը՝ «Մեկին հազար ձի և ջորի, մեկին՝ ո՛չ ուլ մի, ոչ մաքի»: Այսօր այդ իրավիճակն է, նոր օրենքներ ու սահմանադրություն, նոր կարգ ու կանոն: Մեկից ի՞նչ հասկացա, որ մյուսն ինչ կլինի: Դրա համար էլ իմ  բնակչությունը հուսահատ լքում է ինձ՝ օգնության հույսը օտարների վրա դրած: Իսկ ով օտարի հույսին է մնում, նշանակում է՝ ոչինչ է, վաղ թե ուշ կոչնչանա:

— Քո  վերքերը շատ-շատ են, խորը, անբուժելի, ես չեմ ուզում բոլորը վեր հանել, կներես սիրելի՛ս, կաշխատենք ինչ-որ բան շտկել, որոշ չափով դարմանել վերքերդ: Իսկ այժմ տե՛ս՝ կեսօր է, փողոցները լցվել են մարդկանցով, դպրոցից տուն վերադարձող երեխաների խինդ ու ծիծաղով…

— Այդ խինդն ու ծիծաղն է, իմ ժողովրդի համ ու հոտով հումորն է, որ ինձ ուժ ու հավատ է ներշնչում վաղվա օրվա նկատմամբ: Գնա՛, դու էլ, Մա՛րդ, հավատ ու հույս ներշնչիր հուսահատ ու հուսախաբված մարդկանց: Դու էլ այդպես օգտակար եղիր… Մինչև նոր, լուսաշող հանդիպում…

ՄԻՆԱՍ ՄԻՆԱՍՅԱՆ (76 տարեկան)

Լուսանկարը` VP Photography

print
3,612