ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է դանդաղ շտապել, որպեսզի չսխալվեն

Հարցազրույց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Պարոն Մարտիրոսյան, ունենք նոր կառավարություն, նոր նախարարներ, սակայն նոր մարզպետներ դեռ չունենք: Չնայած առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասել է, որ բոլոր մարզպետները փոխվելու են, բայց, ինչպես երևում է, մարզպետների նշանակման գործընթացը ձգձգվում է: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը:

— Անկեղծ ասած՝ չգիտեմ: Գիտեմ, որ մարզպետարանները Հայաստանում ամենաչկայացած ոլորտներից էր… Պարզապես կարելի էր գլխի ընկնել, իսկ հիմա արդեն իշխանափոխությունից հետո կարելի է հաստատ ասել, որ մարզպետարանների նպատակն ուրիշ էր, և ոչ թե կենտրոնական իշխանությունների քաղաքականությունը տեղերում իրականացնելը, մարզպետների բացարձակապես նախաձեռնություն հանդես չբերելը, ուղղակի հարմար էր նստել տեղերում, մեկ-մեկ ինչ-որ միջոցառումների գնալ…

Այսինքն՝ կարելի է ասել, որ անիմաստ է մարզպետարան ունենալը, մանավանդ համայնքների խոշորացման ֆոնին:

— Հարկավոր է լրջորեն մտածել, թե որպես այդպիսին կարիքը կա՞… Հիմա խոշորացված համայնքների համայնքապետերի ենթակայությամբ ավելի շատ կարող է համայնքներ լինեն, քան մարզպետի: Այս և այլ գործընթացների անհամատեղելիությունը բարդացնում է մարզպետներ նշանակելու գործառույթը: Առանց այդ էլ գործերը շատ են: Ախր, շատ վատ կառավարում է եղել, որտեղ ձեռք են տալիս, անընդհատ պրոբլեմներ են ջրի երես դուրս գալիս: Մյուսը՝ նաև չսխալվելն է այս հեղափոխական ֆոնին, քանզի պետք է ընտրել այնպիսի մարդ, որը պետք է հստակ պատկերացնի, որ այս պահին դեռևս ժամանակավոր կառավարում է, մինչև որոշվի, թե մարզպետարանն ինչ գործառույթ ունի, քաղաքակա՞ն մարմին է, թե՞ ոչ, ըստ այդմ, այդ մարդը պիտի լինի քաղաքակա՞ն, թե՞ հասարակական: Դպրոցների ու բուհերի դեպքում պարզ է, բայց այս դեպքում լուրջ քննարկման անհրաժեշտություն կա: Չհամեմատվելով ԱՄՆ նահանգների հետ, մեր փոքր երկրում արդյո՞ք նպատակահարմար է 10 մարզ ունենալը: Վերջապես հնարավորություն կա այս հարցերը քննարկել ու կարգավորել ոչ թե առաջվա պես փակ կաբինետներում, այլ բաց քննարկումների ֆորմատով:

Գուցե՞ քաղաքացիական, հասարակական սեկտորները հանդես գան նման նախաձեռնությամբ:

— Արդեն կա նման նախաձեռնություն, բազմաթիվ հարցերով արդեն հրավիրում են և խոսքի մեջ էլ հիշատակվում է այս հարցը: Ամբողջ այս գործընթացի համար անհրաժեշտ է դանդաղ շտապելու սկզբունքը՝ ինչպես ասաց Տարածքային կառավարման նախարարը: Սա եզակի հնարավորություն է, և նրանք, ովքեր պետք է այս ամենը կյանքի կոչեն, այնքան էլ պատրաստ չեն շատ պարզ պատճառներով, հենց դրա համար է ճիշտ ասված՝ դանդաղ շտապելը: Նախկին իշխանություններն այնքան ու այնպիսի հանցանքներ ու զանցանքներ են գործել, որ աշխարհի ամենագերզգայուն մանրադիտակներն առած մանրազնին պետք է ուսումնասիրեն այդ ամենը:




Պարոն Մարտիրոսյան, նոր կառավարությունը հիմնականում կազմված է երիտասարդ նախարարներից, հույս կա՞, որ նրանք նոր շունչ ու նոր մտածելակերպ կհաղորդեն երկրի կառավարման համակարգին:

— Ենթադրվում է, թե ես՝ որպես ավագ սերունդ, պիտի դիմադրություն ունենայի, բայց նույնիսկ ներքին դիմադրություն չունեմ այդ մոտեցմանը: Այս սերունդը լրիվ ուրիշ է, այստեղ նույնիսկ սերունդների պայքարի մասին խոսք գնալ չի կարող: Նրանք ավելի լավ են տեսնում այն մանրամասներն ու այնպիսի տեղերում, որ քո մտքով անգամ կարող է չանցներ: Օրինակ, երբ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր կաբինետից «լայվ» (ուղիղ եթեր) է մտած եղել, ինչը քննադատությունների թիրախ է դարձել, թե նման պաշտոնատար անձը նման կերպ չպետք է վարվեր, թե սեղանին երևացել են ինչ-որ փաստաթղթեր, նա ծիծաղելով պատասխանել է. «Սեղանին դրված են եղել ոչ թե հույժ գաղտնի փաստաթղթեր, այլ՝ այլ երկրների անվտանգության մասին խորհուրդներ, որոնք վերցրել եմ համացանցից, և որոնք ուսումնասիրում եմ, փորձում կայացած, զարգացած երկրների փորձից մեզ հարմար ռացիոնալ հատիկ վերցնել»: Իսկ հին սերունդի համար նման փաթեթային ուսումնասիրություն կատարելը կարող է նույնիսկ ֆիզիկական առումով չհերիքեր: Էլ չեմ ասում, երբ մեծ դահլիճն էր ցույց տալիս, իմ «քիմքին հաճո» արտահայտություն արեց. «Իսկ սա ուղեղային գրոհի համար հարմար դահլիճ է»:

Նախարարներին փոխեցին, սակայն մյուս օղակներում դեռ հին իշխանությունները չեն ուզում դիրքերը զիջել: Արդյո՞ք  սա վտանգավոր չէ, գիտենալով նրանց գործելաոճը:

— Մեկ ամսվա ընթացքում արվածը դիտարկելով, եթե որևէ օտարի հարցնես, թե նման իրավիճակում որքան ժամանակ է հարկավոր արդյունքի հասնելու համար, կասի՝ մեկ տարուց ոչ պակաս, իսկ մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ինչ-ինչ շարժ կա: Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհներն իշխանության գալով հայտարարեցին, որ կադրային ջարդ չի լինելու, վենդետա չի լինելու: Իհարկե, նրանք, ովքեր օրենքի հետ խնդիր են ունեցել, օրենքի առաջ էլ պիտի պատասխան տան: Մարդիկ կան, որոնց նկատմամբ անմեղության կանխավարկած պետք է կիրառել և ոչ թե մեղավորության: Ամեն դեպքում, հեղափոխությունը դեռ չի ավարտվել, պայքարը դեռ շարունակվում է: Իսկ այն մարդիկ, որոնք ռևանշի մասին են մտածում, պետք է հասկանան, կարողանան ճիշտ գնահատել իրավիճակը, մեծագույն քաջություն դրսևորեն ու ետ քաշվեն…

Ասեն՝ «Նիկոլ դու ճիշտ էիր, ես՝ սխալ»:

— Այո, ամեն ինչ ենթակա է իմաստավորման: Արտահերթ ԱԺ ընտրություններ պարտադիր պետք է լինեն, որպեսզի Հայաստանում հաստատված նոր ստատուս քվոն, այսինքն ներսում և դրսում եղած ճնշումները պետք է համապատասխանեն: Այլ հարց է, թե փոխվա՞ծ Ընտրական օրենսգրքով, թե՞ հին… Պարզ է, որ փոխվածով պետք է լինեն, բոլոր նոր ընտրությունները՝ սկսած բուհականից ու դպրոցական կառավարման խորհրդից պետք է անցկացվեն եղածը վերանայելուց հետո: Ըստ իս, ամենաօպտիմալը՝ աշնանը արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելն է, անպայմանորեն օրեսնդրական փոփոխությամբ, ընդունելով քաղհասարակության ու լուրջ աշխատանքային խմբերի առաջարկությունների փաթեթը, որոնք նախկինները բանի տեղ չէին դնում: Որովհետև, այն ամենն, ինչ արվել էր, «կարվել էր կոնկրետ մարդու հագով»:

Եվ վերջին հարցս. ԱԺում ՀՀԿականներն այնպիսի հարցերով են դիմում նոր կառավարությանը, որոնց և՛ հեղինակն են իրենք, և՛ իրականացնողը, և՛ մեղավորըԴուք ի՞նչ կերպ կմեկնաբանեք սա:

— Ես համապատասխան բառեր չեմ գտնում, որպեսզի նրանց քծնանքը, ստրկամտությունը, սալդաֆոնային մտածելակերպը և այլն, կարողանամ մեկնաբանեմ: Նրանք տարիներ ունեին, որպեսզի գաղափարական կուսակցություն դառնային և, ինչպես Սերժ Ազատիչն էր մի առիթով ասել, «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Դու մի ասա այդ կրկեսի ղեկավարը նա էր: