Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել (տեսանյութ) ⋆ «Շրջապատ»
VIDEO | ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել (տեսանյութ)

Շիրակի պետհամալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին նա գրառում է կատարել  ֆեյսբուքի իր էջում:  Հովհաննես Խորիկյանը մասնավորապես գրել է.

ՍԻՐԵԼԻ´ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՀԱՐԳԵԼԻ´ ԸՆԿԵՐՆԵՐ
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍԱՀԱԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ

ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված 2017 թվականի սեպտեմբերի 25-ի մեր բաց նամակից հետո ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է իր ինքնագործունեությունը` բուհը հասցնելով կատարյալ աղետի: Որոշ չինովնիկների և օրենսդիրների մինասյանապաշտպան գործունեությունը ցույց տվեց, որ Հանրապետության նախագահին հասցվող տեղեկատվությունը մեզ թվում է` միակողմանիորեն ուղղված է Մինասյանի շահերի պաշտպանությանը, այսինքն` նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվում է, մեղմ ասած, ոչ լիարժեք տեղեկատվություն, ինչը նախագահին թույլ չի տալիս ըստ էության ամբողջական գնահատել այն արհավիրքները, որոնք կատարեց Մինասյանը համալսարանում:

Փետրվարի 5-ին «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի խորհրդում ես և Գագիկ Համբարյանը, ՇՊՀ կանոնադրությունը ձեռքերիս, ցույց տվեցինք, որ դեկանների և վարիչների ընտրությունները պետք է կատարվեն ֆակուլտետների խորհուրդներում, սակայն իրեն օրենքից վեր համարող ռեկտորն առաջնորդվում է սեփական կապրիզներով և անձնական մղումներով` նշված ընտրությունները կամայականորեն տեղափոխելով գիտական խորհուրդ:

Ի պատասխան ռեկտոր Մինասյանի` համալսարանի կանոնադրությունն արհամարհելու ակնհայտ որոշման` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` հայտարարում եմ անժամկետ հացադուլ: Հարկավ, ինձ քիչ թե շատ ճանաչողները շատ լավ հասկանում են, որ նման քայլը ոչ թե հուսահատության հետևանք է, այլ բողոք, ինչի նպատակը հասարակության և պատկան մարմիների արձագանքն է Շիրակի պետական համալսարանում հերթական անգամ կատարվող անօրինականությանը:
Կոչ-պահանջս ուղղում եմ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Պարոն նախարար, կասեցրե´ք փետրվարի 12-ին համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունը, ինչը հակասում է համալսարանի կանոնադրության պահանջներին, այդ ընտրությունները պետք է իրականացնեն ֆակուլտետների խորհուրդները: Ռեկտորին շահավետ, ցանկալի տարբերակով ընտրություններ իրականացնելը միանշանակ անօրինական է…

Պատմության և փիլիսոփայության ամբիոնի
վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյան

print

1,241