ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անպայման գնացեք ընտրության… ԴՈՒԽՈՎ

Հարցազրույց ԱԺ ընտրությունների Շիրակի մարզում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու` Շիրակի մարզպետ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Սարուխանյան, նախ շնորհավորում եմ՝ Ձեր երկրորդ որդու՝ Արենի ծննդյան կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքներ հղում մեր և ընթերցողների անունից: Հասցնո՞ւմ եք երեխայի հետ շփվել:

— Շատ շնորհակալություն: Այո, երջանիկ հայր եմ և բախտավոր ամուսին… Ցավոք, չեմ հասցնում: Մինչ քարոզարշավը մարզային աշխատանքներին էի լծված, այս ընթացքում էլ՝ քարոզարշավի: Բայց, իհարկե, կարոտն այնքան ուժեղ է, որ օրվա մեջ պահը գտնում, գնում եմ տուն՝ երեխաներից կարոտս առնում, նորից վերադառնում:

Դուք և՛ ի պաշտոնե, և՛ որպես պատգամավորության թեկնածու՝ այցելում եք համայնքներ, շփվում բնակիչների հետ, տեղյակ եք, թե ինչ հոգսեր ունեն, ինչ ծրագրեր են իրականացվում, և մարզի զարգացման ինչպիսի հնարավորություններ կան: Բայց եկեք նախ գնահատենք Ձեր 6-ամսյա աշխատանքային ճանապարհը:

— Ես չէ, որ պետք է գնահատեմ, այլ պետք է գնահատեն Շիրակի մարզի բնակիչները: Այս 5-6 ամիսների ընթացքում հասցրել եմ լինել համարյա բոլոր համայնքներում, ծանոթացել մարդկանց խնդիրներին: Որոնց հնարավոր է եղել արագ լուծում տալ՝ տրվել է, իսկ այն խնդիրները, որոնք երկարաժամկետ լուծում են պահանջում, որոնք մեծ ներդրումների հետ են կապված, դրանք ընթացքի մեջ են, բայց չկա որևէ խնդիր, որ համայնքի կողմից բարձրացված լինի ու ընթացք տրված չլինի: Բնակիչների ջերմ ընդունելությունն ինձ շատ-շատ է ոգևորում, տպավորված եմ և շատ պարտավորեցնող է:

Դուք ո՞ր խնդիրներին կուզենայիք առաջնահերթ լուծումներ գտնել:

— Մեր տարածաշրջանը և, ընդհանրապես, ամբողջ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով, անգամ բնակլիմայական զոնայով շատ տարբեր է, և միանշանակ ասել, թե Շիրակի մարզն ունի միայն այս ու այս խնդիրները՝ սխալ կլինի, քանի որ ամեն տարածաշրջան իրեն բնորոշ խնդիրներ ունի: Օրինակ, Արթիկի տարածաշրջանում մենք 2 բավականին լուրջ խնդիր ունենք. ջրի և մի քանի միջհամայնքային ճանապարհների: Վերջինիս դեպքում լուրջ է նաև այն պատճառով, որ ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան վնասում է ճանապարհները, իսկ համայնքային բյուջեն այդքան միջոց չունի, որ ամեն տարի կարողանա թեկուզ մասնակի վերանորոգել: Իսկ շրջանցիկ ճանապարհի հնարավորություն չկա, ես այդ հարցը բարձրաձայնել եմ վարչապետի մոտ, նա տեղյակ է: Եվ հիմա մշակում ենք ծրագիր, որ այդ ճանապարհը փոխանցենք Կապի և տրանսպորտի նախարարությանը, որպեսզի սպասարկումն իրենք իրականացնեն: Իսկ խմելու և ոռոգման ջրի հետ կապված ասեմ, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ արդեն ունեմ պայմանավորվածություն, որ այս հարցը կարգավորենք: Խմելու ջրի որակն հիմա բարձրանում է, իսկ ամռանը՝ ընկնում: Վնասված հատվածներ կան, և ըստ պայմանավորվածության, 6 համայնքների խմելու ջրի որակի հարցը վերջնական լուծում է ստանալու: Ամբողջ համակարգը հին է, ջրի ահավոր կորուստ է տեղի ունենում: Երբ Մանթաշի ջրամբարի պատասխանատուների հետ խոսում ենք, պարզվում է, իրենք այն քանակությամբ ջուր են բաց թողնում, որքան անհրաժեշտ է համայնքներին, սակայն կորուստների պատճառով տեղ չի հասնում:

Հարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ դարձյալ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնելու, բարերարների աջակցություն էլ ունենք, համատեղ այսպիսի ծրագրերով պետք է կարողանանք կյանքի որակի բարձրացման համար այս կարևորագույն՝ խմելու ջրի հարցը լուծել: Ավելի հյուսիս խնդիրներն այլ են: Այնտեղ մարդիկ հույսերը կտրել են, որ ոռոգման ջուր կլինի, բարձրաձայնում են հողերի հարցը, որոնք ժամանակին սխալ չափագրմամբ է իրականացվել: Անասնապահության զարգացման հարց են բարձրաձայնում, որովհետև այդ շրջանում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում և իրենց հետաքրքրում է, թե պետությունն ինչպիսի զարգացման ծրագրեր կարող է առաջարկել: Մեր համագործակցության արդյունքում այս հատվածում մենք ջրարբիացման համակարգ ենք ստեղծում, մի քանիսում արդեն կա, հիմա Սարապատ և խոշորացված Աշոցք համայնքի համար մեծ համակարգ ենք ստեղծելու, որպեսզի անասուններին կարողանան ջուր հասցնել: Սարապատ համայնքն արդեն իր կողմից ներդրում կատարել է, Աշոցքն էլ 16 մլն դրամ ներդրում կկատարի, և արդեն գարնանը կսկսենք շինարարական աշխատանքները: Մի խոսքով, տարբեր տեղերում տարբեր խնդիրներ կան…

Եվ, իհարկե, ամենալուրջ խնդիրը բնակչության թիվն է

— Այո, մանավանդ հյուսիսային հատվածում շատ նվազ բնակեցված համայնքներ ունենք, բացի այլ և այլ խնդիրներից, դա պայմանավորված է նաև բնակլիմայական պայմանների հետ. տարին 8 ամիս ձմեռ է: Այդ կողմերում մարդիկ այնքան են կտրված քաղաքից, որ երբ գնում ես, տպավորություն է, թե մարդիկ լրիվ կղզիացած են. իրենք իրենց անասունին են արածեցնում, կթում, շաբաթը մեկ բերում են կաթը հանձնում, առևտուր են անում ու դրանով ապրում են: Հիմա այստեղ, քանի որ մեծ արոտավայրեր կան, կարելի է զարգացնել անասնապահությունը, և աշխուժություն ապահովելով, խթանել բնակչության աճին. աշխատատեղեր ստեղծելու հաշվին՝ թեկուզ բնակչության տեղաշարժերով: Եթե այս արոտավայրերում մի 1500 գլխաքանակով ֆերմա ստեղծվի, ապա նվազագույնը 60 աշխատատեղ կստեղծվի: Բնականաբար, բնակչության շարժին զուգահեռ, այստեղ մանկապարտեզ, դպրոց կարելի է հիմնել, և այդպես համայնքներում բնականոն կյանք ստեղծել:

Դուք այդ հարցի լուծման ի՞նչ ելքեր կառաջարկեիք:

— Ասեմ, որ շատ մարդիկ են ինձ հետ հանդիպել, հենց մեկը, երբ եկել է անասնապահության ոլորտում որևէ ներդրումային ծրագիր առաջարկելու, ես անմիջապես ուղղորդել, տարել եմ նշածս արոտավայրերը: Մի քանի անհատ ներդրողների հետ ունենք պայմանավորվածություն, և մարդիկ սպասում են, որ Ագային ժողովի ընտրություններից հետո միայն հստակեցնեն իրենց անելիքները: Շատերը վախենում են, մտածում են, թե կարող է նախկին համակարգը ետ գա, և վախենում են, որ իրենց արածը ջուրը կլցվի… Դե, Դուք ինձանից լավ գիտեք, թե ներդնողների գլխին ինչ «օյիններ» էին խաղում սաշիկները: Հիմա ուզում են ԱԺ ընտրությունների հանգուցալուծմամբ վերահաստատվի հեղափոխության վերջնական հաղթանակը, որ արդեն ռիսկով քայլ անեն: Այս համայնքների ղեկավարների հետ խոսել եմ, կան մեծ կիսակառույց անասնագոմեր, որոնք համայնքը պատրաստ է անվարձահատույց հատկացնել ներդնողին՝ ֆերմա հիմնելու համար: Մի խոսքով, նմանատիպ ծրագրերը քիչ չեն, մնում է մի քիչ սպասել և միասնաբար շարունակել հեղափոխության վերջնարդյունքի հաստատմամբ զարգացնել մեր մարզը, մեր երկիրը:



Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչը կամ ո՞ր հարցի լուծմամբ հնարավոր կլինի մարզում շարունակական զարգացում ապահովել:

— Աշխատատեղերի ստեղծում. կլինի ներդրումների, թե գործարարների բիզնեսների ընդլայնման հաշվին, թե բիզնես ծրագրերի հաշվին, պետք է փողի շարժ առաջացնել, հոսք ապահովել դեպի մարզ:

Իսկ փողի ձգողականություն ապահովելու համար ի՞նչ պետք է անել:

— Տեսեք, Քաթարում մեր նորանշանակ դեսպանի միջոցով այնտեղ մարդկանց հետ եղել են պայմանավորվածություններ, որ ուզում են ներդրում անել. ուզում են մի քանի թաղամաս կառուցել, ու այդ բնակարանները հանեն վաճառքի: Պետությունը կգնի այդ բնակարանները ու կտա անօթևաններին… Կարևորն այն է, որ նախ ժամանակակից ու գեղեցիկ կառուցված նոր թաղամասեր կլինեն, և շինարարություն իրականացնելու համար տեղի աշխատուժը կներգրավվի, ու սա մեծ քանակով աշխատատեղ կապահովի: Նորից եմ կրկնում, կան մեծ հնարավորություններ, դրանք նախկինում էլ են եղել, սակայն ներդրողները չեն ուզեցել աշխատել նախկին իշխանության հետ, գիտենալով այն «50/50»-ի, «քցելու» և այլ մեթոդների մասին՝ վախեցել են: Հիմա էլ սպասում են ընտրությունների արդյունքներին: Իսկ մենք պատրաստ ենք լծվել երկրի տնտեսության զարգացման գործին:

Իսկ զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ կա՞ն մտահղացումներ:

— Եթե հիշում եք, փոխվարչապետ Տ.Ավինյանն երբ այցելել էր մեր մարզ, նրան Մարմաշենի վանքային համալիրը ներկայացրեցինք: Նա շատ էր տպավորված, խոստացավ եկեղեցու վերանորոգման համար գումար փոխանցել. 40մլն արդեն փոխանցվել է: Ես համայնքի ղեկավարի հետ խոսել եմ 1,5կմ ճանապարհահատվածի վերանորոգման մասին, որը համաֆինանսավորմամբ հաջորդ տարի կիրականացվի: Տարբեր կազմակերպությունների հետ մեր սերտ համագործակցությունը պետք է, որ տա իր դրական արդյունքը, մեծ թվով զբոսաշրջիկներ այս տարի արդեն այցելել են Գյումրի և մարզ, իսկ քանի որ ներկայում Գյումրիում փողոցաշինական աշխատանքներ են իրականացվում, այս փուլում մի քիչ կանգ է առնում, բայց հետո, մյուս տարի, երբ ինֆաստրուկտուրաները զարգացան, քաղաքը շատ կգեղեցկանա, և զբոսաշրջիկների մեծ շարժ կգրանցենք, որը կլինի շարունակական:

Խոսենք նաև պետության կողմից տրվող դոտացիաների մասին: Բարձրացումները հնարավոր համարո՞ւմ եք:

— Քննարկումներ եղել են, մյուս տարվա բյուջեի պլանավորումն արդեն հաստատված է: Քննարկումներ են գնում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման տոկոսների շեմի իջեցման մասով. 60/40 սոցիալական, և 40/60 տնտեսական հարաբերակցությունները պետությունն ուզում է այնպես անել, որ շեմը իջեցնի, որպեսզի համայնքների վրա մեծ բեռ չընկնի, այլ հակառակը, որովհետև համայնքներ կան, որ այդքան ֆոնդային մաս չունեն, որ ծրագրերի մասնակցեն: Շեմն իջեցնելով, հնարավորություն կուենան ևս մասնակից դառնալու: Ասեմ, որ սուբվենցիոն գումարները ձևավորվել են նախկին թալանչիներից ետ բերված գումարներով: Մեր մարզից միայն 180 մլն դրամ իմ միջամտությամբ վերադարձվել է բյուջե: Մի մասի գործերը քրեական ընթացքի մեջ են…

Այ, այստեղից խնդրում եմ ավելի մանրամասն

— Այս պահին, պաշտոնապես 38 մլն մտել է բյուջե, բայց մեր աուդիտի արդյունքում նախնական տվյալ հրապարակեմ. 180մլն վերադարձ կլինի:

Այսինքն, երբ մարզպետի պաշտոնի ստանձնման սկզբում խոստացաք, որ սկսելու եք կրթական, առողջապահական ոլորտներում բուն դրած կոռուպցիայի դեմ պայքար տանելով, կարելի է ասել, փառքով է պսակվել:

— Եվ կրթական՝ դպրոցներ ու բուհեր, և առողջապահական, մարզի տարբեր պետական կառույցներում, և ոչ միայն մեր ենթակայության տակ գտնվող ոլորտներում, ընդհանուր եմ ասում, և դա հսկայական գումարներ է: Այդ գումարները հետ են գնալու պետբյուջե, հետո սուբվենցիաների տեսքով գալու են մարզ: Ես մեր համայնքապետերին հորդորում եմ ծրագրերով հանդես գալ, որ բյուջեները պլանավորելիս դա նկատի ունենան, համաֆինանսավորման արդյունքում շատ լավ գործեր կկարողանան իրականացնել համայնքներում: Իսկ համայնքների ղեկավարներ ունենք, որոնք ֆոնդային մաս ունենալով, անգամ ոչինչ չէին արել, որքան էլ հորդորում կամ բացատրում էի, որ դա համայնքի զարգացման համար լուրջ գործընթաց է: Բայց, այս պահին 11 սուբվենցիոն ծրագիր ունենք. որն ընթացքի մեջ է, որն ավարտված: Մոտ 430մլն դրամի մարզային հրատապ ծրագրեր ենք իրականացնում՝ կրթական օջախ, մանկապարտեզ, 3 ընտանիքի բնակարան է հատկացվել, Հոգեբուժական կենտրոնում վերականգնողական աշխատանքներ ենք սկսել, Ավստրիական մանկական հիվանդանոցի կտուրն է վերանորոգվելու, 7-րդ դպրոցի պատուհանների մի մասն է փոխվում (մյուս մասն արված էր), «Անի» թաղամասի սպորտդպրոցն ենք վերանորոգում, թիվ 18 դպրոցի ջեռուցման համակարգի հարցն ենք կարգավորում:

Իսկ Գյումրիում 88 վթարային շենքերի հարցով կա՞ն մոտեցումներ:

— Նախկին իշխանությունը համարեց, որ աղետի գոտու նկատմամբ պարտավորություններն ավարտել է, և ձեռքերը լվաց… Մենք դարձյալ անօթևանության հարցը բարձրացրեցինք, և վարչապետի կողմից էլ այդ հարցին ուշադրություն դարձվել է: Մեր հաշվարկներով, մարզում 4300 ընտանիք անօթևան է, այդ թվում այդ 88 վթարային շենքերի բնակիչները: Բայց այս հարցը համակարգային լուծում է պահանջում: Տարբեր ծրագրերի, բարեգործական հիմնադրամների, անհատների, ներդնողների կողմից պարբերաբար ինչ-որ թվով բնակարաններ ինչ-որ թվով անօթևանների հատկացվեցին, սակայն այս տեմպերով տասնյակ տարիներ են պետք, որ անօթևաններին տնով ապահովվի: Գտնում եմ, որ ևս մեկ խոշոր բնակարանաշինական ծրագիր է պետք, որպեսզի այս խնդիրը լուծվի, և վարչապետը տեղյակ է: Բայց ասեմ, որ մյուս կողմից էլ Գյումրիում ունենք 500 և ավել տնակներ, որոնք անօրինական են. քաղաքապետարանն ունի քանդման ակտեր, բայց տնակները քանդված չեն, տարածքը մաքրված ու հանձնված չէ: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել՝ «հախ» են տվել-առել, տուն են ստացել, բերել բարեկամներին գրանցել են տնակի վրա, որ նրանք էլ տուն ստացողների ցուցակում լինեն: Ու այդպես շարունակվել է տարիներ շարունակ:

Սա լուծում ունի՞:

— Այո: Երբ ես նշանակվեցի մարզպետ, այդ ընթացքում դեռ շարունակվում էր տնակների վրա գրանցումը, կար կառավարության համապատասխան որոշում, որ այլևս գրանցում տեղի չունենա, բայց… Ես միջամտեցի, անձնագրային բաժնի դեմ խիստ հարց դրեցի, ամեն ամիս հարցում ենք անում, թե ովքեր՝ որտեղ են գրանցվել, որ բացառենք տնակների վրա գրանցումները:

Առողջապահության ոլորտում ինչպիսի՞ն է վիճակը:

— Այս համակարգը բավական բարդ է: Յուրաքանչյուր քաղաքացի առնչվելով այս համակարգի հետ, գիտի, թե ինչերի միջով է անցել, նույնն էլ ես: Ասեմ, որ միայն առողջապահական 4 հիմնարկներում կան հարուցված քրեական գործեր, մի քանի ղեկավարների փոխել ենք, ուրեմն խնդիրներ ենք տեսել, և այդ պատճառով որտեղ քրեական գործ է հարուցվել, որտեղ տնօրենի պայմանագիրը չի երկարացվել: Եվ այս փոփոխությունների արդյունքում բավական շտկվել է իրավիճակը: Նախկին սկզբունքներով այլևս չեն աշխատելու, արդեն նորմալ, օրենքով պիտի աշխատեն ու զարգացնեն իրենց ղեկավարած հիմնարկները: Նախկինում կոնկրետ դրված է եղել, թե որը որքան գումար պետք է տա, որ վերև գնա… Հիմա, երբ խիստ տոնով ասում ես, որ մտքների ծայրով նման բան չանցկացնեն, էլի վախենում են, թե՝ «կարո՞ղ է, հետո վատ լինի»… Մարդկանց հոգեբանության մեջ մտած է եղել, իրենք էլ մեղավոր չեն: Առողջապահական հիմնարկ ունենք, որ շատ լավ վիճակում է գտնվում, բայց կան, որ շատ վատ վիճակում են. օրինակ, Գյումրու ծննդատունը, 1-ին պոլիկլինիկան, Ուռուցքաբանականը… Խնդիրների մեծամասնությունը նաև նախկին կառավարության անուշադրության հետ է կապված, սխալ պլանավորման արդյունքում է:

Պարոն Սարուխանյան, վերադառնանք քարոզարշավին. այս շրջանում որոշ կուսակցությունների կամ անհատների կողմից Ձեզ մեղադրեցին՝ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:

— Տեսեք, ես դեռևս նոյեմբերի 21-ին իմ հաշվից արձակուրդ եմ վերցրել. քարոզարշավից 5 օր առաջ, որպեսզի հասցնեմ պատրաստվել այս գործընթացներին: Համայնքապետերի հետ հանդիպումն եղել է վերջիններիս նախաձեռնությամբ, ոչ աշխատանքային ժամերին, և ես արձակուրդի մեջ եմ եղել: Եվ մեր հանդիպման ընթացքում խոսակցությունը ծավալվել է ընտրություններին չխառնվելու շուրջ. իհարկե, եթե մարդն ունի քաղաքական որևէ թևի կողմնորոշում, դա իր իրավունքն է, բայց զգուշացվել է, որ ոչ աշխատանքային ժամին լինի: Բացի այդ, մարդիկ իրենք են նախաձեռնել հանդիպումը: Հիմա, կրա՞կն ընկա, որ մարզպետ եմ եղել ու նաև թեկնածու եմ, ու մարդիկ գալիս, ասում են, որ ուզում են ինձ սատարել: Ես հենց նրանց տեսա, պիտի փախնե՞մ, պահ մտնե՞մ: Ավելին ասեմ, իմ հանդիպումների ժամանակ հատուկ խնդրել եմ համայնքապետերին, որպեսզի մյուս թեկնածուների այցելությունների ժամանակ նրանք նույնպես ներկա գտնվեն, որ համայնքին ներկայացնեն՝ ով է եկել, որ թեկնածուն է, լսեն քարոզարշավը:

Մինչդեռ նախկինում, մանավանդ ընդդիմադիրների դեմ, դռներ էին փակում:

— Հա, թեկնածու մարդ է, ոչ մեկին չի ճանաչում, համայնքի ղեկավարին է տեղյակ պահում, որ պիտի այցելի, թող օգնեն՝ մարդուն ներկայացնելու, բայց ոչ թե լծվեն որևէ կուսակցության կամ թեկնածուի քարոզարշավին: Հիմա ինձ մեղադրողները թող արդար գտնվեն ու ճշմարտությունից խոսեն: Եվ ասեմ, որ համայնքների ղեկավարներ կան, որ այլ կուսակցություններից են ու, եթե գալիս, ասում են, թե ինձ են ուզում սատարել, ես հակադրվեմ, թե՝ չէ, գնացեք, ձեր կուսակցությանը սատարեք… Որ գան, կողքից դիտեն, բնականաբար, պիտի քննադատեն, բայց ես որևէ մեկին բան չեմ պարտադրել ու չեմ դիմել: Ես նույնիսկ մարզպետարանում Ոստիկանապետի ու թեկնածուների հետ հանդիպմանը ստիպված ներկա չգտնվեցի, որպեսզի տպավորություն չստեղծվեր, թե որևէ մեկի նկատմամբ առավել դիրքում եմ:

Վարչապետը քարոզարշավի ընթացքում որոշ կուսակցությունների շատ խիստ է քննադատում:

— Շատ ճիշտ է անում, ես էլ իմ քարոզարշավի ժամանակ այդ գիծն եմ պահում, որովհետև ընտրություններ են, և մենք ուզում ենք, որ քրեաօլիգարխիկ ոչ մի ուժի հնարավորություն չտրվի, որ վերարտադրվեն: Չնայած, կիսվեմ տպավորություններիցս. երբ նախկինների մասին բառ ես ասում, մարդիկ զայրացած սկսում են հայհոյել նրանց հասցեին: Մարդիկ շատ լավ գիտեն, թե ով է մեղավոր նրանց վատ ապրելակերպի համար: Այո, չպիտի ընտրեն Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությանն ու արբանյակներին, և մարդիկ ինձ հետ համամիտ են: Եթե հհկ-ականներն ու արբանյակները վատ են զգում, թող իրենք դուխ ունենան ու մտնեն ժողովրդի մեջ, քարոզարշավ անցկացնեն: Բայց նրանք երես չունեն, ու դրա համար փակ տարածքներով են սահմանափակվում: Իսկ մենք խնդիր չունենք, բոլոր համայնքներում՝ ուր լինում ենք, աղ ու հացով են դիմավորում, լայն ժպիտներով ու մեծ ոգևորությամբ:

Այսինքն, արդեն զգացվում է մարդկանց մեջ հոգեբանական փոփոխությունը. դեմքերին ժպիտ է եկել, ասես ուսերին ծանրացած բեռից ազատվել են:

— Այո, դուխ են առել: Եվ մենք էլ նրանց ասում ենք՝ դուք եք երկրի տերը, դուք եք իշխանությունը, իսկ մենք ծառայություն մատուցող ենք և, եթե մենք չարդարացնենք մեզ՝ մեզ էլ հանեք, հեռացրեք: Այդպես պետք է լիներ: Բացատրում ենք, որ սովորեցնելով իշխանություն հեռացնելը, պատրաստ եղեք չաշխատող իշխանավորից ազատվելուն: Ոչ մեկս աթոռից կառչած չենք, չենք եկել թալանելու, աշխատում ենք բաց ու թափանցիկ: Իհարկե, լինում են սխալներ, բացթողումներ, անսխալական չենք, սովորում ենք, սխալների վրա աշխատում ենք, բայց աթոռից կառչած չենք՝ ինչպես նախկինները, որոնք ենթադրում էին, թե հավերժական են:

Եվ վերջում. ի՞նչ կոչով կդիմեք մարզի բնակչությանը:

— Ժողովուրդ, անպայման գնացեք ընտրության, դուք պետք է ձեր մասնակցությամբ ապացուցեք, որ ձեզ համար կարևոր է ձեր երեխայի ապագան: Մենք ուզում ենք միասին կառուցել մեր երկիրը, զարգացնել մեր տնտեսությունը, լավ հարաբերություններ ամրապնդել բարեկամ երկրների հետ: Դուխով…