«Մոտենում ենք վճռական պատերազմի շեմին» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մոտենում ենք վճռական պատերազմի շեմին»

Հարցազրույց  Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Պարոն Մարտիրոսյան, Արցախյան հակամարտության կարգավորման վերջը չի երևում: Հաջորդ տարի մեր ռազմական ծախսերն ավելանալու են: Արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կա, թե՞ եղած միջոցները բավարար են Ադրբեջանին հակահարված հասցնելու համար:

— Այո՛, իհարկե, կա: Իսկ ի՞նչ պետք է անել, նվազեցնե՞լ դրանք: Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում, եթե չհաշվենք հայկական «Իսկանդերների» ուռճացված և միֆական առկայությունը, Հայաստանը տանուլ է տալիս: Իսկ բանակի ծավալի և հանրության բարոյական վստահության առումով Հայաստանն արդեն սկսել է Ադրբեջանին անհամեմատորեն և շատ վտանգավոր կերպով զիջել: Այս ֆոնին ծախսերի մեծացումը, եթե դա արվի խելացի և արդյունավետ կերպով, անհրաժեշտ նախաձեռնություն է:

Քանի որ հակամարտող կողմերը ձգտելու են անընդհատ նոր զինատեսակներ գնել, այդպիսով չի՞ խորանա սպառազինությունների մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

— Ո՛չ: Որովհետև Ադրբեջանը մրցավազքի չի բռնվել Հայաստանի հետ: Դա ԱՄՆ-ԽՍՀՄ սպառազինությունների մրցավազքը չէ, որտեղ ամեն մեկը զինվում էր պարիտետ պահելու համար, բայցև հասկանում է, որ առաջինը երբեք չի հարձակվելու: Ադրբեջանն ուղղակիորեն պատրաստվում է լայնածավալ և վճռական պատերազմի և լի է կամքով՝ այդ պատերազմում հաղթելու: Իսկ դա ոչ թե Հայաստանի պարտություն, այլ՝ Հայաստանի ավարտ կլինի: Այս պայմաններում Հայաստանը ոչ թե պետք է սպառազինությունների մրցավազքի մեջ մտնի կամ դրանից զգուշանա, այլ պետք է սպառազինման մարաթոն սկսի, որը մինչ հաղթական ավարտն իրավունք չունի կասեցնելու:

Կային կարծիքներ, որ մենք ևս պետք է ընտրենք Իսրայելի ուղին, ոչ միայն ավելացնենք ռազմական ծախսերը, այլև կանայք ևս պետք է ծառայեն բանակում: Մենք ունե՞նք տնտեսական բավարար պոտենցիալ՝ նման քայլեր ձեռնարկելու համար:

— Տնտեսական պոտենցիալն այստեղ ի՞նչ կապ ունի: Անվտանգությունն ու ազգային շահը պետք է վեր լինեն ամեն տեսակի տնտեսական պոտենցիալներից կամ դրանց չգոյությունից: Խնդիրն այն է, որ մենք մոտենում ենք վճռական պատերազմի շեմին և մտնել դրա մեջ անպատրաստ կամ առանց իրական որակ ունեցող բանակի՝ ուղղակի պետական ինքնասպանություն կլինի: Կանայք Հայաստանում պետք է ծառայեն: Ինչո՞վ են հայ կանայք տարբերվում իսրայելցի կամ քուրդ կանանցից, ովքեր տղամարդկանց հավասար ծառայում են: Այսօր բոլորովին այլ իրականություն կա տարածաշրջանում, քան մի քանի տարի առաջ էր: Ադրբեջանն արդեն հզոր պետություն է, լուրջ քաղաքական վեկտորներով և միջազգային ծանրակշիռ խաղաքարտերով: Ադրբեջանական բանակն էլ, եթե մի պահ մոռանանք մեզանում տարածված թշնամուն թերագնահատելու սին ախտը, արդեն իրենից սկսել է լուրջ ուժ ներկայացնել: Սա նոր սպառնալիք է, որի հետ արդեն այս նոր իրավիճակում անպայմանորեն պետք է հաշվի նստել:

Մյուս կողմից, իհարկե, կան ծանրակշիռ կարծիքներ, որ կանանց ծառայությունը կարող է հանգեցնել կանանց մասսայական արտագաղթի: Դա, անշուշտ, նույնպես հնարավոր է: Բայց, եթե կանանց զորակոչմանը զուգահեռ մեծ ջանքեր գործադրվեն բանակի և ծառայության վարկն ու հարգը բարձրացնելու ուղղությամբ, քայլեր ձեռնարկվեն բանակում կանանց հանդեպ հնարավոր սեռական ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ, իսկ երկրում ներդրվի գոնե մի քիչ հավատ փոփոխությունների հնարավորության առումով՝ վստահ եմ, որ կանանց ծառայությունը այլևս չի դիտվի որպես արտակարգ մի բան:

Այստեղ հսկայական գործ կա անելու, բայց դա հրատապություն է և անհրաժեշտություն: Ազգ-բանակն իրականում ավելի լայն իմաստ պետք է ունենա: Քանի որ կանայք ազգի կարևորագույն երկու բաղկացուցիչներից մեկն են՝ բանակից դուրս նրանց գտնվելը, երբ ազգի գոյությունն օր-օրի ավելի է վտանգվում՝ պետք է, որ անընդունելի դառնա:

Ասում եք տնտեսական պոտենցիալն ինչ կապ ունի: Մի՞թե պետության առաջընթացի հիմքը զարգացած տնտեսությունը չէ: Առանց դրա կարո՞ղ ենք ունենալ հզոր բանակ: Եթե տնտեսական պոտենցիալը կապ չունի, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը դրան մեծ ուշադրություն դարձնում, ամեն ինչ անում Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար: Վառ օրինակը՝ ԲաքուԹբիլիսիԿարս երկաթուղու բացումն էր: Մեր իշխանությունները կամ մենք ի՞նչ ունենք հակազդելու այս ամենին:

— Նախ՝ Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական հզորություններն անհամեմատելի են: Ադրբեջանը հզոր տնտեսություն ունի՝ սպառման համար ազատ հսկայական ռեսուրսային գումարներով: Հայաստանն, իր հերթին, տնտեսություն չունի: Ողորմելի գյուղատնտեսությամբ և առևտրական տնտեսական միջավայրով մի փոքրիկ տարածք է Հայաստանը, որն ահռելի պարտքեր ունի իր ՀՆԱ-ի հետ հարաբերակցության կտրվածքով: Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ տնտեսական առումով Հայաստանը մրցակցի Ադրբեջանի հետ: Բաքու-Թբիլիսի-Կարսը տնտեսական ծրագիր է՝ իր ամենավերջին հատկությամբ: Այն, նախևառաջ, քաղաքական հեռահար ծրագիր է՝ ուղղված Հայաստանը ոչ միայն մեկուսացնելուն, այլև օղակելուն և էթնիկ առումով շրջափակելուն: Դա Ջավախքի վերջնական մահն է, Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ ցամաքային կարևորագույն կամուրջը և Հայաստանի պարանոցի կախաղանային պարանը: Այդ երկաթգծի ամբողջացման վրա Ադրբեջանը ահռելի միջոցներ է ծախսել, որոնք կարող են և հետ չբերվել հեռանկարում, բայց Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հեռուն է նայում և հստակ ծրագիր ունի իր թշնամուն վերջնականապես խեղդելու և ոչնչացնելու և, եթե հայերն այսպես շարունակեն, ապա դա ադրբեջանցիներին անպայման կհաջողվի:

Հայաստանի մեծագույն խնդիրն այսօր ոչ թե տնտեսություն հզորացնելն է, այլ համակարգային փոփոխությունը, կոռուպցիայի ոչնչացումը, ընդ որում՝ ամենակարդինալ քայլերով՝ մեկ գիշերվա մեջ: Էվոլյուցիոն պայքարը կոռուպցիայի դեմ Հայաստանում այլևս անարդյունավետ է լինելու: Իսկ դրա կայծակնային արմատախլման համար քաղաքական համակարգի և անձանց արմատական փոփոխություն է անհրաժեշտ: Պետք է նոր Հայաստան կառուցել, փաստացիորեն ոչ թե զրոյից, այլ՝ մինուսից: Միայն աներևակայելի կտրուկ փոփոխությունները կմեղմեն Հայաստանի վերջնական անկումը: Իսկ այն կասեցնելու համար գերմարդկային ջանքեր և համազգային նվիրում է անհրաժեշտ, որի պոտենցիալն այսօրվա հասարակությունն ու Սփյուռքը կարծես թե չունեն: Ցավոք սրտի, ամեն ինչ շատ ավելի վատ է՝ քան մենք սիրում ենք ինքնախաբեությամբ ներկայացնել ինքներս մեզ:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
18,390