«Մենք ապացուցում ենք, որ մինիմալ ռեսուրսով հնարավոր է գործ անել» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մենք ապացուցում ենք, որ մինիմալ ռեսուրսով հնարավոր է գործ անել»

Արսեն Վարդանյանը մշտապես հանդես է գալիս որևէ նախաձեռնությամբ, հետո այն համախոհների ու ընկերների հետ վերածում մեծ գործի: Հիշենք Գյումրու «Խաչաքարերի պուրակի» չգործող շատրվանների տարածքը սահադաշտի վերածելու մտահղացումը, կամ՝ պլաստիկե շշերի բազմագույն խցաններով գորգ ստեղծագործելու օրինակը: Մեկ այլ նախաձեռնություն էր «Մուշ» թաղամասի քարքարոտ դաշտավայրը հեծանվային արահետի վերածելու գաղափարը: Ու այսպես շարունակ… Արսենի ու նման երիտասարդների համար ոչ մի օր առանց նոր գաղափարի չի կարող մթնել:

Արսեն, եթե գաղտնիք չէ, որտեղի՞ց են ծնվում նման հետաքրքիր գաղափարները:

— Այդ գաղափարների մի մասն իմը չեն: Զրույցների, շփումների արդյունքում են դրանք ծնվում: Ասենք, մեկը մի բան է ասում, բայց այնքան ինքնավստահություն չունի, որ ասածը, պատկերացրածը իրականացնի, գործի վերածի: Անկեղծ ասած՝ ես սիրում եմ խելացի գաղափարները «գողանալ»… Գողանալ ինչ իմաստով. հնչած խելոք միտքը մենք անպայման ֆիքսում ենք, իսկ հետո, երբ գալիս է մի պահ, որ արդեն հնարավոր է դառնում այդ գաղափարը կյանքի կոչել, գնում, հեղինակին ասում ենք, որ այս օրը, այս ժամին դու նման բան ասացիր, հիմա եկել է հարմար պահը՝ այն իրականություն դարձնելու: Լինում է՝ գաղափարի հեղինակը մոռացած է լինում, որ ինքը նման մտքեր է արտահայտել, ու մենք առաջարկում ենք միս ու արյուն տալ դրան: Եթե համաձայնվում է՝ հեղինակի հետ միասին գործի ենք կպնում, եթե ոչ, բայց մեզ «հեղինակային իրավունքի» պահանջ չի ներկայացնում, ապա մենք ենք սկսում այն իրագործել: Այստեղ մի հանգամանք կա. մարդը, երբ մտահղացում ունի, կարծում է, թե այն իրագործելու համար մեծ ռեսուրսներ են պետք, ու դա իրեն կաշկանդում է: Բայց մեր ինչն է լավ՝ մենք աշխատում ենք մինիմալիզացնել պահանջվող ռեսուրսները, հիմնականում աշխատուժի վրա հենվելով: Մյուս կողմից, գաղափարը ներկայացնում ենք սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ների ուշադրությունն ենք գրավում, աշխատում ենք հասարակությանը ներգրավել…

Ինչպես, օրինակ՝ մի քանի տարի «Ֆեյսբուքում» կատակեցիք, վերջը թերթի վերածեցիք

— Հա, հա, հենց այդպես: 5 տարի առաջ էր, մեր ընկերը՝ Լուիզա Պետրոսյանը «Ֆեյսբուքում» բացեց «Կատակում են գյումրեցիները» էջը: Երբ տեսանք, որ արդեն մեծ աուդիտորիա է հավաքվել՝ 124.000 հետևորդ, այն լայն հնարավորությունների առիթ տվեց: Մենք կարող էինք արդեն բոլորին ներկայացնել մեր քաղաքի ստեղծագործող երիտասարդներին, ներկայացնել մեր քաղաքը: Մի պահ մեկն առաջարկեց 100-ական դրամ հավաքել ու Գյումրու համար մի լավ գործ անել: Ֆրանսիայից Կարապետյանների ընտանիքն արձագանքեց, թե. ժողովուրդ, 100 դրամներ հավաքելը ռոմանտիկ է, բայց եկեք ժողովրդին վերադարձնելի արժեք տանք՝ թերթ հրապարակենք: Հա՛մ քաղաքը երգիծական թերթ կունենա, հա՛մ՝ պրիստիժ է, բացի այդ, տարիների ընթացքում արտահայտված, պատմված հումորները, անեկդոտները արխիվացնելու լավագույն տարբերակն է:

Խոսենք ֆռիկից

— Ֆռիկն ասես մեզ համար ապացուցման շրջան լինի. մենք հասարակությանը ուզում ենք ռեալ ապացուցել, որ զրո դրամով կամ քիչ գումարով կարելի է լիքը լավ բաների հասնել:

Այսինքն նաև հակառակն եք ապացուցում այն արտահայտության, թե. «Աստված խելքն ում տա, փողը՝ ում» կամ «Ախորժակն ում տա, փլավը՝ ում»…

— … Կամ, որ փոքր ժամանակ հարցնում էին՝ միլիոն որ ունենայիր՝ ինչ կանեիր… Մենք ֆռիկի գաղափարն իրագործել սկսեցինք 10 հազար դրամով: Ինչպես ծնվեց այդ գաղափարը. նույն այնտեղից, որտեղից բոլոր օրիգինալ գաղափարներն են ծնվում՝ մանրուքից: Անցած տարի էր, ընկերներիցս մեկը՝ Գագոն, ասաց, թե երկար ժամանակ է՝ ֆռիկով չենք խաղացել, բերեք գտնինք, հավեսով խաղանք: Պարզվեց՝ շատ դժվար է, քանի որ ամբողջ քաղաքը ոտի տակ տալուց հետո հազիվ մի 5 հատ կարողացանք հայթայթել: Իրար երես նայեցինք, հասկացանք, որ ժամանակն եկել է: Սկսեցինք ուսումնասիրել, թե որտեղից է սկիզբ առել ֆռիկը, ինչ նշանակություն ունի, ինչպիսի ավանդական խաղեր կան հայկական ավանդույթում, ինչպիսի դաստիարակչական նշանակություն ունեն: Մարտ ամիսն էր, ձյան հալելուց հետո, սկզբի համար 10 հազար դրամով մի 30 հատ գնեցինք: Դե մեր ընկերներից շատերը նկարիչներ են, սկսեցինք հավեսի համար զարդանախշել: Մտածում էինք, որ մինչև ամռան վերջ կվաճառենք: Բայց ի՞նչ ստացվեց՝ 3-4 օրն արդեն գլուխ էին ջարդում՝ ֆռիկ պահանջում: Ու սկսվեց… Այստեղ ինչն էր հետաքրքիր ու կարևոր՝ արհեստի ու արվեստի միավորումը: Իսկ գերնպատակը՝ քաղաք դրսից փող բերելն էր, ու կարճ ժամանակում մենք միլիոն դրամ շրջանառություն ապահովեցինք: Ներկայում մի քանի արտերկրի հայ համայնքներից արդեն պատվերներ ունենք:

Ուզում եք ֆռիկով սփիներին դո՞ւրս մղել:

— Ֆռիկը պարտված չէ, ընթացքում պարզ կլինի… Սփիները, հա, թող լինի հետաքրքիր, բայց դա միայնակի խաղ է, իսկ ֆռիկը ազարտի խաղ է, ու ընկերներով խաղալով է հետաքրքիր: Մենք ամեն ինչ տանում ենք նրան, որ մեր հարևանը, բարեկամը, որի ձեռքից գալիս է արհեստը, արվեստը, տեղում ստեղծի, արտադրանք տա: Ինքնատիպ հուշանվեր կարող է ծառայել: Ձեռքի տակ ունեցածով՝ քանդված տնակների փայտն ու երկաթեղենը ծառայեցին ֆռիկի պատրաստման համար որպես մատերիալ: Առայժմ թելի («ղայթանի») խնդիրն է դժվար, կուզենանք, որ դա էլ տեղական արտադրանքի արդյունք լինի:

Արսեն, ձեր գաղափարները վարակիչ կարո՞ղ են լինել, նաև տարածվեն Հայաստանի այլ մարզերում ու քաղաքներում:

— Ուրախությամբ պիտի նշեմ, որ Աշտարակում սկսել են խցաններով խճանկարներ պատրաստելը: Հուսամ, որ ամեն մարզ իր յուրահատկությունը կօգտագործի՝ արտադրելով տեղական առանձնահատկությամբ ապրանքներ, հուշանվերներ:

Ի՞նչ ես կարծում, բացի ձեր շրջապատից, գաղափարակիցներից ու համախոհներից, հնարավո՞ր է երիտասարդության մյուս մասին ոգևորել:

— Առայժմ 2 տարբերակ եմ տեսնում. մարդուն ինքնազբաղվածության, աշխատանքի հնարավորություն տալ՝ սիմվոլիկ գումարի դիմաց, ուր կարող է գաղափարներն ու ֆանտազիան իրականացնել: Երկրորդ տարբերակը՝ թող զարմանալի չթվա, ազգագրական պարով զբաղվելն է: Սա չեմ ասում քեֆչիության համար: Հայկական ավանդույթների, պատմության մեջ միշտ հանդիպում ենք երգ ու պարի ոգևորիչ սովորությանը, մեր պապերը ուժեղ էին՝ մեր սարերի պես… Բացի երգ-երաժշտությունից, այստեղ հոգեբանությունն է՝ հատուկ պարեր կան, որոնք դաստիարակիչ են, օրինակ՝ «Յարխուշտան» ռազմատենչ պար է՝ տղամարդկանց համար է, մի կարծեք, որ այս պարը պարող տղեն ավելի թույլ է, քան կարատեով մարզվածը: Նույնն էլ աղջիկների համար կան հատուկ պարեր:

Արսեն, եթե օրերից մի օր համացանց չլինի

— Դրա համար էլ մենք հաճախ կազմակերպում ենք հանդիպումներ, միջոցառումներ, որպեսզի վիրտուալից դուրս իրական շփվենք, մտքեր ու փորձ փոխանակենք, նոր գաղափարներ ծնվեն:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print

2,482