ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրիում եվրոպական մոդելով էկոնոմ տներ կկառուցվեն

Վերջերս մեծ տարածում է գտել կառուցապատման այն տեսակը, որը հին ժամանակներում կոչվում էր կոոպերատիվներ, բայց, իհարկե, ներկայիս այլ ձևակերպումներով: Ասել կուզի՝ կառուցապատողը բնակարան է կառուցում՝ հավաստիացում ունենալով բնակարանատիրոջ պարտադիր գնման նախապայմանը կամ հիփոթեքային փաթեթը: Համացանցում աչքովս ընկավ

«Zaqaryan Construction Solutions» ՓԲԸ շինարարական ընկերության ղեկավար Էդգար Զաքարյանի «Շուկայականից 2 անգամ ցածր գներով էկոնոմ բնակարանների նոր մոդելն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը» նախաբանով գրառումը: Քանի որ Գյումրիում (նաև ողջ Հայաստանում) բացի տնակներում ապրող անօթևաններից, կան նաև շատ ընտանիքներ, որոնք չունեն սեփական բնակարան, հետաքրքրեց, թե ի՞նչ ասել է «էկոնոմ բնակարան» հասկացությունը, արդյո՞ք այն հնարավոր է Գյումրիում: Մանավանդ, թե՛ Շիրակի մարզպետը, թե՛ Գյումրու քաղաքապետը, ըստ իրենց խոսքերի, կարծես կառուցապատողների հետ են բանակցում, որպեսզի քաղաքում բացի պետական, բարեգործական կազմակերպությունների կողմից սոցիալական բնակարանաշինությունից, նաև հիփոթեքային հիմունքներով բնակարաններ կառուցվեն:

Հարցազրույց «Zaqaryan Construction Solutions» ՓԲԸ ղեկավար ԷԴԳԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Զաքարյան, նախ խոսենք Ձեր ընկերության՝ շինարարության ոլորտում ունեցած փորձից:

— Մեր կազմակերպությունը 6 ամիս է՝ ինչ ձևավորվել է, սակայն շուրջ 14 տարի բաժնետերերս, այս ոլորտում տարբեր կազմակերպություններում աշխատել ենք ու փորձառու ենք: Հավաքվեցինք, և որոշեցինք հիմնել նոր կազմակերպություն: Մենք Հայաստան ենք ներմուծել եվրոպական մոդելի էկոնոմ տների նախագծերը, տեղայնացնելու ենք և փորձելու ենք այստեղ կառուցել:

Ձեր ընկերությունը մասնակցել կամ մասնակցելո՞ւ է նաև պետության կողմից հայտարարված շինարարական տենդերներին:

— Այս պահին դեռ ոչ, բայց շուտով մասնակցելու ենք, լիցենզիան արդեն պատրաստ է: Հիմա տենդերների բոլոր չափանիշները, որոնք պահանջվում են, կփորձենք ապահովել և, կարծում եմ, հոկտեմբերից արդեն կմասնակցենք:

Էկոնոմ տները հայաստանյան շուկայական գներից ցա՞ծր է լինելու, թե՞ եվրոպականից:

— Հայաստանյան շուկայական գներից ցածր՝ կես գին, որոշ դեպքերում անգամ 4 անգամ էժան: Հիմա մենք կառուցում ենք էկոնոմ տներ, մեր նախագծի հաշվարկներով, եթե հողի արժեքը չհաշվենք, ապա վերանորոգված, մեկ հարկանի տան մեկ քառակուսի մետրը ստացվում է 350 ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում է նաև ներքին և արտաքին վերանորոգումը, անգամ շրջակա միջավայրի բարեկարգումը: Այսպիսի գին Երևանում այլևս ոչ մի տեղ չեք գտնի: Օրինակ, Կենտրոն համայնքում նման տան մեկ քառակուսին 2000 դոլար է: Իհարկե, չեմ ուզում համեմատել, որովհետև տակի հողն է թանկ, սակայն, եթե անգամ տակի հողը չհաշվենք, ապա Մասիվում, 3-րդ Մասիվում անգամ 1000 դոլարից էժան գին չկա:

Հասկանալի է՝ գոտիավորմամբ պայմանավորված է հողի արժեքը որոշվում: Դուք գնում եք հողակտոր, շինարարություն իրականացնում, ապա գնո՞րդ գտնում, թե՞ նախ գնորդին եք գտնում

— Այդ և մյուս տարբերակներն էլ կան: Տեսեք, մենք ուզում ենք կառուցել եվրոպական ստանդարտներով տնակային ավան՝ մոտ 10 տնով, որի գնորդներն արդեն կան, արդեն դիմել են, տվել համաձայնություն: Ընթացքում, եթե կարողանանք բանկերի հետ փոխհարաբերությունները մաքսիմում կարգավորել, որպեսզի մեր գնորդներին հիփոթեքային վարկեր տրամադրեն, ապա հնարավոր է, մինչև կառուցապատումը, հենց սկզբից մենք բանկերի հետ աշխատենք, առաջին հիփոթեքային տրանշը վերցնենք, շինարարության ինչ-որ տոկոսը սկսենք, 2-3 տրանշով մինչև շինարարության ավարտը վերցնենք ու արդեն ավարտելով՝ հանձնենք գնորդին:

Տեսեք, թե ինչն է մեզ հետաքրքրում. Գյումրիում ևս կան մարդիկ, որոնք ոչ անօթևանների ցուցակում են, ոչ էլ սեփական տուն ունեն, ուզում են բնակարան ձեռք բերել: Հնարավո՞ր է Գյումրիում ևս նախագիծ իրականացնեք՝ էկոնոմ տներ կառուցեք:

— Գյումրիի հետ կապված ծրագրեր արդեն ունենք, միայն ժամկետների հետ կապված հստակ բան չեմ կարող ասել: Բայց շատ չի ուշանա: Չէի ասի, թե մեր նախագծած մեկ քմ-ի դիմաց 350 դոլար ասածը պետք է միանշանակ բոլոր տեղերի համար լինի: Շատ հնարավոր է, որ ավելի էժան ստացվի, մանավանդ, Արթիկը (նկատի ունի Արթիկի քարի արտադրությունը,- հեղ.) մոտիկ է, կկարողանանք այլ տարբերակով այլ նյութեր օգտագործելով, կամ տեղում որոշակի արտադրություն հիմնելով, ծախսերը սեղմելով՝ ավելի էժան տներ կառուցել: Սա ասում եմ առանց որևէ հաշվարկ անելու, ուղղակի բացատրում եմ, որ 1-2 տարուց Գյումրիում ծրագիր իրականացնելու ենք, ու մեզ ևս հետաքրքիր է:

Այսինքն, Գյումրիում էլ եվրոպական մոդելով տների նախագծերը կտեղայնացնեք, շինարարական նյութի համակազմի մեջ փոփոխություններ կմտցնեք, ու մեր եղանակային պայմաններին համահունչ՝ դիմացկուն տներ կկառուցեք:

— Ես Ձեզ ասեմ, որ մեր ընտրած եվրոպական մոդելի տները կառուցվում են նաև Կանադայում, որն հայտնի է իր ցուրտ եղանակով: Համաշխարհային շինարարության մեջ ջերմամեկուսացումն այլևս խնդիր չէ, այնպիսի նյութեր կան, որ բացարձակ ջերմամեկուսացում են ապահովում: Բայց անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր տարածաշրջան ունի և ենթադրում է, որ յուրաքանչյուր նախագիծ, կառուցելուց առաջ, պետք է տեղայնացնենք: Դա վերաբերում է միայն հիմքերին, թե չէ ջերմամեկուսացումը մինչև մինուս 40 աստիճան է, Հայաստանում շատ քիչ տարածքներում է այդքան նվազ ջերմաստիճան: Ամեն դեպքում, այս մոդելով տները, որոնք մենք ենք կառուցում, մինուս 40-ից պլյուս 60 են:

Բացի այս, Գյումրիի հետ կապված, նախ պետք է սպասել պետական ծրագրերի իրագործմանը, քանի որ, հայտարարվել է, որ տնակները, ժամանակավոր կացարանները պետք է մաքրեն մինչև 2020-21թթ., ու բազմաբնակարանաշինություն է ընթանալու: Այս ծրագրերից հետո, երբ պետությունն իր պարտավորությունն իրացնի, իսկ Գյումրիի տնակային ավանները մաքրվեն՝ տարածքներ ազատվի, նոր միայն հնարավոր կլինի, քաղաքաշինական նորմերից ելնելով ուսումնասիրություներ անելով՝ արդեն եվրոպական մոդելը կդառնա էֆեկտիվ: Քանի որ արդեն գնորդներ կլնեն այն մարդիկ, ովքեր կուզենան տվյալ թաղամասում շարունակել բնակությունը: Սոցիալական խնդիրը լուծելու համար մեզ բարերարների համագործակցությունը պետք կլինի, իսկ դա այս պահին մի քիչ դժվար է: Պետք է ամեն դեպքում մի քիչ համբերել, մինչև պետությունը լուծի սոցիալական հարցը՝ անօթևանների նկատմամբ:

Բայց գիտե՞ք, ըստ իս, եթե հնարավոր նախագիծ ունենաք, ու համապատասխան ազատ տարածք գտնեք, ապա զուգահեռ շինարարությունը չէր խանգարի պետական ծրագրերին, շատ պարզ պատճառով. Ձեր կառուցածի «հաճախորդը» լրիվ այլ է, որն ուզում է իր միջոցներովհիփոթեքով մարել բնակարանի արժեքը:

— Բնականաբար, մեր՝ կառուցապատման ոլորտ մուտք գործելով, կփոխենք, կներմուծենք բնակարանաշինության մշակույթը: Այն ընկերությունը, որի մոդելը ներմուծում ենք, աշխատում է  Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում: Եվ տների արտաքին տեսքից սկսած, ամեն ինչ խիստ տարբեր է մերինից, անգամ գունավոր, միատոն կտուրները, գունեղ… Երբ առաջին թաղամասը կառուցենք, իմ ասածները հստակ պարզ կլինի:

Ես Եվրոպայում տեսել եմ նման տներ, ու մինչև հիմա երազում եմ մեր քաղաքում նման տների մասին:

— Այո, երբ վերևից ես նայում, շատ գեղեցիկ է նայվում: Հնարավոր է յուրաքանչյուր քաղաք ուզենա ունենալ իր եվրոպական թաղամասը: Բացի այս, ներկայում Եվրոպայում տենդենց կա՝ հարթ կտուրներ են կառուցում, իսկ կտուրների վրա այգիներ են հիմնում: Աշխարհը գնում է կանաչ շինարարության: Փորձենք մենք էլ Հայաստան այն ներմուծենք, չնայած փուլային տարբերակներով կստացվի, ժամանակ է ուզում:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
10,406