Տղաս լքեց ինձ ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Տղաս լքեց ինձ

Ամուսնուցս բաժանվեցի, երբ որդիս` երեք, իսկ դուստրս մեկ տարեկան էր: Մեկնեց խոպան, այնտեղ մի ռուս կին գտավ, ամուսնացավ` անտեսելով իր երեխաների հանդեպ ամեն պարտավորություն: Սկզբում շփոթված էի, կարծում էի`չեմ կարողանա նրանց համար նորմալ պայմաններ ստեղծել: Երեխաներիս մանկապարտեզ տվեցի ու աշխատանքի տեղավորվեցի քաղաքի ճաշարաններից մեկում: Ապրում էինք հայրական տանս, երեխաներիս մասին լավից-վատից հոգ էին տանում: Հետո եղբորս կինը սկսեց նեղսրտել, տանը անընդհատ վիճաբանություններ էին ծագում: Բանն հասավ այնտեղ, որ եղբայրս առաջարկեց ինձ այլ տուն տեղափոխվել: «Այդպես ավելի լավ կլինի: Մենք հո քեզ անտեր չե՞նք թողնի: Ես ձեր բոլոր կարիքները կհոգամ, չեմ թողնի, որ խեղճ ապրեք»,- ասաց մի օր ու հայտնեց, թե ինձ համար արդեն վարձով տուն է գտել և պատրաստ է ամենամսյա վարձը վճարել:

Այլ ելք չունեի: Ստիպված էի քիչ աշխատել, որ կարողանայի երեխաներիս խնամել: Մի երկու ամսից պարզ դարձավ, որ եղբայրս այլևս մտադիր չէ տան վարձը վճարել ու ինձ աջակցել: Ամեն ինչ ընկավ ուսերիս: Թվում էր` կխելագարվեմ իմ լքվածությունից, ցավից, վիրավորանքից ու անզորությունից: Սակայն իմ մեջ ուժ գտա դիմակայելու հոգեկան ու նյութական ծանր վիճակիս: Այն գիտակցումը, թե ամեն ինչ անցողիկ է, ժամանակավոր, ինձ օգնում էր պայքարել զրկանքների ու անտեսված լինելուս դեմ: Երկրաշարժից հետո երեխաներիս հետ ապաստանեցինք Ստեփանավանում: Երկու տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձանք Լենինական: Տնտեսածս գումարով կարողացա տնակ գնել: Ճակատագրիցս չէի դժգոհում, բոլորն էլ վատ վիճակում էին այդ տարիներին, ես էլ գոյատևում էի բոլորի պես: Ես հավաքարար էի աշխատում դպրոցում: Մեկ-երկու թեկնածուներ ի հայտ եկան, առաջարկում էին ամուսնանալ, իսկ ես մերժում էի. միգուցե խորթ հոր ներկայությունը ճնշի՞ երեխաներիս: Ծանոթացա Գագիկ անունով մի տղամարդու հետ, որի կինը երկրաշարժին էր մահացել: Ինքն ապրում էր որդու հետ և փնտրում էր մեկին, որը կկարողանար հոգ տանել իրենց մասին: Ապահովված էր աշխատանքով: Մեկ-երկու անգամ եկավ-գնաց, բայց որդուս դեմքի դժգոհ արտահայտությունից հասկացա, որ նրան հաճելի չէ Գագիկի ներկայությունը: Նրան ևս, մյուսների պես, մերժեցի. մի՞թե որևէ տղամարդ կարող է ինձ համար ավելի արժեք ունենալ: Երբեք:

Անցան տարիներ: Տղաս մեկնեց բանակ, աղջկաս ամուսնացրեցի: Նրա հղիության լուրը թերևս իմ կյանքի ամենաերջանիկ դեպքն էր: Երեխաներիս համեստ պահվածքն ու շնորհքը իմ տառապանքի հատուցումն էր, իմ հպարտությունը: Երբ լույս աշխարհ եկավ առաջին թոռնիկս, ինձ աշխարհի ամենաերջանիկ կինը զգացի, ասես մոռացվեցին ամեն վիշտ ու նեղություն:

Տղաս զորացրվեց ու անմիջապես տեղավորվեց աշխատանքի: Շինարարությունում էր աշխատում: Ճիշտ է, վաստակածը շատ չէր, բայց ուրախալի էր, որ գործ էր գտել և աշխատելու ջիղ ունի: Մի օր էլ ասաց, թե սիրահարվել է մեր բարեկամուհու հարևանի աղջկան: Նրա ընտրությանը ես դեմ չեղա, վերջին հաշվով, ինքն է ապրելու հետը, թող իր սրտով լինի: Համեստ հարսանիք արեցինք, կարևորը որդուս երջանկությունն էր: Իսկ ես անում էի հնարավորինս, որ հարսս դժգոհ չմնա: Սկզբնական շրջանում, թվում է, գոհ էր իր ապրելակերպից, սակայն շուտով սկսեց պարփակվել: Ժամերով բառ չէր փոխանակում հետս: Երբ որդիս աշխատանքից տուն էր գալիս, խնդրում էր, որ իրեն զբոսանքի կամ հերանց տուն տանի: Վերադառնում էին ուշ գիշերով ու անմիջապես անցնում իրենց սենյակ: Երբ մի օր փորձեցի դժգոհել, հարսս միանգամից բորբոքվեց, սկսեց ճչալ. «Սրանից հետո ես կնստեմ տանը, դու տղայիդ հետ գնա ման գալու: Քեզ հետ անտանելի է, մենք կհեռանանք էստեղից»: Որդիս գրկել էր նրան և փորձում էր հանգստացնել, կարծես պաշտպանում էր`չգիտես ումից: Մի քանի օր հետո նորից վեճ ծագեց ու նրանք հավաքեցին իրերն ու հեռացան: Նրանց հետ չպահեցին ոչ իմ աղերսանքները, ոչ էլ արցունքները: Ինձ լքեցին այնքան հանգիստ, այնքան սառնասրտորեն:

Անցել են տարիներ: Այս ընթացքում որդիս ոչ մի անգամ այցի չի եկել: Միայն աղջիկս ու փեսաս են գալիս՝ թոռներիս հետ: Միայն նրանք են մնացել կյանքիս միակ ուրախությունը:

Մ.Մ.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print
1,567