Սիրուց մինչեւ... ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Սիրուց մինչեւ…

Երևի սկսեմ սկզբից: Ապագա ամուսնուս` Մհերին, սիրահարվեցի առաջին իսկ հայացքից: Այնպես, որ ոչ մի չափորոշիչ այլևս կարևոր չէր. ես հարուստ ընտանիքից էի, նա պայմաններ չուներ: Մանր առևտրով էր զբաղվում, որ կարողանար մի կերպ մոր ու քույրերի գոյությունը պահել: Հայրս կտրականապես դեմ էր մեր հարաբերություններին, միշտ ասում էր. «Դու էդ պայմաններին չես կարողանա հարմարվել, քեզ պե՞տք է էդ չքավորը, ոչ ուսում ունի, ոչ նորմալ աշխատանք, ոչ թիկունք: Մոռացիր, դու դրան արժանի չես»: Մայրս էլ համոզում էր, թե Մհերին ոչ թե իմ սերն ու ես եմ պետք, այլ` մեր կարողությունը: Չգիտեի, այդպես էր թե ոչ, բայց շարունակում էի գաղտնի հանդիպել: Երբ եկան խնամախոսության, մերոնք բառացիորեն վռնդեցին նրանց: Այլ ելք չունեի` փախա Մհերի հետ: Սկզբում ահավոր դժվար էր, օրեր էին լինում` փող չէինք ունենում, որ ինստիտուտ գնայի: Մերոնք անունս լսել անգամ չէին ուզում, ասում էին. «Արել ես ձեռքովդ, քաշիր հոգովդ»:

Ինստիտուտը մի կերպ ավարտեցի, երեխաս` Հարութիկս, արդեն 3 տարեկան էր: Հորս գութը երևի շարժվել էր, խոսել էր իր մի ընկերոջ հետ, որը դպրոցի տնօրեն էր, և ինձ աշխատանքի ընդունեցին այդ դպրոցում: Ամուսինս կաշվից դուրս էր գալիս, բայց չէր հասցնում` մայրն արդեն հիվանդ էր, քույրերից մեկը հասուն աղջիկ էր դարձել, իսկ մենք հնարավորություն չունեինք նույնիսկ մեր որդու ծննդյան տարեդարձը նշելու: Մի օր էլ Մհերն ասաց, թե իր ընկերն առաջարկել է միասին Ռուսաստան գնալ` աշխատելու: Չէի ուզում, բայց այլ ելք չկար: Մեկ-երկու անգամ գնաց-եկավ, և արդյունքն զգալի եղավ: Աստիճանաբար հմտացավ իր գործի մեջ, և մեկ տարի անց արդեն հնարավորություն ունեցանք գնել մեքենա, նոր կահույք, մի խոսքով` կարողացանք ոտքի կանգնել: Շուտով Մհերը խանութ գնեց, սկսեց սեփական բիզնեսով զբաղվել: Մենք արդեն հնարավորություն ունեինք ամենալավ վայրերը հանգստանալու մեկնել: Ամենահետաքրքիրն այն էր, որ ցանկացած պայման չխաթարեց մեր սերը, չազդեց մեր փոխհարաբերությունների վրա: Մհերը մնում էր նույն սիրառատ, ուշադիր, լավ ամուսինը: Ես չէի սխալվել իմ ընտրության մեջ և գոհ էի ճակատագրից:

Անցան տարիներ: Հարութիկս վեցերորդ, իսկ դուստրս` Լիլիթը, առաջին դասարանում էին: Նրանց համար կարողացել էինք ստեղծել բոլոր պայմանները` և նյութական, և հոգեկան առումներով: Ամեն ինչ լավ էր, մինչև…

Մի օր ընկերուհիս ասաց, թե փողոցում տեսել է Մհերի մեքենան, ինքը` ղեկին, կողքին` ինչ-որ աղջիկ: Չհավատացի: Բայց սիրտս ինչ-որ վատ բան էր կանխագուշակում: Իսկ դրա համար հիմքեր կային. Մհերը վերջին շրջանում դարձել էր ցրված, անուշադիր, չխոսկան: Առավոտյան դուրս էր գալիս, երեկոյան ուշ վերադառնում և պատճառաբանելով, թե հոգնած է` անմիջապես պառկում էր քնելու: Կասկածներս փարատելու համար փորձեցի, իբր թե կատակով, զրուցել հետը: Խուսափեց պատասխանից: Երբ վերցրեցի հեռախոսային խոսակցությունների ցուցակը, տեսա մի քանի անգամ կրկնվող անծանոթ բջջային համար: Զանգահարեցի այդ համարով, ինչ-որ երիտասարդ աղջիկ պատասխանեց: Մի՞թե ճիշտ էր: Մի՞թե նա ինձ դավաճանում է: Որոշեցի պատմել եղբորս: Խնդրեցի պարզել ճշմարտությունը: Եղբայրս մի քանի օր հետո վիճեց Մհերի հետ, իսկ ինձ հրաժարվեցին բացատրություն տալ: Հասկացա, որ եղբայրս ինչ-որ բան է նկատել ու վիճել է ամուսնուս հետ: Մի երեկո էլ տուն եկավ հարբած, ասես ամպերում լողար: Փորձեցի խոսել հետը, պարզել ամեն ինչ: Կատաղեց ու ասաց, որ այո, ինքը սիրում է այլ կնոջ, ավելի ճիշտ` աղջկա, և որ մեկ տարի կլինի, ինչ հանդիպում են: Ասացի, որ այլևս չեմ կարող ապրել իր նմանի հետ: Պատասխանց. «Եթե շատ ես ուզում, կարող ենք բաժանվել: Երեխաներիս կարիքները կհոգամ, կարող ես ապրել այստեղ, ես ինձ համար նոր տուն կգնեմ: Եթե իրոք սիրում ես ինձ, թող երջանիկ լինեմ»: Վերջին խոսքերը համբերությունից հանեցին ինձ, սպառնացի, թե կգնամ այդ աղջկա տուն և ամեն ինչ կպատմեմ ծնողներին: Իսկ նա անվրդով պատասխանեց. «Ինչ ուզում ես` արա: Համ էլ նրա ծնողները գիտեն ամեն ինչ, գիտեն, որ ես իրենց աղջկան սիրում եմ և ամեն ինչ կանեմ, որ նրա հետ լինեմ»: Ու դուռը շրխկացնելով` դուրս գնաց:

Այժմ ես դեռ նրա տանն եմ ապրում: Արդեն 2 շաբաթ է, նա տուն չի գալիս: Իմացել եմ, որ այդ աղջկա հետ ապրում է Երևանում` ընկերոջ տանը: Ի՞նչ է լինելու վիճակս` չգիտեմ: Հետզհետե հակվում եմ այն մտքին, որ, իրոք, պետք է թողնեմ նրան, գուցե ժամանա՞կ է հարկավոր, որ զգա, թե ինչ է կորցրել…

Ա.Է.

ՎԵՐԼՈՒԾՈՒՄ Է ՀՈԳԵԲԱՆ ՇՈՒՇԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Ասում են` ամուսնությունն ինքնին իր մեջ պարունակում է համբերություն: Շատ դժվար է ամուսնական կյանքում պահել զգացմունքները, քանի որ դրանք միշտ բախվում են կյանքի դժվարությունների և գայթակղությունների հետ: Իրոք, յուրաքանչյուր մարդու համար դժվար է համակերպվել լքվածության և դավաճանության հետ: Բայց մարդն ինքն է տնօրինում իր ճակատագիրը և շատ հաճախ կարող է սխալվել: Երբեմն ամուսիններին պետք են բաժանումներ` իրենց զգացմունքները ստուգելու, համեմատություններ անելու և որոշումներ կայացնելու համար:

Ուրիշ բան է երեխաների խնդիրը, որոնք ավելի ծանր են տանում ընտանեկան անախորժությունները և ծնողների բաժանումը: Շատ լավ է, որ դու գիտակցում ես, թե ժամանակ է անհրաժեշտ քո ամուսնուն: Այդ ժամանակն անհրաժեշտ է նաև քեզ` քո զգացմունքները ճշտելու, երեխաներին ստեղծված իրադրությանը նախապատրաստելու և կյանքը շարունակելու համար: Այս բաժանումը երևի քեզ էլ խորհելու տեղիք տա այն հարցի մասին, թե ինչու նման իրավիճակ ստեղծվեց …

Համենայնդեպս, հարկադրաբար կամ արհեստականորեն ոչինչ անել չես կարող: Գուցե վիճակն այդպիսով ավելի՞ ծանրանա: Ուրեմն սպասիր և կարողացիր վերահսկել արարքներդ…


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print
768