Շիրակի մարզի դատախազ. «Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ ունենք» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի դատախազ. «Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ ունենք»

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամփոփել է անցած 6 ամիսներին մարզում տեղի ունեցած դեպքերը, բացահայտված և չբացահայտված գործերը: Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 632 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 584 դեպքի փոխարեն, սակայն աճել է բացահայտումների թիվը. «Անցած տարի արձանագրվել է բացահայտման 87 տոկոս, այս տարի՝ 88,4 տոկոս: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ ունենք. նախորդ տարի՝ 195 դեպք, այս տարի՝ 217, բայց ունենք բացահայտման ցուցանիշի աճ՝ մոտ 94 տոկոս»:

Անդրադառնալով մարզում սպանության փորձերի և սպանության դեպքերին, դատախազը նշեց, որ սպանությունները նվազել են: Նախորդ տարի սպանության 5 դեպք է արձանագրվել, այս տարի՝ 4, ընդ որում՝ 2 բացահայտված, 2 չբացահայտված. «Չբացահայտված սպանություններից մեկը կապված է անձի անհետ կորելու հետ: Հարազատները դիմել են իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ իրենց հարազատը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Քանի որ նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը 10 օր է, և այդ ընթացքում տվյալ անձի չհայտնաբերվելու պատճառով մեր կողմից հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով»:

Ինչ վերաբերում է մայիս ամսին Գյումրու գազալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին, որին, ըստ տարածված լուրերի, մասնակցել է նաև Վարդան Ղուկասյանի որդին, Կարեն Գաբրիելյանը նշեց. «Ներկայում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, սակայն չունենք այնպիսի ապացույցներ, որոնք կվկայեն, որ որևիցե անձ կատարել է հանցագործություն»:

Փոխարենը, հունիսին շատ արագ բացահայտվել են այլ քրեական գործեր. «Շախմատի դպրոցի» մոտ երկու անձի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի և «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցների դեպքերը: «Շախմատի դպրոցի» մոտ հնչած կրակոցների դեպքի կապակցությամբ ասեմ, որ ունենք  հարուցված քրեական գործ, ունենք նաև որպես ներգրավված մեղադրյալ անձ: Այս պահին քննիչին տրվել է ցուցում, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվի դատարան: Սրճարանի դիմաց կատարված դեպքով ունենք որպես մեղադրյալ ներգրավված մի քանի անձ, ընդ որում, նրանցից երկուսը կալանքի տակ են, իսկ մեկը գտնվում է հետախուզման մեջ»:

Չբացահայտված շարունակում է մնալ մայիսի 18-ին 26-ամյա Արթուր Հարությունյանի սպանության գործը: Դատախազը վստահեցրեց, որ քննչական մարմինն այս դեպքի առնչությամբ իրականացնում է օպերատիվ բոլոր տեսակի միջոցառումները, և մասնագետները չեն թերանում իրենց գործում. «Արթուր Հարությունյանի գործը, եթե չի բացահայտվում, դա չի նշանակում քննչական մարմինը թերանում է: Նշված գործն այս պահին գտնվում է նախաքննության փուլում, կատարվում են բազմածավալ քննչական օպերատիվ աշխատանքներ»:

Նշենք, որ տարածված լուրերի համաձայն, Արթուր Հարությունյանն ու իր ընտանիքը քաղաքում ճանաչված են եղել որպես տոկոսով գումար տվող անձինք: Նույն խոսակցությունները հնչել են  նաև 2014 թվականին «Տեքստիլ» թաղամասում սպանված մայր և դուստր Շահումյանների մասին: Ի դեպ, այս գործը կասեցվել է՝ գործով մեղադրյալ անձի բացակայության պատճառով: «Տվյալ գործը կասեցվել է՝ որպես մեղադրյալ անձի ինքնությունը չպարզվելու պատճառով: Թեև գործը կասեցվել է, սակայն այդ վիճակում էլ կատարվում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ»,- ասաց դատախազը:

Կոռուպցիոն հանցագործությունների մասին խոսելիս, Կարեն Գաբրիելյանն նշեց, որ այս տարի արձանագրվել է 15 դեպք, գործերը գտնվում են նախաքննության փուլում։ Սակայն դատախազը չցանկացավ մանրամասնել՝ արդյո՞ք այդ գործերի մեծ մասը կատարվել է պետական պաշտոնյաների կողմից:

Մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս աճել են: Անցած 6 ամիսների ընթացքում արձանագրվել է 41 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն և, ինչպես նշեց դատախազը, «բենզինիստների» թիվն է նվազել: Փոխարենը կրկնակի ավելացել է ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով՝ պոռնկության գործերը: Եթե նախորդ տարի դրանք եղել են 2-ը, ապա այս տարի 4-ն են:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ

print
1,678