Չռռացող կռիշով հանրակացարանի առօրյան ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Չռռացող կռիշով հանրակացարանի առօրյան

Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանից, որպես անցյալի հուշ, փլատակներն են մնացել: Այն Լենինգրադի ռադիոգործարանի մասնաճյուղն էր և նախատեսված էր, որ աշխատելու են նաև ռուս մասնագետները, ուստի սրան կից կառուցվել էին նաև հանրակացարանային երկու մասնաշենք: Մինչդեռ, ինչպես ասում են, երկրաշարժն ի չիք դարձրեց գործարանի հետ կապված բոլոր ծրագրերը, դե, եղած-չեղածն էլ, ինչպես հարկն է թալանվեց, իսկ հանրակացարանները «հանպատրաստի» բնակելի տարածքներ դարձան անօթևանների համար: Այսօր արդեն հանրակացարանային մասնաշենքերից մեկն համարյա անբնակ է, մյուսում էլ` Գործարանային 2Ա հասցեում, մեկ տասնյակից պակաս սենյակներ են զբաղեցված մնում:

Դռների մեծ մասն այստեղ կողպված են: Ապրողներն ասում են, թե այդ սենյակներին տիրացածները այդպես են վարվել, որովհետև հեռագնա նպատակներ են փայփայում՝ գուցե լրացուցիչ տարբերակ լինի և իրենք էլ կարողանան անօթևանի կարգավիճակով «շնորհված» բարիքներից օգտվեն: Իսկ այստեղ մնացած բնակիչների հիմնական մտահոգությունն այն է, որ գոնե անձրևներին ու ձյանը դիմակայելու ընդունակ տանիք ունենան գլխներին: Նրանց միակ հույսն այն է, որ օրերից մի օր կհայտնվի մի բարերար ու հանձն կառնի շենքի տանիքը նորոգել և իրենք գլխներին չռռացող ջրի դարդից կպրծնեն:

«Շենքի վիճակն անբարենպաստ է, կռիշ չունինք, սաղի տները կկաթա,- ասում է 57-ամյա Գալյա Պետրոսյանը, որի ընտանիքն արդեն 13 տարի է, ինչ ապրում է այստեղ,- ում տունը կուզես մտի, ծեփոնները թափած են, մի կերպ կապրինք: Վարչապետին դիմում գրինք, տեր էղնող չեղավ, սեփականատերն էկավ, բանի տեղ չդրեց, կըսեր, թե չեմ էկել ձեզի տուն տալու, էկել եմ, օր նայեմ, թե ինչ վիճակ է: Մարզպետարանից էկան, հաշվառեցին վառարն ունեցողներին: Քաղաքապետարանն էլ կսե, թե շենքը Երևանինն է, պիտի իրենք վերցնեն, որ հետո կարողանան կռիշը սարքեն: Ձմեռը կանալիզացիան կսառի, ջուր չունինք, ջուրը դրսից կկրենք: Ջահել տղա ունիմ` չեմ կռնա նշանեմ` աղջիկ չի գա էս շենքը, ի՞նչխ ապրի»: Գալյա Պետրոսյանն ասում է, թե շենքում ընդամենը յոթ սենյակ է զբաղեցված, մյուս սենյակներում ապրող չկա, տերերը դռները կողպել, գնացել են. «Ամեն մեկը բարեկամի, հարազատի տուն է գնացել կամ վարձով տեղ է գտել, կապրի: Կողպեքներն էլ դրել են նավսյակի, օր հանկարծ տուն տան, գան ստանան: Բայց, թե տուն կտա՞ն` էդ էլ չիտենք»:

Վարդուշ Պետրոսյանը միայնակ կենվոր է այս շենքում. «Շուրջ 20 տարի բնակվում եմ այստեղ, միշտ գալիս են ստուդիաներից` նկարում, գնում են, բայց ապարդյուն, ոչ մի արդյունք չկա դրանից: Կառավարությունը ոչ մեկիս տիրություն չի անում: Դրսում` անձրև, տանը` անձրև, կաթկթոցի տակ նստած, ապրում ենք: Ահավոր է: Նույնիսկ հարմարություն չունենք, որ թափվող ծեփոններից աղտոտված տեղաշորերս լվանանք: Ձմռան սաստիկ ցրտերին սառում ենք, որովհետև կողքի սենյակներում ապրողներ չկան, միջանցքի լուսամուտներն ապակիներ չունեն: Կոմունալ ծախսերից էլ լույսի փողն ենք մուծում պարտաճանաչորեն: Երբեմն լավ է, որ բարեգործական կազմակերպություններից գալիս, վառելափայտ են բաժանում մեզ, էն էլ, երբ վառարանում կրակն հանգում է, անմիջապես տունը ցրտում է: Նորմալ բնակարան ստանալու հույս էլ չունեմ»:

85-ամյա Գոհար Ղազարյանը երկար տարիներ ապրել է հանրակացարանում ու, թերևս, այն երջանիկներից է, ում վիճակվել է բնակարան ստանալ: Պատրաստվում է շուտով տան կահկարասին տեղափոխել ու այստեղից գնալ. «Ես հլը հեչ` իմ էրթալս էսօր-էգուց է, էս մարդիկ են մեղք, օր կմնան անձրևի տակը: Էս մարդկանց վիճակն ըսպես կպատկերացնեմ` շենքը առնողները հովանավոր կանգնին, տուն առնին, բալնիքը տան, ըսեն` գնացեք ընտեղ ապրեք: Ես իմացել եմ, օր Պուտինը պտի վերցնե էս շենքը ու ըստեղ պտի վայեննի գառադոկ սարքեն»: Այս խոսքի վրա Գալյա Պետրոսյանը չի համբերում ու կտրում է տարեց հարևանուհու խոսքը. «Այ կնիկ, ի՞նչ կսես, Պուտինն ինչի՞ց է խաբար»:

Հանրակացարանաբնակներն ինձ հրաժեշտ տալիս, խնդրեցին, որ անպայման հետաքրքրվեմ, թե շենքի «ճակատագիրը» ո՞նց է լինելու: Իհարկե, խոստացա, որ անպայման կհետաքրքրվեմ:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի տեղեկացմամբ, այս հանրակացարանը գտնվում է Երևանի «Էլեկտրո» ՓԲԸ-ի հաշվեկշռում:  Այժմ ընթանում է լուծարման գործընթացը, և այն օտարվելու է: Դրանով զբաղվում է լուծարման հանձնաժողովը, որի կառավարիչը Կարեն Ախոյանն է: Հանրակացարանի բնակիչները թյուր կարծիք են կազմել, թե հենց նա է շենքի սեփականատերը և համոզված են, որ նա ի զորու է լուծելու շենքի տանիքի նորոգման հարցը: Դե, բնականաբար,  հույսը շենքի սեփականատիրոջ հետ կապելն ամենահարմար միջոցն է` սեփական կենցաղային խնդիրներից ազատվելու համար: Մանավանդ, որ մի քանի անգամ զրուցել են Կարեն Ախոյանի հետ, և նա միանգամայն լավ տպավորություն է գործել իրենց վրա:

Քաղաքի գլխավոր ճարտարապետն ասում է, որ այժմ շենքի կադաստրային փաստաթղթերի ձևակերպումներն են արվում: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, շենքի օտարումից հետո, այն կփոխանցի համայնքի սեփականությանը: «Իսկ համայնքի սեփականություն դառնալուց հետո մենք կնայենք, թե ովքե՞ր են ընդհանրապես զբաղեցրել նախկին հանրակացարանի սենյակները և նրանցից ովքե՞ր ունեն դրա իրավունքը ու ովքեր՝ ոչ: Այլ կերպ ասած` ովքե՞ր են նստած համայնքի «վզին» և արդյո՞ք նրանք դրա իրավունքն ունեն»: Հանրակացարանային շենքի հեռանկարի մասին խոսելիս, Հենրիկ Գասպարյանն հավաստիացրեց նաև, որ այն չեն քանդի, կվերանորոգվի և ինչ-որ նպատակի կծառայի: Իսկ թե ի՞նչ նպատակի, առայժմ անհայտ է մնում:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print

1,277