ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրու բժշկական կենտրոնը սրտի ստենտավորման համակարգում նոր փոփոխություններ է առաջարկում

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Բժիշկ, նախ կուզենայի խոսել, թե Հայաստանում սրտաբանական հիվանդությունների աճման տենդենցի տոկոսային ինչ ցուցանիշներ ունենք:

— Ամբողջ աշխարհում էլ սրտաբանական հիվանդությունները՝ մնացած հիվանդությունների ամենամեծ տոկոսն են կազմում, ինչպես և՝ սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացությունները:

Այն կապվա՞ծ է մարդու, այսպես ասած, «շարժիչի շատ աշխատեցնելուց», որ պիտի ժամանակի ընթացքում շարքից դուրս գա, թե՞, ասենք, նյարդային կամ այլ արտաքին գործոններից, օրինակ, կլիմա, օդի աղտոտվածություն և այլն:

— Ձեր ասած՝ «շարժիչի» շարքից դուրս գալու համար կան ռիսկի գործոններ, որոնք, հնարավոր է, ազդեցություն ունենան, բայց միանշանակ չեն: Օրինակ, կա ժառանգականության ֆակտորը. եթե մարդը գենետիկորեն նախատրամադրվածություն ունի՝ սրտանոթային հիվանդություններ ունենալու, ապա դա, բնականաբար, կունենա իր ազդեցությունը: Մենք օգտագործում ենք գենետիկական ծանրաբեռնվածություն արտահայտությունը: Այսինքն, եթե ազգությունում շատ են սրտանոթային հիվանդություններով ազգականները, կամ մահացությունը մինչև 65 տարեկան է, համարվում է, որ տվյալ մարդն առանձին ռիսկի գործոն է:

Իսկ, ասենք, ազգային հատկանիշները կարո՞ղ են որպես ռիսկի գործոններ համարվել, օրինակ բնավորության գիծ, չափից դուրս էմոցիոնալ, զգացմունքային լինելը:

— Եթե միջին վիճակագրական տվյալներ վերցնենք, ապա Հայաստանը ընդհանուրի միջին մակարդակում է: Թվում է, թե ավելի շատ է, բայց դա այդպես չէ:

Կյանքի ընթացքում ձեռքբերովի դեպքում այն չի՞ փոխանցվի հետագա սերնդին:

— Պարտադիր չէ: Կյանքի ընթացքում ոչ առողջ ապրելակերպը՝ ծխելը, նստակյաց կենցաղավարությունը, սրանք բավականին մեծ ազդեցություն են ունենում սրտանոթային հիվանդությունների ձեռքբերման համար:

Բժիշկ, սրտային հիվանդությունները նախանշաններ ունե՞ն: Մարդը կարո՞ղ է ինչինչ նախանշաններով ինքնուրույն հասկանա, որ սրտի հետ կապված պրոբլեմ ունի:

— Առհասարակ բժշկությունը հիմնվում է գանգատների վրա. մարդը գանգատ կունենա, կդիմի բժշկի, և հետազոտությունների արդյունքում կբացահայտվի՝ հիվա՞նդ է, թե՞ ոչ: Բայց լինում են դեպքեր, երբ մարդը հիվանդության կրող է, բայց չբացահայտվի, սակայն այս դեպքերն ավելի քիչ են հանդիպում: Հիմնականում առաջնային օղակը շատ բան ունի անելու. մարդը եթե բարձր ճնշում ունի, պետք է պոլիկլինիկա այցելի, այնտեղ չափումներ են անցկացնում, ռիսկի ֆակտորներն են հաշվարկում. տարիք, կենցաղավարություն, վատ հատկանիշներ, և կա աղյուսակ, որով հաշվում են, թե մարդը որ ռիսկային գոտուն է համապատասխանում:

Իսկ որ ասում են՝ ոտքերը կամ ձեռքերն այտուցվել են, ուրեմն սրտային հիվանդություն է առկա՞

— Սովորաբար, դա սրտային անբավարարության հատկանիշներ են, երբ այտուցվում են վերջույթները, հևոցներ կան, սրտի անբավարար աշխատանք, սակայն սա արդեն վնասված, հիվանդ սրտի մասին է խոսում, այլ ոչ որպես նախանշան: Սրտի իշեմիկ հիվանդության դասական տարբերակում, երբ մարդը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կրծքավանդակում ունենում է զգացողություն՝ սեղմոց, այրոց, ճնշող, հետո հանգստանալիս անցնում են, բայց սա արդեն նորից եմ կրկնում՝ դասական սրտի իշեմիկ հիվանդության տարբերակն է:

Սրտի բուժումներն ո՞ղջ աշխարհում են համարվում թանկարժեք:

— Ողջ աշխրահում թանկ է, միայն մեր ու հարևան Վրաստանում է, որ էժան է: Սրտի ինվազիվ միջամտությունը եվրոպական երկրներում շատ ավելի թանկ արժեն:

Բժիշկ, Գյումրու բժշկական կենտրոնը, ի նպաստ ազգաբնակչության, հաճախ բուժումների գների էժանացման առաջարկներով է հանդես գալիս:

— Այո, մենք դեղապատ ստենտի համար ներկայացրեցինք 850 հազար դրամ գնային առաջարկ, մինչդեռ այլ տեղերում մեկ միլիոնի էր հասնում, և պահպանելով նույն բարձր որակը. ինչպես գիտեք, մենք գերմանական կամ իսրայելական ստենտեր ենք բացառապես օգտագործում: Եվ, ի դեպ, ասեմ, որ այլևս ոչ դեղապատ հասկացությունը դուրս է եկել գործածությունից, որովհետև հետազոտությունները ցույց էին տվել, որ դրանք վնաս են պատճառում առողջությանը: Միայն, բացառիկ դեպքերում, եթե դեղը հակացուցված է պացիենտին, նոր միայն դա հնարավոր է:

Իսկ հատուկ սոցիալական խավի համա՞ր:

— Հիմա կառավարությունը նոր օրենք մշակեց, և ավելի մեծ խումբ ներառեց, ովքեր կարող են անվճար օգտվել բարձր տեխնոլոգիական միջամտությունից: Իսկ այս հուլիս ամսից մեզ մոտ ընդգրկվեց նաև 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները: Այսպես ասեմ. 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները բացարձակ անվճար ստենտավորման հնարավորություն ունեն: Փոփոխություն եղավ զինծառայողների ընտանիքների համար. եթե նախկինում 50 տոկոս էր, ապա ներկայում բացարձակ անվճար է: Շարքային զինվորների ընտանիքների համար, եթե այն ժամանակ 50 տոկոս էլ չկար, միայն կորոնոգրաֆիայի արտոնություն ունեին, հիմա նրանց համար էլ դարձել է անվճար:

Այսինքն ժամանակավոր զինծառայության մեջ գտնվող զինվորների ընտանիքների՞ մասին է:

— Այո: Իսկ ծառայությունն ավարտելուց հետո այս կարգը չի գործում: Փոփոխություն եղավ զինթոշակառուների համար. առաջ 50 տոկոս էր, հիմա՝ անվճար: Կարծում եմ բավական մեծ խումբ է ընդգրկված անվճար արտոնություն ունեցողների ցանկում: Մանավանդ Գյումրիում, որտեղ սոցիալական ծանր վիճակով պայմանավորված, իսկ երկրաշարժից հետո ավելի շատ հաշմանդամության թոշակառուներ ունեցող քաղաքի համար բավական մեծ խումբ է կազմում, էլ չեմ ասում նպաստի համակարգում ընդգրկվածների մասով. առաջ 36 բալ ունեցողներն էին օգտվում, իսկ հիմա սկսած 30-ից: Ահագին մեծ առաջընթաց ունենք՝ սոցիալական խմբերի բեռը թեթևացնելու մասով: Առաջ ծանր հիվանդներ ունեինք, որ բուժվելու համար ֆինանսական հնարավորություն չունեին, իսկ հիմա ծածկույթն ավելի է մեծացել: Հիմա ուզում ենք իրազեկել թեկուզ մեզ մոտ նախկինում հետազոտված հիվանդներին, որ կորոնոգրաֆիա են անցած եղել, ու ստենտավորման կարիք են ունեցել, բայց չեն կարողացել վիրահատվել, թող իմանան, որ, եթե վերը նշված խմբերում են ընդգրկված, ապա նրանց համար արդեն անվճար է:

Այդքան անվճար ծառայություն եք մատուցելու՝ կենտրոնը օգտագործելու է ստենտ, այլ միջոցներ, բուժանձնակազմի աշխատանք և այլն, պետությունը ապահովո՞ւմ է ծախսածածկումը:

— Ավելի քիչ գումարով է հատուցվում: Եվ, բնականաբար, աշխատողների աշխատավարձերն էլ ավելի ցածր կլինեն: Ստիպված ենք կոմպեսացնել մեծ քանակ ապահովելով: Հուսով եմ հետագայում էլ, երբ բժշկական ապահովագրական համակարգ ներդրվի՝ գների վերանայում կլինի: «կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում էլ, երբ աշխատում էինք, ծախսերն ավելի շատ էին լինում, քան վճարվող գումարները: Կարելի է ասել՝ եկամուտ չենք ունենում:

Եվ վերջում. ի՞նչ խորհուրդ կտաք բնակչությանը:

— Մենք տարօրինակ ազգ ենք նրանով, որ երբ գլխացավ ենք ունենում՝ բնական ենք համարում, երբ արյան բարձր ճնշման տատանումներ ենք ունենում՝ կապում ենք եղանակի կամ չգիտեմ ինչի հետ. խորհուրդ կտամ, որ եթե Ձեր օրգանիզմում նման գանգատներ եք նկատում, ապա նախ առաջնային դիմեք պոլիկլինիկա, հետազոտվեք, արյան անալիզ տվեք, ճնշումը չափեք, որպեսզի հիվանդությունը նախնական փուլում հնարավոր լինի կանխարգելել: Եվ իհարկե՝ առողջ ապրելակերպ, շարժուն կյանք, վատ սովորույթների դադարեցում, այս դեպքում Ձեր կյանքի որակը կբարձրանա:

Պիտակներ՝