«Սեւ կարդինալի» հուշերը ⋆ «Շրջապատ»
ՀՈՒՇԵՐ

«Սեւ կարդինալի» հուշերը

Վեդենինի դիակը փաթաթեցին շորի մեջ ու գցեցին գաղութի հետևի կողմում փորված փոսի մեջ: Նրա աճյունի ետևից ոչ ոք չէր եկել, նույնիսկ հարազատներն էին հրաժարվել այդ տականքից:

Գիշերն ինձ «Ստոլիպինի» վագոնով ուղարկեցին Վորկուտայի մեկուսարան՝ Կոմիի ամենահյուսիսային կետը, որտեղից մինչև Սառուցյալ օվկիանոս հաշված կիլոմետրեր էին մնում: Ամեն ինչ սկսվեց նորից: Անցած չորս տարիները հավասարվեցին զրոյի, բայց այս անգամ ես գիտեի, թե ինչի համար պիտի դատվեմ: Գնացքը մոտենում էր Վորկուտային: Ես պատուհանից դուրս նայելով ընկել էի հիշողությունների գիրկը: Այդ ժամանակ չգիտեի, որ 1978 թ-ին ծնված երեխաս, որն արդեն երեք տարեկան էր, աղջիկ է: Չգիտեի, որ երբևէ կտեսնեմ ընտանիքիս: Նույնիսկ հաշտվել էի գնդակահարության մտքի հետ, քանի որ գաղութում ակտիվիստների կամ աշխատակազմի աշխատակիցների հետ հաշվեհարդար տեսնելը հավասարազոր էր ինքնասպանության: Բայց այս անգամ, չորս տարվա ընթացքում, ինչպես ասում են՝ բախտս բերեց և ես խուսափեցի գնդակահարության հոդվածից:

Քննիչը, որին վստահել էին այդ գործը, պարզվեց՝ ազգությամբ հայ էր, Մանթաշ գյուղից: Նորաթուխ լեյտենանտ Հովսեփյանը ավարտել էր Լենինգրադի իրավաբանականը և որպես պրակտիկանտ ուղարկել էին Կոմի: Դատախազը հենց նրան էլ հանձնարարել էր զբաղվել իմ գործով: Հովսեփյանը իմ աչքի առաջ գործի միջից հանեց և պատռեց Վեդենինի ՍՎՊ-ի  անդամությունը հաստատող տեղեկանքը: Իսկ առանց այդ թղթի ոչ մի դատախազ ու դատավոր չէին կարող ինձ մահապատժի դատապարտել:

1981 թվականի դեկտեմբերի 15-ին կայացավ դատս: Դատավորը մինչ այդ ուսումնասիրել էր Վեդենինի քրեական գործը և գիտեր, որ այդ ստահակը սպանել էր հայ աղջկա: Դատավորի մոտ կասկած էր ծնվել, որ ես կարող է այդ աղջկա հարազատներից լինեմ ու դիտավորյալ եմ հայտնվել գաղութում՝ Վեդենինից ոխս հանելու համար: Իհարկե, ես դատավորին, ատենակալներին և դատախազին ազնվորեն պատմեցի իրականությունը և Վեդենինին սպանելու դրդապատճառները: Զգում էի, որ նրանք մարդկայնորեն հասկացան ինձ: Իսկ վերջին խոսքիս մեջ ասացի, որ ամեն ինչ թողնում եմ Աստծո կամքին, որ վերևում Աստված է, ներքևում՝ իրենք, ու ինչ էլ որ լինի՝ դա իմն է: Դատավոր Երգեևը նշանակեց 11 տարի ազատազրկում, մասնակիորեն գումարեց չկրած մասից չորս տարի և վերջնական դատապարտեց 15 տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմի գաղութում:

Վորկուտայի բանտում սպասում էի վճռիս հաստատմանը, երբ ժամանեցին ՊԱԿ-ի աշխատակիցները: Նրանք ինձ հարցրեցին, թե դատավարության ժամանակ ես ինչ եմ ասել դատավորին: Հասկացա, որ չեկիստները նկատի ունեին մոսկովյան իրադարձությունները: Նրանք վախեցել էին, որ կարող է պատմած լինեի, թե ինչ էր կատարվել Մոսկվայում ինձ հետ 1977 թվականին: Այդ պահին իմ մեջ մոլեգնեց զայրույթը, ցատկեցի տեղիցս ու հայհոյախառն խոսքերով գոռացի.

— Ես ձեր… Շատ լավ եմ արել՝ պատմել եմ: Կպատմեմ ողջ աշխարհին, թող իմանան, որ դուք էլ, ձեր ՍՍՀՄ-ն էլ, Բրեժնևն էլ գլխակերներ եք: Ուտելո՞ւ եք գլուխս… կերե՛ք, կշտացե՛ք: Բայց զգուշացնում եմ՝ ով փորձի ինձ խփել, առաջինը ես կխփեմ: Այլևս կորցնելու ոչինչ չունեմ:

Ես գիտեի, որ վերջին չորս տարիների ընթացքում երկրում շատ բան էր փոխվել. Բրեժնևն հազիվ էր ապրում, առաջ էր եկել Չերնենկոն (չնայած նա էլ մի բան չէր), Քաղբյուրոյի անդամների խաղաքարտերը խառնվել էին: Ու դիտավորյալ նորից սկսեցի հայհոյել դրանց ու կրկնել, թե ինչ արել եմ՝ լավ եմ արել: ՊԱԿ-ի աշխատակիցները լուռ էին, նրանք չփորձեցին անգամ պատասխանել ինձ:

Շուտով դատավճիռս հաստատվեց ու մեկնեցի «էտապ»՝ նորից Կոմի, բայց հատուկ ռեժիմի գաղութ, որի անվանումն էր «Իոսեր»: Այստեղ կալանքիս 1/3-ը, այսինքն՝ 5 տարի, պետք է անցկացնեի բանտային ռեժիմի տակ: Եթե այդ ընթացքում դրական բնութագիր ստանայի, ապա հատուկ հանձնաժողովը կարող էր փոխադրել հատուկ ռեժիմի բաց գաղութ: Դա դեռ ապագայում, իսկ ներկան այն էր, որ այդ պահին ես արդեն 4 տարի ու 40 օր արդեն գտնվում էի բանտային համակարգում և առաջիկա 5 տարիները նույնպես պետք է անցկացնեի խցիկային պայմաններում:

«Իոսերի» բանտի պետը հենց սկզբից զգուշացրեց, որ ես ինձ հանգիստ պահեմ: Ասաց նաև, որ ըստ պատժաչափերի տեսակների, բանտարկյալններն ապրում են տարբեր շինություններում: Օրինակ, 10-15 տարի պատժաչափ ունեցողների համար կա երկու շինություն, մեկը՝ հանցագործ աշխարհում մաքուր մարդկանց համար, մյուսը նրանց համար, ովքեր ուշ թե շուտ ցույց են տալու իրենց արատները ու էդ ժամանակ նրանց ոչ մի փրկություն չի լինելու: Ես հասկացա պետի խոսքերի իմաստը և վստահ ասացի.

— Ես մաքուր եմ և կեղտոտվելու միտք էլ չունեմ: Կգնամ ձեր նշած առաջին շինությունը:

Ինձ տարան առաջին բարակը: Այստեղ կային 12 խցեր, որոնցում նստած էին 120 կալանավոր՝ բոլորն էլ 10-15 տարի պատժաչափերով: Իմ «քաջագործությունների» մասին արդեն տեղյակ էին և, երբ ինձ տեսան, դիմավորեցին գոհունակ բացականչություններով: Այստեղ էր նստած նաև երկրով մեկ հայտնի օրենքով գող «Ցիպլյոնոկը»: Նա ինձ իր մոտ կանչեց և մենք առանձնազրույց ունեցանք: Ես նրան պատմեցի գլխովս անցած-գնացածը, նա էլ իր հերթին նկարագրեց ներքին կյանքն ու ծանոթացրեց առօրյային: Այդ գիշեր ես մեռածի պես քնեցի՝ կարծես գոհ կատարվածից, քանի որ գոնե արդեն գիտեի, թե ինչի համար եմ կյանքիս լավագույն տարիները ճաղերի հետևում անցկացնում: Իսկ թե ինչ կլիներ հետագայում, դա արդեն ժամանակը ցույց կտար:




Առավոտյան արթնացա ահավոր աղմուկից: Սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում, հետո պարզվեց, որ զինվորները «շմոնի» էին դուրս եկել: Ստուգեցին ութը բարակներից յոթը՝ բացի մերինից: Հետո իմացա, որ մեր բարակը, այսպես ասած, «անձեռնմխելի» էր, քանի որ այստեղ նստածների պատժաչափերը 10-15 տարի էր, նրանք կորցնելու ոչինչ չունեին և կարող էին դիմադրել զինվորներին: Մանավանդ, տարիներ առաջ նման դեպք արդեն եղել էր, որի արդյունքում զոհվել էին երկու զինվոր, մի քանիսը ստացել ծանր վնասվածքներ: Այնպես որ, գաղութի ադմինիստրացիայի ներքին հրամանով մեր բարակին ձեռք չէին տալիս:

Իմ արթնանալուց անցել էին հաշված րոպեներ, երբ կողքի բարակից լսվեցին բղավոցներ, ճիչ-աղաղակ, բացականչություններ: Հասկացանք, որ տեղի է ունենում այն, ինչ կատարվել էր մի քանի տարի առաջ: Այդպես էլ կար. մոտ 4-5 ժամից պարզվեց՝ 5 զոհ զինվորներից, 11-ը՝ կալանավորներից, և բազմաթիվ վիրավորներ երկու կողմից: Ես ակամա մտածում էի, թե ինչի՞ համար է այս ամենը, մի՞թե սա էլ է ռազմաճակատ: Ո՛չ, դա կոմունիստների ներքին հրահանգով կատարվող ոճրագործություններից մեկն էր, իբր, նման մեթոդներով փորձում էին կոտրել հանցագործների կամքը:

Նույն օրը Մոսկվայից ուղղաթիռով եկան Ներքին գործերի մինիստրության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ մինիստրի առաջին տեղակալ, Բրեժնևի փեսա, գեներալ-լեյտենանտ Յուրի Չուրբանովի գլխավորությամբ, ով այդ տարիներին ղեկավարում էր գաղութների համակարգը: Նրանք տեղում պարզեցին, թե ինչ է կատարվել ու ինչ պատժամիջոցներ պիտի կիրառեն: 15 դատապարտյալի վրա հարուցեցին նոր քրեական գործեր և ուղարկեցին Վորկուտայի մեկուսարան: Պաշտոնից ազատեցին գաղութի պետին՝ գնդապետ Միրզովին, իր երկու տեղակալների հետ միասին: Մի քանի սպաների քրեական պատասխանատվության կանչեցին: Որոշում կայացվեց նաև մեր բարակի տղաներին տեղափոխել տարբեր գաղութներ, իսկ մեր փոխարեն բերել նորերին, որպեսզի կարողանային նորեկներին հենց սկզբից իրենց ուզած ձևով կառավարել:

Սկսեցինք նախապատրաստվել սպասվող էտապին: Ես չէի կարող տուն լուր ուղարկել, թե որտեղ եմ և ինչպես եմ: Պետք է սպասեի այնքան, մինչև ինձ կտեղափոխեին նոր գաղութ: Արդեն 5-րդ տարին էր՝ ինչ չէի տեսել հարազատներիս: Սիրտս կտոր-կտոր էր լինում, կարոտը տանջում էր հոգիս, բայց ի՞նչ կարող էի անել: Զգում էի, որ դաժանությունն ու գազանությունը կամաց-կամաց բուն են դնում հոգուս մեջ, առաջին հերթին՝ ընդդեմ կոմունիստների: Ես արդեն կաշվիս վրա զգացել և զգում էի, թե ինչքան են տարբերվում նրանց խոսքերը գործերից: Արդեն համոզվել էի, որ սովետական համակարգն ի սկզբանե այդպես է եղել: Ուրիշ համակարգ չէի տեսել, որ համեմատեի, տեսնում էի այն, որի մեջ գտնվում էի: Եվ դա մարդակեր համակարգ էր, լավագույն դեպքում՝ ստրկատիրական: Ստալինյան ոճրագործություններին զոհ գնաց 35 միլիոն մարդ, այն դեպքում, երբ Հայրենական մեծ պատերազմը խլեց 20 միլիոն սովետական մարդու կյանք: Հետևությունը միանշանակ է. ինչպե՞ս կարելի էր ապրել նման համակարգի մեջ և ի՞նչ սպասել նման պետությունից:

Երեք օրից մեզ (մոտ 200 հոգի) ավտոմատավոր զինվորների և շների ուղեկցությամբ տարան երկաթգծի կայարան: Ճանապարհին 5 անգամ պառկեցրին գետնին, երեսվայր՝ ցեխաջրերի մեջ: Ֆաշիստական հակումներ ձեռք բերած զինվորները տանջելով մեզ, իրենց բավարարված էին զգում: Ինչևէ, մեզ տեղավորեցին «ստոլիպինի» վագոններն ու գնացքը շարժվեց…

(շարունակությունը հաջորդ էջում)

print
16,809