ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գիտեի՞ք, որ ոչխարի բրդից հնարավոր է 16 երանգի թել ստանալ»

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում պաշտոնապես բացվեց բրդի գործարանը, որը «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակներում էր: Գործարանի բացմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում՝ Չեխիայի և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզպետը, պաշտոնատար այրեր և հյուրեր:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին հատուկ շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ ի շահ Հայաստանի և Եվրոմիության հարաբերությունների զարգացման մեջ մեծ ջանքեր ներդնելու համար: Նաև ողջունեց Ամասիայի ժողովրդին, գնահատեց նրանց յուրահատկությունը, նշեց նրանց՝ երբեմն մոռացված լինելը (հավանաբար, նկատի ունենալով որպես ամենահեռավոր տարածաշրջան), սակայն վստահություն հայտնեց, որ տարածաշրջանը զարգանալու բավարար տեղ ունի:

«Այս ծրագիրն իրականացել է մի քանի կազմակերպությունների մասնակցությամբ: Այն իրականացվել է չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից, և նրանց ջանքերի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել: Երբ մենք սկսեցինք այս ծրագիրը, որը կազմում էր մի շարք պիլոտային, փորձարարական ծրագրերի մաս, մենք մի փոքր այլ գաղափար ունեինք: Իմ գործընկերները մոտեցան ինձ և ասացին՝ լսիր, այս ծրագիրն այնքան յուրահատուկ է, պետք է անպայման ծանոթանալ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության առաջարկի հետ։ Իհարկե, ես համաձայնեցի, բայց պիտի նշեմ, որ ամենամեծ առավելությունն այն էր, որ ծրագիրն իրականացվելու էր Ամասիայում, որովհետև ես 2016 թվականին այցելել եմ Ամասիա, ծանոթացել տարածաշրջանի հետ և տեսել, որ Ամասիան կարիք ունի նոր պլանների»,- ասաց Պ.Սվիտալսկին:

Ի դեպ, նշենք, որ տեղական ոչխարն ունի 7 բնական երանգ, որի բրդից հնարավոր է ստանալ16 գունային երանգ: Այն հարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար: Սակայն մարզում ուշադրություն չէր դարձվել այս հանգամանքին, այլ ոչխար բուծվել էր մսի համար: Սակայն «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի և Ամասիայի համայնքապետարանի հետ համատեղ մշակել են բրդի հոսքագծի և արհեստների զարգացման նախաձեռնություն, և որն էլ արդեն իրականություն է: Կարտադրվեն որակյալ բրդյա թելեր և ապրանքներ, որոնք կհամապատասխանեցվեն տեղական և միջազգային շուկայի պահանջներին:

Ըստ պատասխանատուների, ծրագիրը կնպաստի զարգացնելու 14 տեղական ՓՄՁ-ների կարողությունները և մարզում ստեղծելու 60 կայուն աշխատատեղ: Բրդի գործարանում չնայած այս պահին զբաղված են 16 աշխատակից, սակայն, ըստ ծրագրի, կհասցվի 23-ի: Գործարանն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, կադրերն էլ համապատասխան դասընթացներ են անցել և շուտով գործարանը կաշխատի իր ողջ հզորությամբ։

Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը մեզ հետ զրույցում մեծ ոգևորությամբ նշեց, որ Ամասիան հայտնի է եղել ոչխարաբուծությամբ և վերջապես արժեվորվեց բուրդը, իսկ մարդիկ աշխատեղեր ունեցան: «Մեր ֆերմերները համոզվեցին, որ այս գործարանի ստեղծմամբ հնարավորություն ունեն բուրդ մթերելու, իրենց աչքով տեսան, որ բուրդը չի թափվում, արժեվորվում է, և նրանք ավելի շատ կզբաղվեն ոչխարաբուծությամբ. որի համար մեր համայնքում մեծ հեռանկարներ կան, քանի որ ունենք ալպիական արոտավայրեր: Նոր աշխատատեղերի ստեղծումն ու ֆերմերային տնտեսության զարգացումը կնվազեցնի արտագաղթը, որը բավականին մեծ է»,- ասաց համայնքապետը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ գործարանի բացմամբ լուծվելու է տարածաշրջանի բավականին լուրջ խնդիրներ, բրդի մթերումն է բարելավվելու, իսկ ստացված արտադրանքը կօգտագործվի Հայաստանում զարգացում ապրող տեքստիլ ու կարի արդյունաբերության ոլորտում: