ՀՀ-ն դարձնել մի գոտի, որի միջոցով ԵՄ-ն կհամագործակցի ՌԴ-ի հետ ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ն դարձնել մի գոտի, որի միջոցով ԵՄ-ն կհամագործակցի ՌԴ-ի հետ

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ ՀՀ քաղաքագետների և վերլուծաբանների մեծամասնությունը դրական է  գնահատում ստորագրված համաձայնագիրը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Շրջապատի» հետ զրույցում նշեց, որ Եվրամիությունն հանդիսանում է աշխարհում ամենահարուստ տնտեսական և քաղաքական կազմակերպություններից մեկը, ուստի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունի, սակայն այն զգալիորեն տարբերվում է ԵՄ ասոցացման համաձայնագրից, որն ՀՀ-ն ստորագրելու էր, բայց չստորագրեց: «Տնտեսական, նաև քաղաքական գործունեության բնագավառում շատ դրույթներ դուրս են եկել, քանի որ մենք ԵՏՄ անդամ ենք: Բայց ինչ ուզում է լինի, այս համաձայնագիրը ևս կարևոր է մեր համար: Եթե այս անգամ էլ չստորագրվեր, կունենայինք միջազգային վարկանիշի շեշտակի անկում և անլուրջ կընկալվեինք միջազգային հանրության կողմից: Այս համաձայնագրով մենք բավական լավ դիրքեր կունենանք ԵՄ-ի հետ համագործակցության հարթակում: Մեծ նշանակություն ունի նաև մեր վարած քաղաքականությունը»,- պարզաբանեց Գ. Համբարյանը:

Անդրադառնալով համաձայնագրի տնտեսական մասին, քաղաքագետը շեշտեց, որ կհեշտանա Եվրամիությունից Հայաստան ներդրումային հնարավորությունները. «Պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի եվրոպացիները մեր երկրում ներդրումներ կատարեն: Եվրոպացի ներդրողը Հայաստան կգա, եթե ապահովվի նրա անվտանգությունը, չխլվի իր բիզնեսը: Եթե հնարավորություն ունենանք, կարող ենք ՀՀ տարածքը դարձնել մի գոտի, որի միջոցով ԵՄ-ն կհամագործակցի ՌԴ-ի հետ: Եվրոպացի արտադրողները կարող են իրենց բիզնեսները դնել Հայաստանում, իրենց արտադրանքը Հայաստանից արտահանվի Ռուսաստան այն պարագայում, երբ Եվրամիության և Ռուսաստանի միջև տնտեսական խորը ճգնաժամ է՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներով: Հայաստանը կարող է նույն դերակատարությունն ունենալ, ինչ Վրաստանը Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերություններում»:

Գ.Համբարյանը կարևորեց նաև Եվրամիության հետ կրթական ոլորտում համագործակցությունը. «Երեք տարի առաջ ԵՄ-ի կողմից Հայաստանում մեծ ծրագրեր էին իրականացվում: Մեծ քանակությամբ ուսանողներ և դասախոսներ մեկնում էին Եվրոպա՝ վերապատրաստվելու: Ցավոք, այդ ամենն ավարտվեց գրեթե այն ժամանակ, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ասոցացման համաձայնագիրը: Հիմա հույս ունեմ, որ մեր մտավորականությունը հնարավորություն կունենա շփվել եվրոպական խոշոր գիտական կենտրոնների հետ»:

Ինչ վերաբերում է Եվրասիական միության պայմանագրին, Գ.Համբարյանն համոզմունք հայտնեց, որ այն ստորագրելուց հետո գրեթե բոլոր փորձագետները համոզված էին, որ այն մեր բնակչության վրա շեշտակի ազդեցություն չի ունենա, քանի որ ԵՏՄ անդամ կարևոր երկրներից Ռուսաստանը գտնվում է տնտեսական  և քաղաքական շրջափակման մեջ, ինչը շարունակվում է արդեն երեք տարի, որի վերջը չի երևում: «Մինչև եվրոպացիների կողմից պատժամիջոցներ կիրառելը, պարզվեց, որ լինելով 150 միլիոնանոց երկիր, Ռուսաստանը գրեթե տնտեսություն չի ունեցել: Մյուս երկիրը Ղազախստանն է, որը ևս չի փայլում իր տնտեսական հնարավորություններով: Հաջորդը մեզանից ոչ լավ ապրող ղրղզներն ու տաջիկներն են, որոնք իրենց ՀՆԱ-ի չափով Հայաստանին նույնիսկ զիջում են: ԵՏՄ անդամ հաջորդ երկիրն էլ վերջին բռնապետություն Բելառուսն է: Բնական է, այս երկրներից չէինք կարող ակնկալիքներ ունենալ»,-հավելեց քաղաքագետը:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
1,185