Ռոբերտ Քոչարյանը վկայի կարգավիճակում երկար չի մնա ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը վկայի կարգավիճակում երկար չի մնա

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի քարտուղար ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Պարոն Խաչատրյան, 0038 հրամանագիրը որտեղի՞ց հայտնի դարձավ, մանավանդ, որ այն գաղտնի էր, և ի՞նչ է այն նշանակում:

— 0038 հրամանագրի համարն է, որն ինչ-ինչ ճանապարհներով հասել էր «Հայկական ժամանակ» օրաթերթին և 2008թ. դեկտեմբերի 15-ին տպագրվեց թերթում: Այդ հրամանագրի գաղտնիությունը բացահայտելու, պետական գաղտնի կամ գերատեսչության գաղտնիքը հրապարակելու համար ժամանակին դատապարտվեցին Պաշտպանության նախարարության երկու պաշտոնյա: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման, ևս մեկ աշխատակից դատապարտվեց, բայց ազատազրկման պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Սա արդեն հաստատեց մեր տեղեկությունները, որ նման հրաման եղել է:

Այդ հրամանի մասին շարժման առաջնորդները տեղյա՞կ էին:

— Իհարկե, մենք գիտեինք, որ հրաման կար, բայց ենթադրությունը, կասկածը կամ տեղեկությունը պետք է կարողանայինք փաստացի ապացուցել, ու այդ ժամանակ մենք ունեցանք այդ հաստատումը: Տեսեք, մենք չունենք 0038 հրամանի ամբողջական տեքստը: Հատուկ քննչական ծառայության վերջին հայտարարության ձևակերպումներից պարզ է դառնում, որ վերջինս խոսում է հստակ հրամանի մասին, ուրեմն իր ձեռքի տակ կա հրամանն ամբողջությամբ: Իսկ այն, ինչ 2008թ. դեկտեմբերին հրապարակվեց «Հայկական ժամանակ» թերթում, դա հրամանի քաղվածքն էր: Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, իսկ հետագայում Հայ Ազգային Կոնգրեսը, իր հետագա բողոքարկման գործողությունների ընթացքում օգտվել է այդ փաստաթղթից, վիճարկում էր այն թե՛ ներպետական, և թե՛ միջազգային մարմիններում, մասնավորապես, երբ փորձում էր Արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկել, և այդ փաստաթուղթը ներկայացվում էր որպես ապացույց, որ Հայաստանում կատարվել է ռազմական հեղաշրջում:

Փաստորեն, 0038 հրամանագրով բանակը խառնվել է ներքաղաքական գործընթացներին:

— Այդ հրամանն ակնհայտ ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ավազակապետկան իշխանությունը պլանավորված գնացել է զինված ուժերը քաղաքական հարցերին ներգրավելուն՝ խախտելով բանակի չեզոքության սահմանադրական իմպերատիվ բնույթը:

Մինչդեռ Սահմանադրությամբ արգելվում է զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին:

— Սահմանադրությունը նաև հստակ ու սպառիչ տալիս է այն հնարավորությունները, թե երբ Գերագույն գլխավոր հրամանատարը կարող էր օգտագործել բանակը, բայց որևէ դեպք չկա, որ բանակը կարող էր օգտագործել ներքին քաղաքական խնդիրների լուծման համար:

Քանի որ Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարն էր, ապա ինչպե՞ս կարող է հերքել կամ մանևրել, թե ինքը ժողովրդի վրա կրակելու հրաման չի տվել:

— Հայաստան գալուց հետո Սահմանադրություն խախտելը Ռոբերտ Քոչարյանի համար մշտական «խասյաթ» է եղել: Նա «նախագահական ամբիցիաներ» դրսևորելիս՝ նախագահի թեկնածություն է առաջադրել Սահմանադրությունը խախտելով, մի քանի անգամ, իր պաշտոնավարման ընթացքում ևս խախտումներ են եղել… Երկու բան ֆիքսենք. իշխանության եկավ Սահմանադրությունը խախտելով, և գնաց՝ Սահմանադրությունը խախտելով: Ընդ որում, երկու դեպքում էլ ծանր հետևանք է եղել Հայաստանի Հանրապետության համար: Առաջին դեպքում՝ ինքն անձամբ է ապօրինի տիրացել նախագահի պաշտոնին, վերջին դեպքում՝ Սահմանադրությունը խախտելով, մի խումբ անձինք դարձյալ ապօրինի զավթել են իշխանությունը:

Սակայն իր հարցազրույցներում փորձեր է անում խույս տալ, մանևրել, մեղքի բաժինն իր վրայից ցրելԲայց մի՞թե չի պատկերացնում, որ «թոզ փչոցիությամբ» չի կարողանա խույս տալ:

— Սա սովորական ինքնապաշտպանական բնազդ է: Կամ՝ ադեկվատ չի, չի գնահատում, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Իսկ նոր իրողությունների պայմաններում, նոր կառավարությունը սկզբունք է որդեգրել. առաջնահերթություն՝ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտում: Այս պայմաններում Ռ.Քոչարյանը չգիտեմ, թե ինչի վրա է հույսը դրել: Միգուցե կարծում է իր նախկին գործընկերների, իր, այսպես ասած, հանցակիցների վրա ցուցմունք տալով… Ցուցմունք է տալիս Միքայել Հարությունյանի վրա, որն այս պահին հետախուզման մեջ է, ցուցմունք է տալիս Գորիկ Հակոբյանի վրա, որը մահացած է, ցուցմունք է տալիս Մանվել Գրիգորյանի վրա, որը հեղինակազրկված է ու այս պահին գտնվում է մեկուսարանում: Սակայն մի բան փաստ է. առանց Գերագույն գլխավոր հրամանատարի տեղեկության, առանց նրա հրամանի՝ որևէ զորամիավորում, մանավանդ սահմանից, չէր շարժվի երկրի կենտրոն, ընդ որում, ուզում եմ հիշեցնել Ռ.Քոչարյանի խոսքերը, ով մարտի 2-ին տառացիորեն ասում էր հետևյալը. «…մենք ստիպված ենք օգտագործելու բանակի հնարավորությունները՝ կարգ ու կանոն հաստատելու համար…»: Եզակի չեն փաստերը, որ Քոչարյանը և՛ տեղյակ էր, և՛ հրաման է տվել, որպեսզի օգտագործվի բանակը: Միքայել Հարությունյանը 2009թ. փաստահավաք խմբի հարցաքննությունների ժամանակ, երբ նրան հարց էին տալիս բանակի ներգրավման մասին, պատասխանում է. «Բայց այդ հարցն ինձ ինչի՞ եք տալիս»… Նա հստակ նշում է, որ ինքը կատարել է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները, և բանակի ներգրավման մասին «հարցն ինձ ինչի՞ եք տալիս»-ը նշանակում է, որ հարցի հասցեատերը լրիվ ուրիշ մարդ է՝ Գերագույն գլխավոր հրամանատարը: Բացի այս, հատուկ քննչական ծառայության հայտարարության մեջ կար 0038 հրամանի այն հատվածը, որ՝ «ի կատարումն Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից դրված խնդիրների…»: Այս պահին մեզ հայտի են այս տեղեկությունները, բայց նախաքննական մարմնի ձեռքի տակ կլինեն ավելի շատ փաստեր: Ես հուսով եմ, որ Ռոբերտ Քոչարյանը վկայի կարգավիճակում շատ երկար չի մնա, կստանա կասկածյալի, մեղադրյալի կարգավիճակ:




Հիմա կարող ենք փաստել, որ Քոչարյանն արդեն իսկ հրավիրված է հարցաքննության: Թեպետ երկրում չէ, բայց հայտարարել է, որ հուլիսի 25-ին կվերադառնա Հայաստան: Կոնկրետ ժամկետներ կա՞ն, որի ընթացքում նա պարտավոր է ներկայանալ:

— Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ վարույթն իրականացնող մարմնի կանչով վկան պարտավոր է ներկայանալ: Հիմա վարույթն իրականացնող մարմինն ուղարկել է ծանուցագիրը որպես վկայի: Եթե հաջորդ ծանուցագրով էլ չգա, կամ անհարգելի պատճառով չներկայնա, ապա վարույթն իրականացնող մարմինը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում: Իսկ եթե ինչ-որ պահի նաև բավարար ապացույցներ լինեն Ռ.Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու, ապա վարույթն իրականացնող մարմինն արդեն կարող է հետախուզում հայտարարել, այդ թվում նաև միջազգային՝ քրեական գործով մեղադրյալի կամ կասկածյալի վարույթին չներկայանալու պատճառաբանությամբ:

Բայց Քոչարյանն այդքան միամիտ չէ, և այդ ամենը հասկանալով, հնարավո՞ր է փախուստի ճանապարհ գտնի, քաղաքական ապաստան փնտրի ինչոր երկրում, մանավանդ, ֆինանսական մե՜ծ հնարավորությունների է տիրապետում

— Եթե նա դիմի այդ քայլերից որևէ մեկին, ապա միանգամից կապացուցի, որ մեղավոր է: Պետք է մի բան հստակ հասկանալ, որ Հայաստանում իրավիճակն, իրոք, փոխվել է, փոխվել է նաև այն իմաստով, որ իշխանությունը, կառավարությունը քաղաքական կամք ունի՝ Մարտի 1-ը բացահայտելու, որն էականորեն տարբերվում է 2008-ի, 2009-ի իրավիճակներից, երբ պետական ամբողջ ապարատը ռեպրեսիվ քաղաքականություն էր վարում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Այժմ նախկին իշխանությունները չկան, նրանց ռեպրեսիվ մեքենան չի աշխատում: Եվ, եթե Ռ.Քոչարյանը վախենալու ոչինչ չունի, ապա անհասկանալի է, թե ինչու պիտի փախնի, իսկ եթե անհանգստանալու բան ունի, ինչում ես վստահ եմ, փախուստն էլ չի փրկի նրան, միևնույն է, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Մարտի 1-ի ոճրագործության բոլոր պատասխանատուները պետք է ու կկանգնեն դատարանի առջև:

Էլ ի՞նչ հայտնի դեմքեր կարող են պատասխանատվության ենթարկվել:

— Մենք Մարտի 1-ի 10-ամյակի կապակցությամբ մի գրքույկ ենք հրատարակել, այն կոչվում է «Մարտի 1-ի ոճրագործությունը», որտեղ բոլոր հայտնի ու անհրաժեշտ փաստաթղթերն են, կան նաև այն մարդկանց անունները, որոնք հրաման են տվել, որոնք հրաման են կատարել, ինչպես նաև այն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների, կեղծ ցուցմունք տված ոստիկանների անունները, որոնք առնչվել են Մարտի 1-ի գործին, հաջորդած դատավարություններին ու իրադարձություններին… Հիմա անուններ տալը շատ երկար թվարկում կլինի: Կան նաև փաստահավաք խմբի զեկույցները, որոնցից մեկը նվիրված է ապօրինի զինված խմբերի կազմավորմանը…

Խոսքը օլիգարխների զինված խմբերի՞ն է վերաբերում

— Նաև դրանք են: Կան այն օլիգարխների անունները, որոնց թիկնազորին տրամադրվել է զինվորական համազգեստ… Մյուս զեկույցներում կան Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքերին առնչվող մարդկանց անուններ, կա օպերատիվ շտաբի 9 անձանց անունները, կա նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը, նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան, նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան… Մի խոսքով, այդ գիրքը փաստագրական է և իր մեջ ներառում է չոր փաստերի լեզուն:

Այս պահին, կարո՞ղ ենք ասել, որ «Մարտիգործի քննությունը սկսված է և կանգ չի առնի:

— Մենք ունենք տեղեկություն, որ քննությունը գնում է շատ ինտենսիվ, շատ մանրակրկիտ, օբյեկտիվ ու բազմակողմանի: Մարտի 1-ի գործը բացահայտելու համար բավական էր, որ լիներ քաղաքական կամք…

Հիմա փաստեցինք, որ այդ քաղաքական կամքն արդեն կա:

— Այո: Այնպես չէր, որ նախկինում հնարավոր չէր այդ հանցագործությունը բացահայտել, ուղղակի քաղաքական կամքը չկար, չկար բացահայտելու պատվեր: Հակառակը՝ կար հանցագործությունը պարտակելու հրաման: Հիմա այլ է, նոր կառավարությունը հանձնարարական է տվել՝ բացահայտել: Կարճ ժամանակում այն հնարավոր է բացահայտել: Միայն այն, որ հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել 0038 հրամանի հիմքով, արդեն մեզ հույս է տալիս, որ նախաքննական մարմինը շատ ճիշտ ճանապարհի վրա է, բայց դեռ բավարար չի, որ եթե միայն այդ մասով քննություն կատարի: Վստահ եմ, որ քննություն կկատարվի սպանությունների մասով, մարտի 1-ին  առավոտյան Ազատության հրապարակի դեպքերի, ու մնացած մյուս բոլոր դրվագներով:

Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է՝ Հանրային հեռուստաընկերությունը, որը նախկին իշխանությունների օրոք հասարակությանը տալիս էր խեղաթյուրված տեղեկատվություն, այդպիսով հասարակության մեջ սերմանելով պառակտիչ տրամադրություններ, պատասխանատվություն կրի՝ թեկուզ անուղղակի հանցագործության համար:

— Ոչ թե անուղղակի, այլ հենց ուղղակի հանցագործություն էր, եթե իրավական գնահատական տալու լինենք: Հանրայինը այդ ավազակապետության մի մասնիկն էր, ու կարևոր մասնիկն էր: Կարծում եմ, այս փոխված իրականության մեջ Հանրային հեռուստատեսությունը փոխել է իր քաղաքականությունը: Հիմա արդեն ակնկալում ենք ադեկվատ մոտեցում: Մանավանդ, Հ1-ը սեփական, մասնավոր կառույց չէ, որևէ կուսակցության սեփականությունը չէ ու պետք է գործի հանրության շահերից:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
4,732