Հույսի եւ մահի միջեւ ⋆ «Շրջապատ»
ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Ձայն այն աշխարհից

— Պոսլուշայ, սերժանտ, էտո Նասիբով գովորիտ, ու վաս տամ դոլժեն ժդած օտեց նաշեվո զալոժնիկա՝ Ռուբեն, պոզովի՛ (լսի՛ր, սերժանտ, Նասիբովն է խոսում, ձեզ մոտ է մեր պատանդներից մեկի հայրը՝ Ռուբենը, կանչի՛ր):

Մինչ կգտնեին հայրիկիս, Նասիբովը մի քանի հարցերի միջոցով ճշտեց իր զրուցակցի իսկությունը:

— Ա՜ա, էտո տի՞ Պետրոսյան, զաչե՞մ տակ գովորիշ, օբրատնո կ նա՞մ խոչեշ (հա, այդ դո՛ւ ես, Պետրոսյան, ինչո՞ւ ես այդպես խոսում, նորի՞ց ես ուզում մեզ մոտ ընկնել):

Երևի հայ սերժանտն այնքան էլ հարգալից չէր ազերի գնդապետի նկատմամբ: Պարզվեց, այդ սերժանտն ու ևս 43 հայ ոստիկան գերի են ընկել ազերիներին ու նստած են եղել հենց մեր բանտախցում: Պատկերացնո՞ւմ եք, 44 հոգով 14-15 քառակուսի մետրանոց մի խցում, որտեղ մեզ՝ 6 հոգուս համար էր նույնիսկ նեղվածք: Ճիշտ է, նրանք անհամեմատ ավելի քիչ ժամանակ էին անցկացրել այստեղ՝ Ղազախում, սակայն համաձայնվե՛ք, պայմաններն, իրոք, շատ դաժան են եղել: Ոստիկաններին մի քանի օրից հաջողվել է փոխանակել ՊԱԿ-ի նույն մայոր Բայրամովի (Աղասի «դոստի») հետ: Հայկական գաղտնի ծառայությունների երկու աշխատակիցներ՝ փայլուն օպերացիայի շնորհիվ, Բայրամովին առևանգել են հենց Ադրբեջանի հողում: Սլավոնական արտաքինով այդ երկուսը ներկայացել են որպես ռուսական ՊԱԿ-ի սպաներ ու ասել, իբր, իրենց վարչության հրամանատարը ցանկանում է հանդիպել Բայրամովի հետ: Նստեցրել են մեքենա ու տարել ուղիղ… Իջևան: Խուճապի մատնված ազերիներն անհապաղ ձեռնամուխ են եղել փոխանակմանը: Այս մանրամասները հետո պատմեց Տիգրան Սարգսյանը, ով անձամբ էր վարել բանակցությունները, քանզի այդ 44 հոգին «իր տղաներն էին»: Նա այդպես էլ ասում էր. «Իմ տղաները, նրանց ոչնչով իմ որդիներից չեմ տարբերում»: Երբ պատմում էր, աչքերը մերթ տամկանում էին, մերթ լցվում ցասումով, մերթ՝ հպարտությամբ, որ կարողացել է փրկել իր 44 «որդիներին»: Շնորհակալություն, մեծ մարդ, Տիգրան Սարգսյան:

Մինչդեռ, ես սրտի ահավոր տրոփյունով, դողացող ձեռքերով սպասում էի հայրիկիս՝ պետք էր հավաքվել ու խոսել փխրուն սիրտ ունեցող հայրիկիս հետ հանգիստ ձայնով, պետք չէր նրան ավելորդ հուզում պատճառել: Իմ բախտից՝ նրան փնտրելու մի քանի րոպեների ընթացքում, երբ հանկարծ կարծես խորունկներից լսվեց Նասիբովի ձայնը. «Իդի սյուդա, վո՛տ, գովորի՛ ս օտցոմ (արի՛, ահա՛, խոսի՛ր հայրիկիդ հետ)», ես արդեն կարողացել էի տիրապետել ինքս ինձ: Սառնասրտորեն մոտեցա լսափողին (համեմատաբար՝ սառնասրտորեն):

Մինչդեռ, ես սրտի ահավոր տրոփյունով, դողացող ձեռքերով սպասում էի հայրիկիս՝ պետք էր հավաքվել ու խոսել փխրուն սիրտ ունեցող հայրիկիս հետ հանգիստ ձայնով, պետք չէր նրան ավելորդ հուզում պատճառել: Իմ բախտից՝ նրան փնտրելու մի քանի րոպեների ընթացքում, երբ հանկարծ կարծես խորունկներից լսվեց Նասիբովի ձայնը. իդի սյուդա, վո՛տ, գովորի՛ ս օտցոմ (արի՛, ահա՛, խոսի՛ր հայրիկիդ հետ), ես արդեն կարողացել էի տիրապետել ինքս ինձ: Սառնասրտորեն մոտեցա լսափողին (համեմատաբար՝ սառնասրտորեն):

— Գովորի՛, նո տոլկո պո ռուսկի (խոսի՛ր, բայց միայն ռուսերեն),- հրամայեց գնդապետը: Մինչ այդ նա հարցրեց՝ ինչպիսին են պայմանները բանտախցում, հասկացնելով, որ հայրիկիս հետ բացասական բաների մասին չպետք է խոսեմ:

— Պա ջան, բարև,- հնարավորինս հավասար տոնայնությամբ ողջունեցի հայրիկիս: Նա անունս արտաբերեց ու լռեց: Ես հարցեր տվեցի՝ մայրիկիս առողջության (մի քանի ամիս առաջ հիվանդանոց էր պառկել՝ վախենում էի նորից սթրես տարած լինի), որդիներիս, կնոջս մասին: Հայրս՝ կամ խզված ձայնով մի բառ էր ասում՝ հա, կամ՝ ոչինչ չէր պատասխանում: Հասկացա, որ չափազանց հուզված է ու… լաց է լինում:

— Պա ջան, ըստեղ նորմալ է, մի՛ անհանգստացիր, ուտելիք տալիս են, սաղ տղեքն էլ նորմալ են, ըսա իրենց բարեկամներին, դու ձիգ մնա, լավ կեղնի,- հորդորում էի հորս: Իրականում հակառակը պիտի լիներ: Էսպես «զրուցեցինք» մի 3-4 րոպե, թեև դա ավելի շատ մենախոսություն էր, քան զրույց: Հայրիկս այդպես էլ որևէ կոնկրետ բան չկարողացավ ասել: Նասիբովը ուշադիր լսում էր՝ հանկարծ ավելորդ, իրենց վարկաբեկող բաներից չխոսեմ: Նրան հարկավոր էր ընդամենը ապացուցել, որ ապահովելով հեռախոսազրույցը, կատարել է խոստումը, ու համոզել հայկական կողմին, որ մենք ողջ-առողջ ենք, ինչը, բնական է, շուտափույթ փոխանակման գլխավոր գրավականն էր: Գնդապետը ձեռքով ժեստ արեց.՝ դա նշանակում էր, որ ժամանակը սպառվել է:

— Լավ, պա ջան, շուտով կհանդիպենք, մի՛ մտածիր,- նորից «դուխ» տվեցի հայրիկիս:

Խառը զգացումներով կախեցի լսափողը: Կոկորդս խեղդվում էր, արտասուքի բարակ շիթ գլորվեց այտովս: Արագ շրջվեցի, որ ազերին չտեսնի թուլությունս, խորը շունչ քաշեցի, մի կերպ շնորհակալություն հայտնեցի ու գլխիկոր, ոտքերս հազիվ քարշ տալով, դուրս եկա ոստիկանապետի կաբինետից: Վերջին պահին Նասիբովն ասաց.

— Զավտրա ու նաս սնովա պերեգովորի, վսյո բուդետ խորոշո (վաղը կրկին բանակցություններ են կայանալու, ամեն ինչ լավ կլինի):

Ականջիս մեջ տրոփում էր հայրիկիս աղիողորմ «հա» բառը: Պատկերացրի՝ ինչպես հիմա կանգնած, գլուխն ափերի մեջ առած, զսպում է հեկեկոցը: Հոգիս տակնուվրա եղավ: «Կներես, պա ջան, հազար անգամ կներես, էս ինչ արի, էս ինչ օրը գցի մերոնց»,- նախատում էի ինքս ինձ:




Կարծես մառախուղի միջով էի քայլում, ուղեղումս լիակատար քաոս էր, ոտքերս դողում էին: Մի պահ շփոթեցի ճանապարհը, լավ է՝ ուղեկցողը կողքիս էր: Հասանք մեր բանտախցի մոտ ու մինչև շրխկոցով դուռը կբացվեր, կարողացա փոքր-ինչ ուշքի գալ ու հենց ոտքս շեմից ներս դրեցի, տղաները վեր թռան տեղերից, հարցերի տարափ հեղելով գլխիս.

— Ի՞նչ եղավ, ապ ջան, ի՞նչ ըսին, ի՞նչ հեռախոսազանգի մասին կըսեին, ե՞րբ պտի փոխեն մեզի, մերոնցից ո՞վ կա ընտեղ:

Երկու բառով պատմեցի՝ ինչպես Հայաստան եմ զանգահարել ու խոսել հայրիկիս հետ: Հասկանալի էր՝ չէի կարող խոստովանել, որ հայրս ոչ մի կոնկրետ բան չի ասել, հետևաբար՝ հիշելով Նասիբովի վերջին նախադասությունը, հանգստացրի բոլորին.

— Տղե՛ք, էգուց էլի բանակցությունների պտի էրթան, արդեն վայթե լավ կեղնի, ձերոնք էլ ընտեղ են, սաղն իրար հետ են, քիչմ էլ համբերենք ու վերջ:

Մինչ այդ Ֆիկրետը տեղեկացրել էր, որ հանդիպումներին բացի հայրիկիցս ու ընկերոջիցս՝ Սամվելից, ներկա են լինում Սերոբի ու Աղասի հայրը, ինչպես նաև Աբոն, ով բարեկամ էր և՛ Հովոյին, և՛ Ֆելոյին: Մյուս մեր բախտակից ընկերը՝ Արայիկը, այդ գործում «ներկայացուցիչ» չուներ: Ուստի՝ տղաների ազգական-բարեկամների մասին տված ինֆորմացիան ինձանից չէի հորինել: Փոքր-ինչ ոգևորված, երկար քննարկեցինք իրավիճակը, եկանք եզրահանգման, որ՝ դատելով բոլոր նշաններից, մեզ այստեղից բաց թողնելու օրը սարերի ետևում չէ: Դա հունվարի 16-ն էր: Այդ պահին չգիտեինք, որ ազատագրվելուն դեռ 8 օր կա: Մինչդեռ, երբ բոլորը հուսադրված մտքերով լի պառկեցին քնելու, ես անցա իմ սիրած «զբաղմունքին»՝ մտորումների:

 

Մտորում #3
Ազատություն 

Անձի ազատության գաղափարը մտորումներիս մեջ միշտ կարևոր տեղ է զբաղեցրել: Մարդու մեջ ի սկզբանե դրված է ազատ լինելու տենչը: Սակայն, ի սկզբանե ստեղծված են նաև այդ տենչը խոչընդոտող իրավիճակներ ու կապանքներ: Արդ, կյանքը դեռ չի սկսվել, բայց դու արդեն ստիպված ես 9 ամիս անցկացնել սահմանափակ տարածքում՝ մայրիկիդ արգանդում: Ու թեև դա անհոգ ժամանակահատված է՝ սնունդը կա, կարծես թե պաշտպանված ես, բայց, նախ՝ նման ես ոսկե վանդակի մեջ գտնվող թռչնակի, երկրորդ՝ քեզ կարող են դեռ չծնված խեղել, ճնշել հազար ու մի ազդակների միջոցով՝ ընտանեկան վեճեր, աղմուկ, ալկոհոլ, ցնցումներ, այլևայլ սթրեսներ… Լավ, եկար աշխարհ (նկատենք՝ այնքան էլ հեշտ չէ այդ ճանապարհը) ու ի՞նչ: Ուրախության փոխարեն, որ դուրս պրծար «տաքուկ զնդանից», ցավի ու բողոքի ճիչ ես արձակում, լացում առանց արցունքների: Հետո փոքր-ինչ խաղաղվում ես՝ քեզ լողացնում են, համով կաթիկ ուտեցնում… Սակայն այդ խաղաղությունը դեռ չվայելած, նոր ոտնձգության ես ենթարկվում՝ չարսավներով ամուր բարուրում են փամփլիկ մարմինդ ու ազատատենչ ոգիդ: Կապում են ձեռքերդ, որպեսզի իբր արձակած ձեռքերով ինքդ քեզ չվնասես: Իսկ թե ինչ վնաս են իրենք (բժիշկները, ծնողները, տատիկ-պապիկները) հասցնում, իհարկե, լավ կլինի լռել: Մոտավորապես մի տարի էսպես, սիրուց դրդված (!?) քեզ տանջում են՝ պինդ-պինդ փաթաթում ամեն պատեհ-անպատեհ առիթով՝ բոլորովին հաշվի չառնելով կարծիքդ:

Հետո, երբ, ի վերջո, ոտքի ես կանգնում ու թվում է՝ ահա՛, այլևս չեն փաթաթելու, ազատ քայլելու ես, ճանաչելու ես այս «զարմանալի» աշխարհը, հանկարծ պարզվում է գոյություն ունի «չի կարելի» ահեղ արգելքը: Ի լրումն, քեզ շատ հաճախ համոզում են անել կամքիդ հակառակ բաներ, օրինակ՝ մամայի, տատիկի, հարևան տյոտյայի խաթեր ուտել ինչ-որ շիլա, խմել ինչ-որ «զմփրթի» (բայց թանկ) հյութ և այլն: Ո՞ւր է այդ ազատությունը: Հետո լեզուդ բացվում է, մտածում ես՝ այ, հիմա կասեմ իմ սիրելիներին այն ամենը՝ ինչ նրանց մասին մտածում եմ: Հա՛, բա կասես, չեմեչե: Մի փութ նոր «չի կարելի»-ներ են թափվում գլխիդ: Դա դեռ քիչ է, «մանրից» սկսում են ներարկել, որ քո մեջ ահագին վատ բաներ կան. դե, չես լսում մեծերին, խելոք չես պահում քեզ, մի տեղ տիտիկ չես տալիս, բյուրավոր ապուշ-ապուշ հարցեր ես տալիս, եսիմ որտեղից թռցրած վատ-վատ բառ ես օգտագործում…

Այսպես շփոթված հասնում ես մսուրային ու մանկապարտեզային տարիքի: Մի քանի անգամ այդ «գթասիրտ» ձեռնարկություններն այցելելուց հետո, արցունքներն աչքերիդ աղաչում-պաղատում ես ծնողներիդ՝ այլևս չտանել այդ դժոխքը: Ավա՜ղ: Դու ո՞վ ես, որ բան ուզես, կամքդ թելադրես (քթով-պնչովդ ջուրը պղտորես…): Ի դեպ, իմ պարագայում այդպես չի եղել. ես առանց դժգոհության եմ գնացել մանկապարտեզ, իսկ, օրինակ, որդիներիցս միջնեկին 6 տարեկան հասակում հաջողվեց «շարժել մեր գութը» (ավելի ստույգ՝ կամային որոշում կայացնել, ինչի հետ ես ստիպված եղա հաշվի նստել) ու երեք ամիս չգնալ մանկապարտեզ: Ահա այսպես:

Հետո գալիս է նոր տեսակի «դժոխքը»՝ դպրոցը, ուր մուտք գործելուց առաջ դու արդեն տասնյակ բարդույթներով, պարտադրված կողմնորոշիչներով «ծանրաբեռնված» մի մարդ ես (այդուհանդերձ, մարդ ես, ոչ անխելք երեխա, ինչպիսին հակված են դիտել քեզ մեծահասակները), ում ներքին աշխարհը, ազատության տենչը, նախասիրություններն առանձնապես ոչ մեկին հետաքրքիր չեն: Դե, դպրոցը մի շա՜տ ուրիշ օպերա է: 10 տարիների ընթացքում հարգարժան ուսուցիչներն ամեն ինչ անում են, որպեսզի զրկեն քեզ ինքնուրույն, ոչ ստանդարտ մտածելուց: Դու պարտավոր ես ներկա լինել ձանձրալի դասերին, նույնիսկ խելոք նստել ու ձևացնել, իբր հետաքրքիր է: Ես վատ չեմ սովորել, բայց հաճախ էի փախչում դասերից, ինչի համար ծնող էին կանչում, պատժում, տնօրենի մոտ տանում և այլն: Արդյունքում, ծնողներիս կողմից «արժանանում» էի պարսավանքի, ձեռք էի բերում նոր բարդույթներ, վախեր ու անվերջ խճճվում ու խճճվում էի: Իմ ամենասիրելի զբաղմունքը ընթերցանությունն է եղել, ինֆորմացիա հավաքելն ու գրի առնելը, ֆուտբոլ խաղալը, նաև՝… երազելը: Այս ամենն ընդամենը ազատության տենչ է, մարդու բնական վիճակ, երբ ցանկություն կա զբաղվել սիրած գործով, հաճույք վայելել, ի վերջո, զգալ ինքդ քեզ ազատ, կապանքները թոթափած անհատականություն: Սակայն «վերին ուժերը» (ուսուցիչներ, ծնողներ, ազգական-բարեկամներ) քո՝ այդ հողից կտրված, ոչ իրատեսական ձգտումները չեն էլ ուզում իմանալ: Նրանք խելացի խրատներ են տալիս, դեմքի իմաստուն արտահայտությամբ բացատրում, որ կյանքը այնպիսին չէ, ինչպիսին դու ես պատկերացնում, որ իրենք անցել են այդ ճանապարհով ու դու, տղա ջան, պետք է շարժվես իրենց ուզածով, որպեսզի ոտքդ քարին չդիպչի: Մի խոսքով, իրենք ամեն ինչ գիտեն, իսկ դու, պարզվում է, մի ամյոբայի խելք էլ չունես: Ազատությանդ աստիճանը քանի գնում, այնքան ավելի ու ավելի է սահմանափակվում, սկսում ես կասկածել՝ արդյո՞ք գոնե մի լավ, խելոք բան չկա քո մեջ, մի՞թե այդ աստիճան անմիտ ես: Փառք Աստծո, գոյություն ունի հասունության տարիք:

16, թե 17 տարեկանում, ի վերջո, իմ խորունկներում մեծ խզում առաջացավ, Մեծ պայթյունի պես բան: Աչքերս բացվեցին: Հասկացա, որ ոչ մեկը ինձ վրա իշխանություն չունի, հասկացա, որ ազատությունը քաղցր բան է, թերևս ամենաքաղցր պտուղներից մեկն աշխարհում: Սակայն, դա ամենևին չէր նշանակում, թե միանգամից կարելի էր ձերբազատվել բոլոր բարդույթներից, քանդել շղթաներն ու դառնալ լիակատար ազատ մարդ: Երկար ու ձիգ տարիներ քայլ առ քայլ ես գնում էի դեպի ազատություն, վերլուծելով իմ կյանքի, հատկապես մանկության, յուրաքանչյուր վայրկյանը, դրվագը: Շատ ու շատ առաջ էի գնացել, կարծես թե գիտեի ազատ, կատարելիության ձգտող մարդ դառնալու հետագա ուղիս: Բայց… այս պահին՝ 1991 թվականի հունվարի 16-ին, ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ազատության մասին մտածելն անգամ ավելորդ էր: Անցած տարիների ընթացքում ինչ առաջընթացի որ հասել էի, որքան ներքին ազատություն որ ձեռք էի բերել, այս՝ բառացիորեն անազատ, չորս պատի ներսում գտնվելն այդ ամենը ի չիք էր դարձնում: Փաստորեն, զրոյացվում էր իմ ստեղծած արժեքների ողջ համակարգը, անիմաստ էր դառնում մինչ հիմա ինքս ինձ վրա թափված քրտինքիս արժեքը: Նույնն է, թե զավակիդ համար ջանք ու եռանդ չխնայես, քրտինք թափես ու հանկարծ՝ քեզանից անկախ, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մի քանի օրում կորցնես նրան:

Չեմ կարող ասել, թե այս մտորումներն ամբողջովին թևաթափ էին անում ինձ, զրկում ոգուց, բայց  ճնշում էին ահավոր կերպով, ստիպում լարել միտքս բանական բացատրություններ գտնելու, հասկանալու՝ ինչու եմ այստեղ ու արդյո՞ք փորձությունները ճիշտ եմ անցել, որպեսզի արժանի լինեմ ազատություն ստանալուն: Ստույգ չեմ հիշում այս մտորումները հենց հայրիկիս հետ զրուցելու օրը տեղի ունեցան, թե՝ դրանից առաջ: Թեև, կարծում եմ, այնքան էլ կարևոր չէ: Ուղղակի այդ օրը ծանր նստեց վրաս և չէր բացառվում, որ հենց այդ օրվա ցնցումները հանգեցրին նմանօրինակ մտորումների: Ինչևէ… Լուսացավ մեր գերության 29-րդ օրը: Այդ գիշեր ես այդպես էլ չքնեցի:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

print
18,111