ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր երիտասարդներով զբաղվում են միայն ՀԿ-ներն ու միջազգային կառույցները

«Երկխոսության մեդիա կենտրոնում» Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն ներկայացրեց «Բաց երիտասարդական աշխատանքը (ԲԵԱ) Հայաստանում. առկա վիճակի և զարգացման նախադրյալների քարտեզագրում» հետազոտությունը:  «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Նման հետազոտություն իրականացնելու նպատակն է՝ ուսումնասիրել Հայաստանում երիտասարդական աշխատանքի վերաբերյալ օրենսդրական դաշտը, քարտեզագրել այդ նպատակով հատկացվող պետական միջոցները, ներկայացնել հիմնական դերակատարներին: Հայաստանում ԲԵԱ զբաղվող միակ կենտրոնը Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի կողմից 2018թ. գործարկված «Երիտասարդների տուն» կենտրոնն է, որի շահառու երիտասարդները Գյումրու սոցիալապես խոցելի թաղամասերի ընտանիքներից են:

Գյումրու ԵՆԿ ՀԿ նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանը մանրամասնորեն ներկայացրեց ծրագիրը, նպատակներն ու ակնկալվող արդյունքները. «Բաց երիտասարդական աշխատանքը երիտասարդական աշխատանքի ենթատեսակներից է, որը գնալով ավելի թրենդային է դառնում ամբողջ աշխարհում, ինչն ունի հստակ առանձնացված մոտեցումներ և նաև աշխատանքային գործիքակազմ։ Այն տարբերվում է երիտասարդական աշխատանքի տեսակներից, ինչը հնարավորություն է տալիս ավելի քիչ ծախսային հատկացումներով ավելի մեծ արդյունավետության ապահովում և ավելի լայն թիրախային խմբերի ներգրավվածություն այն կարևորագույն ծառայություններին, որն ընձեռնվում է կրթության և սոցիալական ոլորտում: Սա հնարավորություն է տալիս աշխատելու այն երիտասարդների հետ, որոնց մենք մարգինալ խմբեր ենք համարում, նրանք այն երիտասարդներն են, որոնք ընդհանրապես ներգրավված չեն ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական, ո՛չ մշակութային և ո՛չ որևիցե ոլորտում: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում 800 հազարի հասնող երիտասարդների ընդամենը 11 տոկոսն է ակտիվորեն ներգրավված տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների մեջ, այսինքն՝ մնացած հատվածը գրեթե հնարավորություն չունի օգտվելու պետական ու միջազգային ծրագրերից ու ծառայություններից։ Հայաստանում երիտասարդական աշխատանքը փորձում ենք դարձնել օրինաչափ, քանզի շատ կառույցների կողմից պարզապես ազատ ժամանակի կազմակերպում է ենթադրվում»։

Նա մանրամասնեց, որ ընդհանուր թվով 8 խմբային քննարկումներ են իրականացվել Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում Գյումրիում, հրավիրված են եղել երիտասարդների տարբեր սեռատարիքային և սոցիալական խմբերից մասնակիցներ, քննարկումներ են եղել նաև նրանց ծնողների, ուսուցիչների հետ:

Բանախոսները կարևորում են պետական մարմինների և աշխատանքի և սոցիալական հարցերով զբաղվող և կրթության նախարարությունների հետ համագործակցությունը: Նրանք գտնում են, որ տեղական մակարդակում երիտասարդների հարցերին առնչվող զարգացած ինստիտուտներ չեն գործում, չկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խորհուրդներն էլ պասիվ գործունեություն են ծավալում: Մինչդեռ Հայաստանի մարզերում երեխաների և երիտասարդների հետ աշխատանք իրականացնող հիմնական կազմակերպությունները շարունակում են մնալ ՀԿ-ները, արվեստի և սպորտի դպրոցները:

Երիտասարդական աշխատանքի փորձագետ Կարեն Տերտերյանը 8 ֆոկուս խմբային հանդիպում է անցկացրել պատանիների, ծնողների, ուսուցիչների հետ: Նշեց, որ ի ուրախություն, սերունդն արդեն փոխվում է, կաշկանդվածությունն ու կարծրատիպեր են կոտրվում ոչ միայն երիտասարդների, այլև նրանց ընտանիքի անդամների մոտ։ Բացի այս, փոխվել են երիտասարդների երազանքները: «Բոլոր համայնքներում տեսնում էինք, որ երեխաներն իրենց ցանկությունների մեջ շատ բազմազան են. խոշոր համայնքներում, որտեղ ենթակառուցվածքները մի փոքր ավելի լավ վիճակում էին, միանգամից խոսում էին իրենց անմիջական ցանկությունների մասին՝ ժամանցի, մասնագիտական կողմնորոշման հետ կապված: Բայց այն համայնքները, որոնք ավելի թույլ ենթակառուցվածքներ ունեն, իրենց մանկական հետաքրքրությունները թողած՝ խոսում են համայնքային խնդիրների մասին։ Օրինակ՝ Ամասիայի տարածաշրջանի երեխաներն առաջարկների ցանկում պատկերացնում էին, որ ոչ թե ծառայությունները գան իրենց մոտ, որ մարդիկ գային իրենց համայնք, իրենց համար ինչ-որ բան անեին, առաջարկում էին, որ լիներ ուսանողական տրանսպորտ, որ կարողանան Ամասիայից Գյումրի գալ և Գյումրիում եղած ծառայություններից օգտվել։ Այստեղ մտածողության հարցեր կան, աշխատանք է պետք տանել, երեխաներին հավատացնել, որ իրենք են կարևորը, և ծառայությունները, երեխայակենտրոն լինելով, պետք է գան դեպի իրենց դուռ, ոչ թե իրենք գնան որևէ այլ տեղ»,- ասաց Կարեն Տերտերյանը։

Երիտասարդական ոլորտի հետազոտող Մարինա Գալստյանը նշեց, որ Գյումրին երիտասարդության ոլորտում միշտ առաջամարտիկ է եղել: Ըստ նրա՝ երիտասարդությանն առնչվող հիմնական խնդիրները, որտեղ բախում է, կրթությունն ու զբաղվածությունն են։ «Երիտասարդների գործազրկությունը 10 տարվա կտրվածքով 25-30 տոկոսի շրջակայքում է եղել, որը խնդրահարույց է նման կենսունակ տարիքի համար, երբ մարդը պետք է ռեսուրսներ ստեղծի իր բարեկեցությունն ապահովելու համար… Մարզերում երիտասարդների ազատ ժամանակի կառավարումը այլընտրանք չունի, խոսքը ոչ թե ժամանակի վատման, այլ ինքնության, ինքնաճանաչման ձևավորման մասին է։ Մենք՝ որպես երկիր, որպես երիտասարդական ոլորտում աշխատող մարդիկ, պետք է մտահոգվենք, որովհետև այսօր Հայաստանում ազատ ժամանակի կազմակերպման հնարավորությունները միատեսակ են»,- ասաց Մարինա Գալստյանը։

Հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանն էլ նշեց, որ Հայաստանում այսօր երիտասարդական քաղաքականության առումով անորոշ վիճակ է, իսկ երիտասարդական աշխատանքը համակարգող մարմինը՝ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը օպտիմալացվում է, այսինքն երիտասարդական քաղաքականությունն առաջնային դիրքերում չի լինելու. «Բաց երիտասարդական աշխատանքն ունի ոչ միայն կրթական ու ժամանցային, այլ շատ լուրջ սոցիալական բաղադրիչ, որովհետև այն ռիսկերի նվազեցման, երիտասարդի համար ապահով միջավայրի ստեղծման կենտրոն է, և ի տարբերություն երիտասարդական աշխատանքի, որը տարվում է 16-30 տարեկանների շրջանում, այստեղ խոսքը 13-18 տարեկանների մասին է»։ Բանախոսը գտնում է, որ բաց երիտասարդական աշխատանքը պետք է դառնա հասանելի, համընդհանուր: Իսկ երիտասարդական կենտրոնների հիմնադիր շատ կարևոր է, որ հանդիսանա պետությունը, համայնքային իշխանությունը, որոնք կկիսեն բաց երիտասարդական աշխատանքի արժեքների և սկզբունքների ընդհանուր գաղափարները։