Հույսի եւ մահի միջեւ ⋆ «Շրջապատ»
ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Գյուղ Շիխլի
19.XII.1991թ. (գիշեր)

Քիչ անց, երբ մեքենան մտավ Շիխլի գյուղը, Վագիֆը հավաստիացրեց, որ մեզ հետ ոչ մի վատ բան չի պատահի, մեզ կազատեն` փոխանակելով հայերի մոտ գտնվող ազերիների հետ: Կանգնեցինք մի համեմատաբար խոշոր շինության մոտ: Հավանաբար Շիխլիի ակումբի շենքն էր: Հատկանշական էր, որ վերևում հիշատակված «Ալի Սամի Են» մարզադաշտը («բարի գալուստ դժոխք») գտնվում է Ստամբուլի Շիշլի կոչվող թաղամասում` գրեթե նույն անվանումներն են, չէ՞:

Վագիֆը հանձնեց մեզ  գյուղապետին, քաջալերող նախադասություններ ասաց ու հեռացավ մեր կյանքից: Մեզ տարան մի ընդարձակ կաբինետ, նորից խուզարկեցին ու մի քանի ստանդարտ հարցեր տալուց հետո, հանգիստ թողեցին: Իրավիճակը կրկին մնում էր անորոշ: Սփոփող հանգամանք էր, որ փոխանակելու են, բայց որքանո՞վ կարելի էր հավատալ Վագիֆին, թեև` գյուղապետն էլ նույնն ասաց ու, կարծես, թշնամաբար չէր տրամադրված: Մի փոքր շունչ քաշելու հնարավորություն էինք ստացել: Սկսեցինք ենթադրություններ անել, մի լավ հիշեցինք վարորդին, չարաբաստիկ զուգադիպությունները: Հետո Հովոն մի երկու կոնֆետ գտավ իր պայուսակում: Անցավ որոշ ժամանակ, լուռ էինք, լարվածությունը փոքր-ինչ տեղի էր տվել: Սպասում էինք: Դրսում ձայներ լսվեցին: Սենյակում պատուհան չկար, չգիտեինք՝ ինչ է այնտեղ կատարվում, բայց զգացվում էր, որ մարդիկ են հավաքվում: Աղմուկը շատանում էր: Գյուղի ժողովուրդն էր` իմացել էին, որ գերի են բռնել, հաշվեհարդար էին պահանջում: Ահը նորից մտավ ջաներս: Ներս մտավ գյուղապետը: Համառոտ ներկայացրեց իրավիճակը, որը կարող էր դուրս գալ հսկողությունից: Հետո հանգստացրեց.

— Հիմա Ղազախից կգա Ազգային ճակատի նախագահը ու կտանի ձեզ անվտանգ տեղ:

Իրոք, մի 15-20 րոպեից նախագահը եկավ: Տաբթիխ Սուլեյմանովիչն էր` 55-60 տարեկան, միջին հասակի, չաղլիկ, ալեհեր, բարի դեմքով մի անձնավորություն, ով որոշակի դրական դեր խաղաց մեր ճակատագրում: Խոսում էր հանդարտ, գրագետ, համոզիչ:

— Մենք հիմա կտանենք ձեզ անվտանգ տեղ, հետո կփոխանակենք, ամեն ինչ լավ կլինի: Միանգամից լցվեցինք հարգանքով ու վստահությամբ այդ մարդու նկատմամբ: Զարմանալիորեն նման էր հայրիկիս` նույն դիմագծերը, նույն բարությունը, նույն շարժուձևը: Հրացանավորների ուղեկցությամբ դուրս եկանք շենքից: Ամբոխը, մեզ տեսնելուն պես, իրար անցավ: Գյուղացիները ռազմաշունչ էին տրամադրված: Տաբթիխը չլիներ, մեզ կբզկտեին: Արագ մտանք մեքենա: Կարելի է ասել, մեզ Շիխլիից փախցրեցին:

Վերջին իրադարձությունները հուշում էին, որ ազերիները շահագրգռված են մեզ կենդանի թողնել: Մենք պատանդ էինք նրանց համար: Ինչ-որ չափով գոտեպնդվեցինք, սակայն առջևում նոր դժվարություններ էին, փորձություններով լի երկար ու ձիգ օրեր: Իսկ այդ պահին մեզ թվում էր` ահա, մեկ-երկու օրից ազատություն ենք ստանալու: Սակայն այդ ազատությունը մենք պիտի ստանայինք շատ ու շատ ավելի ուշ` 37 օր անց: Գերության առաջին օրն էր: Անցել էր ընդամենը 4,5-5 ժամ` մի ամբողջ հավերժություն:

 

«Ապահով» ձեռքերում

Եվ այսպես, կարծես, ապահով ձեռքերում էինք: Մեզ տանում էին սահմանամերձ մի գյուղ` հենց այնտեղ, ուր առավոտյան պիտի գար իմ աղավնին (տես՝ «Աղավնին» գլուխը): Հասանք: Տաբթիխ Սուլեյմանովիչը տարավ մեզ ինչ-որ մի տուն:

— Այստեղ կգիշերեք, վաղը կփոխանակենք ձեզ: Նամակ գրեք ձեր տանեցիներին, ես տեղ կհասցնեմ: Տիկինը կգա ինձ հետ, կտանեմ Իջևանի պոստը, կհանձնեմ հայ ոստիկաններին:

Երկտող գրեցի ընկերոջս` Սամվելին, ով այդ ժամանակ քաղաքականությամբ էր զբաղվում ու բանիմաց էր: Կարևորը` նվիրված ընկեր էր (և այդպիսին է մինչև հիմա): Հայրիկիս չգրեցի. չէի ուզում հուզումների պատճառ լինել` փուխր մարդ էր, մայրս ու կինս նույնպես ծանր էին տանելու: Բացի այդ, մտածում էի` դե ինչ անհանգստացնեմ, էսօր-էգուց պրծնելու ենք: Այդպես էլ կլիներ, եթե Նոյեմբերյանի բանակցող կողմը, թող զարմանալի չթվա, ի դեմս ոմն Բարսեղյանի, շահագրգիռ լիներ մեր փոխանակման հարցում (այդ մասին հաջորդիվ՝ The Dark Side of the Moon «Լուսնի մութ կողմը» գլխում): Սակայն ստացվել էր ճիշտ հակառակը: Մեր հետ եկած կինը, ում մոտ էր երկտողս և` ում Տաբթիխը այդ նույն գիշեր, իրոք, փոխանցել էր մերոնց, չէր տեսել Սամվելին, իսկ Իջևանի ոստիկանները (մեր անձնագրային տվյալները Տաբթիխը նրանց տվել էր) կայծակնային արագությամբ հայտնել էին գուժը Գյումրիի ոստիկաններին, որոնք էլ նույն օրը գնացել էին մեր տուն: Այդ մասին, իհարկե, ես իմացա ազատվելուց հետո:




Մինչդեռ… մենք մեծ հույսերով ճանապարհեցինք Տաբթիխին ու պառկեցինք քնելու. առավոտը գա, բարին հետը: «Բարին» եկավ ավելի շուտ: Չէինք հասցրել քնով ընկնել, կոպիտ կերպով արթնացրին: Կաշվե կուրտկայով, «աէրոդրոմ» կեպին գլխին, գողական շարժուձևով 30-35 տարեկան մի երիտասարդ էր.

— Ելե՛ք, էրմենիներ, հիմի վերջներդ տալու եմ:

Երկու հրացանավոր հսկողներն ու տանտեր ծերուկը վախվորած նայում էին գիշերային հյուրին: Երևում է` տեղի հեղինակությունն էր:

Կտրուկ մոտեցավ ծայրին պառկած Ֆելոյին, քաշեց-հանեց տեղից ու ապտակեց:

— Քեզ տեսել եմ, դու «բայավիկ» ես, մեր մանուկներին ես սպանել:

Պրիմիտիվ պրովոկացիա:

— Դու սխալվում ես, ես բոյեվիկ չեմ, երբեք չեմ կռվել:

«Ոչ ճիշտ պատասխան»,- մտածեցի ես: Հաջորդ պահին Ֆելոն ստացավ երկրորդ ապտակը: Նույնը կրկնվեց Հովոյի հետ: Ես աղոթում էի ու մտածում՝ ինչ վարքագիծ բռնել այս գազանին կանգնեցնելու համար: Բախտս բերեց, որ հակառակ ծայրին էի պառկած` ժամանակ ունեի կողմնորոշվելու: Ու, երբ հերթը հասավ Արայիկին, ով կրկնեց ընկերների սխալները, ես արդեն գիտեի ինչպես վարվել: Աղոթքն ինձ ուժ էր տվել, պայծառացրել միտքս: Ոտքի կանգնեցի ու սպասեցի մինչև դիմի ինձ: Վստահ չէի, որ կխուսափեմ ապտակից, բայց զգում էի` ինձանով վերջանալու է:

— Դու կռվել ես մեր դեմ, տեսել եմ քեզ:

— Այո, տեսել ես…

Մի քանի վայրկյան պաուզա գնաց:

— Բա, որ ասում եմ, «բայավիկներ» են,- դարձավ ազերի պահակներին: Սակայն ձայնի մեջ չկար նախկին ցասումն ու վստահությունը` փոքր-ինչ շփոթմունք, զարմանք:

Պահը չափազանց վտանգավոր էր, եթե դույզն իսկ սխալվեի, շան ծեծ էի ուտելու: Թույլ չտալով, որ ուշքի գա, նայելով աչքերի մեջ, հանգիստ շարունակեցի.

— Հեռուստացույցով ես տեսել, Մոսկվայից:

— Հա, որ ասում եմ՝ տեսել եմ,- վարանքով կմկմած մեր անկոչ հյուրը:

Սակայն նա դեռ չէր նահանջել, հարվածելու ցանկությունը` թեև մի քիչ թուլացած, այդուհանդերձ, առկա էր պահվածքում: Վերջին շտրիխն էր պետք.

— Դե, դու նայում ես, չէ՞, ինտելեկտուալ հաղորդումներ, ա՛յ, հենց էդտեղ էլ տեսել ես,- հայացքս չէի կտրում նրա կկոծած աչքերից:

Վերջին բառերը շոյեցին ինքնասիրությունը: Ժպիտի նման բան երևաց դեմքին.

— Բա, իհարկե, նայում եմ: Երևում է, էլի, խելացի տղա ես:

Հասկացա, որ մեր «գողական ընկերը» այլևս չի շարունակելու ծեծը: Նա մի հատ էլ չափեց մեզ վերևից ներքև ու մրթմրթալով դուրս եկավ: Ծայրաստիճան պրկված նյարդերս թուլացան: Սա` թեև թեթև, բայց հաղթանակ էր: Փառք տվի Տիրոջը: Միշտ մեզ հետ լինես, Աստված ջան:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

print
18,111