«Ֆրունզե Մուշեղիչ, խնդրում եմ իրական ապտակեք, մի կարգին խփեք, որ ես զգամ ապտակը» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ֆրունզե Մուշեղիչ, խնդրում եմ իրական ապտակեք, մի կարգին խփեք, որ ես զգամ ապտակը»

Ֆրունզիկին չսիրել հնարավոր չէ. նա բոլոր հայերի, մանավանդ՝ գյումրեցիների՝ մեծից փոքրերի ամենասիրած արտիստն է: Տարիներ են անցել, սակայն Մհեր Մկրտչյանի կերտած հերոսները դեռ ապրում են մեր կողքին, իսկ թևավոր խոսքերը մինչ օրս չեն անհետացել մեր խոսակցականից: Դե, ինչպե՞ս ասես, որ Ֆրունզը մահացել է, երբ դու նրան այդչափ հարազատ, այդքան մոտ ես զգում: Երևի Մեծն արտիստի համար է ասված. «Ինձ մի փնտրեք մեռածների մեջ» աստվածաշնչյան արտահայտությունը:

Հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանի ծննդյան 89-րդ ամյակը կլրանար: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժինը մի շարք միջոցառումներ էր կազմակերպել այդ օրը, որոնք անցկացվեցին քաղաքի կենտրոնական հատվածներում. «Գորկա» այգի, Թատերական հրապարակ, Մհեր Մկրտչյանի թանգարան և այլն, և ամենուր հնչում էին այն ֆիլմերի երաժշտությունները, որոնցում հանդես է եկել Մհեր Մկրտչյանը:

… Անցած տարի ռուսաստանաբնակ Արթուր Գալստյանի նախաձեռնությամբ Մարմաշենի վանական համալիրի տարածքում վերականգնվել էր հայտնի «Հեղնար աղբյուրը»: Հետո Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի առաջարկով Արթուր Գալստյանի կողմից «Գորկա» այգում տեղադրվել էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմի լուսանկարվելու շարժական վահանակը, սակայն Արթուր Գալստյանի հանրապետթյունից բացակայելու պատճառով այն հանդիսավորությամբ չէր հանձնվել գյումրեցուն: Իսկ այդ ընթացքում վահանակը վնասվել էր: Ֆրունզի ծննդյան օրվա կապակցությամբ, «Գորկա» այգում հանդիսավորությամբ բացվեց վահանակը՝ վերանկարված տարբերակով: Վահանակը ֆիլմի դեկորի կրկնօրինակն է, միայն թե ավելացվել են Ռուբենի և Վարդուշի շարժական դիմանկարները: Հիշում եք, չէ՞, ֆիլմում, երբ Վարդուշն (Էլինա Աղամյան) ու Ռուբենը (Մհեր Մկրտչյան) նկարվում են, Սիրանույշն (Գալյա Նովենց) ու երեխեքը տեսնելով, սկսում են ծաղրել ու գոռալ. «Նգարվե՜ք, նգարվե՜ք»…

Արթուր Գալստյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այս անգամ ժողովուրդը մի քիչ ավելի լուրջ կվերաբերվի վահանակին. «Ափսոս է, շատ մեծ գործ է արվել, այդ ամենը ձեռքով է նկարվել, մի քանի օր նստել, նկարել են, ֆիլմում շատ վատ էր երևում, ահագին կադրերից տեսքը ստացել ենք»: Ի դեպ, Արթուր Գալստյանը պատրաստ է վերականգնել նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի՝ «Վառեմ-մարեմ» շենքի փլուզվող պատշգամբը: Նա պատմեց, որ այն պետք է այնպես վերանորոգել, որ զգացվի՝ ֆիլմի հետ կապը. «Չգիտեմ, խնդիրներ շատ կան՝ կապված պատշգամբի հետ։ Էնքան բան են ասում, որ չեմ հասկանում իմաստը… Պատշգամբն այդպես պահում, փչացնում են, սպասում են լրիվ փլվի, նոր վերանորոգե՞ն։ Եթե խնդիրը գումարն է, ես ասացի՝ պատրաստ եմ վերանորոգել, թույլ տվեք, միայն թույլ տվեք, վերանորոգեմ։ Ասում են՝ շենքն ունի սեփականատեր, պատկանում է մի քանի հոգու, խնդիր կա։ Ես առաջարկեցի՝ հավաքեք սեփականատերերին. շենքը չի կարող հարյուր սեփականատեր ունենալ, 2-3 մարդ կլինեն, կասենք՝ թող այդ հատվածը հատկացնեն, մենք չենք ուզում մեզ որպես սեփականություն, թույլ տվեք վերանորոգել, ափսոս է։ Բոլորը միայն գրում են, խոսում են՝ պատշգամբը, պատշգամբը… էս վերջերս էլի չգիտեմ ով էր գրել. «Վերջ, վերանորոգում ենք, ամեն ինչ ընտիր է», բայց ես ընտիր բան չեմ տեսնում, ամեն օր պոկվում, ընկնում է»:

«Վարդուշն» ու «Արմենը»  Գյումրիում

Սիրելի արտիստի, խաղընկերոջ ծննդյան տոնակատարություններին մասնակցելու համար  Գյումրի էին եկել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի կերպարներ՝ Վարդուշի և Արմենի դերակատարները՝ Էլինա Աղամյանն ու Սամվել Սարգսյանը, որոնք ոչ միայն մասնակցեցին լուսանկարվելու վահանակի հանդիսավոր բացմանը, այլև մեզ հետ կիսվեցին Մհեր Մկրտչյանի հետ կապված հիշողություններով:

Էլինա Աղամյանն ասում է, թե 35 տարի առաջ ստեղծված ֆիլմի բոլոր պահերն էլ հիշարժան են, քանզի ինքն աշխատում էր այն ժամանակների լավագույն, տաղանդավոր դերասաններ՝ Մհեր Մկրտչյանի, Գալյա Նովենցի հետ: Նրանք, չնայած իրենց տաղանդին ու պայծառ անհատականությանը՝ շատ համեստ, զուսպ են եղել: Իսկ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մասին նշեց, որ նա հայտնի էր Լենինականի ու լենինականցիների հանդեպ իր խելահեղ սիրով ու նվիրումով: Բազմաթիվ հիշողություններ արդեն իսկ հայտնի են, բայց մի պատառիկով նա,  այնուամենայնիվ, կիսվեց մեզ հետ. «Մի էպիզոդ կար, որ Ֆրունզիկը ապտակում է Վարդուշին։ Մեկ-երկու անգամ ապտակեց օդում, ասացի. «Ֆրունզե Մուշեղիչ, խնդրում եմ իրական ապտակեք, մի կարգին խփեք, որ ես զգամ ապտակը»։ Ասաց. «Հա՞, ուզում ես կարգին, իրական խփե՞մ… էնպես զարկեմ, որ աչքերիցդ կրակ թափվի»… Չզարկեց, նորից օդում էր… Ձեռքը չէր բարձրանում, որ ապտակի խաղընկերոջը։ Դա բարության գերագույն դրսևորում էր»:

Հետո դերասանուհին հիշեց, որ երբ ֆիլմը ձայնագրել են, ինքը շատ է նեղացել Ալբերտ Մուշեղիչից ,որովհետև իր ձայնը փոխել էին և նրա փոխարեն Ֆրունզիկի կինը՝ Թամարան էր ձայնագրվել, մինչդեռ նա օր ու գիշեր տանջվել էր, որպեսզի գյումրեցու բարբառը սովորի. «Իր տիկինը՝ Թամարան, ձայնագրեց իմ ձայնը: Ես շատ էի ազդվել: Ալբերտ Մուշեղիչից նեղացել էի, որովհետև գիշեր-ցերեկ աշխատում էի ամեն բառի վրա։ Ալբերտ Մուշեղիչին ասացի՝ «Ես չեմ մոռանա դա, որովհետև դուք զրկել եք ինձ իմ իսկությունից»։ Ֆիլմի կեսը դա դերասանի ձայնն է, խոսքն է, նրա զգացմունքները, հույզերը ձայնով են արտահայտվում, դա շատ մեծ զենք է։ Ալբերտ Մուշեղիչն ասաց՝ «Էլինա ջան, քո ձայնն այնքան կիրթ է, այնքան արիստոկրատ է հնչում, ամբողջից դուրս է»… Այս բառերը մեջտեղ բերեց, ես հասկացա ու հաշտվեցի այդ մտքի հետ։ Չնայած շատ եմ ափսոսում, ձայնը շատ կարևոր է: Ես այնտեղ շատ նուրբ երանգներ ունեի, որ այդ կնոջ ներքին աշխարհը քիչ բառերով արտահայտում էի»։

Ֆրունզի երիտասարդությունը մարմնավորող Արմենի դերակատար Սամվել Սարգսյանն էլ ասում է. «Դժվար էր այնքան, որ դու պիտի խաղաս Ֆրունզի ջահելությունը, մանավանդ ոչինչ չես տեսել, պարզապես լսել ես այդ ամեն ինչի մասին։ Մարդիկ կային, որոնք այդ ժամանակվանից կենդանի էին մնացել և ինչ-որ բաներ էին ասում, թե գիտես՝ Ֆրունզն այսպես, Ֆրունզն այնպես… Ֆիլմը, ի վերջո, իրենց ընտանիքի մասին է, վիճակը ծաղկեցրած է, դեպքերը փոխած են, ասենք մարդիկ կային, որոնք այդ ժամանակվանից մնացել էին քաղաքում, տեսել էին և՛ Ֆրունզի մորը, և՛ հորը, ասում էին՝ ըդիկ ըդպես չի եղել։ Ասում էին՝ ճիշտ է, Ֆրունզի մայրը ճաշարան կաշխատեր, աման լվացող է եղել, ինչ-որ կմնար, կբերեր տուն, որ երեխեքն ուտեն։ Եթե Գալյա Նովենցն ու Ֆրունզը չլինեին, այս ֆիլմը մինչև հիմա այդպես հաճույքով չէին նայի»։ Ապա հիշում է՝ նկարահանումների ժամանակները, երբ գյումրեցիները հավաքվում էին նկարահանման հրապարակում. «Ասենք այգում. այգին այդ օրը ծփում էր մարդկանցով, ասիստենտներն անընդհատ ասում էին՝ «Ֆրունզին մի մոտեցեք, Գալյային մի մոտեցեք, տո, ըսպես էլ բան էղնի, այ մարդ, խանգարեք գը»:

Հարցին, թե որ դրվագն է ամենաշատ տպավորվել իր մոտ, Սամվել Սարգսյանը պատասխանեց. «Էն դրվագը, երբ ես ու Ֆրունզը գարեջուր ենք խմում…  Էն, որ բուդկի մոտ կանգնած Ֆրունզը ստիպում է ինձ խմել, տեքստն էլ է լավը, ասում է. «Դերասան ես, պիտի խմես»։ Ասի. «Ինչի՞, ո՞վ է որոշել, որ սաղ դերասանները խմող են»։ Ու ես խմում էի, ռեժիսորին էլ զգուշացրեցի. «Ալբերտ Մուշեղիչ, ես պիվա խմող չեմ, ինչքան հնարավոր է, մի երկու դուբլ արեք…»: Գարեջուրն էլ էնքան տաք էր։ Ասին՝ մի դուբլ էլ էնտեղից պիտի նկարենք: Ֆրունզն էկավ, փրկեց, ասաց. «Այ տղա, ինչ կուզես էս տղուց, հերիք է, լավ է, վերջացավ, Սամվել ջան, գնա, տղեք, տարեք Սամվելին»։

Նույն օրը Թատերական հրապարակում «Ուրախ ու տխուր մարդը» խորագրով հանդիպում էր՝ դերասանի արձանի մոտ: «Մեր մանկության տանգոն» ֆիլմի երաժշտության ներքո Ֆրունզի հոգու երկվությունը ներկայացվեց պարմենի պարային դուետով:

Միջոցառումների շարքը շարունակվեց Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում, որտեղ երկու լավ նորություն փոխանցեցին. մեկն այն էր, որ Գյումրու թանգարանային պատմության մեջ առաջին անգամ աուդիո-վիդեո էքսկուրսիայի հնարավորություն է ստեղծվել, որը նվեր է մատուցել «Թվային նուռ» ընկերության ղեկավար Թոդ Ֆաբաքերի կողմից: 10 պլանշետ է նվիրվել, որոնք բեռնված են Ֆրունզի կյանքի, ֆիլմերի, տուն-թանգարանի մասին պատմող նյութերով: Բացի այս, նաև կգործի ինտերակտիվ կապը. էլեկտրոնային սարքի միջոցով որևէ նմուշի վրա պահելով, հնարավոր կլինի տեղեկություն իմանալ: Առայժմ հայերեն հավելվածով, բայց շուտով այլ լեզուներով ևս կլինեն: Եվ այսուհետ թանգարանում ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ կգործի «Մհեր» թատրոնը: Ըստ նրա, դերասանները հիմնականում Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողները կլինեն: Հիմնականում կցուցադրվեն մոնո ներկայացումներ՝ 25-30 րոպե տևողությամբ: Սա զբոսաշրջային իմաստով և, ընդհանրապես, թանգարանի բարձր տեսանելիություն կապահովի:

Հ.Գ. Քաղաքային իշխանությունները գուցեև լավ էին պատրաստվել, որպեսզի հետաքրքիր ձևով նշվեր Մեծն արտիստի ծննդյան տոնը, միայն թե ավելի լավ կլիներ՝ այն վերածվեր համաքաղաքային տոնի:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
350