Մարմաշենի վանքի փայլն ու ողբերգությունը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարմաշենի վանքի փայլն ու ողբերգությունը

Մի քանի օր առաջ ընկերներիս հետ կրկին այցելեցի Շիրակի մարզի տարածքում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու միջնադարյան գոհարներից մեկը՝ հայրենասեր իշխան Վահրամ Պահլավունու կողմից 988-1029 թթ. կառուցված Մարմաշենի վանական համալիր…Պետք է նշեմ, որ այն, ինչ տեսա և՛ ցավ, և՛  ամոթանք պատճառեց ինձ: Սարսափած եմ, թե որքան հայը կարող է ոչ թե չսիրել, այլ ԱՏԵԼ իր պատմությունը և կրոնը…

Զբոսաշրջությանն առաջնային տեղ հատկացնող հայաստանյան իշխանավորները տարրական անտեսում են Մարմաշենի վանքը: Զարմանալի է, որ բազմաթիվ զբոսաշրջիկների Գյումրի բերող մեր տուրիստական գործակալությունները չեն բարձրաձայնում Մարմաշենի վանական համալիրի ողբերգության մասին: Լենգես ավանից Մարմաշենի վանք տանող 2,4 կիլոմոտրանոց ճանապարհը ավերված է: Այդ ճանապարհ կոչվածը խայտառակություն է: Բայց ամենազավեշտալին դեռ առջևում էր: Մարմաշենի շքեղ վանքը շրջապատված է սարսափելի անհրապույր “բեսեդկաներով”, որոնք վարձակալությամբ են տրվում: Այսինքն`վանական համալիրի տարածքը հանգստյան գոտու է վերածված: Սեփականատերերն էլ տարբեր են: Բայց խնդիրը նրանում է, որ այդ “բեսեդկաներից” մի քանիսը գտնվում են վանական համալիրի մեջ մտնող եկեղեցիներից 5-10 մետր հեռավորության վրա: Հանգստացողներն ամենքն իր ճաշակով երաժշտություն է միացնում, պարում երգում, ուտում, խմում և այլն: Ու այդ ամենը եկեղեցիների և նրանց կողքին գտնվող միջնադարյան գերեզմանոցից մի քանի մետր հետավորության վրա: Գերեզմանոցը, որտեղ թաղված են Վահրամ Պահլավունու կինն ու մայրը, վերածվել է խաղահրապարակի երեխաների համար, որոնք մեր այցի ժամանակ ֆուտբոլ էին խաղում շիրմաքարերի վրա:

Ոչ պակաս սարսափելի են վանական համալիրից մի փոքր՝ 50-80 մետրի վրա գտնվող “բեսեդկաները” ևս… Խորովածի, խաշլամի և այլ հոտրերն ուղղակի վանում են մարդուն այդ տեղանքից: արելու և կիսամերկ շրջելու մասին էլ չեմ ասում: Ամոթից ուզում ես փախչել: Մինչդեռ,Մարմաշենի վանական համալիրը կարելի էր դարձնել Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը: Իրականացնողն էլ պետք է լինի կառավարությունը, որը պետք է կանգնի մեր եկեղեցու կողքին:

Տեղում պարզեցի, որ վանական համալիրի ողջ տարածքը պատկանում է Վահրամաբերդ գյուղին,որի ղեկավարությունն էլ այդ տարածքները 25 տարի ժամկետով վարձակալության է տվել ֆիզիկական անձանց, որոնք էլ վանական համալիրը դարձրել են զվարճանքի, խրախճանքի վայր: ՀԱԵ-ի Շիրակի թեմն անզոր է սեփականատիրոջ և վարձակալների առաջ: Այստեղ պետք է պետական մոտեցում: Եթե իշխանություններին անհարժեշտ էր օտարել Երևանի Արամի կամ Բյուզանդի փողոցների սեփականատերերի շինությունները և տները, ապա դա շատ օպերատիվ կերպով կազմակերպվեց: Նույնը՝ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար պետական գերակա շահի անվատ տակ օտարված հողերը: Հիմա հարցը Մարմաշենի վանական համալիրի փրկությանն է վերաբերվում: Կառավարությունը ՊԵՏՔ նույն մոտեցումը դրսևորի և գնի Վահրամաբերդի գյուղապետարանին պատկանող հողերը, այն տրամադրի Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմին, որը, համոզված եմ, շատ արագ կմաքրի տարածքը բոլոր անճոռնի և ապօրինի շինություններից: Զբոսաշրջության մասին բարձրաձայնող կառավարության անդամներն էլ ՊԵՏՔ է վերանորոգեն վանք տանող 2,4 կմ ճանապարհը և այն դարձնեն Շիրակի մարզի զբոսաշրջային կենտրոն:

Համոզված եմ,որ Մարմաշենի վանական համալիրը ոչնչով չի զիջի Գառնիին, Տաթևին, Գեղարդին, Նորավանքին, Սանահինին, Գոշավանքին, Հաղարծինին և այլ հոգևոր և զբոսաշրջային կենտրոններին: Չմոռանամ նշել, որ վանքից ոչ հեռու գտնվում է նաև Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը…

Զավեշտալին այն է, որ աթեիստական ԽՍՀՄ-ի տարիներին, վանքը “պահապանվել է պետության կողմից”, որի մասին վկայում է եկեղեցու պատին ամրացված և դեռ պահպանված ցուցանակը: Բայց անկախ Հայասատանում այն վեարծվել է զվարճանքի վայրի…

Հ.Գ. Մի վտանգավոր տենդենց ևս նկատեցի.վանքի գլխավոր եկեղեցուց 2-3 մետր հեռավորության վրա նորաթուխ հարուստներից մեկը խաչքար է բերել դրել, որը կարող է “շղթայական բնույթ ընդունել” իր բոլոր բացասական հետևանքներով:

Հուսով եմ, գրառումս տեղ կհասնի և համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն Մարմաշենի վանական համալիրին,որը որքան էլ փայլուն է,այնաքն էլ ողբերգալի վիճակում է…
Մեղադրում ենք թուրքերին և մյուս որոշ հարևաններին` մեր եկեղեցիները քանդելու և պղծելու մեջ, բայց մեր Հայրենիքում գրեթե նույն բանով ենք զբաղված…

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

print

773