ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության համար հաջող տարի չէր, իսկ ձեռքբերումների առումով՝ լավ էր

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում հանդես եկավ 2017 թվականին արված աշխատանքների և 2018թ. անելիքների հաշվետվությամբ:

«Նախ խոսենք ֆինանսական հաշվետվությունից: 2017-ին սեփական եկամուտները հավաքագրվել են 2 միլիարդ 163 միլիոն դրամի չափով: Կատարողականն ապահովել ենք 95,86 տոկոսով: Մարզի պատմության մեջ ամենաբարձր կատարողականն ենք ունեցել, իսկ հավաքագրված գումարներն էլ կոպեկ-կոպեկ դրվում են համայնքների սեփական խնդիրների լուծմանը: Պետության կողմից համայնքներին տրվել է դոտացիա՝ 4 մլրդ 413 մլն 338 հազար դրամ»:

Մարզպետարանի բյուջեն 2018-ին կազմել է 8 մլրդ 527 մլն՝ անցած տարվա 9,5 մլրդ դրամի դիմաց, թեպետ, ըստ մարզպետի, մոտ կես միլիարդը պահուստային ֆոնդից էր ավելացել, որի արդյունքը տարեվերջում է երևում:

«84 ընտանիքի համար բնակարանների ձեռքբերման համար ևս բյուջետավորում կար, որից 82 ընտանիք օգտվեց այդ իրավունքից, իսկ երկուսն անհայտ պատճառով դուրս մնաց,- շարունակեց մարզպետը և ներկայացրեց կապիտալ ծախսերը,- այս տարի այն կազմել է 22 մլրդ 100 մլն դրամ: Մոտ 70 տոկոս աճ ենք ունեցել: Մոտ 49 տոկոսը ծախսվել է ճանապարհաշինության վրա, իսկ մնացածը ավելի փոքր մասերով է բաշխվել՝ ջրամատակարարում, ոռոգում, կրթական օբյեկտներ, բնակարանաշինություն և այլն: 534 մլն դրամից, որից 82 ընտանիք ձեռք բերեցին բնակարաններ, մնացած գումարը՝ խնայողություններն ուղղորդվել են Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում շահառու ճանաչված 9 ընտանիքի համար դրամական փոխհատուցում տրամադրելու՝ բնակարանային կարիքները բավարարելու համար»:

Քաղաքաշինության, բնակարանաշինության ոլորտից խոսելիս, մարզպետը փաստեց, որ այն դեռ մնում է լուրջ խնդիր. «118 վթարված շենք ունենք, որից 88-ը Գյումրիում է: Մինչ այժմ մոտեցումն եղել է շենքերի ամրացում, որի պատճառով բյուջեն բավականին մեծացել է, սակայն փոխել ենք մոտեցումը. այն ներառել ենք միջնաժամկետ ծախսային ծրագրում, որը կքննարկենք կառավարության հետ, դա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցում տրամադրելն է: Եթե, իհարկե, պատմական նշանակության շենքեր կան, ապա դրանց նկատմամբ մոտեցումն այլ է լինելու»:

Զարգացման ծրագրերից մարզպետը նշեց կառավարությանը ներկայացված 15 ծրագրերից ընտրված և ֆինանսավորված 3-ի մասին: Մեկը պետության անմիջական ֆինանսավորմամբ՝ (100 մլն դրամ արժողությամբ) Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի՝ նախկին Տեքստիլագործների ակումբի վերանորոգման մասին է: Մյուսը՝ «Բասենի Գովք» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած և հավանության արժանացած՝ նախկին «Շիրակ» հյուրանոցի տարածքում «Բասենի հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի կառուցում» ներդրումային ծրագիրն է, որի իրականացման արդյունքում կստեղծվի 100-150 աշխատատեղ: Երրորդը՝ ոչ պետական բյուջեի միջոցով է իրականացվում, Բավրայում հնդկացորենի արտադրության մեջ սերմազտման սարքի ձեռբերմանն է վերաբերում:

Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին, մարզպետը նշեց. «Մշակել ենք ռազմավարություն, քննարկել ենք մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, այն կուղարկենք կառավարություն: Սա մեր ներքին փաստաթուղթն է, սրա հիման վրա կմշակենք գործողությունների ծրագիրը: Հաշվի ենք առել մարզի զբոսաշրջության ոլորտի ներկա վիճակը, տեղական տուրիստական գործակալությունների ու մասնավոր հատվածի կողմից ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները: Կկազմակերպվի պրոմոտուր՝ զբոսաշրջային խոշոր ընկերություններին Շիրակի մարզ բերելով, քանի որ մարզը տուրերից ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել»:

Մարզպետը նաև ներկայացրեց մեկ այլ փաստաթուղթ, որը պատվիրվել է փորձառու խորհրդատվական ընկերութանը, որպեսզի մշակվի մարզի ներդրումային, բիզնեսի զարգացման, տնտեսական պոտենցիալը, որն հետագայում կվերածվի ուղեցույց-բրոշյուրի, որպեսզի ներդրում անելու ցանկություն ունեցողները ավելի լավ պատկերացնեն միջավայրը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա, ըստ մարզպետի, հաջող տարի չի եղել. թե՛ ցանքատարածությունների նվազում է եղել, թե՛ բերքատվության անկում, 48 հազար հեկտար հացահատիկային ցանքը հասել է 42 հազար հեկտարի, ինչը կապվում է եղանակային պայմանների հետ: Նաև անասունների գլխաքանակի ոչ մեծ անկում է գրանցվել:

Խոսելով կրթության ոլորտից, Արթուր Խաչատրյանն ասաց, որ 164 հանրակրթական դպրոց ունենք, որից 149 մարզպետարանի ենթակայությամբ են գործում: Այս ոլորտում իրավիճակը բարդ է՝ կապված ուսուցիչների աշխատավարձերի, ժամաքանակների ու բաշխումների հետ:

Ասուլիսի ընթացքում մարզպետը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Հանրային ՀԸ թղթակցի մտահոգությանը, թե նախկին «Շիրակ» հյուրանոցի քանդակազարդ պատին ի՞նչ բախտ է վիճակվելու կառուցապատումից հետո, մարզպետը վստահեցրեց, որ այն կպահպանվի:

Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ «Տարոն Ավիա» ուղևորափոխադրող ընկերությունը դադարեցրեց գործունեությունը, Արթուր Խաչատրյանը հստակ չկարողացավ պատասխանել. «Ես Պապիկյան Գառնիկի («Տարոն-Ավիայի» սեփականատեր) հետ խոսել եմ, ինքը պետք է գա, քննարկենք ավելի մանրամասն, ուղղակի մի քիչ տերմինները պետք է զգույշ օգտագործենք. ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը գինն իջեցրել է շահութաբերությա՞ն հաշվին, թե՞ դեմպինգի է գնացել, որովհետև, եթե շահութաբերության հաշվին է իջեցրել, այդ դեպքում մի մոտեցում պետք է լինի, եթե դեմպինգ է իրականացրել, դա արդեն ուրիշ խնդիր պետք է լինի։ Եթե «Տարոն-Ավիան» ունի լուրջ կասկածներ, որ դեմպինգ է իրականացվել, պետք է դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որ այնտեղ քննարկվի։ Այդ հարցը մարզպետարանի իրավասությունների ոլորտում չէ, բայց, իհարկե, մեզ համար տխրեցուցիչ է, որ «Տարոն-Ավիան» դադարեցրել է թռիչքները»,- ասաց մարզպետը։

«Շրջապատի» հարցին, թե գյուղմթերքի կամ բնամթերքի արտահանության մասին ի՞նչ կասի մարզպետը, վերջինս պատասխանեց, որ առայժմ Վիճվարչությունից տվյալներ չունեն: