ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Գյումրու երակներով մեկ շաբաթ դասական երաժշտություն էր հոսում

Դասական երաժշտությունը կարող է բուժել հոգեկան խանգարումները, լինել ընկեր, փրկել միայնությունից։ Պարզապես անարդյունավետ է անտեսել կենդանի զգացմունքների այս հզոր աղբյուրը։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը հանդես է գալիս հերթական՝ ուղղակի և անուղղակի իմաստով, դասական նախաձեռնությամբ. առաջին անգամ և այսուհետ` ամեն տարի, հունիսի վերջին 7 օրերին կանցկացվի «Արթ Շաբաթ» դասական երաժշտության փառատոն: Իսկ մինչ այդ, դասական արվեստի սիրահարներին վերջին 7 օրերին քաղաքի տարբեր դահլիճներում ներկայացվեցին քաղաքի այն բացառիկ ներուժը, որն այսօր ստեղծում, կատարում ու տարածում է դասական երաժշտությունը:

«Արթ Շաբաթ» փառատոնն համախմբել էր ոչ միայն համայնքապատկան կառույցներին, այլև Գյումրու բոլոր` թվով 8 երաժշտական ու արվեստի դպրոցներին միացել էին ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի, երաժշտական ուսումնարանի, «Հայորդաց տան», «Գոհար» երաժշտանոցի  երաժիշտ կատարողներն ու խմբերը:

«Արթ Շաբաթը» վերը նշված կազմակերպությունների և հետագայում էլ՝ այլ խմբերի միջև համագործակցության ինքնատիպ ձևաչափ կհանդիսանա, որի նպատակն է՝ մի կողմից բացահայտել դասական արվեստի նոր անուններին ու վերջիններիս տրամադրել ինքնաարտահայտման ևս մեկ հարթակ, մյուս կողմից՝ կնպաստի դասական երաժշտության տարածմանն ու ընկալմանը:

Մինչ փառատոնի մեկնարկը, կազմակերպիչները հանդես եկան մամլո ասուլիսով: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշեց. «Սկսում ենք «Արթ Շաբաթ» դասական երաժշտական փառատոնը, որի շուրջ, հուրախություն ինձ, համախմբվեցին Գյումրիում գործունեություն ծավալող գրեթե բոլոր արվեստի և երաժշտական դպրոցների, գործող ստեղծագործական խմբերի ղեկավարները: Ի՞նչ է իրենից ներկայացնում «Արթ Շաբաթը». սա 7-օրյա դասական երաժշտության շաբաթ է քաղաքի տարբեր դահլիճներում՝ մեկ հիմնական նպատակով՝ մի կողմից բացահայտել այն եզակի ներուժը, որ մեր քաղաքում կա դասական երաժշտության արվեստի ոլորտում, մյուս կողմից տալ այդ պատանի երաժիշտ կատարողներին ինքնաներկայացման հարթակ և ավելի վարպետ կատարողների երաժշտական ծրագրերի միջոցով ունենալ ինչ-որ իմաստով վարպետության դասի նմանվող թեմատիկ երաժշտական երեկոներ, որտեղ այսօրվա պատանի կատարողը կկարողանա ունկնդրել ավելի հմուտ երաժիշտ կատարողի, ինչն էլ ուղենիշ կդառնա իր հետագա գործունեության համար»:

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակապար Հասմիկ Հարությունյանը ողջունելով նախաձեռնությունը, նկատեց, որ միգուցե ուշացած երևույթ է, սակայն մյուս կողմից դասական երաժշտությունն երբեք չի կորցնում իր արդիականությունը. «Այսպիսի ձևաչափ ես մեր քաղաքում չեմ հիշում, որ երբևէ եղել է: Այո՛, բոլորս պետք է համախմբված աշխատենք, որպեսզի բոլորիս կարևորագույն գերակա նպատակը կարողանանք իրացնել. մեր մատաղ սերնդին, մեր՝ նոր կյանք մտնող քաղաքացիներին մի կողմից ոգևորենք՝ որպես առաջին քայլ կատարողներ, իսկ մյուս կողմից՝ ունկնդրի խնդիրը լուծենք, որ քաղաքում հնչի դասական երաժշտություն և, որը դառնա որպես արժեք: Մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու՝ չկոտրվելով, չհիասթափվելով»:

«Հայորդաց տան» տնօրեն Աստղիկ Եդիգարյանը ներկաներին փոխանցեց, որ շատ է ուրախացել, քանի որ սա այն եզակի նախագիծն է, որը տարանջատում չի դնում՝ քաղաքապատկանի, մարզայինի, կամ եկեղեցապատկանի միջև, ինչը մեզանում ակնառու էր. «Սա եզակի հնարավորություն է շատ գեղեցիկ համագործակցության, ինչին մենք պատրաստ ենք: Եվ ինչպես գիտեք, Գյումրու «Հայորդաց տունը» երբեք տուրք չի տվել անճաշակությանը, անգամ, եթե դա եղել է գայթակղիչ, միշտ հնչել է բարձր արվեստ, այսուհետ նույնպես պիտի այդպես լինի: Դրա վառ ապացույցն է մեր երգչախումբը, որն արդեն երկրորդ տարին է՝ հանրապետական մանկապատանեկան երգչախմբային մրցույթ-փառատոնի դափնեկիրն է»:

ԳՈՀԱՐ մշակութային բարեգործական հիմնադրամի երաժշտանոցի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ, այս միջոցառումը մեծ ոգևորություն է առաջացրել: Նման միջոցառումները մատաղ սերնդին ինքնաարտահայտվելու և բացահայտվելու լայն հնարավորություն է  ընձեռնում: «Կարելի է այս երեխաների միջոցով այնպիսի մակարդակի հասցնել դասականը, որն ունենալով հին ավանդույթ, իր ծանրակշիռ խոսքն ասի, շարունակական բնույթ կրի և իր հաստատուն տեղը զբաղեցնի փառատոների շարքում»:

Գյումրու «Կարա-Մուրզայի անվան» պետական երաժշտական քոլեջի փոխտնօրեն Պարգև Չոլախյանը նկատեց. «Հենց այսօր իմացա, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա մշակութային միջոցառումները կառավարությունն որոշել է անցկացնել Գյումրիում: Սա մեծ խթան է, և այս փառատոնը հուշում է, որ կարելի է վստահորեն Գյումրիում անցկացնել մշակութային մեծ միջոցառումներ: Մենք կարող ենք ցույց տալ մեր հոգևոր ու մշակութային զարգացվածությունը: Մնում է այս միջոցառումների տեղեկատվությունը տարածել, որպեսզի մեր քաղաք այցելած զբոսաշրջիկներն իմանան, թե որտեղ ինչ է սպասվում: Եվ, ինչպես գիտեք, բոլոր երկրներն ունեն մեկ ամիս՝ նվիրված դասական արվեստին: Նրանք, ովքեր կարող են մեկնել եվրոպական որևէ երկիր՝ վայելելու հանրահայտ դասականներին, ապա մենք ևս կարող ենք մեր դասականները, մեր ոճի մեջ հետաքրքիր դարձնել թե՛ օտարների, թե՛ մեր համար»:

«Արթ Շաբաթ» դասական երաժշտության մեկ շաբաթը քաղաքի բազմաթիվ դահլիճներում մեծ ոգևորություն էր առաջացրել՝ բացահայտելով ոչ միայն երիտասարդ կատարողների տաղանդը, այլ դասական լսող և ընկալող հանդիսատեսին: