«Սովորական գրիչը ձեզ համար գրելու գործիք է, ինձ համար՝ արվեստի արարման միջոց» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Սովորական գրիչը ձեզ համար գրելու գործիք է, ինձ համար՝ արվեստի արարման միջոց»

Հարցազրույց նկարիչ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

1990-ական թվականներին Գյումրիում ձևավորվեց ու զարգացավ արվեստի մի նոր ճյուղ՝ գրչանկարչություն: Գեղանկարիչ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ փորձեց տարբերվել բոլորից ու ստեղծել արվեստի նոր գործեր, միայն թե՝ ոչ թե կտավի վրա ու վրձինով, այլ՝ թուղթ ու գրիչով: Մտահղացումը հաջողված էր. կարճ ժամանակ անց Կ.Վարդանյանի աշխատանքները հայտնի դարձան Հայաստանում ու Հայաստանից դուրս: Մերկուրովի անվան նկարչական դպրոցի, Գեղարվեստի ուսումնարանի, ինչպես նաև Լենինգրադի Կրուպսկայայի անվան կուլտուրայի ինստիտուտն ավարտած նկարիչն այսօր էլ իր գրչանկարներն արարում է՝ պայծառ, տաք ու խոսուն գույներով:

— Պարոն Վարդանյան, փաստորեն, գրչանկարների արվեստը նորարարություն էր 90-ականներին: Ինչպե՞ս առաջացավ այդ միտքը:

— Ունենալով նկարչական կրթություն ու տիրապետելով ցանկացած տեխնիկայով նկարելու արվեստին, գրիչով նկարելը լրիվ պատահական ստացվեց… Մի աղջկա էի հանդիպել, ով ինձ հետ պարապում էր ինստիտուտ ընդունվելու համար: Մի օր տեսա, որ գրքում գրություն դրեց: Տեղ գնալու պատճառաբանությամբ, ես շատ արագ փորձեցի դասն ավարտել, որ տեսնեի, թե ինչ է գրված այդտեղ… Ակրոստիքոս էր՝ նվիրված ինձ, շատ գեղեցիկ տողերով, մինչև հիմա հիշում եմ (ծիծաղում է): Ու, որպեսզի չնեղացնեի այդ աղջկան, իհարկե, ոչ լեննականյան մտածողությամբ, ես էլ բանաստեղծություն գրեցի, ու նույն թղթի վրա գրիչով ծաղիկ նկարեցի, նվիրեցի նրան: Նա նորից բանաստեղծությամբ արձագանքեց, տպավորվել էր այդ նկարից: Հետո ավելի մեծ ծաղիկ նկարեցի, ավելի մեծ ֆորմատով, հաջորդ նկարը նկարեցի ու զգացի, որ կարելի է այդ եղանակով հետաքրքիր աշխատանքներ ստեղծել: Այդպես՝ ծաղիկը փոխարինվեց բնությամբ, տարբեր նկարներ ստեղծվեցին… Այնպես որ, ամեն ինչ այդտեղից սկսվեց:

— Իսկ աղջի՞կը, հիմա որտե՞ղ է նա:

— Գյումրիում է, հիմա իրար հետ առնչություն ունենք զուտ նկարների պահով, նկարներ է գնում, գնորդներ է բերում: Ես ամուսնացած եմ, ընտանիք ունեմ, իմ կնոջից գոհ եմ… Դա մի շրջան էր, որ անցավ, կարելի է ասել՝ ոգեշնչման շրջան էր:

— Ձեր աշխատանքներում թեմատիկան բազմազան է: Ինչպե՞ս են դրանք ընտրվում:

— Ինձ միշտ հետաքրքրել է անձեռակերտ բնությունը, որում մարդու միջամտությունը չկա: Դա ավելի հետաքրքիր է, քան, ասենք, հմուտ այգեպանների աճեցրած հավասարաչափ ծաղիկները: Բնությունն ինձ ձգում է, այն բնական է, էտյուդները ևս շատ հետաքրքիր են: Մինչև երկրաշարժը ես Աղավնաձորում էի, ու այնտեղ անտառի փեշին 3 տնակ կար, որսորդների տնակներ էին, դրանք տպավորվել էին, երբ վերադարձա, որոշեցի նկարել, ու այդտեղից էլ՝ ձիեր, տնակներ նկարելու գաղափարն առաջացավ:

— Հետաքրքիր է, ի՞նչ «կախարդական» գրիչներով եք ստանում գույներն ու պատկերները:

— Կախարդական գրիչներ չկան, հենց ձեր ձեռքի գրիչը ձեզ համար գրելու գործիք է, ինձ համար՝ արվեստի արարման միջոց: Ճիշտ է, սկզբից գրիչով չեմ աշխատում, որովհետև սխալվելու դեպքում խնդրի առաջ կկանգնեմ, թույլ մատիտով էսքիզ եմ անում, հետո նոր՝ գրիչով գունավորում: Ու, եթե յուղաներկի տեխնիկայի մեջ, ասենք, կարող եմ դեղինը սևի հետ խառնել, ստանալ շագանակագույն, բայց գրիչի դեպքում այդ տեխնիկան չի գործում, այստեղ համադրությունն ուրիշ է, դեղինը սևի հետ խառնես, ավելի սև կստանաս, կամ կարմիրը սևի հետ խառնելուց, յուղաներկի դեպքում, շագանակագույնի ու նարնջագույնի միջանկյալ գույնը կստացվի, բայց այստեղ դա չի գործում: Այսօրվա դրությամբ իմ արվեստում հասել եմ այն աստիճանի, որ յուղաներկի տեխնիկայի նման գրչի հետքերը շատ չեն երևում: Հետո, երբ ուզեցի այլ բան փորձել, ծանոթ-բարեկամներս ինձ ասացին՝ դու ունես քո ձեռագիրը, քո անհատականությունը՝ թե՛ թեմատիայի, թե՛ նյութի, թե՛ տեխնիկայի առումով, ուրիշ բան քեզ պետք չէ:

— Պարոն Վարդանյան, բայց գրչանկարներից զատ, նաև ապակուց գործեր եք ստեղծում: Դրանց մտահղացումն ինչպե՞ս առաջացավ:

— Գրիչներով նկարելու աշխատատարությունն ավելի շատ է, երկարաժամկետ է, հետո ուզում էի նորություն ստեղծել, տեղում չդոփել ու փորձեցի ապակիներով նկարներ ստեղծել: Հատուկ ներկերով հալեցված ապակուց ստեղծված պատկերները ներկում եմ… նկարներում և՛ թափանցիկություն կա, և՛ ոչ թափանցիկ տարրեր:

— Յուրաքանչյուր նկարի ստեղծումը ինչքա՞ն ժամանակ է խլում:

— Ես նախկինում հենց վատմանը վերցնում էի, հետևում ամիս-ամսաթիվը գրում էի ու նոր սկսում աշխատել: Օրինակ, այս նկարի վրա (ցույց է տալիս իր դիմաց գտնվող աշխատանքը) 3 ամիս աշխատել եմ, օրիգինալ տարբերակի վրա ասեղնագործածի հետքը երևում էր, կարծես բնական լիներ, լույս ու ստվերով այդ էֆեկտը ստացել էի: Նկար կա՝ կարող եմ երկու ամսում ավարտել, նկար կա՝ ավելի երկար է տևում: Բարդ բան է, նյարդերի հետ է կապված, նյարդերդ պետք է անջատես ու աշխատես:

— Լավ, իսկ այս գունագեղ աշխատանքները հասանելի՞ են սովորական քաղաքացուն:

— Չէի ասի՝ յուրաքանչյուրին հասանելի է, դրա համար մտածել եմ այլ տարբերակ՝ ռեպրոդուկցիաների տարբերակը: Մեր՝ Գյումրու ժողովուրդն ավելի արվեստասեր է, արվեստը գնահատել գիտի, քան Հայաստանի այլ տարածքների բնակչությունը: Շատերն էին հավանում իմ աշխատանքները, մտածեցի այնպես անել, որ մարդիկ, եթե ի վիճակի չեն թանկ վճարելու, ունենան ռեպրոդուկցիոն տարբերակը: Եթե օրիգինալը 350.000 դրամ է, ռեպրոդուկցիոն տարբերակը, ասենք, 12-15 հազար դրամ է:

— Իսկ այս ինքնատիպ արվեստը սովորեցնում, փոխանցո՞ւմ եք երիտասարդներին…

— Երբ դասավանդում էի Անանիա Շիրակացի հանրակրթարանում, շատ ծնողներ ցանկանում էին, որ իրենց երեխաների հետ անհատական պարապմունքներ անցկացնեմ, բայց ես այդ ժամանակ դասավանդում էի 1-ին, 2-րդ դասարանի աշակերտներին: Ու ինչքան էլ նրանց սովորեցրել էի՝ ինչ է տարածական պատկերը, լույս ու ստվեր ստանալու գաղտնիքները, նրանք չէին կարող այդ ամենն ամբողջությամբ ընկալել: Ես ամեն ինչ տվել եմ՝ գիտակցելով, որ ինչ էլ վերցնեն, իրենց համար օգուտ կլինի: Բայց այդ տարիքի երեխաներին գրչանկարչությունը դժվարամարս է, դրա համար անիմաստ գտա իմ խղճին դեմ գնալ ու ծնողներից գումար վերցնել՝ գիտակցելով, որ այդ տարիքում երեխան չի կարող մինչև վերջ ընկալել: Հետագայում էլի պարապելու առաջարկներ եղան, բայց ես նպատակահարմար եմ գտնում հանդիպել երեխային, հասկանալ նրա ունակությունները ու, ըստ այդմ, խորհուրդներ տալ: Այս գործը նախևառաջ համբերություն է պահանջում, իսկ այդ տարիքի երեխան համբերություն չունի: Սա է միակ պատճառը, որ խուսափում եմ պարբերաբար պարապմունքներ անցկացնելուց:

— Ցուցահանդես ե՞րբ եք ունեցել կամ ունենալու:

— Եթե ցուցահանդես կազմակերպեմ, օրիգինալները պետք է ցուցադրեմ, բայց ցանկացած նկար ավարտելուց հետո երկար չի մնում ինձ մոտ, վաճառվում է, ու ես իմ աշխատանքների որոշակի քանակ չունեմ, որ ցուցադրեմ: Այլ հարց է, եթե ռեպրոդուկցիաներով ցուցադրություն կազմակերպեմ, բայց դրա իմաստն էլ չեմ տեսնում, որովհետև այդ տարբերակները քաղաքի գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, մարդկանց տներում կա: Դրա համար այնքան էլ նպատակաուղղված չեմ ցուցահանդես կազմակերպելուն: Իհարկե, ցուցահանդեսն էլ է պետք, այն նկարչի ստեղծագործական ճանապարհի բաղկացուցիչ մասն է, բայց առանց բնօրինակների ցուցահանդես չեմ կարող կազմակերպել:

— Իսկ որտեղի՞ց կարելի է ձեռք բերել Ձեր աշխատանքները:
— Ես հիմնականում հեռախոսահամարներ եմ թողնում, ու շատերը՝ տարբեր տեղեր տեսնելով, հարցնելով, զանգում կապվում են, պայմանավորվում ենք…

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

print
2,251