ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյուղացին չի հավատում

Գյուղատնտեսական տարին գյուղացու համար այնքան էլ բարեհաճ չէր: Շիրակի մարզի մի շարք համայնքներ դժգոհ են բերքատվությունից, գյուղմթերքի իրացումից, գյուղվարկերից և այլն:  Համայնքի ղեկավարները հնարավորություն ունեցան իրենց դժգոհություններն ու առաջարկությունները հայտնել անձամբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ով աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:

Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանի հիմնական դժգոհությունը սերմերի իրացման խնդիրն է: Ըստ նրա, պատճառը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելն է: Հիմնականում էժան գնով ՌԴ-ից են ներկրում սերմեր, դրա համար Առափիում ու մի շարք համայնքներում ավելի քան 45 տոննա սերմ չեն կարող իրացնել: Նախարարը վստահեցրեց, որ գյուղապետի հետ կհանդիպի նախարարությունում և կքննարկեն խնդիրը:

Անդրադառնալով  սերմնաբուծության զարգացման ծրագրին, Իգնատի Առաքելյանը նշեց, որ հանրապետությունում առկա են բավարար պայմաններ՝ այս ուղղությունը զարգացնելու համար. «Համոզված եմ, որ մենք ունենք այդ հզորությունը՝ բավարարելու հանրապետությունում առկա սերմերի պահանջարկը և բարձրորակ սերմերի արտադրության շնորհիվ ապահովելու բերքատվության աճ: Կփորձենք առավել արդյունավետ դարձնել սերմնաբուծությունը»:

Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը «Շրջապատի» հետ զրույցում դժգոհեց խոտհունձի արդյունքներից: Պատճառը ցրտաշունչ ձմեռն ու գարնան ոչ բորենպաստ պայմաններն էին, ինչը փչացրել է բերքը: Բավարար անասնակեր չլինլու դեպքում գյուղացին այս տարի ստիպված կլինի կրճատել անասունների գլխաքանակը:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն ևս չհերքեց, որ մարզում խոտի բերքատվությունը, նախորդ տարիների համեմատ, պակասել է:

Գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին խոսելիս՝ նախարարը նշեց. «Գյուղատնտեսական ապահովագրությունը, որի պիլոտային ծրագիրը նախատեսվում է սկսել 2018թ. ոլորտի զարգացման ամենաարդյունավետ մեխանիզմն է, քանի որ ծախսերն ապահովագրելու դեպքում գյուղացին վստահ կլինի, որ դրանց շուրջ 90 տոկոսը փոխհատուցվելու է»:

Այնուամենայնիվ, գյուղացին կասկածամտորեն է մոտենում նախարարի փոխհատուցման մասին այս հայտարարությանը: Շատերը այս հայտարարությունը համարեցին ֆանտաստիկայի ժանրից. «Ի՜նչ ոլորտի զարգացում, ի՜նչ փոխհատուցում, չեմ հավատում: Շատ քիչ դեպքեր են եղել, որ ասենք փոխհատուցել են կամ, լավագույն դեպքում, էնքան ուշ են փոխհատուցում, որ զարմանում ես՝ թե ինչի պատճառով են փոխհատուցում: Գյուղացին միշտ էլ պարտված է դուրս եկել: Հիմա ոչ մի հարմարություն ու խթանող բան չկա գյուղացու համար, որ իր հողը մշակի ու հետո վաճառի»,- դժգոհեցին Աշոցքի տարածաշրջանի բնակիչները:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ