Մարդիկ անկողիններով են մեկնում այստեղից ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ անկողիններով են մեկնում այստեղից

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Գյումրիում բնակվել է 145.700 մարդ, 2013 թվականին՝ 120.700: Այս տվյալներից պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում քաղաքն անվերադարձ լքել է 25.000 մարդ: Այն, որ քաղաքը դատարկվել է, տեսանելի է նաև հասարակ քաղաքացիներին: Ոչ պաշտոնական տվյալներով, Գյումրիում այժմ ապրում է 70.000-80.000 մարդ:

Արտագաղթը տնտեսական և քաղաքական առումով մեծ վնասներ է պատճառում ՀՀ-ին: Տնտեսագետ Ղարիբ Հարությունյանի խոսքով, մարդիկ չեն կարողանում իրենց դրսևորել: Իրենց ներուժը չօգտագործված են համարում, գնում են արտերկիր, փորձում իրենց պոտենցիալն օգտագործել, ինչ-որ բարիքներ ստեղծել. «Բոլոր ոլորտներում կա մի մակարդակ, որտեղից ավել բարձրանալը մարդկանց անհնար է թվում, եթե իրենք չունեն պաշտոնյա ծանոթ, բարեկամ և այլն: Այդ մակարդակին հասնելուց հետո են հիմնականում մարդիկ արտագաղթում»:

Նշելով արտագաղթի տնտեսական հետևանքները, տնտեսագետն ասաց. «Տնտեսական առումով հետևանքներից հիմնականն այն է, որ կրճատվում է սպառման շուկայի ծավալները, որն էլ բերում է ամբողջական պահանջարկի կրճատմանը, իսկ դա խոչընդոտում է ձեռնարկատերերի գործունեությանը: Կրճատվում է շրջանառության մեջ առկա դրամական զանգվածը՝ կանխիկ և անկանխիկ հոսքերը: Մյուս կողմից, կրճատվում է աշխատուժը, որոշ աշխատատեղերի առումով առաջանում է աշխատուժի դեֆիցիտ, դա էլ է խոչընդոտում մասնավոր սեկտորի գործունեությանը: Կարևոր է նաև այն, որ արտագաղթողների շրջանում են նաև բիզնեսմենները, որոնք իրենց կապիտալը նույնպես տեղափոխում են, ինչը նվազեցնում է գործարար միջավայրը և տնտեսական ակտիվությունը»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով, արտագաղթի ծանր հետևանքները մենք արդեն տեսնում ենք և, եթե նախկինում տղամարդիկ էին մեկնում սեզոնային աշխատանքի, ապա վերջին 2-3 տարիներին ընտանիքներով են մեկնում: «Երկրաշարժից առաջ Հարավային Կովկասում Գյումրուն համարժեք էին վրացական Քութայիսին, ադրբեջանական Կիրովաբադը: Հիմա այս քաղաքների բնակչությունը 300.000-ից անց է, այն դեպքում, երբ Գյումրիում բնակվում է 80.000 մարդ, բայց կան տվյալներ, որ մեր քաղաքում 70.000-ից ավել մարդ էլ չի բնակվում: Մարդիկ անկողիններով են մեկնում այստեղից: Դա նշանակում է, որ մարդն հեռանում է այստեղից ընդմիշտ: Ներկայիս խնդիրները թողած, իշխանությունները հանձնաժողովներ են ստեղծում, շատ լուրջ դեմքերով քննարկումներ անցկացնում: Շատ զարմացած եմ, որ մեր իշխանությունները չկարողանալով կարգավորել սոցիալ-տնտեսական իրավիճակը, ուտոպիստական ծրագրեր են մշակում, թե որոշ ժամանակ հետո Հայաստանում պետք է բնակվի 4 միլիոն մարդ: Կոչ եմ անում զբաղվել ներկայիս խնդիրներով և թույլ տալ, որ 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստանով զբաղվեն այն քաղաքական գործիչները, որոնք այս իշխանություններից հետո են գալու իշխանության»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Նշենք, որ «Գելլափ» կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի բնակչության 40 տոկոսի մոտ առկա է արտագաղթելու ցանկություն: Այս ցուցանիշն ամենաբարձրն է նախկին Խորհրդային Միության մեկ տասնյակից ավել երկրների շարքում, որոնցում կատարվել է տվյալ ուսումնասիրությունը: Այս միտումը Հայաստանի համար լուրջ սպառնալիք է պարունակում: «Ուղեղների արտահոսքը» զրկում է երկիրն այն մտավոր կարողությունից, որը կարող էր օգտագործվել գիտելիքահենք արտադրանքի ստեղծման և արտահանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար»,- ասված է զեկույցում:

ՀՀ ժողովրդագրական ճգնաժամն հաղթահարելու ուղիներից մեկը մատնանշվում էր Իսրայելի օրինակը՝ Սփյուռքից մարդկանց ներհոսք ապահովելու եղանակով: Իսրայելին այս փորձը հաջողվեց՝ շնորհիվ ներգաղթյալներին բնակարանային լավ պայմաններ առաջարկելով: Մեր պարագայում սիրիահայերի մեծ մասն ինչպես եկան, այնպես էլ վերադարձան Սիրիա, որովհետև Հայաստանում ապրելու պայմաններ չկային:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
17,272