Հույսի եւ մահի միջեւ ⋆ «Շրջապատ»
ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Սպասում

Խորովածին հաջորդած մի քանի օրերի ընթացքում գրեթե բան չէր փոխվում՝ ազերիների ու հայերի պատվիրակություններն ինտենսիվ բանակցություններ էին վարում, սակայն, ինչպես ասում են, խոպը քարին էր դեմ առնում. ոսկեպարցիներից ոմանք շահագրգռվածություն չէին ցուցաբերում մեր ազատվելու հարցում: Ճիշտ է, Սաշիկի ու գողացված անասունների խնդիրը՝ շնորհիվ Տիգրան Սարգսյանի, ինչ-որ չափով մղվել էր երկրորդ պլան, բայց ազերիների առջև նոր կոնկրետ պահանջ էր դրված՝ Ղազախում գտնվող 6 պատանդներից բացի, պետք էր ազատել ևս մեկին՝ ոսկեպարցի Սեյրանին, ով պահվում էր Գյանջայի (Կիրովաբադի) բանտում: Մինչև հունվարի 21-22-ը այդ խոչընդոտը մնում էր առկախ: Թուրքերը սակարկում էին՝ հույս ունենալով, որ հայկական կողմը՝ չուզենալով այլևս ձգձգել գործընթացը, ի վերջո, կհամաձայնվի փոխանակումը կատարել առանց Սեյրանի: Այդ տեղեկությունները մեզ հասցնում էին ԿՊԶ-ի պահակ ոստիկանները, ովքեր հանդիպումների մասնակից էին: Սակայն հայերը համառորեն պնդում էին պահանջը: Այդ լուրերից մենք նյարդայնանում էինք: Հասկանում էինք, որ բանակցությունները թևակոխել են ավարտական փուլ, մազ է մնացել ազատվելուն, բայց արի ու տես, որ չեղած տեղից նոր բան էր բուսնում:

Տղաները մեկ-մեկ նեղսրտում էին, թե. «Էդ Սեյրանը ուրտեղից ծլավ, ա՛յ մարդ, ըդիգ օր չեղներ, հըմի արդեն տունն էինք»: Սերոբի հետ ջանում էինք հանգստացնել նրանց. «Մի՛ նեղսրտեք, նրան էլ է մայր ծնել, նրան նույնպես սպասում են մտերիմները, մեր շնորհիվ թող այդ տղան էլ ազատվի, այսքան դիմացել ենք, մի երկու օր էլ կդիմանանք, վերջն արդեն մոտ է»: Հորդորները սթափեցնում էին բողոքողներին, ստիպում համաձայնվել փաստարկներին:

Հունվարի 23-ի առավոտյան Ֆիկրետը հանդիսավոր ձայնով հայտնեց, որ այսօր գնալու են Գյանջա՝ Սեյրանին բերեն Ղազախ, ու ժամը 2-ին փոխանակումն անպայման պիտի կայանա: Հրճվանքներիս չափ ու սահման չկար: Այդուհանդերձ, պետք էր սպասել ու չընկնել էմոցիաների գիրկը, ո՞վ գիտեր՝ մեկ էլ տեսար, Աստված մի արասցե, չնախատեսված մի բան կարող էր ծնվել:

— Տղեք ջան, մինչև Սեյրանը ըստեղ չմտնի, արեք շատ չուրախանանք, մինչև ճաշի վախտն օր չբերին, ուրեմն էսօր էլ ենք ըստեղ,- դիմեցի ուրախությունից թռչկոտող բախտակից ընկերներիս:

— Էլի սկսի՞ր, ապ ջան, ըշտը մարդն ըսավ, օր գնացել են Սեյրանի հետևից, սաղ պայմանավորված է, էլ ի՞նչ գուզես էղնի, — դժգոհեց Ֆելոն:

— Գուզեմ էս քոռ աչքովս Սեյրանին հենց ըստեղ տեսնիմ, ըդորից հետո 90 տոկոսով կհավատամ,- կոշտ հակադարձեցի Ֆելոյին ու մյուսներին, ովքեր համաձայն էին նրա հետ առ այն, որ ես հոռետես եմ:

— Հըմի, քիչըմ հետո օր Սեյրանը ներս մտավ՝ ի՞նչ պտի ըսես, — շարունակեց Ֆելոն:

— Կըսեմ ներողություն ու կըսեմ՝ ուրախացե՛ք ժողովուրդ, մենք 90 տոկոսով ազատ ենք,- չուզենալով երկխոսությունը վերածել վեճի, ժպտալով պատասխանեցի Ֆելոյին:

— Ծո, լավ էլի, 90 տոկոսը ո՞րն է, անհավատ մարդ ես, հո զոռով չէ,- բողոքական տոնը փոքր-ինչ իջեցրեց Ֆելոն:

— Է՜հ, Սեյրան ջան, որտե՞ղ ես, մեր անուշ ախպեր, գիտե՞ս ինչքա՜ն ենք քեզ սիրում,- հումորով միջամտեց Աղասը,- էլի սպասենք, տղե՛րք:

Րոպեները կրկին սկսեցին ճռռալով ձգվել՝ մեկ ժամ, երկու, երեք ժամ: Շնիրը՝ կաթսայով ճաշը սայլակին դրած, սկսեց բաժանել օրապահիկը: Վռիկ ապուրն էլ կերանք-պրծանք, իսկ Սեյրանը չկար ու չկար: Այդ ընթացքում խեղճ Ֆիկրետի հոգին հանեցինք հարցուփորձ անելով: Նա միայն ասում էր. «Մեքենան գնացել է, ուրորե կբերեն, սպասե՛ք»: Այլընտրանք չկար՝ պետք էր սպասել: Սպասեցինք ու սպասեցինք՝ Սեյրանը չկար ու չկար: Ֆիկրետը տեղեկություն բերեց, որ մեքենան վերադարձել է առանց Սեյրանի: Գյանջայի բանտում ինչ-որ պրոբլեմներ են առաջացել, հետաձգել են վաղը: Այդ իմանալուց հետո տղաները հայացքները դարձրին իմ կողմը՝ փաստորեն իմ չնչհավատությունը հիմքից զուրկ չէր: Մեկնաբանություններ չեղան, ասելու բան չկար: Եվս մեկ չնախատեսված խոչընդոտ: Դե, արդեն իմունիտետ էինք ձեռք բերել, այնքան էլ ծանր չտարանք՝ առջևում վաղն էր, և հենց վաղն էին մեզ փոխանակելու: Ես ներքուստ հավատում էի դրան, սակայն չուզեցի դատարկ խոսքեր ասել: Ո՞րերորդ անգամ այդ վաղը պիտի գար՝ բարին բերեր ու չէր բերում: Առավոտը գա՝ բարին հետը:




«Փրկագին»

Հունվարի 24-ն էր: Գիշերը գրեթե չէի քնել: Վերլուծում էի, խորհում: Բոլոր հաշվարկներով ստացվում էր, որ այսօր բանտարկության վերջին օրն է, ծայրագույն դեպքում՝ նախավերջին: Դուրս եկանք բակ՝ մոցիոնը կատարելու: Զրուցեցինք Դեդի հետ: Տեղյակ էր ամեն ինչից: Ինքը նույնպես հաստատեց, որ բանակցային գործընթացն ավարտված է, մնացել է միայն Սեյրանին բերելու խնդիրը: Ֆիկրետը հերթափոխը հանձնելուց առաջ հասցրեց ասել, որ մեքենան արդեն ուղարկել են Գյանջա, պետք է, որ այսօր պրոբլեմ չլինի: Լուռ նստած էինք խցում, սպասում էինք Սեյրանին: Նա հայկական հող մտնելու մեր անցագիրն էր: Ժամանակը կրկին դանդաղ էր գնում: Ժամկետը մինչև կեսօրն էր: Ճաշի ժամը մոտենում էր, համբերություններս հասել էր կրիտիկական կետի, յուրաքանչյուր ավելորդ բառ կարող էր պայթեցնել լռությունը: Ուստի ձգտում էինք չխոսել: Շատ էի լսել մեծերից, հայրիկս էլ հաճախ էր կրկնում, թե սպասելուց «մունդառ» բան չկա աշխարհիս երեսին: Հիմա դա հասկանում էի ողջ էությամբ, մարմնիս բոլոր բջիջները լցված էին ծանր, մածուծիկ մի նյութով: Դա «սպասում» կոչվող նյութ էր՝ չլուծվող, հեռացնելուն ոչ ենթակա, մի խոսքով՝ «մունդառ» մի բան: Հովոն հերթապահում էր «կորմուշկայի» մոտ՝ յուրաքանչյուր թխկոցին ուրույն մեկնություն տալով՝ ձգտելով որսալ բակ մտնող ավտոմեքենայի ձայն: Մի քանի անգամ հուսախաբ լինելուց հետո, նա կամացուկ ասաց.

— Տղեք, էլի ավտո եկավ, կարո՞ղ է մեր Սեյրանն է, վախենամգը աչքով տամ:

Լարվեցինք: Միջանցքի դուռը բացվեց: Հովոն ուրախ բացականչեց.

— Սեյրանն է, տղե՛ք, Սեյրանն է:

Մեսսիային երևի այդպես չէինք փափագում տեսնել, ինչպես՝ Սեյրանին: Մեր փրկությունը վերջապես եկավ: Կարճահասակ, քաշված շարժուձևով, մոտ 19-20 տարեկան տղա էր: Հարցուփորձ սկսեցինք անել: Դժվարությամբ էր խոսում, շնչում էր նույնպես դժվար: Առանձնապես ցանկություն չէր ցուցաբերում իր բանտային կյանքից պատմելու: Երևում է՝ շատ էր ծեծի ենթարկվել, ճնշված վիճակում էր:

Ճաշի ժամն էր: Շնիրը սկսեց բաժանել «անուշահոտ» վռիկը: Սակայն մեր հերթը չէր հասնում: Տեսանք, որ մնացել ենք մենակ մենք:

— Է՜յ, պրինեսի՛ նաշու պայկու, տի շտո՞ տամ վոզիշսյա (է՜յ, բեր մեր բաժինը, ի՞նչ ես ձգում), — հորդորաց Աղասը:

— Վամ նե պոլոժենո (ձեզ չի հասնում),- թունոտ արձագանքեց շնիրը, ով նորեկներից էր:

— Տի շտո օբորզե՞լ, պառեն, պադայդի սյուդա (ի՞նչ է, լրիվ «հաբռգար», ա՛յ, տղա),- մենք արդեն հունից դուրս էինք գալիս:

— Պուստ վաշ տովարիշչ (նկատի ունենալով ինձ) օտդաստ սվայի տուֆլի (թող ձեր ընկերը կոշիկները տա),- պայման դրեց այդ ամբարտավանը:

Ես՝ առանց վարանելու, ուղարկեցի հեռու այդ ջահելին ու դարձա ընկերներիս.

— Կերևա սոված փորով պտի Հայաստան մտնինք, ես «Սալամանդրներս» տվող չեմ:

Պետք է ասել, որ մեր գերության ողջ ընթացքում իմ այդ մակնիշի կոշիկներիս վրա շատերն էին աչք ունեցել: Եվ ոչ մեկին, թե՛ համոզելով, թե՛ զոռով, չէր հաջողվել բռնագրավել դրանք: Հիմա նույնպես դեմ էի, հասկանալով, որ միևնույն է՝ այսօր ազատվելու ենք: Եվ այս լակոտը հանդգնել էր պայման դնել՝ կոշիկները ճաշի դիմաց, որի հետ հաշվի չնստել չէր լինի: Իմ կոշտ դիրքորոշումն ընկերներիցս մի քանիսին դուր չեկավ, հատկապես՝ Ֆելոյին:

— Ի՞նչ է, ապ ջան, կոշիկ է, էլի, տուր պրծի՛, կարող է ըդիկ մեր փրկագինն է,- նախահարձակ եղավ Ֆելոն:

— Կարող է, բայց պրինցիպի հարց է, էդ շնիր լակոտն ո՞վ եղավ, օր մեզի ըսպես չոքըցնե, չե՞ս ջոկե,- բացատրեցի ես:

Հովոն ու Արայիկը բացահայտորեն բռնեցին Ֆելոյի կողմը, Աղասը չէր արտահայտվում, բայց սոված չէր ուզում մնալ, Սերոբն իմաստալից լռում էր, իսկ Սեյրանին այս ամենն ընդհանրապես հետաքրքիր չէր: Կոնֆլիկտն հասունանում էր: Ֆելոն կրկին հանդիմանեց: Սատարողները միացան նրան: Զսպեցի, զսպեցի ու պայթեցի.

— Ա՛ն, կերե՛ք կոշիկներս, կիշկի մեռած եք,- այդ ասելով, շպրտեցի «Սալամանդրներս»,- ըսա՛ թող տեղը ուրիշ կոշիկ տա:

Փոխանակումը արագ կատարելուց հետո շնիրը սիրահոժար բաժանեց ճաշի մեր չափաբաժինը: Ես հացադուլ հայտարարեցի, ոչ մեկի հետ չէի ուզում շփվել: Իմ բաժինը կերավ Սեյրանը: Կանչեցի շնիրին.

— Է՜, պրինեսի՛ եշչո պորցիյու դլյա նովովո պարնյա, ս տոբոյ պատոմ պոգովորյու (նոր տղայի համար մի չափաբաժին էլ բե՛ր, քեզ հետ հետո կխոսեմ),- տոնս հրամայական էր, նա մի պահ վարանեց, բայց մի շերեփ, այդուհանդերձ, լցրեց:

— Ձեզի դաբավկա պետք չէ՞, զակազ տամ բերեն,- թունոտ դարձա ընկերներիս:

Հարցն ավելի շատ ուղղված էր Ֆելոյին: Սերոբը՝ չուզենալով ավելի սրել կոնֆլիկտը, հաշտության փորձ արեց.

— Լավ, տղե՛ք, վերջին օրով արեք իրարից չնեղանանք, վսյո, անցավ-գնաց, թարգը տվեք:

Վերջին հաշվով նա ճիշտ էր. իրոք, չարժեր շարունակել: «Ճաշկերույթն» ավարտվեց: Մնում էր կրկին սպասել, թե երբ կգան մեր ետևից՝ մտքով ու հոգով տեղափոխվել Հայաստան,  հետներս «տանելով» նաև մարմինը: Շատ չանցած միջանցք մտավ քաղաքացիական հագուստով մի համակրելի անձնավորություն:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

print
18,111