«Միայն Երեւանում է, որ պատմական-իրավական փաստաթղթերը նետել են աղբանոց» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միայն Երեւանում է, որ պատմական-իրավական փաստաթղթերը նետել են աղբանոց»

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Մարտիրոսյան, վերջերս Հայաստանում էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությունը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, որը հայտարարեց, որ Ռուսաստանն Ադրբեջանին նախկին մասշտաբներով զենք չի վաճառի, ինչ նախքան ապրիլյան պատերազմն էր: Եթե Ռուսաստանը կատարի իր խոստումը, ապա այդ հանգամանքը որքանո՞վ կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի հանդարտեցմանը:

— Իրավիճակի հանդարտեցմանը չի նպաստի: Արդյո՞ք ադրբեջանցիները սպասում են ռուսական զենքին, որպեսզի Հայաստանը ոչնչացնելու իրենց ծրագրերն իրագործելու ուղղությամբ քայլեր նախաձեռնեն: Իհարկե` ոչ: Բայց դա մի փոքր դրական քայլ կլինի Ռուսաստանի կողմից՝ ցույց տալու համար, որ մի քիչ հասկացել են, որ զենքի վաճառքը հայ հասարակությանն իրենցից վանելու ամենամեծ գործողություններից մեկն է: Սակայն ի՞նչ է նշանակում ապրիլից հետո այլևս նախկին մասշտաբներով չեն վաճառի: Այսինքն մինչ ապրիլը ի՞նչ էին կարծում. որ Բաքուն սպառազինվում է՝ սեփական ազգային պարկերում ճնճղուկների վրա կրակելո՞ւ համար: Կամ՝ ի՞նչ է նշանակում նախկին մասշտաբներով այլևս զենք չի վաճառվի: Ի՞նչ մասշտաբներով կվաճառվի: Մի փոքր ավելի քի՞չ: Այսինքն՝ զենք շարունակելու են վաճառել: Ստացվում է, որ քիչ վաճառված զենքով Ադրբեջանը մի փոքր ավելի քիչ ռազմական ագրեսիա կկատարի Հայաստանի դե՞մ: Տարօրինակ է: Իսկ Երևանում այդ մտքերին ինչ-որ կերպ արձագանքե՞լ են: Արդյո՞ք դա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է, թե՞ այդ օրենսդիրն ինքնուրույն է նման մտքեր արտահայտում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան: Եվ դա ցավալի է:

— Մյուս կողմից՝ Ադրբեջանը զենք-զինամթերք կարող է ձեռք բերել նաև Թուրքիայից, Իսրայելից: Այդ պետության շարունակական զինվելը փաստում է այն մասին, որ հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսվելն ունի մեծ հավանականություն: Որքանո՞վ ենք մենք պատրաստ դիմագրավել այդ ամենին:

— Զենքի գնումներն ընդամենը մի ցուցիչն են Ադրբեջանի կողմից պատերազմ նախաձեռնելու լուրջ պատրաստությունների: Բայց ամենալավ ցուցիչը դա տարիներ շարունակ իրենց երկրում ծավալված ահռելի պրոպագանդան է, որ ուղղակի ցեղասպանական գաղափարախոսություն է սփռում: Հիմա արդեն այդ պրոպագանդան ստացել է պետական դոկտրինի և ազգային ձևավորված գաղափարախոսության տեսք:

Հիմա զենքի մասին: Արդեն հոգնեցուցիչ են այն կարծիքները, թե, եթե ոչ Ռուսաստանից, ապա այլ տեղից կարելի է զենք ձեռք բերել: Այն սպառազինությունները, որ վաճառում է Ռուսաստանը, ունեն միայն երկու այլ պետություն՝ ԱՄՆ-ը և Չինաստանը: Եվ երկուսն էլ հակամարտող երկու կողմերից ոչ մեկին ոչ մի նման մակարդակի զենք չեն վաճառում: Բացի այդ՝ համարվում է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական և ռազմական դաշնակիցն է: Ստացվում է, որ ռազմական դաշնակիցը լրջագույն զենք է վաճառում և հիմա մի փոքր նվազ մասշտաբներով զենք է վաճառելու իր մերձավորագույն դաշնակցի լիակատար ոչնչացմանը պատրաստվող թշնամուն: Սրանք փաստեր են, որոնք ներկայացնում ենք՝ առանց զգացմունքների կամ վերլուծությունների:

— Ինչպիսի՞ն է միջազգային հանրության ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

— Եթե ճշտենք, թե որն է այդ միֆական «միջազգային հանրությունը», կփորձենք պատասխաններ ձևակերպել: Մեկ միասնական տարր հանդիսացող միջազգային հանրություն չկա: Կան տարբեր երկրներ և տարբեր բլոկներ, յուրաքանչյուրն իր շահերով: Այդ միֆական միջազգային հանրությունն իրականում անտեղյակ է Արցախի հարցի պատմական արմատներից, կողմ է խնդիրը «փոխզիջումներով» լուծելուն: Բայց ողբերգությունն այստեղ այն է, որ Մինսկի խմբի՝ պատմությանը չտիրապետելը խմբի մեղքը չէ, այլ Հայաստանինը, որը հետևողականորեն անտեսում է պատմական-իրավական գործոնը: ՌԴ նախագահ Պուտինն իր նախընտրական ելույթում Ղրիմը Ռուսաստանին կցման հարցում ուղղակի հղում արեց պատմությանը: Իսրայելի ողջ գործողությունները հրեական պետության ղեկավարությունը բացատրում է հազարամյակների վաղեմության պատմությամբ և այդպես շարունակ: Ու միայն Երևանում է, որ խիստ նպաստավոր պատմական գործոնն ու պատմական-իրավական փաստաթղթերը նետել են աղբանոց ու հենվում են միայն խորհրդային վերջին շրջանի և հետխորհրդային առաջին շրջանի իրադարձությունների վրա: Այսպիսի բալաստով միջնորդներն այլընտրանք չունեն, քան Հայաստանից ակնկալել մի բան, որ Հայաստանն ինքն է պատրաստ անել՝ զիջումներ իր թշնամուն: Դա, իր հերթին, Հայաստանի հետագա ճակատագիրն ուղղակի կործանման կդատապարտի: Իրավիճակից ելքը արտաքին քաղաքական մոտեցումների և Արցախի խնդրի ամբողջական վերանայումն է՝ պատմության և իրավարար փաստաթղթերին լուրջ հղումներով և հսկայածավալ բացատրական աշխատանքը միջազգային հարթակներում: Դա լիովին հնարավոր ուղի է, որն իրականացնելու համար ընդամենը քաղաքական կամք և տրամադրվածություն է հարկավոր: Դա է միակ ուղին, որով Հայաստանը մշտապես պաշտպանվողից և ձախողման դատապարտվածից միջազգային ասպարեզում կվերածվի արդարորեն իր շահերը պաշտպանողի և հաղթանակողի: Եվ այդ ճանապարհին դաշնակիցների և համակիրների ավելի մեծ և լուրջ խումբ կարելի է ձեռք բերել:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print

2,261